Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընդդիմադիր հռչակվելու ԲՀԿ-ի փորացավը կրկին բռնել է

Ընդդիմադիր հռչակվելու ԲՀԿ-ի փորացավը կրկին բռնել է
22.04.2013 | 23:25

Վարդան Օսկանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իր կարծիքով` «ԲՀԿ-ն խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն»:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Օսկանյանը ԲՀԿ-ի ընդդիմադիր հռչակվելու մասին գրում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի օրերին: Սա ընդդիմադիր ձևանալու ԲՀԿ-ի հերթական փորձն է: Նույնը եղավ մեկ տարի առաջ` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ԲՀԿ-ն, միանալով ՀԱԿ դաշինքին ու ՀՅԴ-ին, հանրությանը ներկայացավ իբրև ընդդիմադիր: Է´լ տեսախցիկներ, է´լ ընտրակեղծիքները վերահսկելու նախաձեռնությանը միանալու որոշում, է´լ հուզիչ հայտարարություններ: Ինչ ասես չարեց ԲՀԿ-ն` ընդդիմադիր ընկալվելու համար: Արդյունքում` դարձավ խորհրդարանական երկրորդ ուժը մանդատների թվով` ձայներ խլելով ոչ միայն ՀԱԿ-ից, որը ոչ պակաս ձայներ ուներ, թեկուզ և շարժման մարման միտումների պարագայում, այլև, կարծում ենք, ՀՅԴ-ից: Չքննարկենք, թե ՀԱԿ-ն ինչու դա թույլ տվեց: Գուցե հավատա՞ց ԲՀԿ-ի «ազնիվ խոսքերին»: Ինչևէ: Այսօր բարգավաճականները նույն հնարքն են կիրառում` քաղաքապետարանը գրավել է պետք: Եվ դա անում են ոչ թե պաշտոնապես, ԲՀԿ ղեկավարի մակարդակով, այլ Վարդան Օսկանյանի «դիվանագիտական» շուրթերով` ֆեյսբուքյան ամբիոնից:
Նախկին արտգործնախարարն ընդդիմության իր տեսլականն է ներկայացրել. «Արդյունավետ ընդդիմություն կարելի է ունենալ միայն այն պայմաններում, երբ քաղաքական ուժը կամ ուժերը ամբողջությամբ չեն փակում իշխանության հետ երկխոսության մեջ լինելու բոլոր դռները , ոչ էլ իրենց ամեն մի ընդդիմադիր թվացող քայլ կուլիսներում համաձայնեցնում են իշխանության հետ»: Ի՞նչ է ուզում ասել Օսկանյանը կամ, ավելի ճիշտ, ԲՀԿ-ն: Կարծում ենք, մեսիջն ուղղված է միաժամանակ ՀՀԿ-ին ու ՀԱԿ-ին: Առաջինին ԲՀԿ-ն ակնարկում է իր` կառավարման դաշտում մասնակցություն ունենալու ցանկության մասին. կառավարությունը չտվեցիք, ուրեմն քաղաքապետարանը կվերցնենք, երկրորդին` ես ընդդիմադիր եմ, կասկած չունենաք:
Ընդդիմադիր դառնալու ԲՀԿ-ի ցավը հենց այնպես չի բռնել: Օրերս մամուլում հրապարակված լուրը, թե Գագիկ Ծառուկյանը գնացել է Սերժ Սարգսյանի հետ քննարկելու կոալիցիային ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափը, նախընտրական այս փուլում հերքել է պետք: Իսկ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան մտորումները խիստ հարմար են դրա համար: Ոչ պաշտոնական հայտարարությունները միշտ էլ ավելին են քաղաքական ինտրիգային դաշտում, քան պաշտոնականները: Դրանք, այսպես ասած, տողատակերն են: ԲՀԿ-ն, որ խաղում է միաժամանակ երկու դաշտում` իշխանամերձ և ընդդիմադիր, փորձում է պահպանել իր քաղաքական կենսունակությունը, մինչև որ կգան ավելի լավ ժամանակներ` յուր քաղաքական կնքահոր ռևանշն իրականացնելու համար: Այլ բան է, թե ինչպես կընկալեն «բարգավաճական» այս խաղերը ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Գուցե նրանք ցանկանան միամիտ հարց տալ իրենց դաշնակցին` իսկ ի՞նչն է խանգարում, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր հռչակի հենց հիմա:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ