ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Նա վարձու գրչակ է, ինչ հանձնարարում են, այն էլ գրում է»

«Նա վարձու գրչակ է, ինչ հանձնարարում են, այն էլ գրում է»
23.04.2013 | 02:02

Թունդ լևոնական, հետո, հանուն ԱԺ պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագրի աթոռի, Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճանած և Քոչարյանի «թրի տակ» մտած, կարճ ժամանակ անց պաշտոնից հեռացված և նորից Լևոնի «թևի տակ» մտած Լիզա Ճաղարյանը Facebook-յան իր էջում գրում է. «...Թարախի պես տարածում են, որ ով դուրս է գալիս Կոնգրեսից, ոչնչացնում ենք: Ստում եք մակեյանաբար: Կոնգրեսում լիքը մարդիկ կային, որոնց հետ ես և շատերը չեն էլ շփվել, որովհետև տհաճ է եղել դրանց հետ շփվելը: Անձամբ ես սոս գիմիշյանին (փոքրատառերը իրենն են -Ռ.Խ.) նույնիսկ չէի բարևում: Կոնգրեսում հիմա էլ կան մարդիկ, որոնց հետ չեմ շփվում: Կան, որ չեմ բարևում, որովհետև ինձ հաճելի մարդիկ չեն: Իրենք այլևս դատարկ տարածություն են»: Տիկին Ճաղարյանի հիշյալ որակումները խնդրեցինք մեկնաբանել Պետրոս Մակեյանին և Սոս Գիմիշյանին։

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ («Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ)
-Լիզաճաղարյանների տեսակին ընդհանրապես պատասխանալու ցանկություն չունեմ: Նա վարձու գրչակ է, ինչ հանձնարարում են, այն էլ գրում է: Ցավոք, կոնգրեսի հետ մենք անցանք դժոխքով, բառիս բուն իմաստով` բանտերով, քաղաքական հալածանքներով: Կոնգրեսում ունեմ շատ ընկերներ, նորմալ մարդիկ: Բայց այնտեղ կա մի տեսակ` զուրաբյանական, որը դարձավ կոնգրեսի ողնաշարը, որը հայ մարդու տեսակ չէ: Ես չգիտեմ էլ, թե դա ինչ տեսակ է: Այդ փոստատարի միջոցով կարողացան կոնգրեսը հզոր շարժումից վերածել ՀՀՇ-ից ՀԱԿ-ի: Մակեյանի տեսակը ողջ հանրապետությունը գիտի, իսկ Լիզա Ճաղարյանի տեսակին ժողովուրդը չէ, բայց նեղ շրջապատը` լրագրողական միջավայրը, գիտի:
-Սոցցանցերում ՀԱԿ կուսակցության ստեղծումից հետո Ձեր քայլերը սուր հակադարձումների առիթ դարձան:
-Զուրաբյանական տեսակն է դա, որ փողով ամեն ինչ կարող է անել: Վճարիր և կստանաս քո ուզած ապրանքը:
-Այդ ամենը միայն «գումարո՞վ» եք պայմանավորում:
-Դա մեծ գործընթացի հետևանք է: Մենք խանգարում ենք նրանց քաղաքական բիզնեսին, որովհետև քաղաքական վերլուծությունների, գործողությունների շղարշի տակ առևտուր էր արվում, ինչին մենք խանգարում էինք: Կամ պիտի համակերպվեինք, դառնայինք ՀՀՇ, կամ էլ պիտի սկսվեր այս մրոտման գործընթացը:
-Ի վերջո, ինչպե՞ս է ավարտվելու երկուստեք «մրոտելու» գործընթացը:
-2008-ի օգոստոսի 1-ի հռչակագիր ստորագրած քաղաքական ուժերը, որոնք չեն համակերպվել, հպատակի նման չեն մտել ՀՀՇ, փորձում ենք հասկանալ մեր անելիքը: Մենք իրենց հետ ոչ մի խնդիր չունենք: Իրենք են վայնասուն գցել: Մայիսի հինգին կտեսնենք, թե այս ամենն ինչով կավարտվի: ՀԱԿ-ի արդյունքը դա ցույց կտա: Դրանից հետո կհանգստանան ու կհասկանան` իրենք իրենցից ինչ են ներկայացնում:

ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ («Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար)
-Այդ ամենը կարող եմ միայն ժպիտով ընդունել: Ես նրան ճանաչում եմ, ու միշտ էլ իրար բարևել ենք: Ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու է նման բան ասել: Այդպիսի բաներին թեթև եմ նայում: Եթե որևիցե մեկը ինձ ինչ-որ բան ունի ասելու, կարող է գալ, դեմս կանգնել ու հիմնավորված ինչ-որ բան ասել: Եթե ես եմ սխալ` կընդունեմ, եթե դատարկախոսություն է, դրան անլուրջ եմ վերաբերվում:
-ՀՀՇ-ն ՀԱԿ վերանվանվելուց հետո դաշինքի որոշ ներկայացուցիչների, այդ թվում նաև` Ձեր հասցեին սուր քննադատություններ են հնչում: Ինչո՞վ դա կավարտվի:
-Ես բացարձակապես որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Մի խումբ մարդիկ, որ փորձում են պահպանել ՀԱԿ դաշինքը և ՀՀՇ-ին չեն միացել, մշտապես իրենց կարծիքն արտահայտել են ու այն երբեք չեն փոխել: Կան մարդիկ, ովքեր չեն սիրում, երբ մարդն ինքնուրույն կարծիք է հայտնում, պնդում ու չի ենթարկվում վերադասին: Իմ գլխի վերև, Աստծուց բացի, ոչ մեկը չկա ու չի լինելու: Հակառակը աննորմալություն է, հիվանդություն, ժողովրդավարության հետ կապ չունի:
-Դուք ակնարկում եք ՀԱԿ-ում եղած ներքին մթնոլո՞րտը:
-Իհարկե, վերջին երկու տարում շատ վատ վերաբերմունք կար, երբ մարդն ինքնուրույն կարծիք էր հայտնում կամ չէր համաձայնում վերևից իջած հրամանների հետ: Հիմնական խնդիրներն այստեղից սկսվեցին, որոնք և հիմք դարձան ՀԱԿ-ի քայքայմանը: Արդյունքում մի խումբ կուսակցություններ, մարդիկ թողեցին գնացին: Մյուսները փորձեցին պահել դաշինքը: Հիմա ոչ հանցագործություն ենք արել, ոչ օրենք ենք խախտել, պարզապես ուզում ենք համագործակցությունը շարունակել: Գնացել եք, ուրախ ենք, բարի ճանապարհ, հիմա ինչ խնդիր կա, որ ուզում ենք դաշինքը պահպանել: Եթե իրենց խնդիրը անվանումն է, լոգոն, կոռեկտության հարց կա, հինգ տարվա կառույցի անունը և լոգոն չպետք է վերցնեին: Վերցրել եք, ձեզ լինի, ոչ մեկը դրա համար կռիվ չի տա: Էդքան չենք իջնելու, որ լոգոյի համար պայքար տանենք: Իրենց թվում է, եթե ՀԱԿ են կոչվելու, տասնութ կուսակցությունների համբավն իրե՞նց է պատկանում: Թող այդպես մտածեն: Դատարկ վայրահաչոցներին Ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել:


Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ