Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ի վերջո, գնահատական տվողը ժողովուրդն է»

«Ի վերջո, գնահատական տվողը ժողովուրդն է»
30.04.2013 | 01:59

«ՆԱՅԱԾ ԹԵ ՈՎ ԻՆՉ ՔԹԻ ԾԱԿ ՈՒՆԻ»

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)
-ՀՅԴ-ն բավականին խիստ է քննադատում ՀՀԿ թեկնածուին` Տարոն Մարգարյանին, համարում է ոչ միայն վատ քաղաքապետ, այլև հեգնում, թե ՀՀԿ-ն իր «ռաբիս» ճաշակով չի կարող մայրաքաղաք ղեկավարել:
-Դուք ականատես եք, որ մենք չենք հակադարձում այդ ամենին: Որքան չենք հակադարձում, այնքան կրքերը բորբոքվում են ու անհասկանալի են դառնում: Այն, որ այսօր ընդդիմությունն է ՀՀԿ-ի համար դրական միջավայր ստեղծում, որևէ մեկը չէր կարող անել: Այնպես որ, դա էլ մեր ռազմավարությունն է: Իսկ հակադարձել, բնականաբար, կարելի է` հիշել-բերել-կպցնել-դնել: Չենք գնում այդ ճանապարհով: Մանավանդ քաղաքական ուժեր էլ կան, որ իրենց հնարավորությունները հաշվի չեն էլ առել: Այսինքն, հակադարձումներ լինում են, երբ մրցակից ունես, որը փորձում է ամեն կերպ քեզնից առաջ անցնել: Այս պահին նման բան չունենք:
-Այսինքն, այս ընտրություններում ձեզ մրցակից չե՞ք տեսնում:
-Մրցակից բոլորին ենք համարում, բայց այնպիսին, որը ոչ դրական մեսիջներով կկարողանա մեզ հետ մրցակցել, չենք տեսնում: Ավելին, այդ քննադատություններն օգնում են, որ հասարակության գերակշիռ մասն իր անվտանգության ապահովման հեռանկարը տեսնի ՀՀԿ-ի հետ:
-Աղվան Վարդանյանը հայտարարել էր, թե այն կուսակցությունը, որն ունի ամեն ինչ, լճանում է, նեխում, հոտում: Ակնհայտ է, որ «ամեն ինչ» ունի ՀՀԿ-ն, ուրեմն ձեզ մոտ «նեխմա՞ն» գործընթաց է:
-Նայած, թե ով ինչ քթի ծակ ունի: Պիտի նայեն իրենց քթին: Բնականաբար, իմ մեջ էլ են կրքերը հասունանում, երբ խոսքը վերաբերում է Տարոն Մարգարյանին, որովհետև շատ փոքր հասակից գիտեմ նրան: Պարզից էլ պարզ է, որ, համայնքի ղեկավար լինելով, բավականին լուրջ ցուցանիշներ ներկայացրեց հասարակությանը: Այդպիսի գործիչներ պիտի լինեն: ՀՀԿ-ի ամենակարևորագույն առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ երիտասարդներին, աստիճանաբար անցկացնելով կուսակցության քաղաքական քուրայով, նախապատրաստում է հետագայի համար: Մեր գործողություններն ու սկզբունքները ինքնանպատակ չեն:
-Տարոն Մարգարյանի հասցեին հնչող քննադատություններից մեկն էլ այն է, որ նա քաղաքական անձ չէ, իսկ սա քաղաքական ընտրություն է:
-Տարոն Մարգարյանը չի կարող քաղաքական անձ չլինել, որովհետև թրծվել է քաղաքական քուրայում, փոքր հասակից տեսել է ամենակայացած, ամենայուրօրինակ քաղաքական գործիչների: Տարիների ընթացքում, բնականաբար, նրանց հետ նստել-վեր է կացել: Սակայն նա ոչ թե քաղաքական հնարքների ճանապարհով է գնում, այլ կառավարչի դեր է տանում: Հենց այդպիսին էլ պիտի լինի Երևանի քաղաքապետը, որպեսզի այլ քաղաքական ուժերի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք չունենա:

Նկատած կլինեք նաև, որ Տարոն Մարգարյանը ոչ մի լրագրողի հարցերի չի պատասխանում:
-Ինչը բացասական է:
-Ես կարծում եմ` ամենադրականն է, որովհետև քարոզարշավի մեջ ես լինում, քո մեջ էլ կրքեր են հասունանում, որը հասարակությանը ներկայացնելիս կդիտվի ոչ թե կատարյալ, այլ սուբյեկտիվ վերաբերմունք, ինչպես մյուս քաղաքական գործիչների պարագայում է: Սկզբում բարեկիրթ գնացին, գնացին ու հանկարծ այնքան տարվեցին այդ գործով, որ արդեն պատկերացնում են քաղաքապետի աթոռն ինչպիսի աթոռ է, ինչ սենյակ ունի, բա շե՜նքը, բա ամեն ի՜նչը: Այսպես մթագնում է ուղեղը` ճանապարհ տալով ՀՀԿ-ին:

«ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է»

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-ԲՀԿ-ի ողջ քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը չկար, բայց «վերջնագծում» հանկարծ հայտնվեց ու` մարդաշատ հանրահավաքով: Նրա «մուտքը» ինչո՞վ էր պայմանավորված:
-Մյուս կուսակցությունների ղեկավարները երևի բակերում հանդիպումնե՞ր են միշտ անում, իսկ մենք հե՞տ ենք մնացել: Կուսակցությունների ղեկավարներից որևէ մեկը բակային հանդիպումների չի գնացել: Իհարկե, սրանով չի պայմանավորված: Ծառուկյանը մեկ անգամ մասնակցեց, էլի է մասնակցելու, դեռ քարոզչության ժամանակ կա:
-Պարզապես այս ողջ ընթացքում շա՜տ լուռ էր: Դրա համար պատճառ կա՞ր:
-Ոչ: Մենք քարոզչական խմբեր ենք ձևավորել, որոնք քաղաքի տարբեր վարչական շրջաններում մարդկանց հետ մտերմիկ խոսելու համար բակային հանդիպումներ են անցկացնելու, մեր ուզածն ասելու: Այստեղ որևէ բան փնտրել պետք չէ:
-Ծառուկյանը, այդուհանդերձ, իր աջակցությո՞ւնը բերեց ԲՀԿ-ի քարոզչությանը:
-Անշուշտ, սա կուսակցական ընտրություն է, ու ոնց կլինի կուսակցության ղեկավարը չխառնվի: Ծառուկյանը մեր բոլոր քննարկումներին մասնակցում է:
-Հնարավոր է, որ Ծառուկյանի «հայտնությունը» նաև պայմանավորված էր նրանով, որ ձեր հանդիպումները սակավամա՞րդ էին:
-Մենք ենք այդպես կազմակերպել: Բակային հանդիպումներ էին, ոչ թե միտինգներ:
-Բակային հանդիպումներում էլ մարդիկ քիչ էին:
-Երեկ ես եղել եմ հանդիպմանը, և երկու հարյուր մարդ է եղել, դա քի՞չ է, թե՞ շատ: Չեմ կարծում, որ քիչ է: Ամենաքիչը եղել է քառասուն-հիսուն մարդ: Մենք փոքր խմբերով ենք գերադասում, որպեսզի բացատրենք, թե մինչև վերջ ինչ ենք ուզում անել:
-Օսկանյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն պիտի ընդդիմություն դառնա: Այդ հարցը դեռ չե՞ք քննարկել կուսակցությունում:
-Քաղաքական շրջանակները և մամուլը մի քիչ շատ դրա շուրջ ծավալվեցին, քան իմաստ ուներ: Այդ քննարկումը, բնականաբար, կլինի:
-Ե՞րբ:
-Հիմա օրակարգում նման հարց չկա: Ցանկացած ժամանակ կարող ենք քննարկել: Կարծում եմ` նման հարց քննարկելու իմաստ կա, բայց ասել, թե այդ հարցի պատասխանը չենք տվել, ու ինչ-որ բան չի ստացվի, այդպես չէ:
-Բոլոր քաղաքական ուժերը կասկածանքով են վերաբերվում «այլընտրանք» կոչված դիրքորոշմանը:
-Չեմ կարծում, որ բոլոր քաղաքական ուժերն են այդպես համարում: Ավելի շատ լրատվական դաշտն է դա շահարկում, ուղղորդված կարծիքներ են լինում: Ի վերջո, գնահատական տվողը ժողովուրդն է: ԲՀԿ-ն այդ նույն կարգավիճակով շուրջ կես միլիոն ձայն է հավաքել:

Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ