«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադիբուդին և պետական զինանշանը (բուլկիների երթը)

Ադիբուդին և պետական զինանշանը (բուլկիների երթը)
29.03.2013 | 13:11

Այնժամ կցրվի մուժը չարասուն,
Եվ կփայլակնի տեսիլը բանի,-
Ե՛վ հեքիաթները կվերադառնան,
Ե՛վ հրաշքները հարություն կառնեն։


Վահագն ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

ՊԱՏԳԱՄՆԵՐ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻՑ

(ֆելիետոնախառն նախերգանք)

Երազումս այցելեց ՈՒգոն, եթե չեք մոռացել` նա կենաց-մահու մարտի ելավ մամոնայի դեմ։ Կռվեց և հաղթեց։ Նրա գործը կիսա՞տ մնաց։ Գուցե, հետագիծը, սակայն, պատվարժան այս պետայրի, հրեղեն է։ Մի խոսքով, ՈՒգոն այցելեց և պատգամեց, թե ինչ, համբերեք-կտեսնեք։ Իսկ այժմ «Հաղթանակ» զբոսայգում, «Մայր Հայաստանի» մայրաբար ազդու հայացքի ներքո կերտում ենք ՊԵՏԱՅՐԱՑ ծառուղին։ Ձախից կաղնի է և նոճի։ Ի պատիվ Գանդիի (Մահաթմա), Քենեդու, Մուսուդեպի և ՈՒգոյի։ Որոշ վերապահումով հավելենք Ֆիդելին։ Աջից հայոց պետայրերն են` Նժդեհը, Մյասնիկյանն ու Խանջյանը։ Չենք անտեսում քաղաքագլուխ տիար Գրիգոր Հասրաթյանին։ Երևելի՜ անուններ։ Յուրաքանչյուրի թիկունքում պետականության կայացման առհավատչյաներն են` բազմաբնույթ ամրոցներ (քաղաքներ և շեներ), բազմաձայն օրատորիաներ (ազգային մշակույթ և մշակներ)։ Հայոց ծառուղին, հասկանալի է, պճնված է նաիրյան բարդիներով։ Այո՜, ժամանակներ եղան, դժնդակ և ցնծուն, բայց պատմության մեջ մնաց նրանց վարքը թնդուն։

ԻՇԱՅԾՅԱՄԻ ԲՈՂՈՔԸ

(պամֆլետամերձ ցասում)

Երևանի կենդանաբանական այգում կտրուկ նվազել է պտղաբերության ցուցանիշը։ Ոչ բուժակները յուրյանց գործի նվիրյալներն են, անասնաբույժները` մի-մի Այբոլիտ։ Պարզապես կոկորդիլոսները, իշայծյամները, փղերն ու ավանակները (նաև, անշուշտ, վագրաձիերը, փասիանները և առյուծները) խիստ նվաղում են, երբ բնաշխարհը տրորվում է բիրտ ու աներեր կրունկների տակ։ Այս մասին քիչ հետո, դեռ ՈՒգոյի հետ ենք։ Թև թևի Չավեսին հասցրի Մատենադարան։ Տեսավ, դիտեց, հիացավ։ ՈՒղեկցեցի Զանգվի ձոր։ Լուլաքաբաբ ճաշակեց և համրացավ։ Փարաջանովի տուն-թանգարանի գեղակերտ պատուհանների լույսը փակված է անդարձ։ Ձորում երկսապատավոր մի բետոնակուռ շինություն է բարձրանում։ Իսկ երբ ՈՒգոն տեղեկացավ, որ դեռ հեռավոր 2005-ին այս բաբելոնաշինության թույլտվությունը Երևանի քաղաքապետարանից է դուրս սողոսկել, և պատվիրատուն էլ Թուրքիայի քաղաքացի էր, կարկամեց, հետո կրակ կտրեց, ծոցից հանեց խունացած մի թուղթ, մեկնեց ինձ և անէացավ։ Մնաս բարո՜վ։ Բացեցի թուղթը։ Շեղագիր տառեր էին` արյունով դաջված։ «Այս հին ցեղը կամ ժողովուրդը, որ դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին և իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի մշակութային կոթող չթողնելուց բացի` քանդել է այդ միևնույն տեղում ապրած և վաստակած ժողովրդի հնագույն հետքերը, նման մի ցեղ իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին` որպես հայրենիքի»։ (Բռավո՛, ՈՒգո, ի՜նչ հիմնարար հարված արդի մամոնաների նենգաժպիտ մռութներին)։ Սակայն պարզենք, թե ում մասին է խոսքը։ Վենեսուելայի ափերը գտել և հիացմունքից թռչկոտել է ծովագնաց-հերետիկոս Կոլումբոսը։ Սա կատարվել է 1498-ին։ Հետո իսպանական մի այլ արշավախումբ, նկատելով ջրի մեջ կանգնած ցցաշենքերը, երկիրն անվանակոչել է Վենեսուելա, այսինքն` «փոքր Վենետիկ»։ (Հետաքրքիր է, թե ինչ անուն կտային նրանք Զանգվի ձորին` այսօր)։ Մի խոսքով, իսպանացի կոնկիստադորները (այսինքն` նվաճողները) Վենեսուելան տակն ու վրա արին, ոչնչացրին ցեղերին ազատատենչ, թալանեցին ոսկին, ներմուծեցին նեգրերին։ Նշանավոր նվաճող-թալանչիներ էին Նունիես դը Բալբոան, Գ. Կեսադան, Է. Կորտեսը, Պ. Վալդիվիան և այլք։ ՈՒգոն ներե՞ց սրանց, հարկավ ոչ։ Մենք ևս նրանց չենք ներում և հեռակա ցցի ենք հանում։ Սակայն այս պարագայում էլ շաբաթը վազանցեց ուրբաթին։ Զի երբ թուղթը վերընթերցեցի, պարզվեց, որ չարաչար շփոթվել եմ, հեղինակը Չավեսը չէ ՈՒգո, Չարենցն է Եղիշե, և սույնը արձանագրված է նրա «Երկիր Նաիրի» պոեմում։ Այո՜։ Բայց վերադառնանք կենդանաբանական այգի։ Այգուց վեր և վար նորահայ կոնկիստադորները թրաշել են բնաշխարհը և կառուցել Զանգվի ձորին համարժեք բաբելոնյան աշտարակներ և զվարճանում են օրն ի բուն, խենթանում կերակրապաշարի անբավությունից և օրն ավարտում թնդուն մի հրավառությամբ` ձոներգ վասն որկորի։ Եվ եթե Զանգվի ձորում մամոնայի հաղթության առհավատչյան երկսապատանի շինվածքն է (ականջդ կարկաչի, տիար Լևոն, ասում էր, չէ` շինիչ ծրագրեր), գազանանոցամերձ ձորակում շարայակերտ օբյեկտները` Շարայի ժառանգ-սուբյեկտների իրական հայրենիքը։ Դե եկ ու դիմակայիր ընձուղտ, բորենի և մակակի, երբ մականունակիրների ոտան կոխան են դարձրել Երկիրը Նաիրյան։ Երկիր, ու պարզվում է, անկախ պետականաշինության բանաձևն էր հայտնաբերվել.

ա) կերտում ենք հարյուր հազար դղյակ (շերխանական բնույթի),

բ) քերթում ենք հարյուր ու մեկ հազար գործարան,

գ) տաշում ենք մեկ միլիոն ցուպ և պանդխտության դարպասները բացում։

ԵՐԲ ԱՆՀԱՅՏ ԳԻԺԸ ՔԱՐԸ ՓՈՍՆ Է ԳՑՈՒՄ

(նախերգանքն անավարտ է)

Գույները կարող են քրեածին լինել։ Խեղկատակության նրբերանգներով։ Չե՞ք հավատում։ ՈՒրեմն Անհայտ գիժը, իմա` գլխավոր կապալառուն (և՛ երեկ, և՛ այսօր, և՛ վաղը), որը դիմազերծ մի դիմակ է, փառավորապես ամրագրվել է կառավարական տանը և խեղանդամում է հանրային անդորրը։ Նա կառավարական տանն է Գանգրահերի ժամանակներից, անանուն է, վարկերն ու դրամաշնորհները նրա ձախ ոտնաթաթի սնկային բորբոքումների հետևանք են, այսինքն` տրամաբանում, այնուհետև գործընթացներ է վարում ձախ ոտնաթաթի հրահանգով։ Երթուղային միկրոավտոբուսները փողոց ելան ճերմակ համարանիշերով։ Ինչպես բոլոր մյուս շարժակազմերը։ (Գծատերերը պետականաշինության նորահայտ պնդօղակներն էին, մի քանի հնամաշ միկրոավտոբուս ես ձեռք բերում, ու մի խումբ անթրաշ վարորդ. և, խնդրեմ` մի քանի թուման կաշառքով ու մի երկու բուռ ղուրուշահարկով դառնում ես գծատեր, գիծը դառնում է փող տպող սարք, շարժակազմերը վեր ու վար են անում, ուղևորները ուս ու կոնք հաշմում, գծատերը բարգավաճում է և բնաշխարհն է քերթում, կոկում ձորում շոգեբաղնիք և քոքում մուղամը բառաչուն)։ Հետո հանկարծ պարզվեց, որ անթրաշների մի մասը չունի վարորդական իրավունք և, առհասարակ, մարդկանց սպասարկելուց նույնքան է հեռու, որքան հեռու է քաղաքական արհեստավարժ-բոմժը ազնվասիրտ քաղաքականությունից։ Նրանց որսալու համար ճերմակ համարանիշերը փոխարինվեցին դեղնագույնով։ Միևնույնը տարածվեց տաքսիների վրա, մերթ ճերմակ են նրանց համարանիշերը, մերթ էլ դեղնուցագույն։ Միևնույն է, ասֆալտի հոծ գծի պարագայում։ Դրանք ճերմակ էին, հետո դեղնեցին, շուտով դարձյալ կճերմակեն։ ՈՒ մինչ հասարակության շահագրգիռ հատվածները գումար ու նյարդ են փչացնում, Անհայտ գիժը հերթական կապիտալն է դիզում ու կղզի կորզում։ Զորօրինակ, Գալապագոսյան կղզիներից մեկը Խաղաղ օվկիանոսում։

Ի դեպ, Անհայտ գիժը տարիներ առաջ ձախ ոտքի բութ մատից հերթական խարդավանքը ներքաշեց, որոշեց, որ բոլոր միությունները պիտի վերանվանվեն միավորումների։ Հիմա, պատմում են, հակառակն է որոշել։ Այո՜։

ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՄՈՒՐԱԶՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ «ՍԱՄԱԳՈՆԸ»

(սարկաստիկ վերջերգ)

Մարդն ապրում էր Մայր Ռուսիայում։ Մարդը, համայն Ռուսիայի աչքի առջև, զանգվածորեն ստորացրեց երկիրը` թալանելով վիթխարի կարողություն և, խնդրեմ, նորանկախ ՌԴ բարձրագույն ղեկավարության գնահատականը օլիգարխին` Բորիս Բ.-ն դառնում է Ելցին Բորիսի անվտանգության խորհրդի պնդօղակներից մեկը։

Գլուխը քարը, ինձ ընդամենը հետաքրքրեց, թե անսպասելի վախճանից առաջ ինչու էր Բորիս Բ.-ն տենչում հանգրվանել Մայր Ռուսիայում։ Մեղքերը քավելո՞ւ։ Ծիծաղելի է։ Դատարանի առաջ գլուխը խոնարհելո՞ւ։ Ցնդաբանություն է։ Տիար Բերեզովսկին ժամանելու էր «սամագոնային բարեփոխումների»։ Այսինքն` Մայր Ռուսիո լայնք-երկայնքով արբեցնելու էր մուժիկին, ներքաշելով նրան իր հերթական արկածախնդրության մեջ։ Եվ, անշուշտ, շահելու էր։ Զի եթե մեկ լիտր թունդ սամագոնի վրա ծախսելու էր, դիցուք, 30 ցենտ, մթագնած ուղեղով մուժիկի գրաստային աշխատանքից շահելու էր տասնապատիկը։ Ինչ կարող ես անել, ՌԴ-ում ևս տնտեսական վերնակույտն է «դարի խիղճն ու պատիվը»։ Գոնե առայժմ։

Սակայն դառնանք դեպի Արարատյան հովիտները մեր։

Բորիս Բ.-ի դժնդակ անէացումից ժամեր անց հերթական քաղխորհուրդն էր «թատերական» հրապարակում։ ՈՒ ալեկոծվեց պատվանդանով մեկ Թումանյանի հուշարձանը, զի հրապարակվեց, թե խոսք ունի նշանավոր հրապարակախոս Արկադի Վարդանյանը։ (Ահավասիկ առաջարկս, արգո Արկադիին րաֆֆիակերտ կառավարությունում ականավոր մի պաշտոն տալ, զորօրինակ, Զանգվի ձորի գլխավոր տեսուչ)։ Այո՜, անմեկնելի են հեղափոխա-փրկիչ-սրսկիչ-վարակիչների ձեռնարկումները, երեկ պանդոկապանը քաղաքագետ էր, այսօր, Րաֆֆու բուլկիաբույր աջով օծվում է հրապարակախոս և ականավոր հասարակական գործիչ։ Այո՛, ոմանց լեզվի տակի փշածաղկի բացակայությունը նրանց մղում է ակնհայտ ինքնասադրանքի, և եթե վաղը հարթակում հայտավորվի, զորօրինակ, ՀՀՇ-ի Գևորիկը, Րաֆֆու շուրթերով ասպարեզ կիջնի որպես նորանկախ Հայաստանի պայքարի և հաղթանակի խորհրդանշան։ Էնպես որ, արգո Րաֆֆուն հույժ անհրաժեշտ է փշածաղիկը։ Որպես անանուխի կոնֆետ` լեզվի տակ։

Իսկ հայ արժանապատիվ հանրությանը (այս թվում նաև` ինձ ու իմ բոսորամիտ ընթերցողներին) մնում է սպասել, թե երբ արցախյան սուրը պատյանից կհանի գործող նախագահը` և՛ հեքիաթները կվերադառնան, և՛ հրաշքները հարություն կառնեն։ Սա մի բան է ենթադրում. ազգայնացնել շահութաբեր բոլոր ոլորտները` հանքերը, սարերը, ձորերն ու լճերը։ Պետական հովանու տակ վերցնել ներկրումները, տոնավաճառներն ու շուկաները։ Եվ բյուջեն կտասնապատկվի և կցրվի, անշուշտ, մուժը չարասուն։ Այսպիսով, հրապարակում թափառում են Չավեսի և Բերեզովսկու ուրվականները։ Առայժմ (ընդունենք սույնը ասպետորեն) Երկիր Նաիրին տնքում է տեղական բերեզովսկիների, ցեղական շերխանների և հակացեղային շակալների լծի ներքո։ Առայժմ։

Այսպիսով, երկու զուգահեռ ընթացքի մեջ ենք։ ՀՀԿ-ն (հասկանալի է, իմ և ընթերցողացս օժանդակությամբ) լուծարում է խորհրդարանը և Օվալաձև մուտքագրում դեռևս չապականված անձանց։ Տեր-Պետրոսյանը յուր պատմական մեղքերը երկրի և ազգի առջև քավում է հընթացս, այսինքն` կազմաքանդում է ավազակապետական քաղկառույցը` ՀՀՇ-ն (թող ներողամիտ լինեն ՀՀՇ շարքերում պահպանված ազնիվ տղերքը, բայց, դե, նրանք ՀՀՇ բոստաններում նույնն են, ինչ ուռենին մոլախոտերի մարգերում)։ Իր պատմական քայլն է կատարում նաև երրորդ հանրապետության երկրորդ նախագահը։ Սեդրակիչը կազմավորում է Արցախում մկրտված սակրավորների մի քանի գունդ և ականազերծում է Թատերական հրապարակի «Տրագիֆարսի հարթակը» «ականավոր գործիչներից»։ Զի եթե այսպես էլ շարունակվի, հաստատ ադիբուդին էլ պիտի ամրագրվի Րաֆֆիա-արկադիական պետության զինանշանի ճիշտ կենտրոնում։ Որպես «Բարևի և բուլկու հանրապետության» խորհրդանշան։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ