Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գարրի Կասպարով անունով շախմատի անկրկնելի արքան

Գարրի Կասպարով անունով շախմատի անկրկնելի արքան
19.04.2013 | 12:48

Ապրիլի 13-ին լրացավ համաշխարհային շախմատի բոլոր ժամանակների խոշորագույն անհատականություններից մեկի` աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարրի Կասպարովի ծննդյան 50-ամյակը, մարդ, ում ճակատագրով վիճակված էր լինել մի ամբողջ դարաշրջան աշխարհի իմաստնագույն խաղի պատմության մեջ:

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԹՌԻՉՔ
Նրա առաջին մեծ հաջողությունը տասներեք տարեկանում էր` նախկին ԽՍՀՄ պատանեկան առաջնությունում: Շախմատային այս գերտաղանդի կյանքում տասներեք թվի ունեցած կախարդանքի մասին դեռ կխոսենք, իսկ մինչ այդ ասենք, որ սույն փաստն անշրջանցելի ձեռքբերում էր, քանզի առաջնության մասնակիցների կեսից ավելին պատանյակին գերազանցում էր տարիքով:
Սակայն տարիքն էլ դնենք մի կողմ: Մասնագետներին ապշեցրել էր ոչ ստանդարտ իրավիճակներում դեռահասի մտածողության հասունությունը, խաղալու հզոր կիրքը: Երկու տարի անց Կասպարովը հաղթում է Ալեքսեյ Սոկոլսկու հեղինակավոր հուշամրցաշարում, անցնում է ԽՍՀՄ շախմատի առաջնության մասնակցության իրավունք տվող նախընտրական փուլը: Չմոռանանք` երկրի, որի շախմատային դպրոցը գերիշխում էր աշխարհում: Հաջորդ տարի պատանին իսկական հաղթահանդես է ունենում` հարավսլավական Բանիա-Լուկա քաղաքի մրցաշարն անցնելով մի շնչով, առանց պարտության, ապա ԽՍՀՄ նախորդ առաջնությունում գրաված իններորդ տեղը փոխում երրորդ-չորրորդով: 1980-ին հաղթում է աշխարհի պատանեկան առաջնությունում, հաղթում է Բաքվի միջազգային մրցաշարում, իսկ մեկ տարի անց` տասնութ տարեկանում, նվաճում երկրի մեծահասակների չեմպիոնի կոչումը: Նման թռիչքային հաջողությունից հետո բնավ զարմանալի չէր, որ պատանի հանճարի համար թիրախ պիտի դառնար շախմատային թագը:

ԲԱՑՎԱԾ ԾՐԱՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
1982-ին հաղթելով փուլային մրցաշարում` Կասպարովը ձեռք է բերում թագի համար պայքարի մեկ քառորդի մասնակցության իրավունք, հաղթում է Ալեքսանդր Բելյավսկուն, կիսաեզրափակչում կոտրում է թագի հավերժական հավակնորդ Վիկտոր Կորչնոյի դիմադրությունը ու հայտնվում 1975 թվից շախմատային գահին բազմած, չեմպիոնությունը երկու անգամ հաջողությամբ պահպանած Անատոլի Կարպովից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա: Գահակալության տանող ճանապարհի վերջին նրան էր սպասում աշխարհի յոթերորդ չեմպիոն Վասիլի Սմիսլովի հետ ճակատամարտը:
Հանգամանքների բերումով շախմատային աշխարհին Սմիսլով-Կասպարով սպասվելիք մենամարտն այն ժամանակ, չասենք քրքիջի, սակայն ծիծաղելու քիչ տեղիք չտվեց: Պատճառն աշխարհի չեմպիոնին ձեռնոց նետողների տարիքն էր. մեկն արդեն 63 տարեկան, մյուսը` 21: Նման վերաբերմունքի աստառն ավելի քան հասկանալի էր` իրենց այս տարիքում նրանք ի՜նչ էին անելու գերհզոր Կարպովի հետ խաղում: Սակայն եղածին ավելի քան լուրջ վերաբերվեց աշխարհի չեմպիոնը, ով այդ մրցամարտից առաջ գրեց ապագա մրցակցի անունը, ծրարեց ու ի պահ հանձնեց` պայմանով, որ այն կբացվի դիմակայությունից հետո: Որքան մեծ էր ծրարը բացողների զարմանքը, երբ տեսան, թե ինչ ճշտությամբ էր աշխարհի չեմպիոնը գուշակել դիմակայության 8,5:4,5 հաշիվը (մրցամարտը բաղկացած էր տասնվեց պարտիայից, սակայն այն կարող էր ընդհատվել կողմերից մեկի ութից ավելի միավոր հավաքելու դեպքում): Իսկ հաղթողի ազգանվան հարցում տարակարծություն չկար: Կարպովն անսխալ գուշակել էր գահում իրեն փոխարինողին:

ԵՐԿՈՒ ՄԵԾ Կ-ԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Կասպարով-Կարպով մրցամարտը կամ, ինչպես ընդունված է ասել, երկու մեծ Կ-երի դիմակայությունը, շախմատի պատմություն մտավ ոչ միայն իր մարզական նշանակությամբ: Այստեղ շատ մեծ դեր խաղաց քաղաքականությունը: Կրեմլյան ծերակույտում քիչ չէին անձինք, ովքեր ամենուրեք ու ամեն ինչում դեմ էին փոփոխություններին` դրանց մեջ տեսնելով իրենց մահացու թշնամուն:
Իհարկե, ընթերցողի մեջ կարող է հարց ծագել` ինչո՞վ կարող էր Կասպարովը խարխլել նրանց բերդամրոց հիշեցնող դիրքերը: Պատասխան` իհարկե ոչնչով, սակայն սա կյանքի քարացած ընթացքին վարժված մարդկանց հոգեբանություն էր, մարդիկ, ովքեր բնազդային վախ ունեին ամեն նորի հանդեպ: Սրանից զատ, իհարկե, մեկ այլ հիմնավոր պատճառ էլ կար: Անատոլի Կարպովն արդեն սիմվոլ էր, երկրի կայունության նույնքան սիմվոլիկ երաշխիք, իրենց նման համարյա սրբապատկեր, որին չէր կարելի տեղաշարժ անել:
ՈՒ քանի որ պարտադրված եղանք խոսելու քաղաքականությունից, դրա տեղային նշանակության մի կողմին էլ անդրադառնանք ու նոր անցնենք առաջ: Խոսքը վերաբերում է հայ իրականության մեջ արմատավորված (իսկ գուցեև արդեն տեղի տվող) մի մտայնության, ինչը խանգարում է Կասպարով մարդու կերպարի ընկալմանը, որը իներցիայի ուժով որոշակի շերտում ուղեկցվում է «դե նա ի՞նչ հայ» արձագանքումով:
Ես սրան կուզենայի մի փոքր այլ կերպ պատասխանել: Իսկ ինչպիսի՞ն կլիներ մեր վերաբերմունքը շախմատային մեր մյուս հանճարի` Լևոն Արոնյանի նկատմամբ, եթե չլինեին շախմատային այդ հրաշքին Հայաստան բերելու հարցում այն ժամանակ այլ պաշտոն զբաղեցնող հանրապետության ներկայիս նախագահի գործադրած ջանքերը: Իսկ ո՞վ է մեղավոր, որ Կասպարովը չհայտնվեց Հայաստանում, և արդյո՞ք այդ աններելի սխալի ուշացած գիտակցումը չէր, որ մենք չապրեցինք Բաքվի մեկ այլ ծնունդ` Կասպարովի պես պատանիների աշխարհի չեմպիոնի կոչումն արդեն իսկ նվաճած Վլադիմիր Հակոբյանին էլ հնարավոր կորցնելու դառնությունը: Եթե այսպես գնանք, ես կարող եմ խորանալ շատ դառը ճշմարտությունների մեջ ու հասնել ընդհուպ մինչև Կասպարովի ճակատագրում առանցքային դեր խաղացած Հեյդար Ալիև, իսկ դա կարող է դուր չգալ ոմանց, թեպետ ճշմարտությունը պահպանելու հարցում ոմանց քմահաճությունն ինձ նման մարդու համար հիմք չի եղել ու չի էլ կարող լինել: Լավ: Ինչևէ: Շատ հետաքրքրական մանրամասներ այստեղ ստիպված եմ բաց թողնել զուտ թերթի էջի ծավալի մեջ մնալու թելադրանքով:
Շախմատային թագի համար պայքարի սկիզբը Կասպարովի համար եղավ պարզապես մահացու: Մրցամարտի կանոնակարգով աշխարհի չեմպիոն կարող էր հռչակվել առաջին վեց պարտիան շահած մարզիկը (ոչ-ոքիները հաշվի մեջ չէին), իսկ առաջին ինը պարտիայից հետո Կարպովը դիմակայությունում հաղթում էր 4:0 հաշվով: Կոտրվելու էլ բան չէր մնացել, սակայն, ինչպես երևում է, դա չի վերաբերում հանճարներին: 4:0-ն տպավորիչ առավելություն էր, սակայն այն դեռևս չէր նշանակում հաղթանակ բերող վեց անպարտելի պարտիա: Կասպարովն սկսեց անվերջանալի ոչ-ոքիների ամբողջ շարք: Առանց չափազանցության` մի ամբողջ երկիր այդ օրերին ապրում էր հավանականի ու անհավանականի սպասման սահմանագծում: Այս սպասման մեջ սկզբունքորեն ոչինչ չփոխվեց նույնիսկ այն բանից հետո, երբ քսանյոթերորդ պարտիայում աշխարհի չեմպիոնը հաշիվը դարձրեց 5:0: Մրցամարտի ընթացքում հասարակության գիտակցության մեջ արդեն փոխվել էր շատ բան: Նույնիսկ Կասպարովի նկատմամբ համակրանք չունեցողների մեջ էր եղել զգալի տեղաշարժ: Այո, պարտվում էր երիտասարդ հավակնորդը, սակայն պարտվում էր… հաղթելով:
Ամպրոպն իր ողջ ուժգնությամբ որոտաց երեսուներկուերորդ պարտիայում: Սևերով խաղացող երիտասարդ հավակնորդը արեց առաջին խոցումն ու նորից… չշտապեց: Հետևեց տասնչորս պարտիայից բաղկացած ոչ-ոքիների նոր շարան ու քառասունյոթերորդ պարտիայում ևս մեկ անգամ թրատեց աշխարհի չեմպիոնին: Երրորդ խոցումը հասցրեց հաջորդ իսկ պարտիայում` վերջնականապես հունից հանելով Խորհրդային Միության քաղաքական էլիտային ու շախմատային բոսերին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՆ ՈՒՆԻ
Այդ օրերից ես հրաշալի հիշում եմ մի հեռախոսազանգ: Օրվա երկրորդ կեսն էր, երբ զանգեց հեռուստատեսությունում աշխատող ընկերս.
-Կասպարովը հաղթել է:
-Ինչպե՞՜ս,- տարակուսեցի ես:
-Տելետայպ ենք ստացել, որ Կարպովը հրաժարվել է պայքարից, սակայն զգուշացված է սպասել լրացուցիչ հավաստման:
Անցած հեռուների միջից ինձ համար դժվար է գուշակել` իրականությո՞ւն էր նրա ասածը, թե՞ ոչ, սակայն փաստը մնում է փաստ, որ քառասունութերորդ պարտիայից հետո մրցամարտն ընդհատվեց ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ, առանց հաղթողի անվան հրապարակման, ինչն ինքնին կուրյոզ էր: Աշխարհում երբևէ ընդունված տարօրինակ որոշումներից այս մեկը բացատրվեց հետևյալ կերպ. սպառվել են «ոչ միայն մրցաշարի մասնակիցների, այլև դրա հետ կապ ունեցողների ֆիզիկական ու հոգեբանական պաշարները»:
Կամպոմանեսը սկզբունքորեն ճիշտ էր ասում, սակայն կեղծում էր առանցքային մի հարցում: Աշխարհի չեմպիոնի ֆիզիկականի ու հոգեբանականի հետ սպառվել էր առանց այն էլ սպառված կրեմլյան ծերակույտի համբերությունը, իսկ նա` այդ ծերակույտը, ամեն ինչ կարող էր թույլ տալ, բայց որ թվացյալ հաստատո՜ւնը երերար…
Կարո՞ղ էր Կամպոմանեսն այլ որոշում ընդունել:
Իհարկե` ոչ: Շախմատի միջազգային կազմակերպության նախագահի պաշտոնը որքան էլ ընտրովի է, այդուհանդերձ, գին ուներ: Չխորանանք մանրամասների մեջ, միայն ասենք, որ այդ գինը վճարելու ժամանակը եկել էր, ու պիտի՛ վճարվեր, որովհետև չէ՛ր կարող չվճարվել:
Կրկնեմ` մրցամարտը դադարեցվեց առանց հաղթողի անվան հրապարակման և վերախաղարկվեց հաջորդ տարի` մեկնարկային 0:0 հաշվից: Նոր մրցամարտում, որի համար սահմանված էր 24 պարտիայի խաղարկում, Կասպարովը հաղթեց 13:11 հաշվով` տանելով հինգ հաղթանակ, կրելով երեք պարտություն: Եթե ուշադիր եղաք, հավանաբար նկատեցիք, որ արդյունավետ պարտիաների հաշիվը նախորդի հայելային անդրադարձն էր:
Չեմպիոն դառնալուց հետո Գարրի Կասպարովը նույն Անատոլի Կարպովի հետ պայքարում ևս երեք անգամ հարկադրված եղավ պահպանել թագը: Սկզբում հաղթեց 1986 թվականի մրցամարտում (Լոնդոն, Լենինգրադ), ապա նույնը կրկնեց հաջորդ տարի (Սևիլիայում հաղթեց ի հաշիվ ավարտական քսանչորսերորդ տուրում տոնած հաղթանակի, որով հավասարեցրեց մրցամարտի հաշիվը) ու 1990 թվականին (Նյու Յորք):
Շախմատային թագի համար շախմատային այս գերհսկաները միմյանց հետ խաղացել են 144 պարտիա: Խոշոր հաշվով, դրանք անգնահատելի ներդրում են այս խաղի պատմության մեջ, անսպառ գանձ: Սակայն, երևի թե, շատ ավելի կարևորն այն է, որ այդ պարտիաներն ու նրանց հինգ մրցամարտը բացառիկ նշանակություն ունեցան այս հրաշք խաղի պրոպագանդման գործում` ծնունդ տալով շախմատային նորանոր տաղանդների:
Աշխարհը զարմանալի մրցամարտերի պակաս չի ունեցել: Ինչ` ինչ, գոնե իմ սերնդի աչքի առաջ են տեղի ունեցել ութ հանդիպումներից բաղկացած հոկեյի ԽՍՀՄ-ի ու Կանադայի հավաքականների սուպերսերիան, Մոհամեդ Ալիի ու Ջո Ֆրեյզերի, նույն այդ Ալիի ու Ջորջ Ֆորմենի մրցամարտերը: Ավելի մոտ ժամանակներից հիշենք վերջին տարիների ֆուտբոլային անկրկնելի երկու թիմերի` Մադրիդի «Ռեալի» ու կատալոնյան «Բարսելոնի» դիմակայությունները, թվում է, արդեն հավերժականի հայտ ներկայացնող Մեսի-Ռոնալդու երկու հայտնիով անհավասարումը:
Վերը հիշատակված ամբողջությունից ո՞րն է առավել դարակազմիկը: Միանշանակ պատասխան տալը չափազանց դժվար է, որովհետև կարող ենք գործ ունենալ բազմաթիվ հիմնավորված ու նույնքան չհիմնավորված փաստարկների հետ, քանզի յուրաքանչյուրս առանձին աշխարհ է ընկալման իր մակարդակով, իր չափորոշիչներով ու, դրանով իսկ, շատ պարզ տրամաբանությամբ, նույնքան սխալական, որովհետև ճշմարտությունը երբեք մեկը չի լինում: Սակայն մյուս կողմից էլ հարց է առաջանում` ինչո՞ւ ենք այսպես շտապում ճշմարտության մեր որոնումներում: Ամեն ինչը տեղը դնելու համար կոչված Պատմություն կա, Ժամանակ կա, որոնք անվիճելիորեն ավելի անկողմնակալ են, քան հասարակ մահկանացուներս մեր թույլ ու ուժեղ փաստարկներով, մեր թույլ ու ուժեղ հավաստիացումներով, մեր թույլ և ուժեղ ընկալումներով, անձնավորված գնահատականներով:

ԹՎԵՐԻ ԱՄԵՆԱԶՈՐ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ
Իսկապես` եկեք չշտապենք, քանզի բանաձևային արժեք ունեցող վերերկրյա իրողություններ կան, որոնք մեր սնոտիապաշտության կամ ամենատարրական չիմացության պատճառով փորձում ենք վերագրել ամենազոր կախարդանքին ու, վերադառնալով մեր այսօրվա հրապարակման անձին, զորօրինակ, այդպիսին ենք ընկալում նրա կյանքում տասներեք թվի խաղացած միստիկ դերը: Ես կբերեմ թվարկումներ, դուք ձեզ համար փորձեք գտնել տրամաբանական բացատրություններ կամ նույնքան անտրամաբանական չբացատրություններ:
Եվ այսպես, աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարրի Կասպարովը ծնվել է 1963 թվականի ապրիլի տասներեքին: Նրան անուն-ազգանվան տառերը տասներեքն են: Սովորել է Բաքվի թիվ 13 միջնակարգ դպրոցում: Տասներեք տարեկանում հաղթել է իր կյանքի առաջին հիշարժան մրցաշարում` ԽՍՀՄ պատանեկան առաջնությունում: Շախմատային թագի համար Անատոլի Կարպովի հետ պայքարում աշխարհի չեմպիոն է հռչակվել 85 թվին (8+5=13)` հավաքելով տասներեք միավոր: Ի՞նչ եք կարծում, չափազանց շատ չեղա՞վ սատանայական դյուժին ճանաչված այս թվի կրկնությունը մի մարդու կյանքում: Եթե եղածը քիչ եք համարում, հիշեցնեմ, որ այս նյութը տպագրվում է մի տարում, որի մեջ նույնպես տասներեք կա: Այնպես որ` խաչակնքեք ու անցեք ձեր բանին:
Ո՛ղջ լերուք:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ