Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Լևոնը աշխարհի տերերից ազդանշան ստացավ, որ կարող է մտնել պայքարի մեջ ու դառնալ նախագահ»

«Լևոնը աշխարհի տերերից ազդանշան  ստացավ, որ կարող է մտնել պայքարի մեջ  ու դառնալ նախագահ»
26.04.2013 | 00:43

«Իրատես de facto» ակումբում կայացած ասուլիսից հետո հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության նախագահ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պատասխանեց մեր հարցերին։

-Ձեր կարծիքով` նախագահական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորում եղա՞վ, թե՞ ոչ:
-Նախագահական ընտրություններից հետո, իրոք, քաղաքական ուժերի վերադասավորում պետք է լիներ, որովհետև, փաստորեն, ընդդիմադիր դաշտը փլուզվել էր: Հսկայական ներուժը, որ ՀԱԿ-ը հավաքել էր 2008-ի մարտից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը դանդաղ-դանդաղ տարավ դեպի մարում իր անվճռական, սխալ քաղաքականությամբ` կոնգրեսում հենվելով անփորձ երիտասարդների վրա, կրելով դրսի ազդեցությունը: Մտածե՞լ եք` ինչո՞ւ 10 տարի Լևոն Տեր-Պետրոսյանը չմտավ քաղաքականության մեջ և 2007-ին հանկարծ որոշեց վերադառնալ: Երևի թե աշխարհի տերերից ¥Բեռլինգինյան աշխարհի կառավարությունը, որ տարին մեկ անգամ հավաքվում է և օֆշորային գոտում 300 տրիլիոնից ավելի գումարներ ունի¤ ազդանշան ստացավ, որ կարող է մտնել պայքարի մեջ ու դառնալ նախագահ: Բայց նա չհաշվարկեց, որ գործ ուներ բիրտ վարչակարգի հետ, որը նախկինում էլ արյուն էր հեղել: Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի 2008-ի փետրվարի 26-ի անվճռականությունը, երբ չպաշարվեց ԿԸՀ-ի շենքը և չպահանջվեց բացել բոլոր ընտրատեղամասերի քվեատուփերը: Չկա վճռական քայլ` կա պարտություն, դա նորություն չէ: ՀԱԿ-ը 18 կուսակցությունների միավորում էր, լուրջ ներուժ էր կուտակված և ստորագրված ուներ հռչակագիր երկու լրջագույն հարցերի շուրջ` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների, բայց ոտնահարվեց ընդունված համաձայնությունը, ՀԱԿ-ը գնաց խորհրդարանական ընտրությունների ու ստացավ 7 մանդատ: Եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, ոչինչ անել չես կարող, դա լավ հայտնի է: Իրարահաջորդ սխալների պատճառով ՀԱԿ-ը կորցրեց ժողովրդին, քաղաքական ուժերի կեսին, այդ թվում նաև` մեզ, որովհետև մենք այլևս անելիք չունեինք. երբ երկու տարի շարունակ չես կարողանում տեսնել լիդերին կամ լսել նրա խոսքը, անելիք չունես: Երբ չկա ծրագիր, չկան նպատակներ: Կոնգրեսից հետո ընդդիմադիր դաշտում վակուում էր առաջացել, և Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե իր լավագույն ծրագրերի, դրանց կատարման մեխանիզմների, առաջադրած դրույթների շնորհիվ հաջողության հասավ, այլ նրան ձայն տվեցին ընդդեմ իշխանության: Բայց դրանով ընդդիմադիր դաշտ չստեղծվեց: Ստեղծվելու է առաջիկայում, տարիներ չեն պահանջվելու:
-Ո՞րն է Ձեր վստահության պատճառը:
-Ընտրություններից հետո օրական հանրապետությունը լքում է 1000-2000 մարդ և հիմնականում` դեպի ՌԴ: Կա ժողովրդագրական խնդիր: Այն պետությունները, որտեղ բնակչության թիվը 3 միլիոնից պակասում է, այլևս ի վիճակի չեն մարտահրավերներին դիմագրավել: Իսկ մենք ունենք Արցախի խնդիրը, հարևան ունենք Թուրքիային և շրջափակված ենք: Ժողովրդագրական այս վիճակում արդեն չեմ ասում բանակի խնդիրների մասին: Ավելացրեք, որ երկրում չեն լուծվում սոցիալական խնդիրները. վերջին հինգ տարում երկու անգամ 1000-ական դրամ ավելացվել է կենսաթոշակը, ու այդքանով հարցն ավարտվել է: 2 միլիարդ 600 միլիոն ու մի քանի հազարանոց բյուջե ունեցող երկիրը կողքին ունի Ադրբեջան, որի ռազմական ծախսերը 3 միլիարդից ավելի էին անցյալ տարի:
-Եթե ամփոփենք, Դուք համակարգայի՞ն փոփոխությունների խնդիր եք դնում:
-Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով արտահայտված ժողովրդական ցասումն ապացուցեց, որ համբերության բաժակը լցվել է, իսկ վերահսկողությունից դուրս եկած ամբոխն անկառավարելի է: Պետք են համակարգային փոփոխություններ, բայց քանի որ մեր երկրում գործող համակարգը կոռումպացված է, երբևիցե չի լքելու իր դիրքերը, նրան չեն հետաքրքրում ազգային, ժողովրդագրական, սոցիալական, մարդու իրավունքների խնդիրները, նման համակարգն ունի ինքնապահպանման և ավելի հարստացման խնդիր: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը, անցյալում շարքային միլիցիոներ, հիմա` օլիգարխ, կամ` Սամվել Ալեքսանյանը: Անձնական հատկանիշները մի կողմ թողնենք, պարզ է, չէ, որ նրանք գրագիտության, էրուդիցիայի, ինտելեկտի այն մակարդակը չունեն, որ պրոֆեսիոնալ խորհրդարանում օրենքներ գրեն ու մշակեն: Բայց պատգամավոր են: Տասնյակներով հաշվվող շարժական ու անշարժ գույքի տեր են: Իշխանական բուրգը երբեք ինքնալուծարման չի գնում: Կա սկանդինավյան երկրների փորձը: Եթե Շվեդիայում «կոռուպցիա» բառն օգտագործեք, միայն իրավաբանը կհասկանա, քաղաքացին չի հասկանա: Որովհետև մեծահարուստի և բարեկեցիկի սահմանը օրենքները կարգավորում են 6 չափանիշներով: Երբ մեծահարուստի եկամուտները վեցից անցնում են, օրենքը նրան պարտադրում է մեծ հարկեր մուծել: Մենք 28 հարկատեսակ ունենք, բայց ունենք չմուծվող հարկեր, այս իրավիճակում միակ ճանապարհը կոռուպցիայի դեմ պայքարն է: Քաղաքական կուսակցությունների ծրագրերը ժողովրդին չեն հետաքրքրում, և այս պայմաններում խոսել կուսակցական ծրագրերի ու պայքարի մասին, քաղաքական նպատակների հասնել, ուղղակի անհնարին է: Պետք է կազմաքանդել բուրգը: Ինչպե՞ս: Կոռուպցիայի դեմ համաժողովրդական պայքար ծավալելով:
-Եթե դատական համակարգը նույն այդ բուրգի մասն է, ինչի՞ եք հասնելու այդ պայքարով:
-Մեր նպատակին ենք հասնելու` բացահայտել թալանված մարդկանց ունեցվածքը: Մենք ոչ դատախազ ենք, ոչ դատավոր, մենք հասարակական կազմակերպություն ենք: Միջազգային փորձով` մեր նմանատիպ կառույցները լրջագույն պայքար են ծավալում, նրանց նյութերը ուղարկվում են համապատասխան կառույցներ, վերածվում են քրեական գործերի: Հայաստանի դատաիրավական համակարգը կոռումպացված է, ուրեմն մեր ուղարկած նյութերի պատճառով ոչինչ չենք ստանա: Ապրիլի 25-ին Բուդապեշտում սկսվել է հակակոռուպցիոն համագումար, որին մենք հրավիրված էինք, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չենք մասնակցում: Մասնակցում են 26-27 երկրների հակակոռուպցիոն կառույցների ներկայացուցիչներ, այս համակարգում ընդունված է համապատասխան տեղեկություն ուղարկել եվրոպական կառույցներ, որոնք աշխատում են իրենց մեխանիզմներով հայտնաբերել թալանվածը: Հայ ժողովրդից թալանվածը մենք աշխատելու ենք նմանատիպ կառույցների միջոցով վերադարձնել` լինի շոկոլադի գործարան Ավստրիայում, թե Փարիզում: Եվրոպայում, ԱՄՆ-ում օրենքը գործում է: Մենք համագումարին ուղարկել ենք նամակ` ներողություն խնդրելով, որ չենք կարողանում մասնակցել, ողջունել ենք աշխատանքները և երկու հարց ենք բարձրացրել` թե ինչու եվրոպական մի քանի երկրներում Հայաստանից թալանվածը չինովնիկները վերածել են ֆաբրիկաների, գործարանների, և ինչո՞ւ նրանք, խոսելով ժողովրդավարության մասին, աչք են փակում այդ երևույթների առաջ: Մենք պահանջել ենք այդ օբյեկտները հայտնաբերել, պատասխանատվության ենթարկել տերերին և վերադարձնել իսկական տիրոջը` ժողովրդին: Ես գրել եմ իմ գործընկերներին, որ ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումն ու հայրենիք վերադարձը հետևանք են նաև պետական չինովնիկների կոռուպցիայի, և ճիշտ կլիներ, որ մեր գործընկերները բացահայտեին, թե ինչպես է պատահել, որ մարդասպանին պատժաժամկետից շուտ թույլատրում են Ադրբեջան վերադառնալ: Սա լրջագույն հարց է, և կարծում եմ, որ անպայման կբարձրաձայնվի:
-Ինչպե՞ս եք Ձեր պայքարը պատկերացնում Հայաստանում` մարդիկ պաշտպանված են և օրենքներով, և համակարգով:
-Երբ երկար ժամանակ ես ուսումնասիրում, իսկ հակակոռուպցիոն գործունեությամբ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը սկսել է զբաղվել դեռ 2006-ից, բազում տվյալներ են կուտակվում: Մենք փորձեցինք պարզել, թե Հայաստանում ո՞ւմ ձեռքերում է կուտակված ամենամեծ հարստությունը` շարժական ու անշարժ գույք Հայաստանում ու Հայաստանից դուրս: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ամենամեծ հարստության տերը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ունենք տվյալներ սեփականության և այդ սեփականության կառավարման ձևերի մասին` հաշվեհամարներով, հասցեներով, անուններով, բայց սա դեռ բավարար չէ: Երբ դատաիրավական համակարգը չի աշխատում, ուղարկել այդ տվյալները դատախազին կամ դատավորին ոչինչ չի նշանակելու: ՈՒնենալով պայմանագիր ՌԴ-ի և 14 երկրների հակակոռուպցիոն կազմակերպությունների հետ, մենք այդ նյութերն ուղարկեցինք Ռուսաստան: Ժողովուրդը հակված է հավատալ, որ նախկին նախագահին հովանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի այդ թյուրըմբռնումը վերանա, մենք պահանջեցինք, որ ուղարկված նյութերը հասնեն երկրի առաջին դեմքին, և արդեն ստացել ենք հաստատումը: Ի՞նչ է լինելու հետո: ՌԴ գլխավոր դատախազը գոնե մոսկովյան մի քանի օբյեկտներ ստուգման է ենթարկելու: Մեր պահանջն է դրսում հայտնաբերված անօրինական հարստությունը վերադարձնել ՀՀ պետական գանձարան և ժողովրդին:
-Իսկ եթե ապացուցվի, որ օրինակա՞ն է:
-Չեն կարող ապացուցել: Համեմատեք Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը և այսօրվա ունեցվածքը: Երկրորդ կարևորագույն հարցը` 1998-ին հանրապետության գույքի 70 տոկոսը դեռ պետական էր` գործարաններ, առևտրի կենտրոններ, խանութներ, գյուղատնտեսական նշանակության կառույցներ, այսօր դա չկա: Պետք է քննություն կատարել և պարզել` որքանո՞վ է վաճառվել, ո՞ւմ, ինչո՞ւ գործարանների վաճառքի պայմանագրերում պահանջ չի դրված աշխատատեղերի ապահովման, արտադրանք տալու, կովկասյան շուկա դուրս գալու մասին: Ես զրուցել եմ բազմաթիվ քաղաքական գործիչների հետ, համախմբում է պետք:
-Ինչի՞ շուրջ: Հակակոռուպցիոն պայքարի գաղափարի՞:
-Թիվ մեկ հարցը հանրաքվեի անցկացումը պետք է լինի և նոր օրենքի ընդունումը, որ կողոպտվածի համար պատասխանատու են և զավակները, որ դղյակներն ու ֆաբրիկաները եվրոպաներում չմնան օտարներին:
-Մարդու իրավունքների խախտում չե՞ք տեսնում` իսկ սեփականության իրավո՞ւնքը:
-Մեր ամբողջ գործընթացն ուղղված է ապացուցելու, որ այդ սեփականությունն ապօրինի է ձեռք բերվել: Իհարկե, կա մարդու արդար լինելու խնդիրը:
-Անմեղության կանխավարկածը:
-Դա իրավական եզրույթ է: Մենք որևէ անձի վարկաբեկելու խնդիր չունենք, մեր գերխնդիրը երկրի ազգային անվտանգությունն է, որը, ցավոք, վտանգված է: Պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ օրենքը շրջանցելով ձեռք բերվածը պետք է վերադարձվի ժողովրդին: Ե՞րբ այդպես կլինի: Երբ ժողովուրդը պահանջի: Երբ ժողովուրդը տեր կանգնի իր ունեցվածքին: Նման փորձ եղել է 2003-ի նախագահական ընտրությունների նախօրեին. մենք Կինոյի տանն անցկացրել ենք համագումար` խնդիր ունենալով ներկայացուցչական համաժողով անցկացնել և պահանջել Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, բայց առանձին կուսակցական լիդերներ մեզ դավաճանեցին և այսօր իշխանական բուրգում են: Մենք նաև այդ փորձն ենք հաշվի առնում ու համոզված ենք, որ պետք է նոր գործընթաց սկսել:
-Հողմաղացների դեմ չե՞ք պայքարում: Կա՞ որևէ մեխանիզմ, որ տեսանելի ապագայում Ձեզ հաջողություն կբերի:
-Մեր գերխնդիրն է` ուժեղացնել համագործակցությունը եվրոպական երկրների հետ` Եվրոպայում ստեղծված է հակակոռուպցիոն ոստիկանական կառույց, որտեղ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ են ընդգրկված: Մեր խնդիրն է իրենց հետ համատեղ գործել: Ես չեմ կարող հայկական դատարանով գողին, ավազակին պատժել:
-Լավ, բայց գաղտնի՞ք է, որ Եվրոպան կիրառում է երկակի ստանդարտներ, և Ձեր բարձրացրած հարցերը ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծումներ են պահանջում: Արդյո՞ք Եվրոպային աշխարհաքաղաքական այս դասավորության դեպքում ձեռնտու է Հայաստանում համակարգային փոփոխությունը` մեկ, և երկրորդ` արդյո՞ք եվրոպական այդ կառույցների միջամտությունը տեղեկանալ-գզրոցը նետելով չի ավարտվի Հայաստանում:
-Ճիշտ եք, որ Եվրոպան ապրում և գործում է բազմակի ստանդարտներով` տարբեր պրեսկոտներ այդ ապացուցել են իրենց դիտորդական առաքելություններով: Ո՛չ Եվրոպային, ո՛չ Արևմուտքին ձեռնտու չէ ինքնուրույն, ուժեղ, ինտելեկտուալ, արդյունաբերական երկիր Հայաստանը, մեր վերջին նպատակը դա է` թույլ չտալ վերջնականապես տրոհել ազգային ակադեմիան, վերջնականապես երկրից դուրս տանել ինտելեկտուալ բազան, կասեցնել արտագաղթը, որ 5000 տարի հայ ազգի համար խնդիր է եղել:
-Սովորաբար այդ վիճակի պատճառը համարում ենք պետականություն չունենալը, իսկ ես համոզված եմ, որ պետականություն չենք ունեցել հենց այդ պատճառով:
-Համաձայն եմ լրիվ: Հայերի գերակշռող մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց 330000 աղանդավորի առկայությունը ինչո՞վ եք բացատրում, նրանց ագրեսիվ պահվածքը, նյութական հնարավորությունները, հրատարակչական բազան: Պատահակա՞ն Հայաստանի Հանրապետությունում գրանցվեցին «Եհովայի վկաները», մորմոնները, ևս երկու տասնյակ աղանդներ: Դա Հայաստանում ժողովրդավարության ցուցի՞չ է: Մենք ունենք Հայ առաքելական եկեղեցի, իսկ հիմա հայերը փողոցներում, այգիներում, տնետուն ընկած հոգեորսությամբ են զբաղված: Եվ դա սկսվեց անկախության առաջին օրերից: Ի՞նչ տվեց անկախությունը Հայաստանին. գործարան չունենք, ֆաբրիկա չունենք, արդյունաբերություն չունենք, ազգային ակադեմիայի ինստիտուտները թալանված են, բարոյական վիճակը ամենավատթարն է: Այս իրավիճակում, իհարկե, պարարտ հող ունեն թե՛ կոռուպցիան, թե՛ աղանդները: Իսկ մենք ի՞նչ անենք: Լռե՞նք: Մենք այս երկրի զավակներն ենք: Ես ծնվել եմ Երևանում, բացի Ավստրալիայից ամբողջ աշխարհը տեսել եմ և վերադարձել եմ հայրենիք, որովհետև 400 տարի գիտեմ իմ նախապապերին: Թողնենք հեռանա՞նք: Ոչ, պետք է հեռանան իրենք` գողերը, ավազակները, թալանչիները:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ