Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՀԱԿ-ի ճգնաժամը հաղթահարելու համար փակվեց այն կուսակցությունը, որ ճգնաժամ չուներ»

«ՀԱԿ-ի ճգնաժամը հաղթահարելու համար  փակվեց այն կուսակցությունը, որ ճգնաժամ չուներ»
19.04.2013 | 00:36

«Իրատես de facto» ակումբում կազմակերպված ասուլիսից հետո միջազգային փորձագետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ պատասխանեց մեր հարցերին։


-Ձեր կարծիքով` նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտի վերադասավորում կատարվե՞ց, թե՞ դեռ ոչ:
-Իհարկե, փոփոխություններ լինում են, ցանկացած ընտրություններից հետո թե իշխանության մեջ, թե ընդդիմադիր դաշտում փոփոխություններն անխուսափելի են: Միայն այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունները որոշ ուժեր բոյկոտեցին, կամ կիսաակտիվ մասնակցեցին` սեփական թեկնածու չունենալով, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ակտիվ ներգրավվեց և մեծ արդյունք ունեցավ, արդեն իսկ իր ազդեցությունն ունեցավ քաղաքական դասավորումներում:
-Ընտրություններն ավարտվել են, բայց քաղաքական դաշտի բրոունյան շարժումը շարունակվում է, ինչո՞վ եք բացատրում:
-Այն ուժերը, որոնք չեն մասնակցել ընտրություններին, խնդիրներ ունեն, որովհետև, ի վերջո, ընտրությունների ժամանակ են կուսակցությունները փորձում իրենց գաղափարախոսությունը ներկայացնելով` ունենալ հնարավորինս շատ համախոհներ հասարակության մեջ: Ստացվեց, որ միայն Րաֆֆին մասնակցեց ընտրություններին, և բոլոր ձայները կապվում են նրա անվան հետ: Րաֆֆին գիտի` ինչ պետք է անի և անում է: Իշխանությունն էլ իր քայլերն է անում, ի՞նչ պետք է անեն այն ուժերը, որոնք չեն միացել Րաֆֆուն, առայժմ պարզ չէ: Հիմա պարզ չէ, թե հասարակության ո՞ր տոկոսն են ներկայացնում մյուս ընդդիմադիր ուժերը:
-Չեք ժխտի, որ ի սկզբանե «Ժառանգության» ընտրազանգվածն այդքան չէր, և դեպի «Ժառանգություն» գնաց ընդդիմադիր ընտրազանգվածը: Ասում եք, որ Րաֆֆին գիտի` ինչ է անում, իսկ ընտրազանգվածը գիտի` ինչ է անում Րաֆֆին: Գաղափարական, գիտակցական, հոգեբանական վերափոխումը բարդ ու երկարատև գործընթաց է, բայց արդյունքների համար այլ քայլեր են պետք:
-Րաֆֆին պարզապես այլ տեսակ է, նույնիսկ երբ հարցնում եք` ի՞նչ է ուզում Րաֆֆին, ակնկալում եք ստանալ պատասխան, որը բնորոշ է Հայաստանի քաղաքական գործիչներին` պաշտոններ, բիզնես, լծակներ: Եթե փորձում ենք Րաֆֆուն գնահատել այս չափանիշներով, որոնք բացասական ձևով արմատավորված են քաղաքական դաշտում (մենք տեսել ենք` ինչպես է ընդդիմադիրը դառնում կոալիցիայի անդամ ու ստանում 1-2 նախարարական պորտֆել), Րաֆֆին այս հարթությունում չկա: Ինձ համար նրա ֆենոմենը հետևյալն է. Րաֆֆին այլ քաղաքական գործիչ է, ում ժողովուրդը հավատաց: Հավատաց, որ գալիս է իշխանության ոչ թե իր ընտանիքը հարստացնելու համար, այլ ասում էր` ժողովուրդ, իշխանությունը քոնն է: Ի՞նչ փոխվեց Հայաստանում փետրվարի 18-ից հետո: Ոչ միայն Երևանում, անգամ փոքր քաղաքներում, մարդիկ առանց վախի, առանց բարդույթների փողոց են դուրս գալիս ու ասում են` ես այս իշխանությունը չեմ ուզում և, անգամ կեղծված ընտրություններով, շատ քաղաքներում ընտրողները իշխանությանը դեմ քվեարկեցին: Այս փաստը շրջանցել հնարավոր չէ: Րաֆֆին իր գործն արել է, եթե նույնիսկ հիմա հեռանա: Կա և երկրորդ հանգամանքը` նա առանձնապես մեծ խոստումներ չի տվել ժողովրդին, նա իրեն ներկայացնում էր որպես ժողովրդի մի մաս, և ամեն անգամ այս կամ այն ընդդիմադիր ուժի հետևից փողոց դուրս գալով` այն հիասթափությունը, որ ժողովուրդն ունենում էր, այս անգամ չկա: Այս ընտրությունների մեթոդոլոգիան այլ էր` դու քո ձայնը պետք է բարձրացնես, դա եղավ:
-«Բարևի հեղափոխությունը» ավարտվե՞ց:
-Ոչ, շարունակվում է, և քայլերը, որ հիմա պիտի արվեն, պիտի արվեն ոչ Րաֆֆու կամ ընդդիմադիր ուժերի կողմից, այլ իշխանության: Իշխանությունը պիտի պատասխանի` ինչո՞ւ իրեն չեն ուզում, ինչո՞ւ հարցումների ժամանակ բնակչության առնվազն 40 տոկոսն ասում է` ես այս երկրում չեմ ուզում ապրել, այս ձևով չեմ ուզում ապրել: Դա բոլորիս, բայց առաջին հերթին իշխանության խնդիրն է: Եվս հինգ տարի այս ընթացքով կարող են անդառնալի գործընթացներ տեղի ունենալ:
-Փետրվարի 7-ին ՀԱԿ-ը հայտարարեց, որ վերածվելու է կուսակցության, ո՞րն էր նպատակը, ճի՞շտ էր, որ այդ գործընթացներում իր պատմական առաքելությունը անհասկանալի ավարտեց ՀՀՇ-ն:
-Ես վաղուց եմ ասել, որ ստեղծվելիս ՀԱԿ-ը պիտի իբրև կուսակցություն ստեղծվեր` չկլանելով որևէ դաշնակից կուսակցության: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ` որպես փորձված քաղաքական ու հասարակական գործիչ, նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու, կարող էր ստեղծել կուսակցություն, որը, իհարկե, կտարբերվեր ՀՀՇ-ից, որն ազատական-ժողովրդավարական կուսակցություն էր: Գուցե մենք շատ հնարավորություններ չենք ունեցել այդ գաղափարախոսությունը ներկայացնելու ժողովրդին, բայց այսօր նորից խնդիր ունենք` քաղաքական դաշտում բաց է այդ տեղը, մենք ունենք տարբեր բնույթի կուսակցություններ, բայց հիմքում շուկայական հարաբերությունները, մարդու ազատությունների պաշտպանությունը ունեցող գաղափարախոսությունը բացակայում են: ՀՀՇ-ն իր առաքելությունը չէր ավարտել, ՀՀՇ-ն փոխվում էր, և ՀՀՇ-ն այսօր նոր կուսակցություն էր, 21-րդ դարի կուսակցություն էր: Որ ՀՀՇ-ն կարողացավ ակտիվանալ ու նախագահական ընտրություններում օգնել Լևոն Տեր-Պետրոսյանին այդքան ձայն ստանալ, կարող էր իր առաքելությունը շարունակել:
-Առաջին նախագահի թեզին համաձա՞յն չեք` «կիսաքաչալ բիձեքի» և նոր ժամանակների մասին:
-Իհարկե ոչ, այդպիսի հարց չկար էլ, ցանկացած կուսակցության մեջ լինում են տարբեր տարիքի մարդիկ, կուսակցությունը ոչ թե տարիքային ցենզով է որոշվում, այլ գաղափարախոսությամբ:
-Լևոն Տեր-Պետրոսյանի պրագմատի՞զմն էր այդ քայլի պատճառը, գաղափարակա՞ն խնդիրները, նյութատեխնիկակա՞ն:
-Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ու մանրամասն ներկայացրեց պատճառները, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Ես համաձայն չեմ նրա շատ տեսակետների հետ, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել: Բոլոր դեպքերում ես ցավում եմ, որ իմ կուսակցությունը, որի ստեղծման ակունքներում եմ եղել, որ անկախ տարբեր ժամանակներում իր նկատմամբ վերաբերմունքից, տարբեր իշխանությունների օրոք կարողացավ իր դեմքը պահել և այսօր գոյություն ունենալ, հանկարծակի փակվեց: Այն, ինչ ասվում էր ՀՀՇ-ի վերջին համագումարում, վկայում է, որ ճգնաժամ ուներ ՀԱԿ-ը, ոչ թե ՀՀՇ-ն: ՀԱԿ-ի ճգնաժամը հաղթահարելու համար փակվեց այն կուսակցությունը, որ ճգնաժամ չուներ:
-Նոր ՀՀՇ կարո՞ղ է ստեղծվել:
-ՀՀՇ անունն առաջնահերթ չէ, ազատական-ժողովրդավարական դաշտը բաց է, և որևէ կուսակցություն այդ թափուր տեղը զբաղեցնելու է: Այդ գաղափարախոսությունը գոյություն ունի աշխարհում, Եվրոպայում և Հայաստանում իր տեղը պետք է ունենա:
-Ձեր կարծիքով` ԲՀԿ-ի նախագահական ընտրություններին չմասնակցելը, քաղաքական արձակուրդ գնալն ու բուռն արթնացումը քաղաքական կարգախոսներով ու Երևանը վերցնելու մտադրությամբ ինչի՞ հետևանք են:
-ԲՀԿ-ի մասին շատ են խոսում թե իշխանության, թե ընդդիմության մեջ, և բոլորը փորձում են որակել` ընդդիմադիր, իշխանական, քաշել այս կողմ կամ այն կողմ: Դա սխալ հարցադրում է: ԲՀԿ-ն այլ կուսակցություն է: Իհարկե, մեկ անձի շուրջ միավորված մարդիկ են, և եթե նրանց չներքաշեն տարբեր խաղերի մեջ, այդ կուսակցությունը կարող է միավորել Հայաստանի անկախ արտադրողներին: Իշխանության կողքին կանգնած օլիգարխների հիմնական կապիտալը ձևավորվում է ներմուծվող ապրանքների առևտրից` ամբողջությամբ կլանելով տրանսֆերտները: Մենք այս թեմայով ուսումնասիրություններ ու բանավեճեր չենք ունեցել, բայց, ի վերջո, ակնհայտ է, որ ամեն տարի Հայաստան է գալիս 2-3 միլիարդ դոլարի գումար, որը անմիջապես մտնում է շրջանառության մեջ կենսապահովման նպատակով` գնելու այն ապրանքները, որ ներմուծում են իշխանության կողքին կանգնած օլիգարխները: Այդ մարդիկ և իշխանությունը խոչընդոտում են Հայաստանի սեփական արտադրությանը: Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է արտադրող: Խաչատուր Սուքիասյանն էլ արտադրող էր, ժամանակին նաև արտահանող: Այսօր այդ դաշտը ևս դատարկ է: ԲՀԿ-ն կարող էր դառնալ սեփական արտադրողին խրախուսող կուսակցություն:
-Ի՞նչն է խանգարում, որ դառնա:
-Գագիկ Ծառուկյանին ներքաշում են քաղաքական գործընթացների մեջ, որտեղ նա չի տեղավորվում: Գագիկ Ծառուկյանը չէր տեղավորվում 2008-ի ընդդիմադիր շարժման մեջ, չէր տեղավորվում իշխանության մեջ, որտեղ օտար էր իր բնույթով, թիմով, գործելակերպով: Հարաբերությունները սրվեցին 2008-ին, անիմաստ ու ապարդյուն: Նրանք, ովքեր ԲՀԿ-ին ակտիվացնելը, պոկելը, տանելը-բերելը ընդդիմադիր դաշտ ձեռքբերում են համարում, սխալվում են, իրականում վնաս է հասցվել թե ԲՀԿ-ին, թե ՀԱԿ-ին:
-Ինչո՞ւ են այսքան քաղաքականացվում Երևանի ավագանու ընտրությունները:
-Նախ, այդ մասին ես ժամանակին էլ շատ եմ խոսել, ընտրելով ավագանի, մենք արժեզրկում ենք քաղաքապետ հասկացությունը, եթե այսօր մենք ունենայինք քաղաքապետի ուղիղ ընտրություններ, այս բանավեճերը, այս կարգի խնդիրները չէին ծագի: Ես մասամբ համաձայն եմ այն կարծիքին, որ հիմնականում հնչեցնում է իշխանությունը` ինչո՞ւ են քաղաքականացվում ընտրությունները, մենք հիմնականում ընտրում ենք մենեջեր` կանաչապատողի, աղբահավաքի, ջրագազաէներգամատակարարման, տրանսպորտի հարցերը լուծողի: Մենք մենեջեր ենք ընտրում, Տարոն Մարգարյանը լավ գործեր է անում, թող շարունակի: Մյուս կողմից` ընդդիմությունը չի ժխտում, որ ընտրվում է մարդ, որ բոլոր այդ հարցերին տեղյակ պետք է լինի: Օրինակ, ՀԱԿ-ի թեկնածուն` Վահագն Խաչատրյանը, լիովին տիրապետում է այդ խնդիրներին: Այլ կուսակցություններից էլ թեկնածուներ կան, որ առնվազն պարտաճանաչ ու խելացի մարդիկ են ու կարող են կազմակերպել աշխատանքը: Բայց կա մեկ այլ խնդիր` բոլոր ընտրություններն էլ կեղծվում են և քաղաքի ղեկավարությունն իր ուղղակի դերն ունի` սա մեկ, երկրորդը` մենք տեսնում ենք տարբեր տենդերներ, ատկատներ, ընտրությունների ժամանակ ծառայություններ մատուցած մարդկանց հատկացվող հողատարածքներ, շինություններ, որոնց սեփականաշնորհման իրավունքը չկար ընդհանրապես: Այսինքն` Երևանն օգտագործվում է այլ նպատակներով: Այդ առումով` Երևանի քաղաքապետ պետք է լինի այն մարդը, որ ընդդիմադիր է իշխանությանը, ում Բաղրամյան 26-ից կամ կառավարությունից չեն զանգի ու հրահանգներ կամ հորդորներ չեն ուղղի: Ոչ մի աղետ չի լինի, եթե Երևանի քաղաքապետը լինի ընդդիմադիր:
-ՈՒղիղ ընտրության համար Երևանի մասին օրենքի փոփոխությո՞ւն եք առաջարկում:
-Գործող օրենքով էլ ընդդիմությունը կարող է մեծամասնություն ունենալ: Դա մեծ խթան կլինի Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար: Եթե Երևանն ունենա ընդդիմադիր քաղաքապետ, Սերժ Սարգսյանի համար էլ ավելի շահեկան վիճակ կլինի:
-Ո՞Ւմ շանսերն եք ավելի բարձր գնահատում:
-Շանսերը իմաստ ունի գնահատել, եթե ընտրակեղծիքները բացառվեն, այլապես լինելու է, ինչ միշտ լինում է, և կհաղթի ՀՀԿ-ն: Հարցը Տարոն Մարգարյանի անձը չէ, ես նրան էլ, լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին էլ լավ եմ ճանաչում և հարգանքով եմ վերաբերվում, հարցը սկզբունքն է: Երևանում ապրում է հակաիշխանական մեծ զանգված, որն իշխանությանը չի սիրում, և ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ նրանք գնան ու ընտրեն իշխանության թեկնածուին: Կրկնում եմ` խնդիրը բոլորովին անձնավորված չէ:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ