Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հոգսի և հոգնայի միջև (տեսիլքների քոսն ու բորբոսը)

Հոգսի և հոգնայի միջև (տեսիլքների քոսն ու բորբոսը)
05.04.2013 | 11:25

«Հրեան քանդվում է արտաքնապես` ներսում պահպանելով իր անիմանալի ազգային խորհուրդը, հայը` պահպանելով իր արտաքինը, քանդվում է ներսից։ Իսկ ներսում գտնվում է իր նախագոյը, որն իր պապերն են և իր երեխաները, թոռներն ու ծոռները, մեծ հաշվով` իսկական ինքը»։

«Ծովից ծով Հայաստա՞ն, թե՞ օվկիանոսից օվկիանոս հայություն»,Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏԵՍԻԼՔՆԵՐԻ ՀԵՐԹԸ
(ֆելիետոնաբույր ապուր)
Ոչինչ, որ Արոնյանը սայթաքեց։ Անգամ լավ է, քանզի բավ է իրական Հայաստանի հրաշքներն անտեսելով` տեսիլքներին հետևենք։ Չէ՞ որ վաղուց ունենք 1,5 աշխարհի չեմպիոն. 1-ը Տիգրանն է` Պետրոսյան, 0,5-ը` Կասպարովը` Գարիկ։ Բավական չէ՞։ Ոմանց կարծիքով` ոչ։ Եվ ահա մի խումբ ազգային ցավագարներ (կուսակցություններից մեկի հույժ գաղտնի առաջադրանքով) Նորվեգիայում են։ Մագլցել են ամենաբարձր լեռան` Գալհյոպիգենի գագաթը, խորասուզվել-հասել են Մյուսա լճի հատակը։ Ինչո՞ւ։ Դե, մի՞թե պարզ չէ, ժամանակն է շախմատային Մեսի Մագնուսի արմատներում հայկական զարկերակը գտնելու։ Ինչո՞ւ։ Դե, մի՞թե պարզ չէ, երբ հանրությունը հոգնել-գազազել է աշխարհից, նրան վարդագույն տեսիլքներ են պետք, ազգային-սնափառական տեսիլքներ։ Զի բնավ էական չէ, որ ապրում ես գոյատևման սկզբունքով, գոյատևում և ապավինում թանապուրին։ Այո՜, կարևորը տեսիլքներն են։ Զորօրինակ, այս տեսիլքը. «Հայաստանը շուկայական ազատականության տեսանկյունից առաջինն է Կովկասում»։ Ակամա ուսերդ շտկվում են, զորավոր է տեսիլքի ուժը։ Որոշ անտեսիլքներ, սակայն, սնահավատորեն բիզնեսը տեղափոխում են Վրաստան։ Զի նրանց համար միևնույն է` նորվեգացի Մագնո՞ւսն է մորական ապուպապի կողմից հայ, թե՞ ապազգային կակտուսը։ Եվ նրանք շահում են։
Մի խոսքով` այս հանդիպման շարժառիթը` մեզ անհրաժեշտ է տեսիլքազուրկ լինել։ Եվ սույնն ամրագրել որպես ազգային-պետական գերակայություն։ Հակառակ դեպքում հոգսը կվերաճի բարոյական, ֆիզիկական, աշխարհաքաղաքական հոգնայի։ Եվ ի՞նչ, ոչի՛նչ։ Պարզապես քաղաքական հոգնան ավերիչ ու նողկալի մի բան է։ Զի կենսահյութերից է քամում և կամազրկում։ Կամազրկում է ու քամուն տալիս հույսերդ` ապրել մի օր տեսիլքազուրկ հայրենիքում։ (Այսինքն` ապուրից բացի, ճաշակել նաև... կերակրացանկը կազմեք ինքներդ)։ Իսկ առայժմ «հոգսատանջ գործիքների» հաղթահանդեսն է։ Եվ քանի որ մեր նախորդ գերագույն պետայրերն աջ ձեռքով երկիր էին կերտում, ձախով այն հանձնում յուրայիններին որպես տնամերձ, ներկա գերագույն պետայրին մի բան է մնում` Արաքսի պղտոր ջրերին հանձնել մեր հույսերն ու հոգնաները։ Մեկ ձեռքով կերտել, ասենք, Երևանի մետրոպոլիտենի գալիք կայարանները, մյուսով էլ քերթել թեկուզ մենաշնորհատերերին` մենաշնորհներով հանդերձ։ Բարի, նախաբանը քիչ երկարեց, անցնենք օրվա խորհրդին։ Օրվա խորհուրդը երդմնակալությունն է։ Զուգահեռ ընթացքով։ Սերժ Ազատիչը երդմնակալվում է իրատեսական հարթությունում։
Րաֆֆի Ռիչարդիչը` լավատեսական։ Այսինքն` վիրտուալ։
Երկուսինն էլ հոգսատանջ մեր բարեմաղթանքը. կառուցել տեսիլքազուրկ Հայաստան, անկյուն քշել համազգային հոգնաները։
Այժմ էլ մի երկու հրաշունչ միտք փոխանակենք մեր գերագույն գլխավոր տեսիլքի` «հոգսատանջ գործիքների» շուրջ։

ՀՈԳՍԱՏԱՆՋ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՐԹԸ
(պամֆլետամերձ բանջարանոցում)
Տեսիքնե՜ր, տեսիլքնե՜ր, երազախաբկանք վարդագույն, ինքնակեղեքում վարդաբույր։ Պահը հուզումնալից է, այս բանջարանոցը մտնելու համար նախ դատարկում ենք 0,25-լիտրանոց հոնի արաղը։ Վասն քաջության։ (Միջանկյալ ստուգաբանենք. արաղը արիացիների աղն է։ Օղին` օղ պարանոցին, եթե արիաբար չես գրկախառնվում արաղին)։ Այո՜, հուզմունքից կարող էի շնչահեղձվել, արաղը փրկեց։ Ի՜նչ վեհություն, երբ հայացքով շոյում ես սույն քաղաքական-հանրային գործիքները, յուրաքանչյուրի ստվերում այս կամ այն գործչին շոշափելով։ Ահա սույն գործիքը` անունով քլունգ։ Մյուսը, ահավասիկ, կոչումով փոցխ։ Կամ այս երրորդը` կյանքով մեկ մատնոց։ Չորրորդն էլ խնդրեմ, բաղաձայն մի խարտոց։ Ժրաջան են գործիքները։ Նաև խելահաս։ Երկու բուռ կիսանեխած սերմ են պահ տալիս «Հանրապետություն» բանջարանոցին, տասներկու փեշ բարիք ստանում։ Եվ, ահավասիկ, բոսորամիտ ընթերցողներիցս յուրաքանչյուրը թող փնտրի-գտնի յուր սիրելի գործչին քաղաքական և նրա կերպարում տեսնի գործիքը շինական, փոցխը, մատնոցը, խարտոցը։
Այո՜, հոգսատանջ են մեր քաղգործիքները։ Զի մի օր մատնոց են, մյուս օրն էլ` խարտոց։ Եթե պահանջվի` նաև քլունգ են, սղոց և թակիչ։ Ասենք, այս քաղաքական օրակարգում անհրաժեշտ են քլնգումները։ Մատնոցն անկյուն է մղվում, քլունգը` առաջ։ Եվ հեղեղվում են քլնգումները, երեկվա մերձավորդ (ասենք, բանջարանոցի հպարտություն արևածաղիկը) դառնում է մրցակի՞ց (զորօրինակ, բանջարանոցի պատուհաս թրթուր), բնականաբար, նրան քլնգել է պետք, բարոյազրկել և ապականել։
Անշուշտ, մեր քաղգործիչ-գործիքներին կարելի է նաև համեմատել երաժշտական գործիքների հետ։ Զորօրինակ` քլունգը դհոլի, մատնոցը` շվիի, խարտոցը` զուռնայի, փոցխն էլ, հասկանալի է` պարկապզուկի։ Բայց սա ընդամենը սրտահովանք է։ Մի յուրատեսակ վարդագույն տեսլապատկեր։ Հոգնայի հաղթարշավը և հույսերի անարգանքը։ Հուսանք` առայժմ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՈՍԵՐՆ ՈՒ ԴԻԵՏԻԿ ՉԱԼԱՂԱՋԸ
Քսան տարվա «քաղաքական քոսերն» արթնանում են։ Ահավասիկ տիար Սուքիասյանը` Խաչատուր հոգեշահ անվամբ, «Գռզո» հոգեսպան մականվամբ, հերթական հսկա հոգնան է դեմ տալիս մեր հոգնատանջ մարմնին. «Սիրադեղյանը պետք է վերադառնա հայրենիք. նա մեծ դեր ունի մեր երկրի նորագույն պատմության մեջ։ Ես իրեն դրական մարդ եմ համարում»։ Ես էլ, ահա թե ինչու։ Վանոն և՛ քլունգ էր, և՛ խարտոց։ Երբեմն էլ, թերևս, մատնոց։ Վանոն իշխանության չարաշահման դասագրքային օրինակ էր։ Նրան հաջողվեց կայանալ որպես ներքին գործոց նախարար, հիշենք թեկուզ հանրապետության խաղաղ գիշերներն ու անվտանգ խաչմերուկները, երբ հարևան հանրապետությունում գիշերներն աղմկարար էին, խաչմերուկները` վտանգների հարուցիչ։ Վանիկ Սմբատիչի ծառայությունը, այսպիսով, անգնահատելի է, նույնքան անգնահատելի են նրա ջանքերը` ներքինացնելու անկախության հոգեզավակներին։ Այսինքն, հայ հասարակության այն մարգերն ու թմբերը, որոնք ՀՀՇ-ամերձ չէին, վանոյաընդդեմ էին։ Խաչատուրը բարգավաճեց հենց վանոյամերձության շնորհիվ, ներքինացնելով շրջակա գործարար միջավայրը։ (Սույն ժամանակաշրջանի հարկային մատյաններում հույսերն էին տապակվում, հոգսերն ամբարվում, հնչում էր «Սուքիասյանները Սիլաչուց» քաղաքական օպերետը)։ Անպատիժ մնալով` նա այսօր հրապարակ է իջնում որպես մոխրասև մի տեսիլք, թանձր ու գռուզ։ Քաղաքական փասիանսի հաջող դասավորվածքի պարագայում մեկ էլ տեսար հնչեց ՀՀՇ քաղօպերետը, և Վանոյի դարձն ի շրջանս յուր այսուհետ իրականություն է, և իրական են գռզոյական գերակա տեսլապատկերները` հայտնվել Կառավարական տանը, հասկանալի է` վարչապետական թիկնաթոռին թիկնելու։ Ի դեպ, որքա՞ն գումար կհատկացվի գռզոյական կառավարության կողմից Վանո-տառապյալին։ Հավանաբար, վտարանդիության յուրաքանչյուր օրը` 100 եվրո։ Հավելյալ 0,5 կգ հալվա և դիետիկ չալաղաջ։ (Տարաբախտ իմ Պարույր, վերջին պարուրումդ էլ ձախողվեց)։


ՆԱԽԱՃԱՇ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ»
Առհասարակ տեսիլքներն ու հոգնաներն ամենուր են։ Ահավասիկ թունդ գավառական այս շրջապտույտը, երբ ֆուտբոլի հայոց քոսափառ հավաքականից միջազգային մակարդակի համույթ են կերտում, մարզիչ Մինասյանից էլ` կովկասահայ մի Գվարդիոլա։ Սակայն գավառական շուրջպարը փխլվում է միջազգային պարահանդեսում։ Եվ ահա հանրապետության գլխավոր հոգսերից մեկը. Ռուբենը Հայրապետյան հաղորդում է կիրթ` էհ, մարդը սխալվել է, հո չե՞նք գնդակահարելու։ Մարդը մարզիչ Մինասյանն է։ Բայց ինչո՞ւ գնդակահարել, ընդամենը նրան նախաճաշելու գործուղեք «Հարսնաքար»։
Մի խոսքով` տեսիլքներ են թափառում հոգսերի և հոգնաների միջև։ Քաղաքական տեսիլքները, հոգսերը մեր և մեր հոգնաները` քլունգն ու դհոլը, շվին և մատնոցը։ Եվ բորբոսաբույր քոսափառը ծիածան է կապել մեր անկախության երկնակամարում։ Դիմանա՞նք, թե՞ հանձնվենք։ Այս է խնդիրը։ Գուցե դիմանանք։ Սա է հոգեպես ավելի ազնիվ։ Ահավասիկ ճարտարապետները դատապարտում են մայրաքաղաքը կլանող օլիգարխին` «Ձեռքերդ հեռու Փակ շուկայից» կարգախոսով։ Կեցցե՛ք։ Զի բարոյական խրատաբանությունից անցնում եք կոնկրետ գործողությունների, դատարան եք փորձում կանչել կլանիչին։ Տարոսն էլ` Փարաջանովի թանգարանի լույսը փակողին։

ՀՐԵԱՆ ԵՎ ՀԱՅԸ
(սարկաստիկ ծառուղիներ)
Հրեան, այսպիսով, քանդվում է արտաքնապես, գուրգուրանքով պահպանելով ներքինը։ Հայը` ճիշտ հակառակը։ Ի դեպ, հուշեմ-հիշեք. երրորդ հանրապետության երկունքի «տատմերերի», իշխանության գլուխ Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմության պարագլուխ Պարույր Հայրիկյանի հարգարժան կողակիցները հրեուհիներ են։ Պարույրինը Միացյալ Նահանգներում է։ Լևոնինը` սև շենքում։ Եվ, ահավասիկ, երրորդ հանրապետությունը մինչ օրս զուգվում է արտաքնապես, զառանցում` ներքուստ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ