Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եթե ուզում ենք, որ մեզ ներեն, մենք էլ պետք է կարողանանք ներել

Եթե ուզում ենք, որ մեզ ներեն,  մենք էլ պետք է կարողանանք ներել
16.04.2013 | 12:06

«Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք: Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ: Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է» (Ղուկաս 6:32-36):

Այս խոսքերը ես վերցրել եմ Ղուկաս Ավետարանիչի 6-րդ գլխի 32-36 համարներից:
Եվ քիչ հետո դուք կտեսնեք, թե Հիսուս ինչքան զարմանալի և, կարելի է ասել, նույնիսկ անիրականանալի խոսքեր է ասում, խոսքե՛ր, որոնք շատ անգամ անհավատ մարդկանց ծիծաղը կարող են շարժել, բայց ուշադի՛ր կարդացեք, սրանք բարոյական ամենամեծ խրատներն են, որովհետև ամեն մարդու բան չէ սրանք լսելն ու կատարելը, միայն իսկական քրիստոնյաներն են ընդունակ օրինակելու Հիսուսին, որ Իր կյանքով դարձավ մեզ ուղեցույց։
«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք, օրհնեցեք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթեցե՛ք: Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ: Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և ինչ որ մեկը քեզնից վերցնի, հետ մի՛ պահանջիր» (Ղուկաս 6:27-30):
Հետաքրքիր խոսքեր էին, չէ՞, բայց նաև գուցե` անհասկանալի. «Ի՞նչ է նշանակում սիրել մեր թշնամիներին, ո՞վ է մեր թշնամին», եթե ոչ` չարը: Արդյոք ճի՞շտ է կատարել այս խոսքը ու սիրել չարին: Մեր Տերը, սակայն, ուրիշ թշնամիներ նկատի ունեցավ: Տեսնենք, թե որոնք են դրանք:
Առաջին հերթին ամենակարևոր թշնամին պետք է փնտրենք մեր ներքին աշխարհում: Պետրոս առաքյալն իր Ընդհանրական թղթում ասում է. «Սիրելիներ… աղաչում եմ ձեզ, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ» (Ա. Պետրոս 2:11):
Հիսուս Իր ներողամտության ոգով հորդորեց սիրել կյանքում նաև տեսանելի թշնամիներին և ոչ միայն սեր ցույց տալ նրանց նկատմամբ, այլև ողորմություն անել. «Եթե թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, ջո՛ւր տուր խմելու, քանզի այդպես անելով` դու նրա գլխին կրակի կայծեր կդիզես, և Տերը քեզ պիտի բարություն հատուցի» (Առակ. 25:21-22):
Հաճախակի խոսակցության ընթացքում լսում ենք թերահավատ մարդկանցից հեգնանքով ասված զանազան արտահայտություններ Հիսուսի խոսքերի մասին. «Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու»: Պատկերացնո՞ւմ ենք այդպիսի մարդկանց քմծիծաղը, որի միջից ամբողջ էությամբ երևում են նրանց չար սիրտն ու հավատի պակասությունը: Մարդկանց սահմանափակ ուղեղն ու մտածելակերպը թույլ չեն տալիս, որ նրանք լիովին հասկանան Աստծու պատվիրանը: Հին կտակարանում տարածված է այս խոսքը. «Աչքի դեմ` աչք, ատամի դեմ` ատամ», մի նշանաբան, որը, ավա՜ղ, մարդկանց համար շատ ավելի նախընտրելի ու սիրելի էր ու է մինչև այսօր:
Ավելի հեշտությամբ ըմբռնելու համար մեր Տիրոջ այս պատվիրանը, շատ հեռու գնալու պետք չունենք, բավական է միայն հետևենք Նրա երկրային կյանքին: Հիսուս քարոզում էր միշտ խոնարհություն, ներողամտություն, բարություն, անշահախնդրություն և ոչ միայն պարզապես քարոզում էր, այլև Ինքը հրաշալի օրինակ էր հանդիսանում: Կարող ենք հիշել Նրա մատնությունը, չարչարանքը, զրկանքները, հալածանքները, անարժան ու անտեղի անպատվություններն ու վերջապես` խաչելությունը: Նա առանց բողոքի, դժգոհության, համբերությամբ տարավ այս բոլորը: Ավելին, նույնիսկ Իր երկրային կյանքի վերջին րոպեներին, խաչի վրա ներեց բոլոր նրանց, ովքեր տանջել ու չարչարել էին Իրեն. «Հայր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23:34):
Սակայն այս բոլորի կողքին, մենք հիշում ենք, թե ինչ արեց Հիսուս, երբ տեսավ Իր Հոր աղոթքի Տունը` Տաճարը, առևտրի կենտրոն դարձած: Նա խարազանն Իր ձեռքը վերցնելով, առանց խնայելու դուրս վռնդեց բոլոր առևտրականներին Իր Հոր Տնից, ասելով. «Իմ տունը պետք է աղոթքի տուն լինի, իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այդ» (Ղուկաս 19:46):
Երբ մարդկանց չարագործություններն ուղղված էին Իր Անձի դեմ, բոլորին ներեց, սակայն չհանդուրժեց, երբ պղծվում էր Սրբությունը:
Ահա թե մենք ինչպես պիտի շարժվենք: Եթե մեկը մեր հանդեպ սխալ կամ անարդար քայլ է անում, նույն ձևով պատասխանելը կամ վերաբերվելը միայն թշնամություն ու կռիվ պիտի առաջացնի: Իսկ ներողամտությունն ու մեծահոգությունը խաղաղություն պիտի սերմանեն: Եթե ընկերոջիցդ ստացած վիրավորանքիդ նույն կերպ չպատասխանես, նրան ակամա քո երկրորդ ծնոտը մոտեցրած կլինես։
Սա վերաբերում է մեր անձնական կամ առօրյա կյանքին: Ամբողջովին այլ բան է, երբ մեկը համարձակվում է պղծել մեր սրբությունները: Հետևելով Հիսուսի օրինակին, մենք, որպես հայ քրիստոնյա, պարտավոր ենք ամեն ձևով պաշտպանել դրանք: «Իսկ որո՞նք են մեր սրբությունները: Մեր Ընտանիքը, մեր Եկեղեցին ու մեր Հայրենիքը»:
Նոր կտակարանից շարունակելով այս մեջբերումը, պիտի տեսնենք, թե Հիսուս ինչքա՜ն տրամաբանական բացատրություն է տալիս վերոհիշյալ խոսքերին.
«Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին: Եվ եթե ձեր բարերարներին բարություն անեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ նույնն են անում: Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից հետ առնելու ակնկալություն ունեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են փոխ տալիս մեղավորներին, որպեսզի նույն չափով հետ առնեն: Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք: Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ: Գթասի՛րտ եղեք, ինչպես ձեր Հայրը գթասիրտ է» (Ղուկաս 6:32-36):
Եթե ուզում ենք, որ մեզ ներեն, մենք էլ պետք է կարողանանք ներել, եթե ուզում ենք, որ մեզ օգնեն, մենք էլ փոխադարձաբար նրանց պիտի օգնենք, և վերջապես ո՞վ չի ուզում, որ իրեն սիրեն, սակայն այդ սիրույն արժանանում է միայն նա, ով կարող է ուրիշներին սիրել:
Ահա այսպես մենք պիտի շարժվենք իբրև Եկեղեցի, հոգևորական և ժողովուրդ, մեկս մյուսին սիրելով ու ներելով: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ