Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սա ազդանշան է, որը ձախողում է ուծացման քաղաքականությունը»

«Սա ազդանշան է, որը ձախողում է ուծացման քաղաքականությունը»
12.04.2013 | 12:17

Մարտի 20-ից Արցախից իր հաղորդումները սկսեց հեռարձակել «Թալիշստանի ձայն AM-9977» ռադիոկայանը: Ռադիոկայանի գործարկման պահից սկսած Ադրբեջանի իշխանությունը դիվիդենդներ շահելու համար օգտագործեց իր բոլոր լծակները` հնարավորինս քաղաքականացնելով ռադիոկայանի գործունեությունը: Եռակողմ մեղադրանքներ ուղղվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին այն բանի համար, իբր «Թալիշստանի ձայնն» իրականացնում է անջատողական քաղաքականություն: Այս առնչությամբ ռադիոկայանի պատասխանատու ԳԱՐԵԳԻՆ ԽՈՒՄԱՐՅԱՆՆ ասաց. «Սա զուտ մշակութային, մասնավոր նախաձեռնություն է, որն ուղղված է թալիշական լեզվի, մշակույթի, պատմության պահպանմանը, որն այսօր վտանգված է: Այստեղ որևէ քաղաքականություն չկա»։

-Պարոն Խումարյան, ե՞րբ ծագեց գաղափարը, և ո՞րն է դրա նպատակը:
-Ենթադրում եմ, որ գաղափարը միաժամանակ երեք տարբեր տեղ է ծագել: Երեքս առանձին զբաղվել ենք նույն գործով: Իմ մեջ կոնկրետ այս գաղափարը ծագել է դեռ ասպիրանտուրայում սովորելու ժամանակ: Մի խոսքով, ստացվեց համատեղ պրոյեկտ, որը նաև Իրանագիտության կովկասյան կենտրոնինն ու «Մոդուս-Վիվենդի» հասարակական կազմակերպությանն է. «Իմպուլս» ռադիոկայանը նախագծի օպերատորն է, այսպես ասած, միս ու արյուն տվողը:
Նպատակը շատ պարզ է: Թալիշերենը տարածաշրջանի մեռնող լեզուներից մեկն է, այսինքն, որպես այդպիսին, ցանկացած լեզու արժեք է, և մենք ուզում ենք, որ այդ լեզուն պահպանվի:
Թալիշները չունեն սեփական լրատվամիջոցներ մայրենի լեզվով, հատկապես հեռարձակվող: Սա առաջին կայանն է, որը հեռարձակվում է թալիշերենով ու, ըստ էության, աննախադեպ է: Ամենահետաքրքիրն այն է, որ այս ռադիոկայանը ֆանտաստիկ արագ գտավ իր ունկնդրին: Ես չգիտեմ նման որևէ նախադեպ հայրենական ռադիոյի պատմության մեջ։ Մեկ շաբաթում ռադիոկայանն իր տեղը գտավ երկրի տեղեկատվական համակարգում: Պատճառը մեկն է` ավելի քան 1,5-միլիոնանոց թալիշ ժողովուրդը մայրենի լեզվով հեռարձակվող սեփական ռադիոկայան կամ հեռուստատեսություն երբեք չի ունեցել:
-Ի՞նչ արձագանքներ եք ստացել թալիշական կողմից:
-Արձագանքները շատ բևեռացված են, այսինքն` խիստ դրականից մինչև խիստ բացասական: Չնայած ես չեմ հավատում, որ Ադրբեջանից որևէ թալիշ, որը բացասաբար է արտահայտվում այս ռադիոկայանի վերաբերյալ, ինքն իր ասածին հավատում է: Դա Ադրբեջանն է, մենք բոլորս հասկանում ենք: Ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ:
Ադրբեջանից գաղթած թալիշները, որոնք ապրում են Ռուսաստանում, Բելառուսում և եվրոպական երկրներում, միանշանակ շատ դրական են գնահատում ռադիոկայանի գործունեությունը: Պատկերացրեք Հայաստանը 300 տարի առաջ, երբ Մադրասում առաջին հայկական թերթը լույս տեսավ: Մոտավորապես նույն արձագանքն է այս մարդկանց մոտ:
-Ըստ ադրբեջանական մամուլի` ռադիոկայանը քաղաքական նպատակներ է հետապնդում և սպասարկում է անջատողական ուժերին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Ադրբեջանական մամուլը, կարելի է ասել, երկու ուղղությամբ է շարժվում. մի մասը գրում է, որ սա պարսկական խաղ է, մյուս մասն էլ թե` սա ռուսական խաղ է: Սա նույն ադրբեջանական քարոզչության շարունակությունն է: Գիտե՞ք, սա որ պատմության շարունակությունն է. երբ ասում են` Արցախում կռվել են ռուսները: Նրանք չեն կարողանում իրենց գլխում տեղավորել, որ թալիշները կարող են ինչ-որ բան անել: Դա ադրբեջանական քաղաքական վերնախավի վերաբերմունքն է այդ երկրում ապրող տեղաբնիկ, ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ: Իրենց քարոզչական մեքենան, ուղղակի, չի կարողանում իր գլխի մեջ տեղավորել, որ իրենց կողքին ապրող ժողովուրդները կարող են սեփական ուժերով ինչ-որ բան ձեռնարկել:
Խուճապը հիմնականում կապված է այն բանի հետ, որ տևական ժամանակ, Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակներից սկսած, իրականացվում է ուծացման քաղաքականություն: Իսկ այս մարդիկ ունեն սեփական լեզու, ոչ միայն թալիշները, նաև լեզգիները, ավարները, թաթերը, ուդիները: Սա իրենց համար ազդանշան է, որ մարդիկ չեն ուզում ուծացվել: Իրենք թալիշ են և իրենց լավ են զգում, որ թալիշ են: Այն, որ իրենց անձնագրում գրված է, որ նրանք Ադրբեջանի քաղաքացի են, ամենևին չի նշանակում, որ նրանք սիրում են Ադրբեջանն ու ընդունում այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ երկրում: Ադրբեջանի իշխանության տեսանկյունից սա ազդանշան է, որը ձախողում է ուծացման քաղաքականությունը: Չեն ուծանում, չեն թրքանում, իսկ դա վտանգ է, որովհետև իրենք թրքացման մեջ սերնդեսերունդ հսկայական միջոցներ են ներդրել` և՛ մարդկային, և՛ նյութական: Եվ բնական է, իրենք այս առնչությամբ լուրջ տագնապներ ունեն:


Հարցազրույցը`
Արտակ ԽՈՒԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7769

Մեկնաբանություններ