Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Քաղաքական մշակույթի պակաս կա մեր երկրում ու մեր քաղաքական դաշտում»

«Քաղաքական մշակույթի պակաս կա մեր երկրում ու մեր քաղաքական դաշտում»
19.04.2013 | 00:58

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

-Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտի ակնկալված վերադասավորումը, Ձեր կարծիքով, տեղի ունենո՞ւմ է:
-Նախագահական ընտրություններից հետո դեռ ընդդիմադիր ընտրազանգվածին տիրանալու պայքար է գնում, և միայն մայիսյան ընտրություններից հետո կունենանք համեմատաբար ավարտուն պատկեր: Ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն անվանեց ժողովրդի թեկնածու, ժողովրդի իղձերն իրականացնող, որին անմիջապես հետևեց ընդդիմադիր դաշտի` սկզբում լուռ ժխտումը, հետո ավելի ու ավելի հաճախ` բարձրաձայն: Փաստորեն, հիմա էլ ընդդիմադիր ուժերի միջև է պայքարը` առաջնորդի դիրքերի համար:
-Ինչո՞վ եք բացատրում, որ ընտրությունների ժամանակ ավելի շատ բացահայտվում է, թե ով չի կարող լինել ընդդիմության առաջնորդ, քան ով է առաջնորդելու:
-Քաղաքական պայքարի տրամաբանության, ընթացքի ու արդյունքների պատկերացումներով: Դժբախտաբար, մեզանում ընդունված է, որ եթե իշխանությանը չես քարկոծում, ուրեմն լավ ընդդիմություն չես, եթե որևէ ընդդիմադիր կառուցողական դաշտ է մտնում, փորձում է համագործակցել իշխանության հետ, միանգամից պիտակավորում են: Մինչդեռ ամբողջ աշխարհում գործում է բոլորովին այլ մոդել` իշխանությունը և ընդդիմությունը միասնական են գործում, նրանք ընդամենը մրցակիցներ են և մրցակցում են իրենց տեսակետներով, հարցերի լուծման իրենց պատկերացումներով, առաջարկվող մեխանիզմներով, միով բանիվ` իրենց ծրագրերով: Կարծում եմ` քաղաքական մշակույթի պակաս կա մեր երկրում ու մեր քաղաքական դաշտում: Ես ցավով պետք է ասեմ, որ իմ երկրի առաջին նախագահը իր կարգավիճակն իջեցնում է մինչև շարքային ընդդիմադիրի և քաղաքական ուժերին թասիբի է գցում` կարո՞ղ եք` գնացեք-նախագահ դարձեք, ոմանք էլ շատ լրջորեն պատրաստվում են Երևանը գրավել: Երևանը Բաստիլը չէ, որ գրավես` մեկ, և երկրորդ` քաղաքապետի պաշտոնը նախագահի պաշտոն չէ, քաղաքական հարցեր չի լուծում, քաղաքապետը կենսաթոշակներ չի ավելացնելու, տնտեսական աճ չի ապահովելու, տեղական ինքնակառավարման հարցեր է լուծելու ընդամենը, Երևանի` իբրև համայնքի: Ճիշտ է, Երևանը, իբրև մայրաքաղաք, առանձին օրենք ունի, բայց դա հիմք չէ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները քաղաքականացնելու համար:
-Ինչո՞վ եք բացատրում, որ բոլոր մակարդակի ընտրությունները վերածվում են նախագահական ընտրությունների:
-Որովհետև քաղաքական նախորդ իրադարձություններում այսօր ընտրապայքարին մասնակցող կուսակցություններն անհասկանալի վարքագիծ էին ընտրել և հիմա իրենց միակ շանսը ապացուցելու, որ իրենք քաղաքական խաղացողներ են և ընդդիմադիր դաշտում են, Երևանի ընտրություններն են: Հենց այդ պատճառով են փորձում քաղաքականացնել, նրանց իրական պայքարը խաղի մեջ մտնելու համար է և ապացուցելու, որ ընդդիմության առաջնորդը հենց իրենք են: Նախագահական ընտրություններում էլ, հիմա էլ, փաստորեն, պայքարը ոչ թե իրենց հաղթանակի համար է, ոչ թե ՀՀԿ-ի դեմ է, այլ միմյանց դեմ: Միայն ՀՅԴ-ն այնքան սկզբունքային գտնվեց, որ հայտարարեց, թե չպետք է ձայն տալ իշխանության թեկնածուին: ԲՀԿ-ն որևէ քաղաքական դիրքորոշում չունեցավ նախագահական ընտրություններում: ՈՒ հիմա` երեք ամսվա խոր քնից արթնանալ` Երևանը գրավելու համար, ընդամենը ծիծաղելի է: Աբսուրդ է, երբ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը իր ընտրազանգվածին ոչինչ չի ասում, չի ասում` ում ընտրել, ում չընտրել, ժողովուրդը ինչո՞ւ էր ձայն տվել: Իրենց թեկնածուն չէին առաջադրում, առաջադրված թեկնածուների նկատմամբ դիրքորոշում ունենային, ասեին` լավն է, կամ վատն է: Հիմա՞ են ասում` սկսենք: Նշանակում է` տեսան, զգացին, հասկացան, որ կորցրել են և փորձում են փոխհատուցել: Նախընտրական կարգախոսները հենց իրենց վերադարձի ու կորցրած դիրքերի վերականգնման ջանքերի արտահայտություն են: ՈՒշադիր եղե՞լ եք, թե քաղաքական գործիչներից ով ինչպես է գնահատում ապրիլի 9-ի իրադարձությունները: Ասում են` Րաֆֆին վճռական չէր, Րաֆֆին քայլեր չարեց, ի՞նչ պիտի աներ Րաֆֆին, թուրը հաներ` կոտորե՞ր: Փառք ու պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանին, Վովա Գասպարյանին ու բոլոր նրանց, ովքեր այդ ճանապարհով չգնացին: Ավագանու ընտրությունների քաղաքականացման պատճառը միմյանց միջև հարաբերությունների պարզաբանումն է, այդ ընտրություններով ոչ հանրապետության նախագահ է փոխվելու, ոչ խորհրդարանում է ուժերի հարաբերակցություն փոխվելու, ոչ կառավարություն է նշանակվելու, ընդամենը պետք է փոխվի Երևանի ասֆալտապատման, կանաչապատման, աղբահանության, տրանսպորտային և այլ խնդիրների լուծման պատասխանատուն:
-Այսինքն` ընդդիմադիր դաշտի հիերարխիկ դասավորության հա՞րց է:
-Միանշանակ և իրապես աբսուրդային է քաղաքականացումը մի ընտրության, որ քաղաքական հետևանքներ չի ունենալու:
-Ավագանու ընտրություններից հետո հնարավո՞ր է, որ այդքան տարակարծություններ ունեցող ընդդիմադիր ուժերը դաշինք կազմեն և ի՞նչ խնդիր լուծելու:
-Կանխատեսումները անշնորհակալ գործ են: Քաղաքական ուժերի միավորման փորձերի պատմությունը ցույց է տալիս, որ հեռանկարը մշուշոտ է: Ինչի՞ շուրջ միավորվեն: Ինչպե՞ս և ինչո՞ւ են միավորվելու, եթե առավոտից երեկո քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանի գործած ու չգործած սխալները: ՀԱԿ-ը դառնում է ՀԱԿԿ, ՀՅԴ-ն ապրիլի 9-ին հրապարակ է գնում «Մեր Վահանը` նախագահ» պաստառներով, ԲՀԿ-ն իր առանցքն է աշխարհի կենտրոնում տեսնում: ՀԱԿԿ-ի խորհրդանիշը, թե առաջնորդը, պարզվում է, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բոցաշունչ կողմնակից է: Ես կարծում եմ` թույլ չպիտի տանք, որ մեր քաղաքական ճակատագիրը որոշեն բուրժուաները:
-Հայ քաղաքական ասպարեզում իրար հետևից աբսուրդային գաղափարներ են առաջադրվում, ինչի՞ հետևանք է դա, գաղափարական դաշտում իշխանությունը մեղավոր չէ՞ վակուումի համար:
-Եթե երկրում ինչ-որ բան այն չէ, բոլորս էլ մեղավոր ենք, իհարկե` նաև իշխանությունները, ես էլ` իբրև ԱԺ փոխնախագահ, Դուք էլ` իբրև լրագրող: Չի կարելի մեկ տասնամյակ լինել իշխանություն ու ասել` մենք մեղավոր չենք: Բայց հիմնական պատճառն այն իրավիճակն է, որ մեզանում կառուցողական, ծրագրային պայքար չկա, որ գործում է լուրջ բարդույթ` եթե իշխանության հետ ինչ-որ հարց ես քննարկում, ուրեմն դու դավաճան ես, եթե ընտրություններից հետո շնորհավորում ես ընտրվածին, ուրեմն կոտրվեցիր, կորցրիր քո ընտրազանգվածը, եթե քեզ բավարարող ձայներ չես ստանում, ուրեմն բոյկոտում ես աշխատանքը, ինչպես արեց ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններից հետո: Սրանք քաղաքական կարճաժամկետ հնարքներ են, երկարաժամկետը գոնե 2-3 քայլ է կանխատեսում: 2008-ի և 2013-ի զարգացումների միջև սարեր-ձորեր են` թե ոստիկանության աշխատանքի, թե հասարակության վերաբերմունքի, թե իշխանությունների հրապարակային ու բաց լինելու: Հիշեք նախագահի հրավերը Րաֆֆի Հովհաննիսյանին, իշխանության ներկայացուցիչների հարաբերությունները ընդդիմադիրների հետ, համեմատեք լրատվամիջոցների ազատությունը, քաղաքական մթնոլորտը: Եղած էներգիան դրական ուղղությամբ պետք է օգտագործել: Ավագանու ընտրությունների ավարտից հետո էլ կյանքը շարունակվելու է, ի՞նչ են անելու: Ամառը հանգստացան, սեպտեմբերին վերադարձան, ի՞նչ են հնարելու, ի՞նչ են պահանջելու: Ծրագիր պետք է լինի: Եթե ընդդիմությունը չունի կառավարության այլընտրանքային բյուջեի նախագիծ, ծրագրի նախագիծ, եթե պայքարն իրավիճակային է, իրադարձությունից իրադարձություն, ծրագիր ու նպատակ չկա, այդ ընդդիմությունը մեռնելու է, որովհետև հասարակությունն ունի իր խնդիրները և մոռանալու է նրան, ով իր խնդիրներով չի զբաղվում:
-Հասարակական ընկալումը ո՞վ պիտի փոխի:
-Բոլորս միասին, ճիշտ աշխատելով: Իշխանությունը նախագահի գլխավորությամբ այդ հնարավորությունը տվեց` Սերժ Սարգսյանը հանդիպեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, առաջարկեց քննարկում: Հիմա էլ քննարկման պատրաստակամությունը կա, բայց տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե խնդիրների լուծումը, արդյունավետ կառավարման ապահովումը, ինստիտուցիոնալ բարեփոխումներն են կարևորը, այլ նստել-քննադատելը: Քննադատողը պիտի իր տարբերակը ներկայացնի, ո՞րն է իր առաջարկը: Մենք առաջարկում ենք քննարկում: Մյուս կողմն էլ դիտորդի նման նստել էր` բերանը փակ պարտիզան: ՈՒ երբ ուզում են Երևանից սկսել, հարց է ծագում` ինչո՞ւ Աբովյանից չէին սկսում, Գյումրիից, ի՞նչ են սկսելու, որ պարտադիր Երևանից պիտի սկսվի: Այդքան տարի կոալիցիայում էին, սկսեին: Պոպուլիզմն էլ պիտի չափ ու իմաստ ունենա: Եվ հասարակությունը պիտի գնահատի բոլորի պահվածքը, արածներն ու չարածները, խոսքերն ու գործերը:
-Փաստորեն, «բարևի հեղափոխությունն» ավարտվե՞ց:
-Ես կարծում եմ` Հայաստանում մեկ հեղափոխություն պետք է լինի` հեղափոխություն մեր բոլորի ուղեղներում և գիտակցության մեջ` դեպի կառուցողականություն, դեպի ծրագրայնացում, կոնկրետ ու հստակ աշխատանք, միասին աշխատելու կարողություն, ուրիշ ճանապարհ չկա, երբ ասում ես` վատ է, պիտի առաջարկես լավի տարբերակը: Բազմաձև, բազմատեսակ հայհոյանքից, անկապ քննադատությունից հոգնել են բոլորը, քաղաքականությունն անընդհատ գործընթաց է, այնպես չէ, որ այսօր կաս, վաղը հանգստանում ես, այսօր երկրից բացակայում ես, վաղը ակտիվանում ես:
-Այդ գործելաոճը ուղղորդվածություն չի՞ վկայում:
-Նաև: Մենք պիտի հասկանանք, որ անկախ Հայաստանի քաղաքացիներ ենք, մենք ապրում ենք մի երկրում, որը բազում մարտահրավերներ ունի` թե ներքին, թե արտաքին, մենք իրավունք չունենք մեր ժամանակը ծախսել անլուրջ, անարդյունավետ, մեր էներգիան պիտի ծախսենք միասին, նորմալ աշխատելու վրա, քաղաքական նիհիլիզմը և անհիմն ռադիկալիզմը պետք է հաղթահարել, իշխանությունը պետք է ավելի բաց լինի, ավելին տեսնի-լսի: Քանի՞ երկրի ոստիկանապետ է ժողովրդի մեջ մտնում, ցուցարարների հետ երթի մասնակցում, գնում միասին աղոթում, հետո հանգիստ տուն ուղարկում: Այն տպավորությունն էր, որ ոմանք անկյուններում նստած սպասում էին, որ մեկի քիթն արնի, ու իրենք սկսեն: Նման մարդիկ քաղաքական դաշտում չպիտի լինեն, ժամանակն է, որ դա հստակեցվի: Եվ ընդդիմության, և իշխանության մեջ կան առողջ շատ ուժեր և այդ ուժերը պիտի գործով զբաղվեն` իբրև առաջին քայլն ունենալով փոխադարձ հարգանքը, քաղաքական պայքարը ծավալելով միասին ու հանուն Հայաստանի Հանրապետության, մենք թշնամիներ չենք, ոչ էլ հակառակորդներ, մենք ընդամենը մրցակիցներ ենք և մրցակցում ենք ավելի լավ Հայաստան ունենալու համար:
-Իբրև Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ` ի՞նչ արդյունքներ եք կանխատեսում:
-ՀՀԿ-ն մայիսյան ընտրություններում քաղաքական խնդիրներ չի տեսնում և, ի տարբերություն այլ կուսակցությունների, քաղաքական գործիչներ չի առաջադրում մայրաքաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար: Երևանցիներն ազատ են իրենց ընտրության մեջ: Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում իրեն լավագույնս դրսևորել է, և երևանցիները բոլոր հիմքերն ունեն նրան նորից վստահության քվե տալու: Քաղաքացիների հետ հանդիպումներն էլ վկայում են, որ քաղաքապետի և քաղաքացիների միջև փոխըմբռնում կա: Իհարկե, Երևանում բազում չլուծված խնդիրներ կան, ոչ ոք չի ժխտում, հենց այդ նպատակով էլ ՀՀԿ-ի ընտրացուցակում ընդգրկված են տարբեր ոլորտների ու մասնագիտությունների մարդիկ, որ պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնել այդ խնդիրների արագ ու հիմնավոր լուծմանը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ