Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՀԱԿ-ից սփրթնած իշխանությունից «հ» տառն էլ չի մնալու»

«ՀԱԿ-ից սփրթնած իշխանությունից «հ» տառն էլ չի մնալու»
01.05.2013 | 19:03

ՀԱԿ կուսակցության երեկվա նախընտրական հանրահավաքն ուղղված էր երևանյան լսարանին և ամբողջովին նվիրված էր իշխանությունների քննադատությանը: Խոսեցին իշխանությունների հարստություններից և այն մասին, թե հենց որ Երևանի իշխանությունը փոխվի, կփոխվի նաև երկրի վիճակը: ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, օրինակ, «կիսվեց» քարոզարշավից ստացած իր տպավորություններով, ասաց, որ մայրաքաղաքցիները «կարոտ են փոփոխությունների, թեև երևանցիներից դեռևս բոլորը չեն, որ համամիտ են մեզ հետ, որ ավագանու ընտրությունները առաջին և շատ կարևոր քայլն են այս ուղղությամբ», ինչը նշանակում է, թե երևանցիների համար, այնուամենայնիվ, քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն:
ՀԱԿ-ը չմոռացավ նաև մեսիջներ ուղարկել ընտրություններին մասնակցող մյուս ուժերին: Արամ Մանուկյանը հանրահավաքից առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած քաղաքապետի թեկնածուների միջև եղած քննարկումների տպավորության տակ էր, որում կեսբերան պայմանավորվածություն է ձեռք բերվել ընտրություններից հետո միավորման շուրջ, իսկ «Բարև, Երևան» դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է այդ առնչությամբ նախնական խոստումներ տալուց: Նա նշեց, որ «ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել և Երևանը միասնականության միջոցով ազատագրել իշխանության ձեռքից»: Մանուկյանը հավելեց, թե «ոչ իշխանական ուժերի գործընկերությունն իրենց օգուտ է, որ կուսակցությունն էլ լինի»:
Լևոն Զուրաբյանն էլ կասկածի տակ դրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հավատքի անկեղծությունը` ձեռքի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի «բոստանը քար գցելով». «Դրսից Հայաստան եկած մեկը կմտածի, թե Հայաստանի ղեկավարները քրիստոնեական բարոյականության և եռանդուն հայրենասիրության քայլող մարմնավորումներ են կամ ազգի պահապան հրեշտակներ: Ոստիկանապետը հրահանգել է բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Տեր Հիսուս Քրիստոսի պատկերները. ո՞ր երկրի ոստիկանապետին է երբևէ հաջողվել հազարավոր ցուցարարներին ցրել ոչ թե ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով, այլ նրանց առաջնորդած գործչի հետ աղոթելով, ընթացքում սովորեցնելով վերջինիս նորանոր աղոթքներ»: Իհարկե, չհասկացվեց, թե Զուրաբյանը ինչու էր դժգոհ այն բանից, որ ցուցարարներին ոստիկանապետը ցրել է ոչ թե ջրցան մեքենաներով կամ արցունքաբեր գազով, այլ աղոթքով: Նույնքան անհասկանալի էր, թե ինչ է սպասում ՀԱԿ-ը «Բարև, Երևանից», եթե հեգնում է Րաֆֆի Հովհաննիսյանի` ոստիկանապետի հետ աղոթքը: Հանրահավաքում անդրադարձ եղավ նաև ՀԱԿ-ի նկատմամբ հեռուստաընկերությունների վերաբերմունքին: Մասնավորապես, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց. «Հիմա որ հեռուստաընկերությունը բացում ես, մեկ-երկու բացառությամբ, բոլորը խոսում են Կոնգրեսից: Բա դրանից էլ լավ ապացույց, որ մեզնից սփրթնած են: Միշտ էլ սփրթնելու են... Իշխանությունից հեռացվելուց հետո հանրապետականից «հ» տառն էլ չի մնալու»:
ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի ելույթը, թերևս, ամենահամակարգվածն ու ըստ էության հնչած խոսքն էր: Նա նշեց, որ իր համար կարևորվող հարցերի շրջանակը բավականին լայն է`սկսած կանաչապատ տարածքների պահպանման անհրաժեշտությունից, վերջացրած կադրերի` անկուսակացականության սկզբունքով ընտրությունից:
Վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ 2013-ի նախագահական ընտրություններին, դիտորդական առաքելությունների` այդ ընտրությունների վերաբերյալ արված գնահատականին, Սերժ Սարգսյանի` այսուհետ սպասվելիք քաղաքականությանը, և, իհարկե, Երևանի ավագանու ընտրություններին: Առաջին նախագահն ակնարկեց, որ ՀԱԿ պայքարը երկարատև պայքար է, հասկացնելով, որ ՀԱԿ համակիրները հույս չունենան, թե մեկ ընտրությամբ հարց է լուծվելու, կամ եթե այս անգամ էլ ՀԱԿ-ը պարտություն կրի, ապա չի նշանակում, թե իրենց պայքարը չի շարունակվում. «Ով պատրաստ չէ անշահախնդիր, երկարատև պայքարի, Կոնգրեսի շարքերում տեղ չունի»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ