Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»

«Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ  ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»
16.04.2013 | 12:08

Ամեն մարդ ձգտում է կատարյալին: Կյանքը լի է անկատարություններով: Մարդիկ դժվարությունների և նեղությունների են հանդիպում: Կատարյալ քրիստոնյա գոյություն չունի:
Մեր Տերը միայն կատարյալ անձանց չսիրեց. «Ես եկա, որպեսզի մեղավորին փրկեմ»: «Երկինքը ցնծությամբ է լցվում, երբ մի մեղավոր ապաշխարում է»:
Կատարելության ձգտումը շարունակական է: Հավատացյալը չի կարող ասել, թե կատարյալ դարձա, այլևս փնտրելու կարիք չկա, կարող եմ հանգստանալ:
«…Աղոթե՛ք նրանց համար,- ասում է Հիսուս,- որ չարչարում են ձեզ ու հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5:44-48):
Անշուշտ, անկարելի է Աստծու նման կատարյալ լինել։ Փրկության ճանապարհը Նրան նմանվելու և Նրա շնորհքով մեծանալու աննահանջ հոգևոր մի քայլարշավ է, մի թռիչք է մեղքից դեպի Քրիստոս, գերությունից` ազատություն, խավարից` լույս, կորստից` հույս, և մահից դեպի կյանք գնալու համար:
Այս պատմությունը հետաքրքիր է. «Մի զորահրամանատար ապստամբում է թագավորի դեմ: Զինվորները նրան բռնում են ու շղթայակապ տանում խաչելության վայրը, խաչի վրա մահվան դատապարտելու: Սակայն խաչելության վայրը հասնելով, զորահրամանատարը զարմացած ու սարսռած տեսնում է խաչված այն թագավորին, որի դեմ ապստամբել էր: Այդ թագավորը նրա հայրն էր, որն իր օրենքների դեմ չգործելու և արդարադատությունը պաշտպանելու համար հանձն էր առել խաչվելու, պատիժը կրելու իր որդու փոխարեն` նրան փրկելու համար»:
Ահա այսպիսին է կատարյալ Աստծու արդարությունը և սերը մարդու հանդեպ: Աստված արդար է և չի կարող անտեսել մեղքը, որի վարձը մահն է: Բայց կատարյալ Աստված նաև սեր է և փրկում է մարդուն` հատուցելով նրա փոխարեն… «Մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ. 6:23):
Վանքում մի սուրբ ճգնավոր կար, բոլոր միաբանները փորձում էին նրա օրինակին հետևել, և երբ աշակերտներից մեկը նրան հարց է տալիս իր սրբակյաց կյանքի մասին, նա համեստորեն պատասխանում է. «Տղա՛ս, ես դեռ նոր սկսեցի, նոր սկսեցի»:
Եթե ուզում ենք առողջ և եղբայրական հարաբերություններ հաստատել մեր միջև, պայման է, որ ամեն բանից առաջ մենք տեսնենք մեկս մյուսի լավ կողմերը, հատկություններն ու արժանիքները: Եթե լավի կողքին թերություններ էլ կան, դրանք թող մի քիչ սպասեն: Մենք նախ տեսնենք լավ կողմերը:
Բայց, անշուշտ, այստեղ անմիջապես մեր դիմաց է դուրս գալիս անողոք ճշմարտությունը. ցանկանալն այլ բան է, գործադրելը` ուրիշ:
Մեր առօրյա կյանքում ճանաչում ենք մարդկանց, ովքեր իրենց նմանների մեջ անպայման բացասական բան են փնտրում: Նրանք նման են այն ոստիկաններին կամ դատախազներին, որոնց բնական պարտականությունն է կասկածել մարդկանց` փնտրելով նրանց հանցանքը: Մենք պիտի ասենք, թե դժբախտ է այն մարդը, որն անհամբեր սպասում է, թե իր նմանը երբ պիտի սխալվի: Դժբախտ է նա, եթե հիվանդագին երջանկություն է զգում այդ թերությունները բացահայտելուց: Դժբախտ է, որովհետև մարդու հոգին միայն լավ ու գեղեցիկ բաներով է լուսավորվում, իսկ բացասական տվյալները խավար են ստեղծում հոգու մեջ: Հիսուս ասում է. «Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես` քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7:5): Մարդն իսկապես չար է դառնում, եթե շարունակ սխալ, կեղտոտ, տգեղ բաներ է փնտրում ու դրանից հաճույք ստանում: Ո՜վ գիտե, թերևս մենք էլ շատ անգամ ենք գործել նույն սխալը, նախընտրել ենք մոռանալ նրանց լավ կողմերը: Ի՛նչ է, նրանք լավ կողմեր չունե՞ն: Անշուշտ, ունեն: Զարմանալու բան չկա, եթե նրանց մեջ գտել ենք նաև ժխտական գծեր: Աշխարհի վրա միայն անմիտ ու միամիտ մարդիկ կարող են պնդել, թե մարդը հարյուր տոկոսով մաքուր ու կատարյալ է: Ամենասուրբ մարդն անգամ, հավանաբար, մի մեղք կամ մի թերություն ունի: Անթերի մարդ չկա: Աստված չէր կարող ստեղծել մեկին, որը նաև լավ կողմ չունենար: Ճիշտ է, կույր չենք և, բնական է, որ պիտի տեսնենք սխալներն ու թերությունները, բայց դրանից առաջ շատ կարևոր է, որ մեր աչքերը լայն բացենք, որպեսզի տեսնենք լավ կողմերը: Կարծում ենք, որ լավ է հիշել հետևյալը. ճիշտ է, մարդիկ երբեմն չարիքներ են գործում, ունեն սխալներ ու թերություններ, բայց այս աշխարհի վրա ինչքա՜ն լավ բան, որ իրականացվել է կամ իրականություն է դառնում, կատարվել է ու հիմա էլ կատարվում է մարդկանց լավ կողմերի ու բարի հատկությունների շնորհիվ: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ