Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ռեալ, պրակտիկ ու կյանքի մարդ եմ»

«Ռեալ, պրակտիկ ու կյանքի մարդ եմ»
30.04.2013 | 02:17

Այս ընտրությունների ամենամեծ «նոու-հաուն», թերևս, ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ «հայտնությունն» էր: Մարդը երեսուն տարի «կքալեր բեմին» վրա որպես զորավար, կներեք` որպես ոստիկան, մենք չգիտեինք: Չորս տարի է` ԱԻ նախարար է, յուր նախարարությունը դարձել է աշխարհի 160 ԱԻ նախարարություններից հիսուն ամենալավերից մեկը: Հա, չմոռանանք, ինչպես միշտ` գեներալ է: Դոկտոր-պրոֆեսոր: Նույն ինքը` Ջեյմս Բոնդ: Կայքերն են գրում: Էն օրն էլ իր հետևում կախված նկարներից մեկում Ռեմբոյի նկարն էր, մտածեցի` ի՞նչ գործ ունի միստր Սիլվեստր Ստալոնեն ՕԵԿ քարոզարշավում, ուշադիր նայեցի, տեսա` Երիցյանն է, պարզապես ակնոցով: Բա իր խոսե՜լը: Էս ոստիկանությունում, դու մի ասա, սուբլիմացիոն կենտրոն է գործել, չենք իմացել (Վանոյին պիտի դիմել էս կարգի տրանսֆորմացիոն հարցերով), Մելքոնյան-ոստիկանի ֆեյսբուքյան «երևումը» դեռ չմարսած, ասպարեզ իջավ Վովա Գասպարյանը` իր «նոու-հաուներով»` ինաուգուրացիոն ու Գյումրվա, հիմա էլ Արմեն Երիցյանն է մի էնպիսի երևանցու կերպար ստեղծել, որ «Առաջին սիրո երգը» ֆիլմի բոլոր հերոսները միասին վերցրած ղալաթ են արել:
Բայց դեռ` գործից.

-Պարոն Երիցյան, քարոզարշավը գրեթե ավարտվում է, նախ կառանձնացնե՞ք խնդիրների այն ցանկը, որը կցանկանայիք, որպես ապագա քաղաքապետ, լուծված տեսնել:
-Ճանապարհների բարեկարգում: Աղբահանություն` մաքուր Երևան: Տրանսպորտի բարելավում, ծայրամասերի դինամիկ կապ քաղաքի կենտրոնի հետ: Վթարային շենքերի ամրացում: Եվ ամենակարևորը` քաղաքապետի եռամսյա հաշվետվություն երևանցուն, վարչական ղեկավարների ամիսը մեկ շրջագայություն թաղերով, երևանցու հետ առարկայական-ինտենսիվ շփում, ինչը, ցավոք, այսօր իսպառ բացակայում է և, իհարկե, հին, բարի երևանցու, նրա «դուխի», կոլորիտային մտածողության վերականգնում:
-Համարյա` 9-11, ինչպես ԱԻՆ-ում:
-Կատակում եք, բայց որ քաղաքապետ դարձա, հետադարձ հայացքով ԱԻՆ իմ ամենամեծ գործը համարելու եմ հենց այդ ծառայության` 9-11-ի ստեղծումը: Գիտեք` տարեկան մեկ միլիոնից ավելի զանգեր ենք ստանում: Մեկ օրվա կտրվածքով 400-500 զանգ` աղետներից, դժվարություններից պաշտպանելու այդքան զանգ` մեր քաղաքացուց: Եթե այդ զանգերը փոխարկեք ճակատագրերի, ապա ինքնին հասկանալի կդառնա, թե ինչի հետ իրականում գործ ունենք: Ընդ որում, ես դեռ չեմ լսել, որ մեր ծառայությունից դժգոհող լինի: Հակառակը` որքան ուզեք:
-Ադիբեկ Ահարոնյանն ահավոր հետաքրքիր խորհուրդ էր Ձեզ տվել քարոզարշավի սկզբում. ասել էր, եթե այս ընթացքում Արմեն Երիցյանը մի մանուկի փրկի հրդեհից, կամ անկողնում պառկած տատիկին գրկած հանի հրդեհից, ապա նրա իմիջն ահավոր կբարձրանա: Չե՞ք պատրաստվում:
-Ո՜չ: Ո՛չ: Իհարկե` ոչ:
-Ափսոս: Հետաքրքիր կլիներ: Իսկ ինչո՞ւ:
-Ես ռեալ, պրակտիկ և կյանքի մարդ եմ. Աստված մի արասցե, մի երեխայի կամ մի տատիկի նման բան պատահի: Փրկարարների գործն է դա, և ոչ թե` թատրոն: Ցուցադրական բաներ անելը, կարծում եմ, տղամարդուն վայել չէ:
-Լավ, ուրեմն վերադառնանք քաղաքի խնդիրներին: Այ, Դուք նշեցիք քաղաքային հոգսերի բավականին մեծ շարք, բայց չէ՞ որ դրանք նաև բյուջետային փաթեթ են իրենցից ներկայացնում: Իսկ փող հանրապետությունում, ինչպես գիտեք, չկա:
-Ես չեմ կարծում, որ երթուղային տաքսիների խնդիրը կապ ունի բյուջեի հետ: Ես չեմ կարծում, որ աղբահանությունը լուրջ ծախսային խնդիր է: Ես չեմ կարծում, որ առնետների խնդիրը շատ ծախսային է, սակայն բազմաբնակարան բոլոր շենքերի բնակիչներն ահավոր բողոքում են դրանից: Կարելի է որոշակի խնդիրների հետ կապված մրցակցային դաշտ ապահովել, աշխատատեղեր բացել, ՊՈԱԿ-ներ ստեղծել: Ցանկություն ու կամք է պարզապես պետք, ու եթե թաղապետը իրեն նեղություն տա հանդիպի, տեսնի, իմանա երևանցու այդ հոգսերի մասին` տեղում, լուծումն էլ ինքնաբերաբար կծնվի:
-Հասկացա: Իսկ սոցցանցերին հետևո՞ւմ եք, գիտե՞ք` Ձեր և այլոց քարոզարշավի մասով ինչ է կատարվում այդ «ցանցերում»:
-Այո:
-Ե՞վ:
-Դրական և բուռն է շատ, ինչպես վայել է սոցցանցին: Արտառոց ոչինչ չեմ նկատում:
-Կա՞ք սոցցանցերում:
-Ե՛վ կուսակցությունով, և՛ քարոզչակական խմբերով, այո, մանրակրկիտ «կանք»:
-Իսկ անձա՞մբ:
-Ոչ:
-Պատրաստվո՞ւմ եք:
-Ոչ:
-Ինչո՞ւ:
-Շա՜տ զբաղված եմ մշտապես, ժամանակը չի հերիքում, համ էլ կուսակցությունն ակտիվ ներգրավված է:
-Է՜, պարոն Երիցյան, կառավարության ղեկավարը կա, Տարոն Մարգարյանը կա, Օսկանյանը կա: Ե՞վ…
-Փորձում եմ ինքս ինձ հետ լինել:
-Շատ էլ ճիշտ եք անում. էնքան ծանր հիվանդություն է, բռնկվում ես, էլ չես կարողանում բուժվել: Փաստորեն, չե՛ք ցանկանում «հիվանդանալ»:
-Կմտածեմ, կմտածեմ: Գուցե և փորձեմ:
-Փորձեք։ Ես էլ կլինեմ Ձեր վիրտուալ ընկերը: Պարոն Երիցյան, իսկ եթե Դուք չլինեիք թեկնածու, ո՞ւմ կընտրեիք քաղաքապետ:
-Էն ժամանա՜կ էլ ինձ կընտրեի:

Ճեպազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ