Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կայացավ ԻՏՁՄ 13-րդ համագումարը

Կայացավ ԻՏՁՄ 13-րդ համագումարը
15.04.2013 | 15:14

Ապրիլի 13-ին կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 13-րդ տարեկան համագումարը: Բացի միության անդամ կազմակերպություններից, համագումարին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ և հյուրեր:
Համագումարի ընթացքում ներկայացվեցին ԻՏՁՄ 2012 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2013թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը, որոնցից են «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, «ԱրմՌոբոտիքսը», Համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումը: Այս տարվա համար նախատեսված նոր միջոցառումներից և ծրագրերից են Բիզնես ինովացիոն ֆորումը, Հայաստանի առաջնորդների ակումբը` «E՚Club», երիտասարդ տեխնոլոգիական ձեռներեցների ամառային ճամբարը, «ԴիջիՆյուզ» էլեկտրոնային պարբերականը, Co –Working` անհատ ծրագրավորողների աշխատանքային միջավայրը, Տեխնոլոգիական սփյուռքի շտեմարանը:
Կայացավ նաև ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Վարչության կազմում ընդգրկվեցին «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Ինսթիգեյթ», «Սի ԷյջԷս Վերիսել Սերվիս», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «ՋիԷնՍի–«ԱրմենՏել» ընկերությունները և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։ «Վեբ» ընկերությունը ստանձնեց ԻՏՁՄ վերահսկիչի պարտականությունները:
Ներկայումս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը միավորում է ոլորտի 61 կազմակերպությունների, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Միության անդամների շարքում են «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս Արմենիա», «Մայքրոսոֆթ», «Ինսթիգեյթ», «Դ-Լինկ» և այլ կազմակերպություններ:
Հիշեցնենք նաև, որ ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

Դիտվել է՝ 2456

Մեկնաբանություններ