Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նամակ անծանոթ բարեկամիս` Աքրամ Այլիսլիին

Նամակ անծանոթ բարեկամիս` Աքրամ Այլիսլիին
05.04.2013 | 02:41

Մեծարգո Աքրամ Այլիսլի, երբ կարդում էի «Իրատես de facto»-ում քո (կներես այնքան հարազատ ու մտերմիկ ես-ի համար, թեպետ երբեք ծանոթներ չենք եղել, աղ ու հաց չենք կիսել, բաժակ բաժակի չենք խփել, չնայած ինչ-որ տևական ժամանակ նույն հայրենիքում ենք ապրել, նույն ինտերնացիոնալ ոգով ենք դաստիարակվել, համոզված եմ` քո «Քարե երազներ» գիրքը ասածիս վկան է, այն էլ ասեմ, որ քսանամյա այս թշնամությունը ոչ իմ և ոչ էլ քո մեջ թշնամության ծիլեր չի տվել, ուրեմն հույս կա, որ ինչ-որ ժամանակ հետո, եթե ոչ մենք, ապա մեր երեխաները բաժակ բաժակի կխփեն և կխմեն քո կենացը, որ դու դաժան ու թշնամական այս դարում քո անմահական գրչով կարողացար ասել մի պարզ ճշմարտություն, որը քո երկրի տհաս տերերի մեջ կատաղության նոպա առաջացրեց, և քեզ պես անվանի գրողին, մարդասերին զրկեցին «փառքից ու շքանշաններից», չկարծելով, որ Այլիսլիի փառքն իր հզոր, ճշմարտացի ու տաղանդավոր գրիչն է) «Քարե երազներ» անմահ գործը, ակամայից հոգիս լցվում էր հպարտությամբ, մարդկայնությամբ, և ակամա մտաբերում էի Աննա Զեգերսի հազարավոր մահեր տեսած հերոսի խոսքերը` իսկ ես փորձում էի մարդ մնալ: Ասել կուզեմ, դու ոչ թե փորձել, այլ մարդ ես մնացել` զերծ մնալով կեղծ կրոնապաշտությունից: Այսօր, ցավոք, քո սիրելի երկրում քիչ չեն նրանք, ովքեր կրկնում են, իհարկե այլ որակով, անցած դարի կոչերը, որ բոլոր մուսուլմանները եղբայրներ են, նրանց միակ թշնամին «գյավուրներն» են: Հասկանալի է, որ այդ գյավուրները հայերն են, մոռանալով, որ այդ հայերն իրենց երկրի ազնիվ ու նվիրյալ քաղաքացիներ են եղել, Բաքու քաղաքն են շենացրել: Անցած ու դաժան այդ 2,5 տասնամյակում հաճախ եմ թերթել իմ սիրելի բանաստեղծ Սաբիրի բանաստեղծությունների ժողովածուն, փորձելով` հույսեր փայփայել, որ մի օր կգտնվի մեկը, մի «դավաճան», որ կասի ճշմարտությունը և կփրկի իր ազգի պատիվը: Իրոք, 1990-ին Բաքվի փողոցներում սպանված հայերի օրերով անթաղ դիակները տեսած մարդը ինչպե՞ս կարող էր լռել, չճչալ ի լուր աշխարհի և չասել ողջ ճշմարտությունը: Սաբիրի ժամանակներն էլ էին դժվար, բայց նա երգեց.
Երբ մեզ բնավ ոչ մի պատճառ թշնամության չի կոչում,
Որդիները նույն աշխարհի սուր են իրար դեմ ճոճում,
Մուսուլմաններն ու հայրը -եղբայր եղբոր հետ վիճում,
Իմաստուններն ո՞ւր են, ինչո՞ւ ճիշտ ճանապարհ չեն նշում:
Այսօր XXI դարի Ադրբեջանում դու Սաբիրի նշած իմաստուններից մեկն ես, որովհետև չես վարանել ասելու, որ քո ժողովրդի գլխին, իրոք, սարքեցին և նրա ձեռքերով հայի անմեղ արյուն հեղեցին Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի ողջ տարածքում, ուր գեթ մեկ հայ կար: Այդ ճիվաղները խարան դրեցին ադրբեջանցի ժողովրդի խղճին: Շնորհակալություն քեզ, մեծ մարդ, մեծ ադրբեջանցի: Դու քո գրչով փորձում ես մաքրել այդ խարանը: Հիանալի են գրքի այն տողերը, երբ նկարագրում ես Ագուլիսն իր հոյակապ եկեղեցիներով, փաստելով նաև, որ հայն ի ծնե ապրել և արարել է դրախտային այս վայրում: Դու Ագուլիսն իր հրաշք եկեղեցիներով ավելի մեծ հրաշք տեղ ես անվանել, քան Էջմիածինը: Եվ այդ հրաշքի հրաշք գերեզմանոցը ոչնչացրեց մի հոգեկան հիվանդ, մի օրապակաս կառավարող, որի ձեռքն այսօր կրակն է ընկել քո ազգը: Մի երկու բառով հիշեմ Խոջալուն: Ես կատեի ինձ ծնող ժողովրդին, եթե համոզված լինեի, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին հայ զինվորը սպանած լինի որևէ կնոջ, առավել ևս երեխայի: Իմ հանճարեղ հայրենակից Ավետիք Իսահակյանը մի հիանալի պատմություն ունի: Վիկինգները գրավեցին գյուղը: Սպանեցին բոլոր չափահաս արուներին: Երբ փողը հնչեց հեռանալու, հրամանատարը նկատեց, որ մի զինվոր ինչ-որ մեկին հետապնդում է.
-Այդ ո՞ւր,- գոռաց նա:
-Մի երեխա փախավ, սպանեմ գամ:
-Երեխա սպանելը ստորների գործ է:
Զինվորը սուսուփուս վերադարձավ:
Խոջալուի մասին ավելի լավ, քան Մութալիբովը, Ֆութալաևը, Մացալովան չեն արտահայտվի: Եթե Խոջալուում հայ զինվորի ձեռքով խաղաղ բնակիչ է զոհվել, ես շատ եմ ցավում: Բայց այստեղ մի հարց է ծագում. այդ դեպքում հայերն ինչո՞ւ էին թողել միջանցքը, եթե ոչ խաղաղ բնակիչների համար:
Հարգելի բարեկամ, ևս մեկ անգամ շնորհակալություն քեզ` քո ազնիվ գրչի համար, քո ժողովրդին` քեզ պես անհատ ծնելու համար: Ես ունեմ տուն, այգի, հիանալի երեխաներ, եթե քեզ համար դժվար է քո երկրում, արի ընտանիքովդ, և մենք խաղաղ կապրենք այս բարի ու կապույտ երկնքի տակ:


Հարգանքով`

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Կարծում եմ, Հայաստանի գրողների միությունն ուժ կգտնի իր մեջ և ադրբեջանցի մեծ գրող Աքրամ Այլիսլիին կներկայացնի գրականության Նոբելյան մրցանակի: Նման կարգի գրողը, մարդը, աշխարհի քաղաքացին պետք է իր արժանի գնահատականը ստանա:

Դիտվել է՝ 6263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ