Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Շնորհակալությո՞ւն, թե` «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»

«Շնորհակալությո՞ւն, թե` «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»
18.04.2013 | 15:42

Ոստիկանության օրվա նախօրեին Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանության պետ Ներսիկ Նազարյանին փոխարինեց Աշոտ Կարապետյանը (նախկինն ուղարկվեց կադրերի տրամադրության տակ)։ Ո՞րն է տարբերությունը Ներսիկ Նազարյանի և Աշոտ Կարապետյանի միջև ` փորձեցինք ճշտել Երևանի նորանշանակ ոստիկանության պետից։

-Ի՞նչ է նշանակում` «ո՞րն է տարբերությունը»։
-Օրինակ, ո՞րն է լինելու Ձեր և պարոն Նազարյանի աշխատաոճերի տարբերությունը։
-Ոստիկանության դերի բարձրացումը, ոստիկանությունը ոստիկաններին վերադարձնելը։ Գործել օրենքի դաշտում, պահպանել քաղաքացու անդորրը, պատժել օրինազանցին օրենքի խստությամբ։
-Այսինքն, քաղաքի նախկին ոստիկանապետն այդպես չէ՞ր վարվում։
-Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, նա այդպես էր անում, թե ոչ։ Համենայն դեպս, ես իմ ուսերին այդ պարտականությունն եմ վերցրել։
-Քաղաքում շատ է խոսվում այն մասին, որ պարոն Նազարյանի պաշտոնանկությունը պայմանավորված է ինչպես ապրիլի 9-ի որոշ դեպքերի, այնպես էլ մամուլում հրապարակված ֆինանսական մեքենայությունների հետ։
-Դուք ասացիք մեկ հարց ունեք, բայց երկրորդ հարցն եք տալիս։
-Կներեք, բայց եթե դեմ չեք, պատասխանեք։
-ՀՀ ոստիկանության պետի ոչ մի հրաման չի քննարկվում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ.- Այս շաբաթը Հայաստանի ոստիկանության համակարգի համար տոնական էր` ապրիլի 16-ին ոստիկաններն իրենց մասնագիտական օրն էին տոնում։ Հանդիսավոր նիստում նրանց շնորհավորեցին ոչ միայն վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը, այլև հանրապետության պետաիրավական և ուժային կառույցների ղեկավարներ, իհարկե, այս պահին պաշտոնակատարի կարգավիճակով։ Սակայն դա չխանգարեց նրանց տարբեր պարգևների արժանացնելու տասնյակից ավելի ոստիկանների` տարբեր պաշտոնի և աստիճանի։ Ամեն ինչ լավ էր, միայն ափսոս, որ մեր ոստիկանների նոր տեսակի համար շոու-բիզնեսն է օրինակ ծառայել` պարգևատրվողներից շատերը «շնորհակալություն» էին ասում` «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» վեհ արտահայտության փոխարեն։ Պարգևատրումներից բացի, ներկաները բարձր գնահատեցին ոստիկանության դերը և ընդգծեցին, որ ապրիլի 9-ին նրանց դրսևորած քաղաքականության շնորհիվ էր, որ ժողովրդի հետ բախում չառաջացավ։ Իսկ անձամբ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց իր ոստիկաններին` այդ ժամանակ ցուցաբերած համբերատարության և ճիշտ աշխատանքների համար։ Ափսոս, որ ներկաներից և ոչ մեկը չհիշեց շարքային քաղաքացուն շնորհակալություն հայտնել։ Այն, որ ապրիլի 9-ին ժողովրդի և ոստիկանության միջև բախում տեղի չունեցավ, նաև շարքային քաղաքացու վաստակն էր։ Ինչևէ, ապրիլի 16-ը տոնական էր, և ոստիկանները սովորականից ավելի ժպտերես ու բարեհամբույր էին։

Դիտվել է՝ 2932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ