Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՈՒրախացի՛ր, Սրբուհի»

«ՈՒրախացի՛ր, Սրբուհի»
16.04.2013 | 13:57

Հիսուսի հրաշափառ Հարության տոնն ազդարարվեց ու բուրվառվեց նաև ծիրանենիների ծաղկումով ու բույրով։ Իսկ Ավետման տոնին սրան գումարվեց դեղձենիների բռնկված վարդագույն բոցը, որ «անկեզ մորենու» պես խորհրդանշում է Մարիամ Աստվածածնին։ Այս ամենին միահյուսվեցին նաև Սուրբ Գեղարդ եկեղեցու երգչախմբի խնկաբույր ղողանջները...
Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի կազմակերպած հերթական համերգը նվիրված էր Տիրամորը։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության համերգասրահի բեմում «Գեղարդ» երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան, խմբավար և մեներգչուհի` Անահիտ Պապայան)։ Դահլիճում` երկրպագուներ, մասնագետներ, հոգևորականներ։ Եվ նրանք սքանչացումով լսում էին, ինչպես Կոմիտասը կասեր, «աղջնակների երգչախմբին», որը վերջերս էր վերադարձել արտասահմանյան «հաղթարշավից»։ Նկատի ունեմ ոչ միայն խմբի բազմաթիվ ելույթները Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, այլև «Գրան պրի» մրցանակը Գրոդնոյում «Կոլոժսկի բլագովեստ» ուղղափառ երգասացությունների մրցույթում (2010 թ.), 1-ին մրցանակը «Հայնովկայի` եկեղեցական երաժշտության օրեր» մրցույթում (2011 թ., Լեհաստան), համերգ-դասախոսությունը Թյուբինգենի համալսարանում, որտեղ պրոֆեսոր Նավոյանը հանդես եկավ հայ հոգևոր երգարվեստին նվիրված դասախոսությամբ։
Կամերային տան հիշյալ համերգը ևս բացվեց մաեստրո Նավոյանի բանախոսությամբ, ով իր ոսկեղենիկ հայերենով հազվագյուտ տեղեկություններ էր հաղորդում կոմպոզիտորների, կատարվող երգերի ոճական առանձնահատկությունների և այլնի մասին։
Համերգի ծրագիրը բաղկացած էր երկու բաժնից։ 1-ինում ընդգծված էին եկեղեցական տարբեր տոներին հնչող Տիրամորը նվիրված երգեր։ 2-րդ բաժնում ներկայացված էին եվրոպական կոմպոզիտորների նույնաբնույթ ստեղծագործությունները։
Թեպետ ծրագրի յուրաքանչյուր երգ մի մարգարիտ էր, այնուամենայնիվ, այն մի ամբողջական «ուլունքաշար էր», իր ուրույն էսթետիկայով։
«Այսօր ցնծան երկնայինք
եւ պար առեալ ի բարձունս,
երգեն զերգս հոգեւոր
յաւուր ծննդեան Սրբուհւոյն»,-
խանդավառված երգում էին «Գեղարդի» երգչուհիները։
Հակոբ Կայեցու (13-րդ դ.) այս շարականը երգչախմբի համար նրբագեղորեն բազմաձայնել էր Երվանդ Երկանյանը։
Հաջորդ երգը Ս. Մովսես Խորենացու «ՈՒրախացի՛ր, Սրբուհի» շարականն էր Աստվածահայտնության կարգից (մեներգչուհի` Սոնա Վարպետյան)։
Պատշաճ հնչեցին նաև Ստեփան Բաբաթորոսյանի «Աստվածածին երկնային» խմբերգը, (մենակատար` Ա. Պապայան), Խորենացու «Լոյս Լուսոյ Մայր» շարականի և Անանուն հեղինակի «Վարանիմ ի մեղաց» տաղի` տողերիս հեղինակի մշակումները` նվիրված «Գեղարդ» երգչախմբին։
ՈՒշագրավ էին «Ո՞Ւր ես, Մայր իմ» տաղի Անանուն հեղինակի և Կոմիտասի տարբերակները։
1-ին տարբերակի վերջում Հիսուսը խաչի վրայից ասում է. «Ջուր խնդրեցի, քացախ արբի յանօրինաց ձեռանէ», 2-րդում կոչ է արվում. «Կուսածին Որդիդ, եկ տես ցաւալի»։
1-ինի մեղեդին անշտապ է, չափասահուն, այստեղ ավելի շատ Հիսուսի ներկայությունն ես զգում, նրա զսպված ցավը, 2-րդի մեղեդին զարդոլորուն է, ծաղկավետ, գերիշխում են Աստվածամոր գորովանքն ու ցավը։ Ահա այս տարբերությունները հստակ կերպով ներկայացրին մեներգչուհիներ Ա. Պապայանը և Ն. Ավագյանը։ Ծրագրի կոմպոզիցիայի բարեմասնություններից էր նաև այն, որ «սյունազարդ» խմբերգերը մերթընդմերթ կամարակապվում էին մեներգերով։ Այս հնչյունակերտ «տաճարում», ինչպես Գողգոթայի բարձունքին, վեր էր խոյացել սգամոր կերպարը (մեներգչուհի` Լ. Երեմյան), և հնչում էր տիեզերական ողբը. «Աչացս լոյս, որդեակ իմ, Յիսուս, եւ ընդ Քեզ մեռանիմ»։ Երգի այս ժանրը ևս («Stabat Mater»), ինչպես նշեց բանախոսը, Եվրոպայում կանոնացվեց ավելի ուշ` 13-րդ դարի 2-րդ կեսին։
Ծրագրի առաջին բաժինն ավարտվեց Խորենացու «Զանճառելի Լուսոյ Մայր» շարականի կոմիտասյան փառահեղ մշակմամբ։
Ծրագրի 2-րդ բաժինը բացվեց 10-րդ դարում սկզբնավորված` «Достойно есть» երգասացությամբ, որտեղ ասվում է. «Իրավ արժանի է փառաբանել Քեզ, Աստվածածնիդ»... Սրան հաջորդեց Կլաուդիո Մոնտեվերդիի (16-17-րդ դդ.) «Ave Maria»-ն։ Ի դեպ, Տիրամորը նվիրված երգերի ամենահին նմուշներից է Խորենացու «ՈՒրախացիր, Սրբուհի» շարականը, եթե նկատի առնենք, որ Եվրոպայում երգի այս տեսակը կանոնացվել է 16-րդ դարում, որից հետո տարբեր դարերի կոմպոզիտորներն այն բազմաձայնել կամ սեփականն են հորինել։
Այս առումով Մոնտեվերդիի «Ave Maria»-ն, Ս. Ռախմանինովի «Богородице Дево, радуйся», հիշյալ «ՈՒրախացի՛ր, Սրբուհի»-ն, Օ. Բալաշի «Salve Regina» (Ողջույն, Թագուհի), Յ. Բրամսի «Regina Coeli» (Թագուհի երկնային) և այլ նույնաբնույթ երգերը, որ հնչեցին համերգին, կարելի է համարել «երկվորյակ-երգեր»։
Այս զուգահեռներն ունեն ճանաչողական մեծ նշանակություն, և ոչ միայն ունկնդրի համար։ «Գեղարդը» մշտապես նորացնում է երկացանկը, կատարելագործվում, լուսավորում նաև իր երկրպագուներին։ Այս անգամ երաժշտասերներից շատերը «առաջին ընթերցմամբ» ճաշակեցին անգլիացի Վ. Բըրդի, Մ. Դյուրուֆլեի և Օ. Բալաշի հոգևոր խմբերգերը։
Անդրադառնալով արվեստի ակտիվ ընկալմանը, Ալբերտ Շվայցերը նշել է. «Ով սոճու անտառ պատկերող կտավում չի լսում ծառերի գագաթները տատանող քամու անսահման սիմֆոնիաները, նա... արվեստագետ չէ» (А. Швейцер, И. С. Бах, М., 1964, стр 328)։ Խոսելով «հնչյունատեսության» մասին, երաժշտագետը հարցնում է. «Ինչո՞ւ, երբ լսում ենք Պալեստրինայի ստեղծագործությունները, մենք ինչ-որ սրբության զգացում ենք ապրում։ Շատերը խոստովանում են, որ իրենց զգացել են հռոմեական մի տաճարի կամարների ներքո» (անդ)։ Տեսողական և լսողական ասոցիատիվ կապերի մասին մի հետաքրքրական դեպք է ինձ պատմել Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միքայել Տերյանը, որի կամերային նվագախումբը Հերբերտ ֆոն Կարայանի անվան մրցույթում հաղթող է ճանաչվել։ Մրցույթից հետո Կարայանը խոստովանել էր Տերյանին բառացի հետևյալը. «Հետաքրքիր է, աչքերս փակ լսում էի ձեր նվագախմբին, և թվում էր, թե առնվազն հիսուն երաժիշտ են նվագում, իսկ երբ բացում էի, տեսնում էի քսանհինգին»։ Ինչո՞վ բացատրել նման տեսիլքը։ Բացատրություններից մեկը «սիներգիա» կոչված երևույթն է։ Երբ յուրաքանչյուր հնչյուն ճշգրիտ է, իր տեղում է, երբ ձայները հավասարակշիռ և ներդաշնակ են, հնչուժը` համապատասխան, հեղինակի մտահղացումը և դրա փոխանցումը դիրիժորի կողմից` հստակ ընկալված ու անկորուստ, այնժամ սկսում է գործել սիներգիայի օրենքը։ Այսինքն, կառույցի տարրերը շղթայվելով ու միմյանց զորացնելով` ոչ թե տալիս են դրանց թվաբանական պարզ գումարը, այլ բազմապատկվում են, ինչպես մի հայելու արտացոլքը մյուսում, ու տալիս մի նոր որակ, ապրում։ Պատկերավոր ասած, հոգևորի ոլորտներում մեկին գումարելով մեկ կարող է ստացվել ոչ թե երկու, այլ երեք կամ հինգ և այլն։ Նման մի տեսիլք վերապրեցի հենց «Գեղարդի» համերգում։ Երբ աչքերս գոց լսում էի Ռախմանինովի «Գիշերային հսկում» ստեղծագործության «Богородице Дево, радуйся» հատվածը, գագաթնակետին (ֆորտիսսիմո) թվաց, թե գտնվում եմ Մոսկվայի Ս. Աստվածածնի եկեղեցում, որտեղ պարբերաբար կատարվում է այդ «խմբերգային սիմֆոնիան»։ Նույնը, երբ հնչեց համերգը եզրափակող Բրամսի «Regina Coeli»-ն։ Այս խմբերգը պոլիֆոնիկ (բազմաձայն) և ակորդային-հոմոֆոնիկ ոճերի կատարյալ միաձույլ է։ Այստեղ մեներգող սոպրանո (Լ. Երեմյան) և ալտ (Ռուզաննա Հարությունյան) ձայները շարադրում են, այսպես կոչված, շրջված կանոն, այսինքն` ալտը, ինչպես հայելու մեջ, արտացոլում, նմանակում է սոպրանոյի երգածը։ Մինչդեռ երգչախումբը պարբերաբար ներխուժում է «Ալելուիա» փառաբանական բացականչություններով։ Կրկին հնչյունաշեն մի տաճար, որտեղ «Ալելուիա» ակորդների սյունաշարը կամարակապվում է սոլո-ձայների «ժապավեններով»։ Կառույցի միջնամասում, երբ լռում են մենակատարները, նույն հայելանման կանոնը շարադրում է քառաձայն երգչախումբը։
Ծրագրի այս հրեշտակաձայն փառաբանությունն ավարտվում է յոթնակի «Ալելուիա»-ով
Ահա թե ինչի կարելի է հասնել, երբ գիտեն, թե ինչ են երգում և ինչպես են երգում...
«Գեղարդի» համերգը մի բազմալեզու սաղմոսերգություն էր, որ ասես կոչ էր անում. «Օրհնեցեք Տիրամորը, բոլոր ազգեր, գովաբանեք նրան, բոլոր ժողովուրդներ»...


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ