Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞Ւր ես, Քարֆուր (բուրժուական հեղաշրջման սպասումով)

Ո՞Ւր ես, Քարֆուր (բուրժուական հեղաշրջման սպասումով)
12.04.2013 | 12:09

Ահեղ տատանումներով ցնցվեց գետինը։ Երկիրն սկսեց անզուսպ եռալ։ Տարուբերվեցին լեռները, հիմքերից խախտվեցին քարաժայռերը։ Աղբյուրները խափանվեցին, գետերն իջան ու անհետացան ընդերքներում։
Փոշին, ծխի նման բարձրանալով, խտացել էր օդի մեջ։
«Մոզ քաղաքի կործանումը»,
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԽՍՀ-Ն` ՀԱՅՐԵՆԻՔ, ՀՀ-Ն ԷԼ` «ՎԱՅՐԵՆԻ՞Ք»
(ֆելիետոնամերձ նախաճաշ)
Հուշեմ-հիշեք. Մոզը կործանվեց, զի նրա շրջակա կիրճերում տարիներ շարունակ խաղեր էին տալիս մոզեցիների բազմագլուխ մեղքերը։ Եվ լեռներն ընդվզեցին, և քաղաքը փխլվեց, ասես չէր էլ եղել երբևէ։ Մոզը միջնադարյան մի գեղաշեն քաղաք էր և ուներ 10 հազար բնակիչ, փրկվեցին երկուսից երեք հարյուրը։ Մահացու մեղսագործությունից անմասն էր մնացել յուրաքանչյուր 40-րդ մոզեցին։ Սա կատարվել է 8-րդ դարում, Վայոց ձորում։

Նորանկախ հայոց երրորդ հանրապետություն։ Ազգային մեծ զարթոնքից 25 տարի անց հանրապետության անունը կա, ամանումը` ոչ։ Այո՜։
Սկսենք մեր զրույցը, բոսորամիտ իմ ընթերցող, և գլխատառերով քայլենք դեպի բուրժուական հեղաշրջում, մի կողմ դնելով, թե ինչե՜ր մատուցեց հանրությանը տիար Րաֆֆին` շրջելով յուր «Տաքդեղ և ավելուկ» անիվների վրա թատրոնում` Գորիսից Գյումրի և Վանաձորից Վարդաշեն։
Այսպիսով` ինչո՞ւ էր ՀԽՍՀ-ն հայոց համար առավել հարմար հայրենիք և երկիր, քան ՀՀ-ն։ Պեղենք։

ԳԼԽԱՏԱՌԵՐԻ ՀՄԱՅՔՆԵՐԸ
(պամֆլետաբույր ճաշկերույթ)
Բրեժնևյան դարաշրջանում ստվերային տնտեսության ծաղկունքն էր, տարբեր տրամաչափի բոսերը սպասարկում էին Կրեմլի, ազգային հանրապետությունների և ինքնավարությունների քաղաքական վերնակույտին։ Հայաստանում հանրածանոթ էին Դքի Նորիկը, Լոբի Ժորը, Ժնջիլ Վաղոն և այլք։ (Մականունների ինչպիսի կոշտություն, ի տարբերություն ՀՀ բոսերի, որոնց մականունները հնչեղ-մեղեդային են, քիչ էլ թախծոտ. Լֆի՜կ, Նեմե՜ց, Ծաղի՜կ, Շմա՜յս, Լեդի՜, Կոմբիկո՜րմ)։ Սակայն Նորիկն ու Ժորը, Վաղոն և մյուսները գործում էին ընդհատակում, գրանցված էին որպես խորհրդային բարեպաշտ ծառայողներ (մեկը, զորօրինակ, քարհանքում բանվոր էր, մյուսը` Թոխմախում գերեզմանափոր, երրորդն էլ` գրախանութում գրավաճառ), բայց հերկում էին հանրապետությունը վերից վար։ Այնուամենայնիվ, նրանք հանրապետության քաղաքական ուղեգիծը փոխել չէին կարող։ Դրա կարիքը, որ ճիշտը խոսենք, չկար էլ։ Մարդիկ մեկտեղել էին գանգստերիզմն ու քավոր-սանահերությունը և խաղաղ գոյակցում էին, փառաբանելով խորհրդային կարգերն ու դրանք առքով-փառքով ոտնատակ տալով։ Միջին, նմանապես ավագ սերունդը պիտի որ հիշի ՀԽՍՀ գլխավոր բոսին` Կայարանի Փայլակին։ Նա առաջինն էր, որը ներխուժել էր մեծ քաղաքականություն և հարցեր էր լուծում ՀԽՍՀ քաղաքական վերնախավում` Բարեկամության 13 հասցեում (ներկա Բաղրամյան 13-ում, իմա` ԱԺ-ի շենքում)։ Այսինքն` նպաստում էր ինչ-որ մեկին դառնալու արդյունաբերական հզոր համալիրի կառավարիչ կամ էլ թեկուզ շրջկոմի առաջին քարտուղար։ Անշուշտ, տիար Փայլակի հայրենանվեր ծառայությունները հաստատուն սակագին ունեին` մի քանի հարյուր հազար խորհրդային բուրումնավետ ռուբլի։ Նա խորհրդահայ միակ օլիգարխն էր։ Այժմ շրջայց` «Փայլակ և Սամվել» պատմատնտեսական զուգահեռով։
Երկուսի բնատուր օլիգարխիկ հակումները սկսվել են բանուկ ճանապարհների վրա։
Տիար Փայլակինը` Երևան-Սևան հին մայրուղու Սուխոյ ֆանտան գյուղի ճաշարանում։
Տիար Սամվելինը` Շահումյանի շրջանը Չարբախի հետ կապող փողոցի հրաձգարանում։
Ասում էին, որ տիար Փայլակի վարդագույն ճակատագիրը սևավորվեց, երբ Երևանի ռեստորաններից մեկում անպատասխանատու սահանկեց գեներալ Չուրբանովին` Գալինա Լեոնիդովնա Բրեժնևայի սիրասուն կողակցին։ Փայլակին փակեցին։ Լեոնիդ Իլյիչն այդ օրերին, ի դեպ, բավականին նեղսրտած էր. Լեհաստանում հերթական հակասովետական հուզումներն էին, և հայկական սահանկումը տեղին չէր, Իլյիչը բաղաձայն նետեց. «ճպՐՑ տՏոպՐՌ, Չ կՏսՖՔպ տՏսÿՍՌ, Ո Չ ԸՐՎպվՌՌ, ՏՍՈջօՉՈպՑրÿ, տՈռսՈՍՌ»։
Առակն այս ի՞նչ ցուցանեց. ԽՍՀՄ դուստր ձեռնարկության ՀԽՍՀ-ում քրեածին օլիգարխիան գործում էր ընդհատակում և անհրաժեշտ պահին, քր.օր.-ի համապատասխան հոդվածով, Փայլակի թռիչքն ընդհատեցին։
ՀՀ-ում քրեածին օլիգարխիան իշխանամետ է, իշխանությանը սերտ, իշխանությունից վար է և նրանից վեր։ Նայած հանգամանքներին։

ՕԵԿ նախագահ և ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարում է` անհրաժեշտ է կրճատել սուպերմարկետների գլխաքանակը, և շախ է տալիս Քարֆուրի մուտքին հայկական շուկա։ Այո՜, հայոց շահապաշտ շուկան Քարֆուրի մուտքով կշնկշնկա և կշահի։ Բայց չէ՞ որ արգո Արթուրն այս մասին շեփորել է տարիներ առաջ ու նրա կանչը ժամանակին հնչեց ինչպես մոլորված բեդվինի ձայնը միրաժապատ անապատում։
Ժամանակն է, ընդգծում ենք. հայոց շնաբարո շուկան պետականորեն կարգավորվում է արտաքին ներխուժմամբ։
Եվ գլխատում ենք։
Տիարք և տիկնայք պետայրեր, ՀՀ օլիգարխիստի, մասնավորապես արժանահիշատակ Լֆիկ Լիմինդրովիչի, հիշատակարժան տիար Գագիկ Կոլյայիչի և այլոց ազգային-պետական վնասազերծումը մի լուծում ունի` ազգին և պետությանը վերադարձնել նրանց սեփականությունը` շաքարավազը, գազը, դեղորայքն ու օղին, ջուրն ու ալյուրը։
Այսինքն, բարով թող գա մեզ հյուր Քարֆուրը, բայց չէ՞ որ սա «քֆուր» է` մեր ինքնագիտակցության հասցեին, զի մեր ավգյան ախոռները փորձում ենք մաքրել ֆրանսիական ցախավելով։ Այս ի՜նչ փարիսեցիություն է, տիարք և տիկնայք պետայրեր։ Այսօր «փրկօղակը» Քարֆուրն է, վաղը մեկ այլը, երրորդ օրն էլ հանրապետությունը կծածկվի միջազգային գույնզգույն բրենդացանցով։ Այո՜։
Մենք մեր բահով ու ավելով պիտի քաղհանենք մեր ազգային-պետական ավգյան ախոռները։ Սա է ժամանակի հրամայականը։
Առհասարակ, ինչո՞ւ ենք այսքան ամոթխած, երբ խոսքը վերաբերում է ազգային սեփականության վերադարձին։ Հրապարակում է «Արմավիայի» փլուզումը։ «Արմավիան» հռչակվել էր որպես ազգային արժեք, սակայն մոլեմսխուն գումարները խոհեմաբար հանգրվանում էին տիար Բաղդասարովի վավաշոտ դրամապանակներում։ Սակայն մենք հավատարիմ ենք ազգային ավանդույթներին և պահպանում ենք խաղի կանոնները` ընկածին չեն խփում։ Իսկ ծնկածի՞ն։ Այսօր ծնկաչո՞ք է «Արմավիան»։ (Տարոսը, բնականաբար, մյուս «ազգային արժեքներին»)։
Հարկավ։ Բայց չէ՞ որ հարգի է այս ավանդույթը ևս` «Եզն ընկնում է, դանակավորները շատանում»։
Հրապարակում երեք դանակավորներ են. «Արմավիան» գնում է օլիգարխ X-ը։ «Արմավիան» ձեռք է գցում մենաշնորհատեր Z-ը։ «Արմավիան» գնվում է պետության կողմից և վիրտուալ իրականությունից հանգրվանում է հայոց հոգսատանջ հողի վրա, այսինքն` իրապես դառնում է ազգային արժեք. կեցցե՛ ազատ, անկախ, օլիգարխամերժ ՀՀ-ն։

ՄՈԶԻՑ ԵՐԵՎԱՆ
(սարկաստիկ իրիկնահաց)
Հրազդանն է Երևանի սիրասուն գետը, Զանգուն, զրնգուն, կարկաչահոս և գալարուն։ Չքնա՜ղ մեր գետակ, ոսկյա մեր օղակ, որ կամրջում ես Սևանն ու Արաքսը, ափերդ էլ շենացած երրորդ հանրապետության... որդիների քաջագործություններով։
Տիարք և տիկնայք Երևանի ավագանիք, աթոռանիստ վեհաշունչ տաճարի սուրբ Սարգսի հայացքի ներքո ապականվում է Զանգվի ձորը, փակվել է Փարաջանովի թանգարանի լույսի ճանապարհը` բաբելոնյան շինությամբ... սթափվեք, պաղատում եմ։
Փայլակը (և այլք) Սուխոյ ֆանտանի ճամփեզրի ճաշարանից ճանապարհվեց Երևան, գրավեց մայր ոստանը, այնուամենայնիվ, քշվեց ասպարեզից, քանզի խորհրդային ժամանակների քրեաօլիգարխները, այսուհանդերձ, օրենքից դուրս էին և չէին բազմում բարձրագույն օրենսդիր մարմնում, այսինքն` ձեռնմխելի էին։
Սամվելը (Լֆիկ Լիմինդրովիչին նկատի ունեմ) և մյուսները գործում են օրենքի սահմաններում, նրանց իրավունքները սահմանված են սահմանադրությամբ, և նրանք, այսպիսով, անձեռնմխելի են։
Առակս ի՞նչ ցուցանե։ Հասունացել է բուրժուական հեղափոխության ժամանակը։ Չէ՞ որ բուրժուական հեղափոխությամբ երկրներն ու ազգերն ազատագրվում էին գաղութատիրությունից։ Եվ եթե սա տեղի չունենա, Մոզ քաղաքի չարքերը կասպատակեն Երևանը։ Եվ Զանգուն զարհուրած կանհետանա ընդերքում։ Զի Եռաբլուրի մեկ բլուրը սուրբ նահատակաց հանգստավայրն է, մյուս երկուսը` օլիգարխ ԼԼ-ի տնամերձը։ Այո՜...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Մոզի երկրաշարժից հետո այսպես եղավ. «...Իսկ նրանք քայլում էին բոլոր եղանակների միջով` բարձրանալով լեռներ և իջնելով ձորեր, հարթություններ ու անապատներ կտրել-անցնելով...»։
Նրանք փրկված մոզեցիներն էին։

Դիտվել է՝ 2746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ