Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շան գլուխն ու քաղաքական կույր աղիքները

Շան գլուխն ու քաղաքական կույր աղիքները
26.04.2013 | 12:40

«Մի ձի՛ եմ խոսուն` կարծր երախով ու սանձը կտրած, որ վրան չունի սաստող երասան, հովատա՛կ եմ մի` անբարեհամբույր` վայրենի՛ վարքով ու բարքով անկի՛րթ, խրտնչո՛ղ երինջ դեռ կարգի չեկած ու չընտելացված...»։
«Նարեկ», ԲԱՆ ԻԲ,
Գրիգոր ՆԱՐԵԿԱՑԻ, X դար

ՓՈՐՆ ՈՒ ԳԼՈՒԽԸ

(ֆելիետոն-նախատինք)

Նարեկյան խնկաբույր տողերը, անշուշտ, հենց էնպես չեմ մեջբերել։ «Նարեկը» պիտի կարդալ գեղաշեն օրորոցի գլխին և ուսուցանել դպրոցից մինչև բարձրագույն կրթարաններ, կաթիլ առ կաթիլ։ Եվ դարձի բերել խառնակության մեջ տապակվող մեր հոգին ու մարմինը։ Առայժմ սերիալներն են մեր կրթարանը։ Այո՜։

Խառնակություն է երկրում, փորն է կառավարում գլուխը, մշակույթն ու արվեստը, գիտությունն ու գիրը մնացորդային արժեք են մագաղաթաբույր հայոց հողի վրա։ Բայց չէ՞ որ մենք այլ բան էինք երազում նորանկախ մեր երկրում։ Այնինչ ազգային մշակույթը փակուղի է մտել (փորը գտավ, որ գլուխը գլխակեր է, ու այն պետք է պահել գլխիկոր վիճակում)։ Այո՜։

Լավ, ինչպես եղավ, որ նորանկախության պայմաններում գիտության մշակը` ալեզարդ և խոհուն, եռապատիկ քիչ է վաստակում օսլայաօձիք պատանի ղեկավարներից։ Այդ ինչպես եղավ, որ կոռուպցիայի մեջ թաթախված բուհական մեր համակարգում կաշառակերության փորձը կանխվեց միայն գեղարվեստի ակադեմիայում։ Եվ այդ ինչու ստեղծագործական միությունների մասին օրենքը սարդոստայնով է պատվում ԱԺ նկուղներում։ ՈՒրեմն, իսկապես, փորն է կառավարում գլուխը։ Այնինչ եղել են ազգային մշակույթի համար երանելի ժամանակներ ապազգային-խորհրդային երկրում։ ՈՒ մի՞թե սա տրագիֆարսի գլուխգործոց չէ. տոտալիտար վարչակարգի օրոք բարգավաճում էին ազգային գիտությունն ու մշակույթը, այսօր և՛ գիտությունը, և՛ մշակույթը գոյատևում են իշխանությունների բարեհաճության շնորհիվ։ Բայց չէ՞ որ իշխանական բարեհաճությունը երբեմն շատ է քմահաճ։ Այսպիսով, փորձենք հասկանալ, թե ինչու են հայոց զանազան իշխանապետերը երբեմն այսքան հակապետական ստեղծագործական միությունների ու Գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ։

ՇԱՆ ԳԼԽԻ «ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ»

(պամֆլետ-անարգանք)

Իսկ գիտե՞ք, թե երբ են հանրապետության հեռուստախցիկները մեկը մյուսին վազանցելով (դեպքից դեպք էլ ուղղակի վրաերթի ենթարկելով) գրոհում Աբովյան 16, այսինքն` նկարիչների միություն։ Երբ նշանավոր վարպետի անհատական ցուցահանդե՞սն է։ Կամ երբ կերպարվեստի հանրապետական հրավառությո՞ւն է` արդի նկարիչների ու քանդակագործների մասնակցությամբ։ Ո՛չ, ամենևի՛ն, բնա՛վ։ Կուզես Մաեստրո Քոչարին ու Վարպետ Սարյանին կենդանացրու ու կազմակերպիր նրանց ցուցահանդեսները նրանց կենդանի մասնակցությամբ, կուզես Լուվրի գանձերը ներկայացրու Նկարչի տանը, միևնույն է, որևէ հեռուստախցիկ չի հատում Ազնավուրի անվան հրապարակը։ Այ, եթե հրապարակի ջրավազանում մի արհեստավարժ խեցգետին հայտնվի և շնալող տա աջ ու ձախ, վստահ եղեք, առնվազն հինգ հեռուստաընկերություն կլուսաբանի սույն դարակազմիկ իրադարձությունը։ Լավ, տեսնում եմ, որ հատում է բոսորամիտ ընթերցողիս համբերությունը, և լուսաբանում եմ նրան, եթե անգամ դատարկ շրջանակներ կախվեն Նկարչի տան երեք հարկերի ցուցասրահներում, և եթե անգամ յուրաքանչյուր շրջանակի մեջ տեղակայվի ժամկետանց մի վարունգ, ապա, հավատացնում եմ, ողջ հեռուստադաշտը շնչահեղձ երջանկությամբ կլուսաբանի սույն մշակութային աննախադեպ ցուցքը, եթե միայն մի երկու-երեք պատգամավոր, մի չորս-հինգ նախարար, ձեռքի հետ էլ դեսպան ու հյուպատոս են ժամանում Աբովյան 16։ Սա հեռուստախմբագիրների ճաշա՞կն է։ Ամենևին, սա իշխանական քմահաճույք է, դամոկլյան սրի նման կախված «ազատ-անկախ», նաև մասնավոր հեռուստաընկերությունների կատարին։ «Իսկ ինչո՞ւ չեք համագործակցում Հանրային ալիքի, այսինքն` Հ1-ի հետ», թնդում են որոշ ուղղամիտ ընթերցողներ։ Այդ մե՞նք չենք համագործակցում։ Միամտությունը լավ է, բայց ոչ այս աստիճանի։ Հարգելիներս, Հ1-ի վերաբերմունքը ստեղծագործական միությունների հանդեպ, ոնց որ Հյուսիսային Կորեան է վերաբերվում Հարավայինին, կամ ոնց որ Բերեզովսկին էր վերաբերվում Վլադիմիրովիչին, այսինքն` Պուտինին։ Մի խոսքով, եթե «եզան պոզի գեղում» գեղագետ մի չոբան պարապ ժամին յուր մահակի գլուխը քչփորի և նմանեցնի յուր հոտապահ գամփռ Վարոյի պրոֆիլին, հավատացեք, ողջ Հ1-ը հևասպառ կսլանա «եզան պոզի գեղն» ու կնկարահանի ազգային կերպարվեստի նոր աստղի ծնունդը։ Այո՜։

Իսկ գիտե՞ք, թե ինչու են մեր որոշ իշխանապետիկներ այսքան քմահաճ հանդեպ միությունները։ Նախ և առաջ միջազգային վարկավորող կազմակերպությունները վարկը տալիս պարզորոշ ակնարկում են, ակնարկն էլ արձանագրում պայմանագրում. հնարավորինս հեռու մնալ «խորհրդային մնացուկ» ստվերից և գիտությունից, ամեն կերպ խրախուսել տնաբույս միություններին (ավելի լավ, որ նրանց ղեկավարները հասարակությանը քաջ հայտնի անհույս ապիկարներ են և մշակութասպան կիսաքրեականներ), ամեն գնով պախարակել, ժողովրդին թշնամի սարքել ավանդական ստեղծագործական միություններն ու դրանց ղեկավարներին։ Դե, հասկանալի է, մի օր միությունների ղեկավարների նյարդերը տեղի կտան ու նրանք կթքեն-կհեռանան։ Առայժմ չեն հեռանում։ Բացի սույնից, առկա է նյութական գրգռիչը։ Հուշեմ-հիշեք. միությունները գտնվում են մայրաքաղաքի էլիտար կենտրոնում և տաճարակերտ շենքերում։ Եվ պատկերացնենք, թե սա ինչ դաժան հարված է քաղաքատնտեսական որոշ բոսերի ինքնասիրությանը։ Նրանց, իհարկե, հասկանալ պետք է։ Եվ արժանին մատուցել։ Չէ՞ որ քաղաքի կենտրոնը տնամերձի է վերածվում փողոց առ փողոց, և, խնդրեմ, էս փորձանքը, որը եկավ մարդկանց գլխին. ինչ-որ միություններ չեն լքում տարածքները և հարվածում են մարդկանց շահին ու պատվին։ ՈՒ եթե չեն լքում, կլքենք նրանց։ Հիշում եք, թե ինչ շռնդալից հանդեսներ կազմակերպվեցին Մատենադարանի նոր շենքի կառուցման կապակցությամբ։ Արժե՜ր, անշուշտ, արժեր։ Սակայն մինչև Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը դռները լայնասիրտ բացել էր Հայաստանի նկարիչների միությունը, կառուցելով (հատկանշում եմ` սեփական ուժերով) կերպարվեստային աննախադեպ մի համալիր, այսինքն` հիմնահատակ քանդելով ցուցահանդեսային կիսախարխուլ դահլիճներն ու տեղում կառուցելով համալիրը, շքեղ, արդիական, հեռանկարային։ ՈՒ ինչ, որևէ մեկը, որևէ հեռուստաէկրանի սեփականատեր հուզվե՞ց այս ամենից։ Բնավ։

Օրեր առաջ Հայաստանի գրողների միությունը ավարտեց հոգեպարար մի միջոցառում` պոեզիայի միջազգային փառատոնը։ Աշխարհի պոետները եկան, տեսան Երկիր Նաիրին, պատիվ տվին-պատիվ առան ու տուն դարձան։ Առհասարակ, գրողների տունը հայ գրականության, որը միևնույն է, թե հայ մշակույթի ու քաղաքակրթության հանրահռչակման խիստ անհրաժեշտ գործով է տարված։ Մի բան, որ չէր արվում անգամ խորհրդային լիասիրտ ապահովության տարիներին։ Նկարչի տանը տարեկան բացվում է 50-60 ցուցահանդես, հաջողվել է վերականգնել Քանդակի կոմբինատը, կոմբինատում հիմնադրել արվեստանոցներ և այլն։ Եվ ինչ, փորին սա հուզո՞ւմ է։ Անշուշտ, ո՛չ։ Փորը հուզվում է մշակութային նվաճումներից ու սկսում ծամել Աղամյանի և Անանյանի միսը։ Չէ՞ որ նման արարումներով պնդանում են կառույցները Աբովյան 16-ում և Բաղրամյան 3-ում։ ՈՒ ավելին` դժվարանում է խնդիրը` ինչպես խլել տները, տները նկարչի ու գրողի, լրագրողի և երգահանի, ճարտարապետի, կինոյի ու թատրոնի գործիչների։ Հուշեմ-հիշեք. Ժուռնալիստների տունը Պուշկինի փողոցում է, կոմպոզիտորներինը` Դերենիկ Դեմիրճյանի, կինեմատոգրաֆիստներինը` Վարդանանց, թատերական գործիչներինն էլ` Մաշտոցի պողոտայում։ Դե, սիրտ բեր, որ դիմանա (Սևակը կասեր` դե բերան բեր, որ չթքի)։ Այո՜։

ՈՒ թքում են, էն էլ ո՜նց են թքում փորին ծառայող ընդդիմադիրները` դեղնափրփուր։ Բայց, լինեմ անկեղծ, վերջերս խոր հիասթափության մեջ եմ։ Փորը կորցրել է դեմքը, չկա բանսարկության նախկին կրակը, նվազել է հացկատակության հեղեղ-լվացքաջուրը։ Տխուր է, տիար Փոր, թարմ-սրիկայական սնունդ է պետք ընդդիմադիրների դիմակի ներքո պարբերաբար ասպարեզ իջնող գործիքներից բանսարկու-բարոյազուրկներին։ Թե չէ արդեն ձանձրույթ են բերում ու հորանջ առաջացնում, գրական և նկարչական ԲԲ-ները (հապավում է, մի հուզվեք, ԲԲ, այսինքն` բարոյազուրկ-բանսարկուներ) շարունակ կրկնվում են, կրկնվելով էլ` սայթաքում։ Զի շառաչում են, թե հասեք ու փրկեք, միությունների գույքը փոշիացնում են, սակայն գույքը աճում-բարգավաճում է։ Նաև բառաչում են, թե միությունների ղեկավարները իշխանամետ են, երբ հենց իրենք են առանձին իշխանապետիկների, այսինքն` փորի հլու, կույր ու կամազուրկ գործիքները։

Մարդասիրությունից դրդված` առաջարկում եմ վայրահաչության նոր սննդակարգ փորին ու կույր աղիքին։ Զորօրինակ, ինչո՞ւ աշխարհով մեկ չհառաչել, թե Հայաստանի ստեղծագործական միությունները սերտորեն համագործակցում են Մոզամբիկի կախարդների հետ և հանդիսանում են «Շաման ընդ բանան» գերգաղտնի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունները։ Կամ էլ մի՞թե չարժե բառաչել ի լուր հայության, թե իրականում հենց ստեղծագործական միություններն են Ամանորից ու Զատկից առաջ բարձրացնում պանրի ու հավկիթի գինը, աղանդներ են ներմուծում և իջեցնում Սևանի մակարդակը։ Այսինքն, փորը պիտի յուր բոլոր մահացու «այիբները» բարդի Հայաստանի ստեղծագործական միությունների վրա։ Հավատացեք, բավականին օգտակար զբաղմունք է, նաև առողջարար և հեռանկարային։ Նախ, ինքդ ես թեթևանում սեփական մեղքդ անմեղի վրա բարդելով (մի տեսակ բարոյական լիցքաթափման մեջ ես ընկնում), հետո չէ՞ որ ոմանք կհավատան բացահայտ կեղծիքին։ Իսկ սա շատ է կարևոր, շան գլուխը պիտի անընդհատ գարշահոտի։

ԿՈՒՅՐ ԱՂԻՔԻ ՇՔԵՐԹԸ

(սարկաստիկ վերջերգ)

Վերջերս «ԼԼ» «Դոդոշ ընդ կարմրախայտ» ծառայությունը զեկուցեց, որ խորհրդարանում ապրիլմեկյան շաբաթօրյակ է կազմակերպվել և ստեղծագործական միությունների մասին օրենքի սարդոստայնը հավաքել են, քանզի ԱԺ-ում պատմում են, որ ցուցահանդես է բացվում հետևյալ խորագրով. «Ժամկետանց օրենքները խորհրդարանի կամքի ու կայֆի առհավատչյան են»։

Ավելի եմ անկեղծանում, հենց որ օրենքի նախագիծը եփման որոշակի աստիճանի է հասնում ու պիտի որ խմորը թոնիր մտնի, կույր աղիքը կազմակերպում է հերթական որովայնախաղը։ «Պե՞տք են արդյոք ստեղծագործական միությունները» երկրացունց հարցումով։ Եվ սկսվում է հերթական տխմարությունների արշավը, զի քննարկում են միությունների «որպիսությունը», կատարելապես անտեղյակ նրանց իրավական կարգավիճակին, հանրային ու պետական կյանքում նրանց կարևորությանը և այլնին։ Պե՞տք են, ազգին ու պետությա՞նն են պետք։ Իսկ, ներող եղեք, պե՞տք են արդյոք փորն ու կույր աղիքը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ