Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Իրավունքի գերակայությունը սոսկ հռչակագրային պոստուլատ չէ»

«Իրավունքի գերակայությունը սոսկ  հռչակագրային պոստուլատ չէ»
09.04.2013 | 00:36

ՀՀ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով, առաջին հերթին, երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության գերակայության ապահովմանը, իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներում բազմիցս է անդրադարձել իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությանը: Ինչպե՞ս է դրան ուշադրություն դարձվում մեզանում, մանավանդ ՀՀ դատական պրակտիկայում: Խոստովանենք` ոչ բավարար: Բացի այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիմքով նոր հանգամանքներով ոչ միայն խիստ հազվադեպ է դատական գործ վերանայվել, այլև դատարանները հակված չեն օգտվելու Սահմանադրության 101 հոդվածի 7-րդ կետի ընձեռած հնարավորությունից` վերոնշյալ խնդիրներով դիմելու Սահմանադրական դատարան: Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքների բոլոր նորմերը կոնկրետ գործերով կիրառվել են դատարանների կողմից` հանգեցնելով մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման:
Uահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամuվա ընթացքում, հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ: Այն ուղարկվում է պետական և տեղական ինքնակառավարման համապատաuխան մարմիններ: Նույն օրենքի 66-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
2012 թ. ընդունված որոշումների կատարման վիճակն արդեն ամփոփված է, ձեռքբերումներին զուգահեռ արձանագրվել են լուրջ հիմնախնդիրներ, ուստի, հաշվի առնելով այդ հարցի խիստ առանցքային նշանակությունը, փորձեցինք համապատասխան պարզաբանումներ ստանալ Սահմանադրական դատարանի խորհրդական, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:

-Կարելի՞ է ենթադրել, որ հաղորդումը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ դասական իմաստով հաշվետվություն է, ինչո՞վ է թելադրված այդ փաստաթղթի իրավական արժեքը:
-Հաղորդումը, ըստ էության, չի սահմանափակվում լոկ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակագրությամբ, դրանում պատշաճ վերլուծության նյութ են դառնում այնպիսի փոխկապակցված հարցադրումներ, ինչպիսիք են նույն այդ որոշումների կատարման հիմնախնդիրները, դրանք հաղթահարելու ուղիները, ընդհանրապես սահմանադրական արդարադատության իրավական ու կառուցակարգային հիմքերի բարելավման հայեցակարգային հարցադրումները և այլն: Բնորոշ է այն, որ դրանում անգամ ուրվագծվում են սահմանադրական բարեփոխումներին առնչվող որոշ հիմնահարցեր: Ինչևէ, հաղորդմամբ արձանագրված են օրենսդրությունում, ինչպես նաև իշխանության տարբեր ճյուղերը ներկայացնող պետական մարմինների գործունեությունում առկա հիմնախնդիրները՝ կապված հիշյալ որոշումների կատարման հարցադրման հետ: Բացի այդ, այն, ըստ էության, արտացոլում է Սահմանադրության գերակայությունը երաշխավորելուն միտված առկա սահմանադրական մշակույթը, հնարավորություն է տալիս առավել խորքային և համապարփակ պատկերացում կազմել սահմանադրական արժեքներով ղեկավարվելու տեսանկյունից տարբեր կառույցների պատրաստակամության, ընկալման չափանիշների ու շարժառիթների վերաբերյալ: Վերջին հաշվով, չենք կարող անտեսել, որ անգամ զուտ վիճակագրական այնպիսի տվյալների համատեքստում, երբ Սահմանադրական դատարան են դիմել հիմնականում ֆիզիկական և իրավաբանական անձինք, հանրապետության նախագահը և մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրության գերակայության լիարժեք երաշխիքների մասին խոսելն իրատեսական չէ: Ամբողջ տարվա ընթացքում Ազգային ժողովի (այս դեպքում նկատի չունենք այն երկու դիմումը, որ ստացվել են պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից), կառավարության, դատարանների, գլխավոր դատախազի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որպես դիմումների քանակը մատնաշող վիճակագրական տվյալ, արձանագրված է «0»:
-Ինքնին հասկանալի է, որ պարզապես հանուն դիմելու որևէ իրավասու պետական մարմին այդպես էլ չի դիմի, հակառակ դեպքում կունենանք արհեստական ճանապարհով ապահովված վիճակագրություն, աշխատանքի իմիտացիա, ինչը պակաս անհանգստացնող չէ: Դուք կարծում եք, որ այդ մարմինները Սահմանադրական դատարան դիմելու պատճառներ, հիմքեր ունեի՞ն:
-Լիովին համամիտ եմ, որ չի կարելի խրախուսել իմիտացիայի երևույթը, ինչ վերաբերում է հիմքերին, ապա ոչ թե ինքս եմ կարծում, որ հիմքեր կան, այլ այդ մասին են վկայում հենց Սահմանադրական դատարանի որոշումները: Վերջին հաշվով, Սահմանադրությանը հակասող են ճանաչվել բազմաթիվ այնպիսի օրենսդրական ակտեր, որոնք ինչպես դատարանների, այնպես էլ վերը նշված մյուս պետական մարմինների կողմից տևական ժամանակ կիրառվել են՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների ու ազատությունների խախտումների: Ավելին, որոշ դեպքերում դրանց սահմանադրականությունը պարզելու առնչությամբ վերջիններիս հիմնավորած միջնորդություններ են ներկայացրել փաստաբանները, սակայն համարժեք արձագանք չի եղել: Հավելենք, որ 2005 թ. նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխություններով դատավորների համար սահմանվել է Սահմանադրական դատարան դիմելու անհամեմատ պարզեցված կարգ՝ վերջիններս կարող են իրենց վարույթում գտնվող գործին առնչվող նորմատիվ ակտի սահմանադրականության առնչությամբ անմիջականորեն դիմել Սահմանադրական դատարան:
Կարծում եմ, այս հարցում անհրաժեշտ իրավական մշակույթի բացակայությունը մասամբ թելադրված է անհարկի սուբյեկտիվ կաշկանդվածությամբ: Ընդ որում, հարկ է ելակետ ընդունել այն, որ դատարանի ներկայացրած դիմումի մերժումը չի կարող գնահատվել որպես անհիմն նախաձեռնություն, արհեստավարժության պակաս կամ նմանաբնույթ մեկ այլ բան: Վերջին հաշվով, արդիական իրավագիտությունը ներկայումս, առավել քան երբևէ, բախվում է չափազանց բարդ ու խրթին հարցադրումների, որոնց առնչությամբ սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն ատյանի իրավական դիրքորոշումը խիստ կարևոր ուղենիշ է: Բացի այդ, այս դեպքում դատարան դիմելը դասական իմաստով չի նշանակում վստահ պահանջներ ներկայացնել, քանզի, եթե դատարանը համոզված լինի իր տեսակետում, ապա կարող է դիմել Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված ընթացակարգին և անմիջականորեն կիրառել սահմանադրական նորմը: Վերջին հաշվով, արդեն իսկ դատական իրավակիրառական պրակտիկայում արտառոց չի համարվում անմիջապես միջազգային պայմանագրի դրույթները կիրառելն այն դեպքերում, երբ համոզված են, որ գործող օրենքները հակասում են վերջիններիս:
-Անդրադառնանք ըստ կոնկրետ ոլորտների: Ինչպիսի՞ խնդիրներ են բացահայտվել միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՍԴ-ում գործերի քննությունների ընթացքում:
-Այս խնդրին Սահմանադրական դատարանը պարբերաբար անդրադառնալով և համեմատական վերլուծության նյութ դարձնելով միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցերը` առանձնացրել է հիրավի խիստ կարևոր դիտարկումներ: Այսպես, առանձին դեպքերում միջազգային պայմանագրեր կնքելիս ցուցաբերվել է «անկանխատեսելի մոտեցում», ինչի արդյունքում «Հայաստանի Հանրապետությունն այս կամ այն պայմանագրով ստանձնում է միջազգային ավելի մեծ ծավալի պարտավորություններ, քան տվյալ պայմանագրի՝ վերապահում կատարած այլ մասնակիցներ»: Միջազգային պայմանագրերի առնչությամբ հաջորդ կարևոր դիտարկումն այն է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավարկային պայմանագրերին պարտավոր է համադրել հստակ ծրագրեր, որ հնարավոր լինի երաշխավորել դրանցով ստացված միջոցների ծախսման նկատմամբ իրատեսական, արդյունավետ վերահսկողություն:
Հաղորդմամբ արձանագրվել են հատկապես բանակցություններ վարելու ընթացքում միջազգային պայմանագրերի տեքստում ՀՀ Սահմանադրությանը հակասող իրավական նորմեր ներառելու դեպքեր: Էլ ավելի մտահոգող է այն, որ դրանք տարբեր փուլեր անցնելուց հետո են միայն Սահմանադրական դատարանում բացահայտվում, ինչի արդյունքում անհարկի ձգձգվում են այդ իրավական փաստաթղթերը կնքելու գործընթացները: Անդրադառնալով այն դեպքերին, երբ հաճախ հայկական կողմն անհարկի համաձայնում է, որ միջազգային պայմանագրերից ծագող վեճերը քննվեն բացառապես այլ պետությունների դատական ատյաններում կամ միջազգային դատարաններում, հիշյալ տարեկան հաղորդման մեջ արձանագրվել է հետևյալ ուշագրավ միտքը. «Նման աշխատանքները պետք է նախապես ձեռնարկվեին, և վավերացման փուլ չպետք է հասներ այնպիսի պայմանագիր, որը միջազգային հարաբերություններում մեր երկրին ընդհուպ կարող էր զրկել դատական իրավասուբյեկտությունից»: Եվ, որպես ընդհանուր մտահոգություն, ընդգծվել է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է առավել մեծ ուշադրություն դարձնել ստանձնվող ՀՀ միջազգային պարտավորությունների իրավական հիմնավորվածության ու հնարավոր իրավական հետևանքներին, որոնք կարող են խնդիրներ առաջացնել` ընդհուպ երկրի իրավական անվտանգության տեսանկյունից:
-Եթե Սահմանադրական դատարանը վիճարկվող օրենսդրական ակտը ճանաչում է հակասահմանադրական, ապա կարծես այդ առնչությամբ կայացված որոշումն ինքնըստինքյան կատարվում է, չէ՞ որ այդ օրենսդրական ակտը պարզապես դադարում է գործելուց: Այդ դեպքում ի՞նչ լրացուցիչ խնդիրներ են ծագում դրանց կատարման առնչությամբ:
-Ձեր ներկայացրած իրավիճակով բնավ չի սահմանափակվում Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացը: Նկատենք, որ պակաս իրավական արժեք չունեն նաև այն որոշումները, որոնցով վիճարկվող օրենսդրական ակտերը չեն ճանաչվում Սահմանադրությանը հակասող, սակայն դրանք կարող են կիրառվել միայն դրանց վերաբերյալ Սահմանադրության կոնկրետ նորմերի առնչությամբ ՍԴ որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին համապատասխան: Վերջին հաշվով, ներկա զարգացումներն անխուսափելիորեն բերել են այն հանգրվանին, երբ խմբագրական կտրվածքով ակնհայտ անթերի, միջազգային իրավունքի նորմերին խիստ համահունչ օրենսդրական ակտերը դառնում են անհարկի ոչ իրավաչափ իրավակիրառ գործունեության նյութ. այդպիսի դեպքերում Սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներով փորձում է ապահովել իրավունքի անհրաժեշտ ընկալումներն ու երաշխավորել ցանկալի սահմանադրական մշակույթի ձևավորումը:
Խիստ կարևոր է նաև որոշումների արդյունքում Սահմանադրությանը հակասող օրենսդրական ակտեր կիրառած դատական ակտերի, այդ թվում` Վճռաբեկ դատարանի որոշումների վերանայման խնդիրը: Այս հարցում անհրաժեշտ իրավական մշակույթ դեռևս չի ձևավորվել, որն էլ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախաձեռնությունը, Ազգային ժողովը կատարեց էական օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում արդեն նոր հանգամանք է համարվում ոչ միայն վիճարկվող նորմը հակասահմանադրական ճանաչելը, այլև այդ նորմը Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից տարբերվող մեկնաբանությամբ կիրառելը:
Սկզբունքորեն կարելի էր ակնկալել, որ իրավակիրառ պրակտիկայում կարձանագրվեն օրենսդրական ակտերը դրանց էությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ կիրառելու դեպքեր, քանզի դա դատարանների անկախության կայացման, հայեցողական լիազորություններից առավել անկաշկանդ օգտվելու յուրօրինակ չափանիշ է, սակայն, որպեսզի այդ զարգացումները վերադառնան ողջամիտ շրջանակներ և չխաթարեն արդարադատության բուն էությունն ու շահերը, Սահմանադրական դատարանը հնարավորինս սահմանափակում է հիշյալ միտումները:
-Այս դեպքում կարող ենք ելակետ ընդունել այն, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ իմաստով սահմանափակում է նաև իշխանության մյուս ճյուղերը:
-Իշխանության ճյուղերի գործունեությունը սահմանափակված է Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրական դատարանը պարզապես իր իրավասության շրջանակներում իրականացնելով սահմանադրական վերահսկողություն, կանխում է Սահմանադրությամբ ամրագրված շրջանակներից դուրս գալու հնարավոր երևույթները: Այս կտրվածքով Սահմանադրական դատարանի կարգավիճակը թույլ է տալիս, որ դադարեցվի ոչ միայն իր կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենսդրական ակտի գործողությունը, այլև իր որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կանխորոշեն ողջ իրավաստեղծ գործունեությունը: Նկատենք, որ օրենսդիրը երկակի դերակատարում ունի. նախ` հաղթահարվում են Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենսդրական ակտի դադարեցման հետևանքով առաջացած հետևանքները, և երկրորդ՝ իրականացվում է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին համահունչ օրենսդրական քաղաքականություն: Ըստ տարեկան հաղորդման, բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվել նախորդ տարիներին, մասնավորապես, Ազգային ժողովին վերը նշված կարգով ներկայացվել է շուրջ հինգ տասնյակ օրենսդրական նախաձեռնություն, հրավիրվել են անգամ արտահերթ նիստեր, մինչդեռ նոր գումարման Ազգային ժողովում ձևավորված «համակարգը խափանվեց»:
Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումները բոլոր դեպքերում օրինաստեղծ գործունեության ուղենիշ են, սակայն դրանք կիրառողների չհամակարգված գործունեությունն անխուսափելիորեն հանգեցնելու է Սահմանադրությանը հակասող օրենսդրական ակտերի աճին: Ընդ որում, նշված համակարգի բացակայության պայմաններում մեծանալու է այնպիսի օրենսդրական ակտերի ընդունումը, որոնք կբովանդակեն Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին հակասող նորմեր՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ: Սա չափազանց, աննկարագրելի պատասխանատվություն է նաև հենց Սահմանադրական դատարանի համար, քանզի վերջինիս որոշումները նախադեպային նշանակություն ունեն, դրանք չեն կարող հարափոփոխ և «իրավիճակային» լինել. սխալվելու իրավունքը տվյալ դեպքում բացառվում է:
-Դուք ՀՀ կառավարության առնչությամբ անդրադարձաք միայն միջազգային պայմանագրերի կտրվածքով, իսկ ինչպիսի՞ն է վերջինիս կարգավիճակն ընդհանրապես Սահմանադրական դատարանի որոշումների կատարման կտրվածքով:
-Ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ գործունեությունում դեռևս հանդիպող թերությունների մեծ մասը, ինչ խոսք, բացատրվում է իրավական պատշաճ մշակույթի, փորձի բացակայությամբ, իսկ այս տեսանկյունից Սահմանադրական դատարանի որոշումները և դրանցում արտացոլված իրավական դիրքորոշումները խիստ արժեքավոր են: Ըստ տարեկան հաղորդման, ՀՀ կառավարությունը Ձեր նշած ոլորտում իր գործունեությունը պետք է ծավալի հիմնականում երեք ուղղություններով՝ ա) հանդես գա դրանցից բխող համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, բ) վերանայի իր իսկ ընդունած իրավական ակտերը և գ) կառավարության ողջ իրավաստեղծ քաղաքականության հիմքում դնել Սահմանադրական դատարանի որոշումները:
Նշված հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումն այն է, որ վերջին շրջանում ձեռնարկված դրական քայլերի հետ մեկտեղ խնդրի կառուցակարգային և գործառնական լուծումները պետք է բարձրացվեն օրենքի կանոնակարգման մակարդակի:
-Վերադառնանք անհատական դիմումներին: Անհատ անձը, դիմելով Սահմանադրական դատարան, ղեկավարվում է ոչ այնքան այս կամ այն օրենսդրական ակտն ապրիորի հակասահմանադրական ճանաչելու, որքան իր խախտված իրավունքները վերականգնելու մղումով: Միաժամանակ, անգամ վիճարկվող օրենսդրական ակտերը հակասահմանադրական ճանաչելն այդպես էլ չի ընկալվում որպես արդարության վերականգնման բավարար երաշխիք:
-2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարված փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունք վերապահվում է յուրաքանչյուր անձի, ում նկատմամբ կոնկրետ գործով կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը, առկա է այդ առնչությամբ դատարանի վերջնական ակտ ու սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ինչ խոսք, մենք չենք կարող անտեսել դատական ակտերի կայունության սկզբունքի գիտագործնական անհրաժեշտությունը, սակայն չենք կարող նաև չընդունել, որ հենց արդարադատության շահերից է բխում ակնհայտ ոչ իրավաչափ, տվյալ դեպքում՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենսդրական ակտերի կիրառմամբ դատական ակտերի բեկանման խնդիրը: Ցավոք, Սահմանադրական դատարանը հարկադրված է եղել տարեկան հաղորդմամբ արձանագրել. «Հիմնական խնդիրը նոր հանգամանքների ինստիտուտի գործունակության երաշխավորումն է, ինչը մեզանում դեռևս չի հաջողվել: Դատարաններն ամեն կերպ խոչընդոտում են այդ ինստիտուտի արդյունավետ գործադրմանը: Նման պայմաններում երկրում արդյունավետ արդարադատական համակարգի ձևավորումը վտանգվում է»: Հավելենք, որ այս գնահատականների հիմքում դրված է նաև միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրությունը, ինչի առնչությամբ տարեկան հաղորդման մեջ արձանագրված է, որ, ըստ միջազգային փորձի, հարցի միակ լուծումը լիարժեք սահմանադրական գանգատի ինստիտուտի արմատավորումն է: Թերևս, հենց այս զարգացումներն առավել ողջամիտ ու ներքին տրամաբանությանը համահունչ դարձնելու նկատառումով է, որ առանձին երկրներում աստիճանաբար անցում են կատարում դատական ակտերի սահմանադրականությունը պարզելու դատազորությունը սահմանադրական դատարաններին վերապահելուն:
Ընդհանուր առմամբ, Սահմանադրական դատարանի դիրքորոշումը որոշումների կատարման գործընթացն իրատեսական դարձնելու տեսանկյունից հետևյալն է. «Անհրաժեշտ է օրենսդրությամբ ամրագրել հատուկ նորմ, որպեսզի Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կամ մինչև Սահմանադրական դատարանի կողմից տվյալ նորմի՝ ուժը կորցնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտը հակասահմանադրական ճանաչված ակտն ընդունած պետական մարմինը հատուկ քննության առարկա դարձնի իր կողմից ընդունված ակտի՝ փոխկապակցված դրույթներով հանդերձ, Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը և ապահովի, որպեսզի իրավական վակուում չառաջանա»: Չեմ կարծում, թե տվյալ դեպքում խոսքն առանձնահատուկ, արտակարգ միջոցների մասին է, առավել ճշգրիտ կլինենք, եթե փաստենք, որ խոսքը պարզապես ակնկալվելիք, խիստ տրամաբանական ու հիմնավորված, առանց անհարկի ցնցումներով ուղեկցվող նախաձեռնության մասին է:
-Յուրաքանչյուր իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթ նույնասեռ փաստաթղթերի համակարգում, թերևս, առանձնանում է մի առանցքային հարցադրմամբ: Ձեր կարծիքով, ո՞րն է քննարկվող փաստաթղթի այդ միջուկը:
-Տարեկան հաղորդումն ուսումնասիրողները, անշուշտ, կնկատեն, որ այն եզրափակվում է իրավունքի գերակայության սկզբունքի առնչությամբ գիտագործնական բնույթի եզրահանգումներով, սակայն ողջ փաստաթուղթը ներծծված է հենց այդ գաղափարով, իրավունքի գերակայությունը ողջ սահմանադրական կարգի հենասյուն դարձնելու անթաքույց միտումով: Այս կտրվածքով փաստաթղթում ընթերցողը կարող է հանդիպել խիստ, բայց և արդարացի ու հիմնավորված գնահատականների. «Մեզանում ոչ միայն պետական տարբեր մակարդակներում դեռևս շփոթ գոյություն ունի «իրավունքի գերակայություն» և «օրենքի գերակայություն» հասկացությունների ընկալման հարցում, այլև, հատկապես դատական պրակտիկայում, հետևողականորեն չեն իրացվում ՀՀ Սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածների պահանջներն ու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ իրավունքի գերակայության ու մարդկանց սահմանադրական իրավունքների անմիջական գործողության երաշխավորման հարցերում»:
Սահմանադրական դատարանը ելակետ է ընդունել այն, որ իրավունքի գերակայությունը սոսկ հռչակագրային պոստուլատ չէ, որ այն նվազագույնը ենթադրում է նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ճանաչված գերկարևոր այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ ա) իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ լինեն բացերից ու երկիմաստություններից, բ) մարդու իրավունքները պետք է երաշխավորված, ապահովված ու պաշտպանված լինեն, գ) արդարադատությունը պետք է լինի անկախ, անկողմնակալ ու արդարացի, դ) մարդկանց սուբյեկտիվ իրավունքներին առնչվող հարցերը պետք է քննության առնվեն և լուծվեն օրենքի հիման վրա, այլ ոչ թե հայեցողությամբ, ե) պետք է հարգվի ու երաշխավորվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, զ) իշխանության իրականացումը պետք է խարսխված լինի օրինականության, արդարության և հիմնավորվածության վրա, է) իրավական վեճերը պետք է իրավական ճանապարհով արդյունավետ լուծման անհրաժեշտ կառուցակարգեր ունենան և ը) պետությունը պետք է հետևողականորեն իրացնի իր ազգային և միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների հարցում: Ի հավելումն սրան, Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդման մեջ ընդգծվել է նաև օրենքներին ներկայացվող ոչ պակաս կարևոր մեկ ընդհանուր պահանջ. օրենքները պետք է իրենց բովանդակությամբ ու կիրառման ընթացակարգերով համապատասխանեն իրավունքի բուն էությանը:
Ամփոփելով տարեկան հաշվետվությանն առնչվող հարցադրումները, կարող ենք փաստել, որ Սահմանադրական դատարանն իրավամբ գերխնդիր է համարում ոչ միայն օրենսդրական բարեփոխումները, այլև պատշաճ սահմանադրական մշակույթի ձևավորումը, ինչը ենթադրում է իրավունքի էության համարժեք ընկալման ունակություններ և պատրաստակամություն:

Հարցազրույցը վարեց Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ
ՀՀ ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ