«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Մենք պետք է փոխենք ո՛չ թե կառավարությունը, այլ գործիքները, մեխանիզմները»

«Մենք պետք է փոխենք ո՛չ թե կառավարությունը, այլ գործիքները, մեխանիզմները»
12.04.2013 | 12:27

Ապրիլի 9-ն աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ։ Նույն օրը, նույն ժամին ընտրված նախագահը և ընդդիմության թեկնածուն երդմնակալության արարողություն տվեցին։ Արդյոք քաղաքական այս տրագիկոմիզմը բացասաբար չի՞ ազդի Հայաստանի վարկանիշի, և մասնավորապես, տնտեսության և ներդրումների գործընթացի վրա։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ է զրույցն ԱԺ պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի անդամ ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։
-Նախ ասեմ, որ Ձեր նշած թեկնածուն այնքան էլ կողմնորոշված չէ, թե ինչ է ուզում,- նշեց պարոն Բաղդասարյանը։- Մեկ պահանջում էր նախագահական, մեկ էլ ԱԺ արտահերթ ընտրություններ: Մեկ հնչեցնում էր, թե իրեն պաշտոն պետք չէ, մեկ էլ մի ամբողջ ցանկ էր ներկայացնում: Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակում ժողովուրդը պե՞տք է նոր փորձության ենթարկվի, ինչ է թե պարոն Հովհաննիսյանը, անակնկալի գալով իր իսկ հավաքած ձայներից, ցանկանում է ևս մեկ անգամ իր ուժը փորձել գործող նախագահի հետ: Կարծում եմ, անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ներքին համոզմունք ունի, որ ինքը չի հաղթել: Եվ այս ամբողջ շոուի նպատակը ներքաղաքական և տնտեսական իրավիճակի քայքայումն է: Սրանից ելնելով, ոչ միայն իշխանությունը, այլև ժողովուրդը պետք է ճիշտ հետևություն անեն և իրենք իրենց հարց տան. «Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքականությունը երկիրը չի՞ պառակտում»: Ընդհանուր առմամբ ցանկացած քաղաքական գործընթաց ազդեցություն է ունենում տնտեսության և, մասնավորապես, ներդրումների վրա։ Արտասահմանյան ներդրողը գերադասում է աշխատել քաղաքականապես կայուն երկրում, սակայն չէի ասի, թե այս վերջին քաղաքական իրադարձությունը ներքաղաքական անկայունություն կստեղծի։
-Վերջին մեկ տարում, ըստ վիճակագրության, ներդրումների ծավալը նվազել է շուրջ 40 %-ով։ Արդյո՞ք դա տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության հետևանք չէ։
-Երբ կառավարությունը հիմնավորում է, որ տնտեսությունում լուրջ ձեռքբերումներ կան, ես չեմ կարող չհամաձայնել և կասկածի տակ առնել այն։ Սակայն դրա հետ մեկտեղ, ինչ խոսք, շատ ավելի ցանկալի կլիներ, որ այդ ձեռքբերումները շոշափելի լինեին։ Տնտեսական ցուցանիշներն անդրադառնում են սոցիալական խնդիրների լուծման վրա` ակտիվանում է տնտեսությունը, բարձրանում է գնողունակությունը, կրճատվում է աղքատությունը։ Այս պահին ասել, որ այդ խնդիրներն ամբողջապես լուծված են, ճիշտ չէ, և այդ իսկ պատճառով կարող եմ ասել, որ չնայած որոշ ձեռքբերումներին, այնուհանդերձ, կան բացթողումներ, որոնք պետք է լուծել։ Համոզված եմ, որպեսզի տնտեսական աճը շոշափելի դառնա, գործադիրը պետք է հետևի ՀՀ նախագահի նախընտրական և ինաուգուրացիայում արված շեշտադրումներին:
-Գործարարները, լինեն դրանք փոքր, միջին թե խոշոր, բոլորն էլ այս պահին խրված են վարկային «ճահճի» մեջ։ Եվ բոլորը միաձայն բողոքում են տնտեսություն-բանկ վերջին տարիների զարգացումներից։ Արդյոք սա ներդրումների խթանման համար խնդիր չէ՞, ըստ Ձեզ, ո՞րն է բանկերից գործարարների դժգոհության առիթը։
-Ինչ խոսք, ներդրումային դաշտի զարգացման առաջին նախապայմաններից մեկը բանկ-տնտեսավարող ճիշտ գործընկերային համագործակցությունն է, որն այս պահին լիարժեք ապահովված չէ։ Տնտեսության ակտիվության բարձրացումը պետք է սկսել առևտրային բանկերից։ Խոսքն արտոնյալ վարկերի մասին չէ, այլ նրա, որ վարկերի տոկոսադրույքները և ժամկետները նպաստավոր լինեն, որ մարդիկ կարողանան վերցրած վարկերը նպատակային ծախսել։ Հակառակ դեպքում մենք կունենանք այն, ինչն ունենք։ Այսինքն, երկու-երեք տարի առաջվա վարկառուներն այսօր որոնման մեջ են կամ սնանկացման եզրին, ինչը բանկ-տնտեսավարող սխալ համագործակցության հետևանք է։ Վերջերս ՌԴ վարչապետը հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին և ԿԲ-ին վերանայել առևտրային բանկերի տոկոսադրույքները, որպեսզի դրանք հասանելի լինեն տնտեսավարողներին: Սա կարող է օրինակելի լինել
-Պարոն Բաղդասարյան, կարծում եք` խնդիրը միայն բանկ-տնտեսություն կապի մե՞ջ է։ Չե՞ք կարծում, որ հարկային քաղաքականությունը ևս նպաստավոր չէ բիզնեսի, այսինքն` տնտեսության զարգացման համար։ Օրինակ, որքանո՞վ էր շահավետ «Շրջանառության մասին» հարկատեսակը։ Այն, երեք ամիս է արդեն, շրջանառության մեջ է, դրական և բացասական ազդեցությունները որո՞նք են։
-Շրջանառության հարկը լավ հարկատեսակ է, սակայն կարծում եմ` լավ կլիներ ընդունվեր առաջարկս հարկման չափի վերանայման վերաբերյալ` առևտրի վրա կիրառել 2,5 % հարկ, արտադրության վրա` 3 %։ Այդ դեպքում հնարավոր կլիներ ընդլայնել դաշտը, մեծացնել գործարարների շահագրգռությունը, ինչը կխթաներ տնտեսության զարգացումը։ Եվ մի բան էլ, կարծում եմ, հարկման շեմը 50 մլն դրամից պետք է դառնա 100 մլն դրամ, որը աստիճանաբար աճի միտում կունենա։
-Ամեն դեպքում, գնալով հարկերը բարձրանո՞ւմ են, թե՞ ոչ։
-Կասեի այսպես` հարկատեսակներն են շատ։ Վատ չէր լինի դրանք կրճատել և միանգամից մեծացնել վերահսկողությունը շրջանառության հարկի վրա, որովհետև դա շատ լավ հարկատեսակ է ճիշտ կիրառման դեպքում։ Ինչ վերաբերում է գործարարներին, ապա պետք է նկատեմ, որ նրանք շատ անհասկանալի վիճակում են, քանի որ մեր իսկ օրենքներով թույլ ենք տալիս, որ ստուգող մարմինները ցանկացած պահի ստուգում անցկացնեն վերջիններիս մոտ։ Սա աշխատանքներին խանգարող գործընթաց է։ Այս գործընթացը խթանիչ չէ տնտեսության զարգացման համար։ Կարծում եմ, առաջիկայում ստուգումների թիվը կկրճատվի, քանի որ կառավարության ծրագրով թվով 18 ստուգող տեսչությունները պետք է դառնան 6-7:
Մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ, սակայն դրա հետ մեկտեղ ունենք նաև լայն հնարավորություն հարկային և տնտեսական քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու։ Եվ կարող ենք դա անել։
-ՈՒրեմն ի՞նչն է խանգարում, որ չեք անում։
-Հարցով նշանակետին խփեցիք։ Անկախությունից սկսած մենք կտրուկ քայլեր չենք կատարել, ռեֆորմների չենք գնացել։ Հաստատված քաղաքականությունը որդեգրել ենք և դրա շուրջ անընդհատ կոսմետիկ փոփոխություններ կատարել` անունը դնելով բարեփոխում։ Կարծում եմ` կան նաև այլ խնդիրներ, որոնք վերաբերում են բոլոր չինովնիկներին, ինչու ոչ` նաև ինձ, որպես պատգամավորի։ Խոսքը հոգեբանության մասին է. գրեթե բոլորս գործում ենք «Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով` առաջին մեկ-երկու տարվա համար են ծրագրերն իրականացվում, սկսած բյուջեի համալրումից։ Կարծում եմ, ոչ թե այս կտրվածքով պետք է հարցերին մոտենալ, այլ ավելի հեռանկարային և կտրուկ բարեփոխումների ծրագրման անհրաժեշտություն կա։ Օրինակ, նույն «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ առաջարկեցինք ներկայացնել այս հարկի հեռանկարային գործընթացը։ Այսինքն` ի՞նչ է լինելու հինգ տարի հետո։ Տնտեսությունը շատ նուրբ օրգանիզմ է, և ցանկացած ոչ ճիշտ, թեկուզ աննշան քայլն անմիջապես բացասաբար է ազդում և նկատելի է դառնում։ Սակայն դրականը շատ դանդաղ է նկատվում։ Ասելիքս ինչ է. մենք չունենք հարկային դաշտի վիճակի ռազմավարական գոնե հինգ տարվա ծրագիր։ Մինչդեռ անհրաժեշտ է կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակում։ Մենք պետք է հասկանանք, թե ուր ենք գնում։
-Ի դեպ, խոշոր և միջին ձեռնարկատերերը մտավախություն ունեն, որ ներդրումներ անելուց հետո իրենք դրա հեռանկարը չեն տեսնում։ Ի՞նչ կասեք։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ այսօր դժգոհում են տնտեսապես և սոցիալապես կայացած մարդիկ և հեռանում Հայաստանից։ Կարծում եմ, որ դա վտանգավոր երևույթ է պետության համար։
-Կիսում եմ Ձեր մտահոգությունը։ Ցավոք, այսօր Հայաստանից հեռանում են կայացած և մեծ հնարավորությունների տեր մարդիկ։ Նման երևույթ մենք ունեցանք 90-ականներին։ Արդյունքում տեղի ունեցավ ֆինանսական և մտավոր ներուժի հսկայական արտահոսք։ Նրանք հաստատվել են ՌԴ-ում ու Եվրոպայում և արարում են ի շահ այդ երկրների։
-Նախագահական ընտրություններից հետո շատ է խոսվում կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, այդ ճանապարհով են տեսնում երկրի տնտեսության դրական զարգացումը։ Ձեր կարծիքը դրա վերաբերյալ։
-Նման մտածողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մեր երկրում անհատները մեծ դերակատարություն ունեն, ինչը և ենթադրում է համակարգային լուրջ փոփոխության անհրաժեշտություն։ Թեև նման մտածողությունը բնական է նոր զարգացող երկրների համար։ Բայց ամեն դեպքում` ի՞նչ է նշանակում «կառավարությունը փոխենք, ամեն ինչ լավ կլինի»։ Մենք պետք է փոխենք ո՛չ թե կառավարությունը, այլ գործիքները, մեխանիզմները, մոտեցումները, վերաբերմունքը փոխենք։ Չեմ ուզում գնահատական տալ առանձին անհատների, ես քաղաքականության մարդ եմ և կարող եմ գնահատել օրենքները և դրանց իրականացման գործընթացը։ Կարծում եմ, մեր սոցիալ-տնտեսական առողջացման համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր օրենք բխի մեր երկրի շահերից։ Ինչ խոսք, Կենտրոնական Եվրոպայում շատ լավ օրենքներ կան, բայց արդյո՞ք դրանք ամբողջությամբ կիրառական են Հայաստանի համար։ Դրանք շատ իդեալական կարող են լինել, բայց չեն կարող հարմարեցվել մեր երկրին, մտածողությանը և հնարավորություններին։
-ՈՒզում եք ասել` հարևանի զգեստը մեր հագով չէ՞։
-Իհարկե, եվրոպական ամենաիդեալական օրենքը մեզ մոտ չի գործի։ Դրա համար անհրաժեշտ է մտածողության փոփոխություն, ինչը ժամանակ է պահանջում։ Շատ ցանկալի կլիներ, որ մեր երկրում անհատի դերակատարությունը գնալով նվազեր, և, ինչպես շատ երկրներում, աշխատեր համակարգը։

Հարցազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ