«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»

«Եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է,  կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք  ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»
09.04.2013 | 11:47

Գամաղիել անունով մի հրեա փաստաբան հանձն առավ պաշտպանել Հիսուսի աշակերտներին, երբ քրիստոնեություն քարոզելու համար նրանց ձերբակալել էին: Իրապես իր գործին գիտակ փաստաբանը կարևորությամբ նկատի է առնում խնդրի երկու կողմերը և, եթե հավատում է արդարության ու գործի մաքուր լինելուն, ամեն գնով փորձում է պաշտպանել արդարին: Ահա այդպես եղավ այս փաստաբանի հետ: Նա, տեսնելով Հիսուսի աշակերտների կատարած հրաշագործությունները, հակառակ իր հրեա լինելուն, անվախ, համարձակորեն, օրենքի սահմաններից դուրս չելնելով, հանձն է առնում պաշտպանել նրանց իրավունքները:
Հիսուսի հարությունից հետո որոշ ժամանակ անց, առաքյալները, ստանալով Սուրբ Հոգու շնորհները, զբաղվեցին Ավետարանի քարոզչությամբ, ինչպես որ իրենց Վարդապետը Համբարձման լեռան վրա նրանց կտակ էր թողել. «Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով…» (Մատթ. 28:19): Բնական ձևով, ինչպես որ հրեաները Հիսուսին չարչարեցին, տանջեցին, փշե պսակ դրեցին և ապա խաչեցին, նույն ձևով պիտի վարվեին ու հալածեին Նրա հետևորդ առաքյալներին, որոնք Տաճարում քարոզում էին քրիստոնեությունը և մարդկանց դարձի բերում:
Եվ այդպիսի մի օր, երբ առաքյալներն իրենց քարոզչական գործն էին կատարում, ձերբակալվում են և բանտ տարվում, այն մեղադրանքով, որ նրանք իբրև թե խռովություն են սերմանում ժողովրդի մեջ: Երբ նրանք Քահանայապետի մոտ հարցաքննության են բերվում, Գամաղիել անունով մի հրեա ուսուցիչ, առաջ անցնելով պաշտպանում է առաքյալներին` ասելով. «Արդ, ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացեք մարդկանցից և բա՛ց թողեք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք ձախողեցնել. մի գուցե աստուածամարտ էլ դառնաք» (Գործք 5:38-39):
Այդ քաջ և ազդեցիկ արտահայտությունը կատարողը Հիսուսին հավատացողներից չէր, սակայն որպես փաստաբան, պաշտպանում է առաքյալներին, հակառակ, որ նրանք որևէ ձևով չպիտի կարողանային նյութապես վճարել նրան: Այսօր ոչ մի փաստաբան երեսիդ չի նայի, եթե իմանա, որ հնարավորություն չունես նրան վճարելու իր ուզածի չափով: Իսկ Գամաղիելը ոչ միայն պաշտպանեց առաքյալներին, այլև նրան հաջողվեց համոզել դատական ատյանին նրանց չվնասել և ազատ արձակել: Շնորհիվ այս փաստաբանի առաքյալներն ազատվեցին և շարունակեցին իրենց քարոզչությունը. «Ժողովականները հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց» (Գործք 5:40):
Քրիստոս արդեն իսկ գոյություն ունեցող օրենքի վրա հիմնեց Իր նոր կրոնը: Հիշենք Նրա խոսքը. «Ես չեկա հինը քանդելու, այլ եկա նրա վրա նորը ավելացնելու: Նոր պատվիրան եմ տալիս ձեզ` «սիրեցեք միմյանց»: Սիրո այս նոր կրոնը հնի համեմատ ավելի ուժ ու եռանդ տվեց նրանց, ովքեր ընդունեցին այն: Անշուշտ, այն ժամանակվա պայմաններում քրիստոնեության տարածումը լուրջ սպառնալիք նկատվեց:
Գամաղիելը, լինելով օրենքի մարդ, գիտակցեց և հասկացավ առաքյալների քարոզչության բուն էությունը, սակայն նրանց կատարածի մեջ որևէ սպառնալիք չնկատեց: Որպեսզի նա կարողանար փաստել իր պաշտպանության արդարացիությունը, ներկայացրեց անցյալից քաղաքական ապստամբության երկու օրինակ: Այդ երկու ապստամբություններն ունեցել էին մեծ թվով հետևորդներ: Երբ այդ շարժումների պարագլուխները` Թևդասն ու Հուդա Գալիլիացին (Գործք 5:36,37) սպանվեցին, նրանց հետևորդները ցրվեցին և իրենց շարժումներն այլևս չշարունակվեցին: Ավետարանում այսպես է գրված նրանց մասին. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե այս մարդկանց ի՞նչ պիտի անեք: Այս օրերից առաջ մեջտեղ ելավ Թևդասը, որն իր մասին ասում էր, թե ինքը երևելի մեկն է և նրան հարեցին թվով մոտ չորս հարյուր մարդ. Նա սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: Դրանից հետո, մարդահամարի օրերին, մեջտեղ ելավ Հուդա Գալիլիացին և շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր հետևից, նա էլ կորավ, ու բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան» (Գործք 5:35-37):
ՈՒստի Գամաղիելը եզրակացնելով` ասում է, թե Աստված կողմնակից էր Քրիստոսի հետևորդներին` հակառակ բոլոր դիմադրությունններին ու հալածանքներին, նրանք հաջողություն պիտի գտնեին: Իսկ եթե առաքյալների սովորեցրածը մարդկային իմաստություն է միայն` առանց աստվածային օգնության, մտահոգվելու կարիք չկա, նրանք պիտի ձախողվեն և անհետանան, ինչպես պատահեց վերևում մեր հիշած շարժումների պարագայում:
Իրապես Աստված մարդկանց` հավատացողին կամ անհավատին, շնորհել է պարզ մի տրամաբանություն` տեսնել և տարբերել լավը վատից: ՈՒրեմն մեր միտքն ու կամքն են, որ մեզ մոտեցնում են ընտրելու բարին կամ չարը: Երբ դեմ հանդիման ենք գալիս ճշմարտության, միայն այն ժամանակ ենք գիտակցում, թե ինչքա՜ն հեռու ենք նրանից:
Գամաղիելը տեսել էր քրիստոնեության տված արդյունքն ու բարիքը, և նրա համար հետաքրքիր էր իմանալ այդ նոր օրենքի ու կանոնի լրացուցիչ հատկանիշների, իմաստի և իրագործելիության մասին: ՈՒստի այն բոլոր բժշկություններն ու հրաշքները, որոնք տեսել ու լսել էր նրանցից, իզուր տեղը չէին կատարվել: Սակայն նա հուսահատված էր և սաստիկ նեղված իր կրոնի ռաբբիներից, որոնք չէին կարողացել անել Հիսուսի առաքյալների կատարած աշխատանքի նույնիսկ կեսի չափը:
Այդ հրեա փաստաբանը Աստծու օգնությամբ գործածեց իր իմաստությունը և զգուշացրեց իր մարդկանց, որ չվնասեն քրիստոնեության քարոզիչներին: Պարզ խոսքերով նա բացատրեց, որ եթե քրիստոնեությունը սուտ էր, նա շուտով կձախողվեր, իսկ եթե ճշմարտություն կար նրա մեջ, ոչ ոք չէր կարող լռեցնել, որովհետև նրա հետևում Աստված էր կանգնած:
Եկեղեցին իր հիմնադրությունից մինչև այսօր գործում է Հիսուսի անունով: Եկեղեցին ժողովուրդն է, ապրող ու շնչող մարդիկ, ովքեր, ծառայելով և աղոթելով, փորձում են գտնել դեպի Աստծու թագավորությունը տանող ճանապարհը: Բայց ծառայելուց և աղոթելուց առաջ մարդիկ պետք է գիտակցեն ու հասկանան, թե ի՛նչ է ճշմարտությունը։ Եթե չճանաչենք և չհասկանանք Աստծու ճշմարտությունը, շատ հավանական է, որ նույնիսկ կարող ենք Նրա դեմ գործել, ինքներս մեզ հավատացնելով, թե ծառայում ենք Աստծուն: Մեր մտածումները և գործերը պետք է համապատասխանեն աստվածային ճշմարտություններին: Այդ պարագայում միայն մեր աշխատանքները լավ արդյունք կունենան: Մի պահ կանգ առնենք և հարց տանք մենք մեզ, թե արդյոք մեր գործերը հանապատասխանո՞ւմ են ճշմարտությանը: Կարելի է ասել, թե ճշմարտությունը ճանաչելն ավելի անհրաժեշտ է, քան նույնիսկ այն հասկանալն ու բացատրելը: Մենք կարող ենք լավ ուսուցիչներ լինել մեր իմացածը բացատրելու կամ սովորեցնելու, բայց կարևոր է, որ հավատանք այդ ճշմարտությանն ու գնահատենք այն: Ավետարանի ճշմարտություններն իմանալու, հասկանալու և գնահատելու համար դրանք ամեն օր պիտի կարդանք ու ոչ միայն պարզապես կարդանք կարդացած լինելու համար, այլև խոսքով գործադրենք ու նույնիսկ սովորեցնենք` լավ և բարի օրինակ հանդիսանալով ուրիշներին, ովքեր դեռևս քայլում են խավարի մեջ:
Գամաղիելը` օրենքի այս բարի ուսուցիչը, քննեց ու նկատի առավ այս բոլոր պարագաները և ապա նոր հանձն առավ պաշտպանել առաքյալներին` ճշմարտության քարոզիչներին ու քրիստոնեությունը:
Հիսուս մեզ սովորեցրեց ամենամեծ ճշմարտությունը. «Սիրեցեք մեկդ մյուսին, օգնեցեք և աղոթեցեք մեկդ մյուսի համար» ու Իր Վարդապետությունը հաստատեց Սիրո այս անքակտելի հիմքի վրա:
Եկեք մենք էլ մեր այս կարճ երկրային կյանքում հետևենք Սիրո պատվիրանին` մեր ընտանիքներից ներս, մեր շրջապատում և ամենուր ու փորձենք ապրել մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի օրինակելի կյանքով` արդար, մաքուր, ճշմարիտ և ուղիղ ճանապարհով, որպեսզի մեր խիղճը հանգիստ լինի, ու պարզ ճակատով կարողանանք նայել մարդկանց և ամենակարևորը` Աստծու ամենակարող ու հզոր աչքերին: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ