Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում բնական աղետների 94 տոկոսը բաժին է ընկնում երկրաշարժերին

Հայաստանում բնական աղետների 94 տոկոսը բաժին է ընկնում երկրաշարժերին
19.04.2013 | 18:14

«Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այսօր լրագրողներին իրազեկեց, որ վերջին ժամանակահատվածում տարածաշրջանային սեյսմիկ ակտիվությունը մի փոքր աճել է: «Ապրիլի 16-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,5, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ, և ցնցումները զգացվել են նաև Հայաստանում»,- տեղեկացրեց նա, նշելով, որ մեր տարածաշրջանում հունվարի 25-ին, մարտի 11-ին և երեկ նույնպես տեղի են ունեցել նման երկրաշարժեր։
Ըստ բանախոսի, Երևան քաղաքին սպառնացող սեյսմիկ ամենաուժեղ օջախը գտնվում է Գառնիում, մյուսը՝ Փարաքարում, որն ավելի ցածր սեյսմիկ ներուժ ունի, և այնտեղ առավելագույնը եղել են 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժեր։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն ՆԱՄԱԼՅԱՆն էլ խորհուրդ տվեց դասեր քաղել անցյալից և սեյսմիկ պաշտպանությունն ընդգրկել ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն հարցերի շարքում։
«Պետք է իշխանությանը զգոն պահել, որովհետև գիտենք, որ Հայաստանում բնական աղետների 94 տոկոսը բաժին է ընկնում երկրաշարժերին։ Մեր նպատակն այն է, որ շենքների սեյսմապաշտպանությունը լինի բարձր»,-նշեց նա:
Մասնագետները հավաստեցին, որ Երևանում յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժը վտանգ չի ներկայացնում, քանի որ շենքերը մինչև յոթ բալ սեյսմակայուն են։ «Բայց եթե, Աստված չանի, տեղի ունենա ութ բալանոց երկրաշարժ, ակնհայտ է, որ շենքերի զգալի մասը չի դիմակայի, և կլինեն զանգվածային փլուզումներ»,- տագնապը չթաքցրեց պարոն Նամալյանը, հավելելով, որ պետք է անել ամեն ինչ` կառավարության ուշադրությունն այս խնդրի վրա սևեռելու համար:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ