Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Տարոն Մարգարյանի «կրեդոն»

Տարոն Մարգարյանի «կրեդոն»
05.04.2013 | 03:10

Երևանի ավագանու ընտրություններում վճռական տրամադրություններ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև, Երևան»-ը: Մինչդեռ հաղթանակի իրական հնարավորություններ ունի միայն իշխող ՀՀԿ-ն: Սա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ 2012 թ. խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունների շրջանում ՀՀԿ-ն հաղթանակ է տոնել և դա շարունակական է լինելու, այլև նրանով, որ ՀՀԿ թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով բավականին բարձր վարկանիշ ունի մայրաքաղաքի բնակիչների շրջանում: Բացի դրանից, ԲՀԿ և «Բարև, Երևան» դաշինքի ցուցակների առաջին համարներ Վարդան Օսկանյանն ու Արմեն Մարտիրոսյանը երբեք աչքի չեն ընկել համայնքային կառավարման ոլորտներում, դրանով իսկ հարաբերական առավելություն ստեղծելով Տարոն Մարգարյանի համար:
ՀՀԿ թեկնածուն երկար տարիներ եղել է Երևանի Ավան վարչական շրջանի համայնքապետը` ցուցաբերելով ամենաարդյունավետ աշխատանքը համայնքապետերի շրջանում: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներն էլ աչքի են ընկել արդյունավետությամբ` Տարոն Մարգարյանի անվան շուրջ ստեղծելով արդյունավետ համայնքային մենեջերի համբավ: Պետք է նշել, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ունի ոչ միայն հարաբերական առավելություն, այլև համեմատական: ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը կարողացել է բարեփոխումներ իրականացնել Երևանում, ունի կուսակցական ենթակառուցվածքներ և ընտրազանգվածի շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելու հնարավորություններ: Եթե համեմատենք ԲՀԿ-ի հետ, ապա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը Երևանում մշտապես լուրջ խնդիրների է բախվել:
ԲՀԿ-ն ու նրա առաջնորդները չունեն այն «կրեդոն», որն ունի Տարոն Մարգարյանը, այն է` ժողովրդականություն: ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը երբեք բակային խնդիրներով, տրանսպորտային հարցերով և քաղաքային ենթակառուցվածքներով չի զբաղվել: Նույնը կարելի է ասել Արմեն Մարտիրոսյանի մասին: Երևանի ընտրազանգվածն էլ զգալիորեն տարբերվում է մարզային ընտրազանգվածից, Երևանում պահանջմունքներն ու ընտրողի հոգեբանությունը էականորեն տարբերվում են գյուղական միջավայրից: Մայրաքաղաքում ընտրողը, ի տարբերություն մարզային ընտրողի, որոշակիորեն տարբերում է խորհրդարանական ընտրությունը համայնքայինից` ցանկանալով քաղաքապետի պաշտոնում տեսնել ոչ թե ճառասացների, այլ համայնքային, կենցաղային բնույթի, քաղաքացու ենթակառուցվածքային պահանջները բավարարող գործչի:
Կա ևս շատ կարևոր մի նրբություն, որի մասին քաղաքական ուժերը չեն խոսում, սակայն ընտրողի համար դա կարևոր նշանակություն ունի: Տարոնը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որդին է և համայնքապետ, քաղաքապետի տեղակալ ու քաղաքապետ աշխատելու տարիներին բարձր է պահել իր ընտանիքի պատիվն ու հոր հիշատակը: Անդրանիկ Մարգարյանին ընտրազանգվածը հիշում է մեծ սիրով և հարգանքով, իսկ նրա որդու աշխատանքն էլ դիտարկում է նաև Անդրանիկ Մարգարյանի հիշատակն ու պատիվը բարձր պահելու համատեքստում: Ո՛չ Վարդան Օսկանյանը, ո՛չ էլ Արմեն Մարտիրոսյանը չունեն այդ խնդիրը և չեն ասոցացվում հուզականության դաշտի հետ, պատվի և ժառանգված արժեքները բարձր պահելու խնդիրների հետ: Պետք է նշել, որ երևանցին այս հանգամանքին բավականին մեծ ուշադրություն է դարձնում, թեկուզ և ենթագիտակցական մակարդակում: Այս հանգամանքը Տարոն Մարգարյանի համար, եթե չասենք առավելություն, ապա գոնե որոշակի դրական միտումներ ունի:
Միևնույն ժամանակ, Տարոն Մարգարյանի գլխավոր «կրեդոն» այն է, որ նա երկար տարիներ աշխատել է ոչ թե քաղաքական ինտրիգների կիզակետային հատվածներում, այլ գործնական հատվածում: Ինչպես տնտեսությունը, այնպես էլ քաղաքականությունն ունեն իրական հատվածներ: Տարոն Մարգարյանը մշտապես գործել է քաղաքականության իրական հատվածում և կարող է մատնացույց անել իր գործունեության արգասիքները, ինչը չի կարելի ասել ո՛չ Վարդան Օսկանյանի, ո՛չ էլ Արմեն Մարտիրոսյանի մասին: Ինչևէ, 2013 թ. Երևանի ավագանու ընտրությունները հետաքրքիր իրավիճակ են ստեղծելու: Ընտրություններից հետո համայնքային ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող կուսակցությունները հաշվի կառնեն փորձը և քաղաքապետի թեկնածու կառաջադրեն ոչ թե ամբիոններից ճառեր կարդացողներին ու քաղաքական հայտարարություններ անողներին, այլ քաղաքականության իրական ոլորտի հետ առնչություն ունեցած, համայնքում աշխատանք ծավալած և ժողովրդականություն վայելող գործիչներին:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ