«Բարբարոսայի հատուկ թղթապանակ» հիշեցնող այդ պլանները ձանձրացրել են թե՛ ուկրաինացիներին, թե՛ ռուսներին

«Բարբարոսայի հատուկ թղթապանակ» հիշեցնող այդ պլանները ձանձրացրել են թե՛ ուկրաինացիներին, թե՛ ռուսներին
03.05.2013 | 00:09

ՈՒկրաինան, որպես մի երկիր, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս ընդդեմ ՆԱՏՕ-ի, և որտեղ միաժամանակ նկատելի քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն է հանդես բերվում, չի կարող երբևէ ընդունվել դաշնախմբի մեջ, անգամ բնակչության շրջանում «բացատրական լայն աշխատանքի» անցկացման պարագայում։
Այս առումով, ՈՒկրաինայի հարավարևելյան շրջանները, որոնք դարձել են հականատօյական քաղաքականության միջնաբերդ, ոչ թե սոսկ «հատուկ կարծիք» ունեցող միավորներ են, այլ, ուշադրության առնելով նրանց արդյունաբերական ու տնտեսական կարողությունը, կպահպանեն Արևելյան Եվրոպայի քաղաքական դաշտի «առանցքային օբյեկտի», միաժամանակ և «առանցքային սուբյեկտի» գործառույթը։ Մինչ օրս այդ շրջանների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները սոսկ նախերգանքն են սպասվող առճակատումների։ Կասկած չկա, որ տնտեսապես այնքան կարևոր այդ շրջանները չեն ցանկանա դառնալ Կիևի քաղաքական դաշտի սովորական տարր ու միաժամանակ չեն դառնա պարզապես Մոսկվայի քաղաքականության «դամ պահող»։ Դա բնական է, քանի որ Եվրոպայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական և քաղաքական առումով կարևոր շատ շրջաններ ձգտում են շատ թե քիչ ինքնուրույն խաղացողներ դառնալ։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի և ՈՒկրաինայի հարավարևելյան շրջանների միջև մի տեսակ հակասական հարաբերություններ են ստեղծվել, թեև դեռևս լուրջ տարաձայնության չեն հանգեցրել։ Ընդհակառակը, այդ տարածաշրջաններում դրանք ընկալվում են որպես Կիևի հետ երկխոսության ռեսուրս։
Ռուսաստանի համակարգային փլուզմանը բավական երկար ժամանակ որոշ պետություններ հետևում էին երկյուղով, որոշ պետություններ էլ` հույսով, նայած թե ինչ շահ էր հետապնդում դրանցից յուրաքանչյուրը։ Միաժամանակ Ռուսաստանի հակառակորդի դերում հանդես եկող երկրների քաղաքական շատ խմբավորումներ հասկանում էին, որ Ռուսաստանի չափազանց շատ թուլացումը, առավել ևս փլուզումը վտանգավոր են իրենց երկրների համար։ Իրականում քաղաքական դասի հազվադեպ խմբերի է սրտամոտ ռուսական պետության կործանման գաղափարը։ ՈՒ թեև այդ խմբերը լուսանցքային չեն, բայց և չեն արտահայտում բնակչության ծանրակշիռ խավերի տրամադրությունները։ Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի` նախկինում ԽՍՀՄ-ի ազդեցության տակ գտնված յուրաքանչյուր պետություն անցնում է իմաստավորման, գերակայությունների ընտրության, աշխարհաքաղաքական կողմնորոշումների, ինչպես նաև Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի իր ուղին։ Ընդ որում, Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ոչ թե ելնելով որոշակի պատմամշակութային տիպի պատկանելությունից, այլ զուտ անվտանգության խնդիրների լուծման հրամայականից, տնտեսական նպատակահարմարությունից, կառավարող շրջանակների շահերից։ Արևելաեվրոպական ու եվրասիական տարածությունը ցույց է տվել կամ քաղաքակրթությունների բախման դոկտրինի սնամեջությունը, կամ էլ այն, որ քաղաքակրթությունների մասին պատկերացումները հնացել են և վերաիմաստավորման կարիք ունեն։ Այլապես բավարար փաստարկներ չկան հիմնավորելու ՈՒկրաինայի նման պետությունների դիրքորոշումը։
Ռուս հասարակությունը, ներառյալ ազատական ու արևմտամետ խմբավորումները, լիովին գիտակցում է, որ Ռուսաստանին ծնկի բերելու, հետագա մասնակի փլուզման դատապարտված, էներգիայի և հումքի մատակարարի դիրք ունեցող, վերահսկելի պետության վիճակի հասցնելու պլաններ կան։ «Բարբարոսայի հատուկ թղթապանակ» հիշեցնող այդ պլանները չէին կարող ընդունվել ռուս ժողովրդի կողմից, որը ուժային կառույցների միջոցով ձեռնամուխ եղավ իր պետության վերածնությանը։ Ցավոք, Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունն ընդունակ չէր գործուն դիրք բռնելու փլուզման այդ թշնամական քաղաքականության նկատմամբ։ Նա մինչև հիմա էլ իր առարկայական դիրքորոշումը չի արտահայտել երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, նախընտրելով սպասողականությունն ու փայփայելով սպառողական իդեալներ։ ՈՒստի պատմական այդ ժամանակաշրջանի համար շատ դրական, հնարավոր է և միակ ելքը ազգայնական հայրենասերների կառավարող թիմի կազմավորումն է։ Ռուսաստանի այդ կառավարող վերնախավն արժանացել է ռուս ժողովրդի, ինչպես նաև այն բոլոր տեղաբնիկ ժողովուրդների լայն աջակցությանը, որոնք իրենց պատմական հայրենիքի ապագան կապում են Ռուսաստանի հետ։ Դրա հետ մեկտեղ, կառավարող վարչակազմի առջև երկընտրանք է կանգնած. որպես քաղաքական գաղափարախոսություն ընտրել ուղղափառ, եվրասիական ավանդականության վրա հիմնված պետական ազգայնականությո՞ւնը, թե՞ էթնիկ ազգայնականությունը։ Վերջինս Ռուսաստանի տվյալ կոնկրետ պայմաններում հանդես է գալիս որպես գործիք քաղաքական, վարչական, ձեռնարկչական, տեղեկատվական, կրոնական, տարածաշրջանային և ազգային բնույթի տարբեր կորպորատիվ խմբավորումների ձեռքին։ Բայց պետք է նկատել նաև, որ Ռուսաստանում նախապատրաստվում է դեգրադացված «լուսանցքային գործիչների» էթնիկ ազգայնական հեղափոխություն, և դրանց շարքերում քիչ չեն փլուզման տարիներին գլուխները կորցրած ռուս մտավորականները։
Հարկ է նշել, որ 80-ականների սկզբին Ռուսաստանում ծնունդ առած և 90-ականներին զարգացում ստացած ազգայնական կազմակերպությունները երբեք ունիվերսալ էթնիկ ազգայնականություն չեն դավանել, կասկածի տակ չեն առել ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները, բայց հանդես են եկել հակառուսական, գործակալական կառույցների հետ էթնիկ խմբավորումների միավորման դեմ։ Չափազանցություն չի լինի ասել, որ արևմտամետ ոչ կառավարական շատ կազմակերպություններ «որդեգրել» են հենց այդ ազգայնական կազմակերպությունների գաղափարներն ու մտքերը։ Դրանք են` պատմաճարտարապետական հուշարձանների, ռուսաց լեզվի, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ստալինյան բռնությունների, կոմունիստական կուսակցության ու ապարատի հանցանքների դատապարտումը։ Այս բոլոր գաղափարները համակարգային փլուզման շրջանում Արևմուտքի ու նրա հետևորդների կողմից ակտիվորեն օգտագործվել են և հիմա էլ օգտագործվում են։ Դա վկայում է այն մասին, որ ռուսական ազգայնականությունը, պաշտպանություն չգտնելով ռուս հանրության շրջանում, հեշտորեն դարձել է թշնամական խմբավորումների ու կազմակերպությունների գաղափարների ու նախագծերի աղբյուր։
Կարելի է վկայել, որ Ռուսաստանի ազգայնական կազմակերպությունների ղեկավարներն ուղղակի խուճապահար էին ռասիզմի ու նացիզմի դրսևորումներից, իրենց շարքերից դուրս էին վռնդում այն գործակալներին և անհավասարակշիռ անձանց, որոնք քարոզում էին Ռուսաստանի համար կործանարար այդ գաղափարները։
Ժամանակակից ռուս հանրությունն ավելի ու ավելի է գիտակցում, որ ռուսական պետության բախտը որոշվում է ՈՒկրաինայում, ՈՒկրաինայի համար մղվող պայքարում, քանի որ Ռուսաստանի համար շատ հարմարավետ ու հասկանալի եվրասիականության ռազմավարությունն ու գաղափարախոսությունը կախված են ՈՒկրաինայի դերից ու մասնակցությունից, որովհետև առանց ՈՒկրաինայի հետ սերտ դաշինքի եվրասիականությունը կվերածվի տափակ ասիացիության, որը և կդառնա Ռուսաստանին սպառնացող գլխավոր վտանգը։ ՈՒկրաինայի հետ լարված հարաբերությունների հետևանքով Ռուսաստանում ծնունդ են առնում ազգային երկպառակության այնպիսի ձևեր, որոնք նախկինում երբեք նման լարվածություն չեն ունեցել։ Խոսքը ՈՒկրաինայի և ուկրաինական ժողովրդի հանդեպ թշնամության մասին է։ Անհանդուրժողականություն է նկատվում ուկրաիներենի, ուկրաինական մշակույթի, ՈՒկրաինայի պատմության որոշ վարկածների նկատմամբ։ Ինչ-որ չափով դա դառնում է ՈՒկրաինան, հատկապես երկրի հարավարևելյան և այլ տարածաշրջանները «ուկրաինականացնելու» փորձերին ցուցաբերվող պատասխան վերաբերմունք։ Միաժամանակ, ռուս հանրության շրջանում հակաուկրաինական դրսևորումները լայնորեն տարածված տրամադրություններից բխող պահանջ չեն։ Պետք է միանգամայն պարզորոշ հասկանալ, որ Ռուսաստանում կան ուժի լուրջ կենտրոններ, որոնք ՈՒկրաինայի տարածքային-քաղաքական պառակտման կուրս են վերցրել և համոզված են այդ նախագծի լիակատար արդարացիությանն ու իրագործելիությանը։ ՈՒժի այդ կենտրոնները հույս ունեն, որ ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության գործընթացը կհանգեցնի երկրի ինքնաբերական պառակտմանը։ Ընդ որում, այս գնահատականին համամիտ են նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի փորձագետները։ Մեկ այլ կարծիքի համաձայն, որին համամիտ են ռուսական վարչակազմի պաշտոնատար անձանցից շատերը, Եվրամիությանը ՈՒկրաինայի, ինչպես նաև Թուրքիայի անդամակցությունը կհանգեցնի այդ ընկերակցության կազմալուծմանը։ Միանգամայն հասկանալի է դառնում, որ ռուսների և ուկրաինացիների պառակտվածությունը շատ վտանգավոր ձևեր է ընդունում, և առաջ են գալիս մի ամբողջ շարք վտանգավոր մտահղացումներ ու նախագծեր։ Այս ամենն ունի շատ ցավագին հիմնավորումներ։ Ռուս ժողովուրդը կարող էր հաշտվել այն բանի հետ, որ Սևաստոպոլը երկուսի ծովային ռազմաբազան է, բայց երբ այն վերածվում է ամերիկյան կամ բրիտանական նավատորմի բազավորման նավահանգստի, ապա հավերժական սուր առճակատումն անխուսափելի է։ Ռուսական քաղաքականության ուկրաինական ուղղությունը կարող է դառնալ Ռուսաստանի ներքին քաղաքականության կարևորագույն գործոն, ինչից կախված կլինի իշխանության ճանաչվածությունը, բայց բացառապես ապակառուցողական ու բացասական տեսանկյունից։
Երբ նախագահ Վ. Պուտինը 2005 թ. Կազանում Ռուսաստանը հանդիսավորությամբ հռչակեց որպես եվրասիական երկիր, երևում է հիմնավորապես մոռացել էր ՈՒկրաինան։ Իսկ հիմա ՈՒկրաինայի հետ հարաբերություններում առկա լարվածությունն ապացուցում է, որ ռուսական գաղափարախոսությունը, ինչպես երբեք, բազմազանության կարիք ունի։ Սակայն առաջանում է մեկ այլ խնդիր, որը երբեք հաշվի չեն առել ռուս քաղաքագետները, առավել ևս, քաղգործիչները։ Պարզվում է, որ ուկրաինական հանրությունը, փաստորեն, չի ընդունում եվրասիական գաղափարը, առավել ևս եվրասիական պաշտպանական դաշինքը։ Եվրոպամետ տրամադրությունները ¥ոչ միայն մտավորականության շրջանում¤ և գլխավորը` գործարար շրջանակների ձգտումներն այնքան ուժեղ են, որ եվրասիականությունն ՈՒկրաինայում ընկալվում է որպես խորթ, անգամ թշնամական դոկտրին։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի ու ավելի են ՈՒկրաինայում ընկալվում ոչ որպես Արևմուտքի հետ հարաբերությունների այլընտրանք, այլ Եվրոպական ընկերակցությանը համատեղ ինտեգրվելու հնարավորություն։ Ռուս-չինական դաշինքը, առհասարակ, ՈՒկրաինայի համար անհասկանալի մի բան է ուկրաինական ազգային շահերի տեսանկյունից։ Այսինքն, Ռուսաստանի քաղաքականության մեջ եվրասիական վեկտորի ուժեղացման համեմատ մեծանում են ՈՒկրաինայի քաղաքական խավի անվստահությունն ու զգուշավորությունը։
Մինչդեռ Ռուսաստանի առջև կանգնած է սոսկ ազգային անվտանգության ապահովման խնդիրը։ Նա դեռևս գտնվում է խոր պաշտպանությունում և մինչև իսկական աշխարհաքաղաքական էքսպանսիան դեռ շատ ճանապարհ ունի անցնելու։ ՈՒնիվերսալ եվրասիական տարածության ստեղծման գաղափարը կարիք ունի մի շարք տարրական պայմանների ճշգրտման, օրինակ` ՈՒկրաինան և Բելառուսը եվրասիական հասարակություններ ու պետություննե՞ր են, թե՞ ոչ, արդյոք շատ մեծ չէ՞ եվրասիական «ճողվածքը», և դրա հետևանքով այդ գաղափարախոսության խնդիրները քննարկվում են ոչ թե Կիևում, այլ, ասենք, Կազանում, երևակայական չէ՞, արդյոք, ռուս-չինական դաշինքը, գերմանական և ընդհանուր եվրոպական կողմնորոշումն արդյոք ծուղակ չէ՞ Ռուսաստանի համար։ Բայց գլխավոր խնդիրն այն է, որ Ռուսաստանը, այնքան համառորեն ջանալով ընդօրինակել ԱՄՆ-ին տարածաշրջանային քաղաքականության հարցերում, հայտնվեց անշահեկան վիճակում, այն իմաստով, թե ով է ընդունում արտքաղաքական որոշումները։
Ռուսաստանի գլխավոր աշխարհաքաղաքական առավելությունը ոչ թե էներգետիկ և հումքային պաշարների առկայությունն է, այլ իր տարածքները, աշխարհաքաղաքական կետերն ու հանգույցները, կարևորագույն հաղորդուղիները վերահսկելու իրական հնարավորությունը։ Այդ խնդիրը կարելի է իրացնել, և առաջիկա տասնամյակներում Ռուսաստանի անվտանգությունը կարելի է ապահովել միայն այն ծայրաստիճան վնասաբեր աշխարհաքաղաքական տարածության վերափոխմամբ, որը կազմավորվել էր բոլշևիկյան պարագլուխների կողմից` ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից։ Իրենց ներկա սահմաններով որոշ պետությունների գոյությունը մեծ վտանգ է Ռուսաստանի համար։ Միաժամանակ, այդ աշխարհաքաղաքական ուրվապատկերը բացարձակ անարդար է, պարունակում է ռասիզմի ու նացիզմի առաջացման հրեշավոր ձևեր։ Այսպիսով, Ռուսաստանի շահերը համապատասխանում են ոչ թե սոսկ անվտանգության պահանջին, այլ ազգային արդարության խնդիրներին։ Նման Ռուսաստանը հետաքրքիր է շատերի համար, նման քաղաքականության շնորհիվ Ռուսաստանը ձեռք է բերում հուսալի գործընկերներ, գուցե և նույնիսկ բարեկամներ` ի դեմս թե՛ փոքր ժողովուրդների և թե՛ խոշոր տերությունների։ Սակայն այդ քաղաքականության հաջողությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի ներքին իրադրության, պետական ազգայնականության դոկտրինի ձևավորման և էթնիկ ազգայնականության մերժման հետ։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ հզոր պետություն, չի կարող իր անվտանգության քաղաքականությունը կառուցել անգամ ամենափոքր պետությունների հետ առճակատման պարագայում։ Ռուսաստանը, որը կարողացել է շատ ավելի նախընտրելի հարաբերություններ հաստատել Արևմուտքի առաջատար պետությունների, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, պետք է կարգավորի հարաբերությունները ԱՊՀ պետությունների, ՈՒկրաինայի ու Վրաստանի հետ, ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունների, Մոլդովայի հետ, Արևելյան Եվրոպայի և Բալթիկայի երկրների հետ։ Իհարկե, Ռուսաստանը կշարունակի պայքարն ընդդեմ ՆԱՏՕ-ի ընդլայնման, օգտագործելով հզոր աշխարհաքաղաքական լծակներ, բայց, ի տարբերություն Բալկանների ու Բալթիկայի, Հարավային Կովկասում, ՈՒկրաինայում և Սև ծովում լարված պայքար կծավալվի, որը կարող է հանգեցնել մեծ առճակատման, ինչի հետևանքով կարող են կործանվել առանձին պետություններ, այդ տարածաշրջանը կդառնա առավել վտանգավորը Արևելյան Եվրոպայում և սպառնալիքների մակարդակով կմրցակցի Մերձավոր Արևելքի հետ։
Առայժմ ոչինչ չի փաստում այն մասին, թե ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև ավելի հանդուրժողական հարաբերություններ են հաստատվում։ Հարաբերությունների բացարձակապես բոլոր ոլորտներում առճակատման վիճակ է։ Եվ դա երկու հավասարապես նեղ մոտեցումների գերակշռության կամ գուցե մոտեցումների ամբողջության հետևանք է։ Մի կողմից` տեղի է ունենում տնտեսական խնդիրների ուռճացում, ընդ որում, նորից մռայլ առոգանությամբ, մյուս կողմից` պատմական և մշակութային միասնության մշտական հիշատակումներն են, դարավոր բարեկամության ու շահերի միասնության, ուղղափառության նշանակության մասին խոսակցությունները։
Այս ամենն արդեն շատ է ձանձրացրել թե՛ ուկրաինացիներին, թե՛ ռուսներին։ Բայց գլխավորն այն է, որ դրանում քաղաքակիրթ մոտեցման նշույլ իսկ չկա։ Դա ընդամենը քաղաքական ցածրաճաշակ խաղ է։ Եվրասիական գաղափարը չպետք է արհամարհվի ու մերժվի անգամ ամենաաննշան չափով, բայց այն ռազմավարության նշանակալի մասը, որ Ռուսաստանը կիրառում է արևմտյան կամ եվրոպական ուղղությամբ, պետք է կրի ոչ թե հույժ ազգային, այլ ռուս-ուկրաինական բնույթ։ Դա շանս է երկու երկրների համար։
Պետք է հիշել. եթե ուկրաինական վերնախավը պատրաստ չէ Ռուսաստանի հետ մերձեցման խնդիրների լուծմանը, ապա ռուսական վերնախավը պետք է համախմբի քաղաքական ռեսուրսները և ՈՒկրաինան ներգրավի փոխշահավետ ռազմավարական խնդիրների մեջ, ոչ թե միայն «պարտականություններ» պարտադրի նրան։ Այդուամենայնիվ, ՈՒկրաինայի առջև ընտրության խնդիր է ծառացել, և այդ ընտրությունն ավելի ու ավելի հստակ է դառնում. կա՛մ նրա քաղաքականությունը դառնում է միջազգային պայմաններին ավելի համահունչ և բացառում է անհիմն ու միանգամայն անիրագործելի, միակողմանի ուղղվածությունը, կա՛մ էլ նրան սպասում է տարածքային-քաղաքական պառակտում և տարածքի նշանակալի մասի ինքնիշխանության կորուստ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ