Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Եթե Եվրամիությունն ընդունելի է, ապա անհասկանալի է Եվրասիական միության ստեղծմանը դեմ լինելը»

«Եթե Եվրամիությունն ընդունելի է,  ապա անհասկանալի է Եվրասիական միության ստեղծմանը դեմ լինելը»
23.04.2013 | 01:56

Վերջին երեք ամսում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է ԱՊՀ երկրների միջև Եվրասիական միության ստեղծման գաղափարը։ Եթե այն իրականություն դառնա, ապա չի բացառվում, որ անդամակցող երկրները հրաժարվեն իրենց ազգային դրամից։ Սրա հետ մեկտեղ պետք է ստեղծվի միասնական տնտեսա-քաղաքական դաշտ։ Բնականաբար, այս խնդրի շուրջ կարծիքները երկու մասի են բաժանված` դեմ և կողմ։ Եվ քանի որ հարցի շուրջ ավելի շատ բանավիճում են քաղաքական ուժերը, մենք փորձեցինք խնդրի վերաբերյալ զրուցել գործարարի հետ, որն ավելի գործնական կարող է գնահատել իրավիճակը։ Ի՞նչ կտան Եվրասիական միության ստեղծումը և դրան անդամակցելը Հայաստանին։ Խնդրի շուրջ զրուցում ենք «Վեդի վայն» ընկերության նախագահ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։

-Նախ պետք է հիշենք, որ երկու հարյուր տարի մենք ինտեգրված ենք եղել նույն ռազմավարությանը, քաղաքականությանը և շուկաներին, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով,- փաստեց պարոն Ղազարյանը։- Մենք անընդհատ ինտեգրված ենք եղել այս ժողովուրդների, և հատկապես Ռուսաստանի հետ։ Եթե պատմական էքսկուրս անենք, ապա կհիշեք, որ կար ժամանակ, երբ օրհնվում էր այն «սհաթը», որ «ռսի ոտը» մտնի Հայաստան։ Մենք ձգտեցինք դեպի քաղաքակիրթ քրիստոնյա աշխարհ` դա պատմական ճշմարտություն է։ Հայաստանի անկախացումից, երրորդ հանրապետության ստեղծումից հետո էլ մենք շատ սերտ կապերի մեջ ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ երկրների հետ։ Եվ սա շատ տրամաբանական ու բնական զարգացում է։ Ավելին, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը հիմնված է նաև ռազմավարական և ռազմական գործընկերության վրա։ Նկատի ունենալով այս ամենը` վստահ եմ, որ Եվրասիական միության ստեղծումը և Հայաստանի` նրան անդամակցելը, բացի լավից, վատ բան չի տա։
-ՈՒրեմն ինչո՞ւ այդ հարցն ընդդիմախոսներ ունի, ինչո՞վ է դա պայմանավորված։
-Կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով։
-Կնշե՞ք մի քանիսը։
-Առանց որևէ մեկին վիրավորելու և հարցն անձնավորելու կարող եմ ասել, որ գործոնները կարող են պայմանավորված լինել ինչպես անձնական շահերով, այնպես էլ տարբեր տեսակի հանձնարարականներով, աշխարհաքաղաքական շահերով և այլն։ Սակայն, եթե հարցը դիտարկենք սթափ, ապա Եվրասիական միությունը Եվրամիությունից չի տարբերվելու։ Եվրոպական հզոր պետությունները, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, սկանդինավյան և այլ երկրների մի խումբ մի քիչ ուշ, մյուսն ավելի շուտ հրաժարվեցին ոչ թե իրենց անկախությունից, այլ իրենց ազգային դրամից` ստեղծելով ավելի քաղաքակիրթ ժամանակակից միություն։ Ի դեպ, նկատենք, որ հենց այդ արևմտյան ուժերն էին, որ աշխատում էին ԽՍՀՄ-ի փլուզման ծրագրի վրա։ Եթե մենք ընդունում ենք Եվրամիությունը որպես երկրները զարգացման տանող կառույց, ապա անհասկանալի է Եվրասիական միության ստեղծմանը դեմ լինելը։ Ինչո՞ւ պետք է մենք վախենանք Եվրասիական միություն ստեղծելուց։ Ընդհանրապես ոչ թե պետք է վախենալ, այլ ողջունել այն։ Ի վերջո, այդ միությանն անդամակցությունը մեզ համար կստեղծի լրացուցիչ շուկաներ և անվտանգության երաշխիքներ։ Որքան էլ անկախ լինի ցանկացած պետություն, այն ինչ-որ չափով սպասարկում է որոշ շահերի, ինչ-որ տեղից ղեկավարվում է, կամ էլ ինչ-որ չափով կախվածություն ունի։ Հազարավոր տարիներ դա այդպես է եղել, այդպես կա և կմնա։ Կան մի քանի թելադրող հզոր երկրներ, իսկ մնացած երկրները գտնվում են միևնույն հավասար տիրույթում` նշված առումով։ Այստեղ կարևորն այն է, որ նշված միությանն անդամակցելը կարողանանք ծառայեցնել մեր ազգային շահերին։ Չէ՞ որ Եվրամիության անդամ երկրները, լինելով մեկ «տանիքի» տակ, յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում և փորձում է իր ազգային խնդիրները լուծել, դրա հետ մեկտեղ չկորցնելով իր անկախությունը, որպես պետություն։ Իմ պատկերացմամբ, մեր անդամակցությունը Եվրասիական միությանը պետք է նույն այդ մոտեցմամբ իրականացվի։
-Եթե Ադրբեջանն անդամակցի այդ միությանը, ապա Հայաստանի անվտանգության հարցն ինչպիսի՞ն կլինի։
-Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ինչպես կվարվի Ադրբեջանը` կանդամակցի՞, թե՞ ոչ։ Սակայն, եթե Ադրբեջանի իշխանությունները խելամիտ գտնվեն, ապա կհամակերպվեն իրականության հետ` կընդունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրանից հետո բարիդրացիական հարաբերություններ կձևավորեն Հայաստանի հետ։ Դրանից կշահեն և՛ Ադրբեջանը, և՛ Ղարաբաղը։ Այնպես որ, առճակատումը դեռևս Ադրբեջանին ոչինչ չի տվել։
-Ղարաբաղի կարգավորման հարցն այնքան է ձգձգվում, որ մենք էլ, կարծեք, շատ բան չենք շահում։
-Համաձայն չեմ Ձեզ հետ։ Այո՛, խնդրի կարգավորումը դեռևս գործընթացի մեջ է, սակայն չմոռանանք ամենակարևորը. ազգային ազատագրական պայքարի շնորհիվ մեր ժողովրդի մի հատվածն ինքնորոշվել է։ Ճիշտ է, ազատագրական պայքարում մենք կորուստներ և զրկանքներ ենք կրել, սակայն հոգեբանական մեծ վերելք ունեցանք և ունենք` մենք հաղթեցինք, և սա ոչ թե բարոյական հաղթանակ էր, այլ իսկական հաղթանակի բերկրանք։ Այսօր մեր ժողովրդի մի հատվածը կարող է ինքն իր հողի վրա վստահ ապրել և ասել, որ ինքն իր երկրի քաղաքացին է։
-Ի՞նչ եք կարծում, Եվրասիական միության դեպքում Ղարաբաղի կարգավորման խնդիրը չի՞ տուժի։
-Ո՛չ։ Ոչ մի դեպքում և ոչ մի պայմանում Ղարաբաղի հարցը չպետք է տուժի։ Այն, ինչ ձեռք ենք բերել, չպետք է կորցնենք։
-«Չպետք է»-ն հասկանալի է, սակայն հնարավո՞ր է, ենթադրենք, անդամակցությունից հետո թելադրող երկրներն իրենց կամքը պարտադրեն, ինչը նպաստավոր չլինի մեզ համար, բայց շահավետ լինի իրենց համար։
-Ես սկզբում ասացի, որ եթե Ադրբեջանի իշխանությունները խելամիտ լինեն, կընդունեն այն իրողությունն ու գաղափարը, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի, ինչը միջազգային իրավական պահանջների մեջ է տեղավորվում։ Ռուսաստանում այս պահին կա և գործում է Թաթարական Հանրապետությունը։ Սրանից և Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից ելնելով, կարծում եմ, խնդիրը չի կարող այլ հարթության մեջ դիտարկվել։ Գնալով բոլոր ժողովուրդները հասկանում են և ընդունում են այն իրականությունը, որ յուրաքանչյուր ազգ պետք է անկախ ապրի իր հողի վրա։
-Քաղաքական առումով Ձեր տեսակետը պարզ է, իսկ ի՞նչ կտա այդ անդամակցությունը տնտեսական առումով։
-Ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով այդ անդամակցությունը շահավետ կլինի թեկուզ այն պատճառով, որ դարեր շարունակ այդ երկրների շուկաները մեզ շատ ծանոթ են, և կարելի է ասել, որ ինտեգրումն այս ոլորտում ևս դարերի պատմություն ունի։ Եթե հետևենք Հայաստանում արտադրված ապրանքների արտահանման աշխարհագրությանը, ապա այսօր էլ մեր գործարարների համար ԱՊՀ-ի և Ռուսաստանի շուկաները շատ գործուն են, և սպառողը սպասում է հայկական ապրանքատեսակներին։ Սա նշանակում է, որ կա բարձր պահանջարկ նշված երկրներում մեր ապրանքի նկատմամբ, ինչը շատ կարևոր է և՛ գործարարության, և՛ երկրի տնտեսության զարգացման համար։ Համաձայնեք, որ մեր օրերում եվրոպական և ԱՄՆ-ի նոր շուկաներ գրավելը, ավելին` մրցակցությանը դիմակայելը, շատ բարդ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների համար։ Այդ տեսակետից շատ ուսանելի է Վրաստանի վերջին տարիների տնտեսա-քաղաքական փորձը։ Այսօր Վրաստանը փորձում է վերադարձնել նույն` իր հին տնտեսական դաշտը, այսինքն` ԱՊՀ երկրներ է գնում, տեսնելով, որ Արևմուտքն առանձնապես ոչինչ չտվեց։ Ավելին, տնտեսական առումով վրաց ժողովուրդը տուժեց։ Բոլոր դեպքերում անձամբ ես ողջունում եմ Եվրասիական միության գաղափարը և կողմ եմ այդ կառույցի ստեղծմանը։ Միևնույն ժամանակ ասածս չի նշանակում, որ մենք կուրորեն պետք է «տրվենք» այդ միությանը և մեզ զրկենք աշխարհում ընթացող գործընթացներից և հեռու մնանք միջազգային այլ կառույցներից։ Մենք ինքներս, որպես պետություն, պետք է բարիդրացիական հարաբերություններ կառուցենք այսօրվա Եվրոպայի, ԱՄՆ-ի և բոլոր զարգացած երկրների հետ` հաշվի առնելով նաև սփյուռքի հանգամանքը։ Մեր հայրենակիցները շատ լավ ինտեգրվել են այդ քաղաքակրթություններում, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք կամուրջներ ունենալ բոլոր երկրների հետ։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ