Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ինչո՞ւ եք այդքան ֆետիշացրել հանրապետականին»

«Ինչո՞ւ եք այդքան ֆետիշացրել հանրապետականին»
03.05.2013 | 00:17

Հայաստանը, մի ընտրությունից «գլուխը» չազատած, հայտնվում է հաջորդի շրջապտույտում: Երևանի ավագանու ընտրությունից հետո, թերևս որոշ ժամանակ մարդիկ կապրեն առանց քաղաքական տարբեր ուժերի «բեմադրությունների», խոստումների ու քննադատությունների: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ ճեպազրույցում նշեց, որ բոլոր ընտրություններում իրեն դուր չի գալիս ատելության մեծ չափաբաժինը:

-Այսօր ինձ մտահոգում է հայի վերաբերմունքը հայի հանդեպ, որովհետև այս ատելությունը բոլոր սահմաններն անցել է,- ասաց երգչուհին:- Ատելության մեջ երկիր չես կառուցի: Եթե ատում ես դիմացինի կատարածը, ըստ արժանվույն չես գնահատում, քարկոծելով խաթարում ես նաև աշխատանքի առաջընթացը: Ամբողջ աշխարհում է այդպես, եթե օգնում ես, աջակցում, գալիս ես կողքին կանգնում, գործն առաջ է գնում:
-Առողջ քննադատությունը և՞ս ատելություն է:
-Իսկ լավ արված գործերը բարձրաձայնվո՞ւմ են: Ինչո՞ւ չեն ասում, չէ՞ որ լավ բաներ էլ շատ են լինում:
-Իշխանությունն այդ մասին անընդհատ ասում է:
-Եթե ուրիշ հարցերում հաշվի չեն նստում իշխանության ասածի հետ, հիմա ինչո՞ւ են այդպես վարվում: Պիտի լավ բանը գնահատվի, որովհետև դա թև է տալիս ու ավելի մեծ թռիչքի նպաստում: Հասկանո՞ւմ եք: Չեմ հասկանում` ինչո՞ւ են այսքան ծայրահեղ դարձել: Ո՞նց կարելի է հանդուրժել, որ հայը հայի մասին այդպես խոսի: Ո՜նց կարելի է հանդուրժել այդքան նեգատիվը, զազրախոսությունը, չարությունը: Աշխարհի պատմական կատակլիզմների օրինակների մեջ դա չի եղել նորի սկիզբ: Դա ավերիչ է: Այդպես չեն կռվում գաղափարի համար:
-Դուք Երևանի ավագանու ընտրություններում գաղափարական պայքա՞ր եք տեսնում:
-Ավելի շատ ամբիցիաների պայքար եմ տեսնում: Եթե գաղափարական, Երևանի համար սրտացավ պայքար տեսնեի, կարծում եմ, մարդիկ այն անկյունները չէին մտնի, որը մայրաքաղաքի հետ ոչ մի առնչություն չունի: Կխոսեին Երևանի մասին:
-Այսօր խոսում են նաև Տարոն Մարգարյանի եկամուտների մասին:
-Ո՜նց կարելի է այդպիսի բաներ գրել: Այդ մարդն այնքան թափանցիկ է, այսինքն` այն է, ինչ կա: Ինքն իսկապես Երևանը սիրում է ու նվիրյալ է: Եթե մենք նույնիսկ խնդիրներ ենք ունենում իրար հետ, ես այդ մասին բարձրաձայնում եմ` իմանալով, որ դրա հետ նա հաշվի է նստում: Ընդամենն իր հետ աշխատել է պետք, նա իսկապես լավ քաղաքապետ է, սիրում է Երևանը, ժողովուրդն էլ իրեն է սիրում: Շատ տգեղ է, երբ մտնում են մարդու անձնականի մեջ: Անձնականը մարդու սեփական տարածքն է ու ոչ մեկն իրավունք չունի մտնելու այնտեղ: Այնպես չէ, որ ինքն այս պաշտոնին հանկարծ հայտնվեց:
-Այնինչ ընդդիմադիրները, մեղմ ասած, կասկած են հայտնում նրա եկամուտների առնչությամբ:
-Ի՞նչն է կասկածելի: Որպես Ավանի թաղապետ, դա կասկած հարուցո՞ւմ էր: Ո՜նց կարող է մարդը այստեղ մի քիչ լավը լինի, մյուս տեղը` մի քիչ վատը: Մի քիչ հղի չեն լինում: Կամ հղի են լինում, կամ` ոչ: Եթե ինքը փայլուն թաղապետ էր ու ընդունակ չէր նման բաների, ո՞նց կարող է հիմա ընդունակ լինի: Ինչ-որ բան փոխվե՞լ է: Տարածքն է շատացել, հոգսն էլ դրա հետ: Այսինքն, ուզում են ասել, որ իրենք քարկոծում, մեղադրում են ինչ-որ բաներում Տարոնին, ինչը ոչ մի կերպ չեմ կարող համատեղել նրա կերպարի հետ, դրանով ներկայացնում են իրենց Երևանի ավագանու ծրագի՞րը: Իսկ եթե հենց ծրագրից խոսեն, ավելի գեղեցիկ ու բարոյական չի՞ լինի:
-Բոլոր ընդդիմադիրները մի հարցում համակարծիք են` Երևանում «կոտրել» ՀՀԿ-ի մենիշխանությունը: Քաղաքապետի պաշտոնը «կզիջե՞ք» ընդդիմությանը:
-Տարոն Մարգարյանը նախ և առաջ լավ հայ ընտանիքից է (դրա համար պետք չէ նոր գրքեր կարդալ), լավ երևանցի է, հետո միայն ՀՀԿ անդամ: Լավ երևանցի լինելու բոլոր քննություններն արդեն քանի տարի է` «հանձնում» է: Ես քաղաքապետ ընտրելիս նրան որպես ՀՀԿ անդամ չեմ ընկալում: Համառորեն ասում են` չէ, ինքը հանրապետական է: Հասկացանք, որ հանրապետական է, ես էլ եմ հանրապետական, բայց նախ և առաջ մարդ եմ: Ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ սևեռուն մտքեր են: Ինչո՞ւ եք այդքան ֆետիշացրել հանրապետականին: Այնքան լավ ՀՀԿ անդամներ կան, այնքան լավ երևանցիներ: Վա՞տ է, որ լավ երևանցիներն ուզում են Երևանի համար աշխատել: Հանդարտվեք:
-Ի դեպ, ԲՀԿ-ն քննադատում է ՀՀԿ-ին` ասելով, որ Երևանի տերը երևանցին է, ոչ թե ՀՀԿ-ն:
-Երևանի տերը ես եմ, դու ես, ԲՀԿ-ի երևանցիները, և ընդհանրապես Երևանի տերը բոլոր հայաստանցիներն են, քանի որ Երևանը Հայաստանի ողնաշարն է:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ