Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաղաքամա՞յր, թե՞ մայրաքաղաք

Քաղաքամա՞յր,  թե՞ մայրաքաղաք
03.05.2013 | 00:45

Վաղը լռության օր է` Երևանի ավագանու ընտրություններից առաջ: Սովորական համայնքային ընտրություն, որ, սակայն, այլ զբաղմունքներ չունենալու պատճառով, համատեղ ջանքերով դարձավ համապետական նշանակության իրադարձություն: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ընտրելու է իր քառամյա կառավարման մեխանիզմը աշխատեցնող մարդկանց: Առաջին հայացքից միայն: Որովհետև իրականում Երևանը երևանցիների համար կառավարում են մանր ու առավել մանրիկ չինովնիկներն իրենց փոքրիկ պաշտոնիկներով` ամենափոքր հարցն էլ դարձնելով ամենամեծ, տևական ու դրամական լուծում պահանջող: Եթե կասկածում եք, փորձեք չորրորդական նշանակության մի փաստաթուղթ ստանալ որևէ պաշտոնյայից: Ամենաարագը` մեկ շաբաթում:

Ի՞նչն էր բնորոշ արդեն երկրորդ անգամ անցկացվող Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին:
1. Ժամանակային առումով այնպես է ստացվել, որ Երևանի ավագանու ընտրությունները հաջորդում են նախ խորհրդարանական ընտրություններին, ապա նախագահական ընտրություններին: Քաղաքական դաշտը, ինչպես վկայեց 2008-ի և 2013-ի քարոզչության ընթացքը, նախորդ երկու ընտրություններում չի կարողանում ամբողջականորեն լուծել իր խնդիրները և իբրև վերջին հանգրվան` ավագանու ընտրությունների միջոցով է փորձում լուծել մինչ այդ չլուծած խնդիրները: Ի հետևանս` Երևանի ավագանու ընտրությունները գերքաղաքականացվում են` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Գուցե երրորդ ընտրությունից հետո արդեն Երևանի մասին օրենքի փոփոխության հարկ լինի` քաղաքապետի ուղիղ ընտրություններ անցկացնելու համար:
2. Քաղաքական ուժերը պատրաստ չեն համայնքային ընտրությունների առանձնահատկություններին` նրանց համար շատ ավելի հեշտ է համերկրային, քան համայնքային խնդիրների վերհանումն ու լուծումների առաջադրումը: Սա հետևանքն է տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանրական չկայացվածության, որ թե օրենսդրական խնդիր է, թե հայեցակարգային, թե քաղաքական, թե կառուցվածքային, թե կադրային: Իշխանական համակարգի առանձնահատկությունն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները` սկսած Երևանից, չեն կարողանում կայանալ ու արդյունավետ կառավարվել, որովհետև բոլոր մակարդակներում գործում է «Յուրայիններին ամեն ինչ, օտարներին ոչինչ» սկզբունքը, որը, բնականաբար, որևէ տեղ գրված չէ, բայց կառավարման հիերարխիայի ամենաստորինից ամենավերին սանդղակում գործում է անվրեպ:
3. Հայաստանի քաղաքական դաշտն ու էլիտան կարիք ունեն նոր մարդկանց, նոր դեմքերի, նոր գաղափարների: Թե իշխանական, թե ընդդիմադիր էլիտայի սերնդափոխության խնդիր կա` բոլոր մակարդակների ընտրություններում արդեն 20 տարի նույն մարդիկ են, նույն ծրագրերով, նույն ցանկություններով, նույն կարգախոսներով, նույն գործելաոճով: Սա նշանակում է պետության դեգրադացիա, եթե տարիներն անցնում են, խնդիրները նույն մակարդակում են:
4. Երևանցին հիմնականում անտարբեր է մնում ավագանու ընտրությունների նկատմամբ: Հայաստանցու գիտակցության մեջ իրավացի, թե հանիրավի ամրակայվել է այն տեսակետը, որ ընտրությունը նախագահի ընտրությունն է, մի քիչ էլ խորհրդարանականը, մնացած ընտրությունները իր կյանքում ոչինչ չեն փոխում ու իրեն չեն վերաբերվում: Անտարբերության ևս մի պատճառ է այն փաստը, որ իրենց բովանդակությամբ ավագանու ընտրությունները քաղաքական չեն: Այո, քաղաքական ուժեր են մասնակցում և այդքանով ընտրությունը քաղաքականացնում են, բայց ընտրությունների արդյունքում (գոնե ըստ Երևանի մասին օրենքի) քաղաքական խնդիրներ չեն լուծվում:
5. Երևանը, իբրև 21-րդ դարի մայրաքաղաք, մնում է չափազանց հակասական քաղաք իր ճարտարապետությամբ, շինարարությամբ, կառավարման համակարգով, կենսապահովման մեխանիզմներով: Երևան ընկալվում է քաղաքի Փոքր կենտրոնը, որից դուրս դեռ 20-րդ, տեղ-տեղ 19-րդ դարն է` կենսապայմաններով ու տեսքով, բնակիչների մակարդակով ու հեռանկարով:

6. Երևանին չափազանց մեծ տեղ է տրվում պետության կյանքում, բայց երևանցին չի ընկալում իր դերն ու նշանակությունը ոչ քաղաքում, ոչ պետության մեջ, ոչ սփյուռքի առաջ: Սա ընդհանրական խնդիր է: Տարօրինակ էր, որ բոլորն ուզում են գրավել Երևանը, նվաճել և ունենալ, և այդ բուռն ձգտման մեջ «մոռանում էին», որ իրենց բուն խնդիրը Երևանը պահելն է: Այն տպավորությունն էր, որ Երևանը Կարթագենն է, որ պետք է նվաճել, հետոն` գիտեք:
7. Ընտրությունները, իբրև կանոն, սկսվում ու ավարտվում են, կյանքը շարունակվում է, այս տրիվիալ ճշմարտությունը հաճախ է մոռացվում ընտրությունների քարոզարշավում ու ընտրությունների ընթացքում: Հաճախ են նախընտրական խոստումները մնում իբրև խոստում` չստանալով որևէ զարգացում` անկախ խոստումատու ուժը իշխանության հասել է և իր խոստումները կատարելու հնարավորություն ունի, թե պարտվել է, ուստի հնարավորություն չունի իր ծրագրերն իրականացնել:
Չե՞ք նկատել, որ առիթից առիթ քննադատելով ամերիկյան ընտրական համակարգը, որ 200 տարուց ավելի գոյություն ունի ու անընդմեջ գործում է, համարելով այդ համակարգը հնացած ու ընտրողների կամքը չարտահայտող, մենք այդ համակարգի բովանդակությունը դրել ենք մի կողմ, իսկ ձևը կիրառում ենք շատ ինքնատիպ կերպով: Եթե ԱՄՆ-ում նախ ընտրում են ընտրիչներին` ամեն նահանգ ըստ իր բնակչության թվի, և հետո միայն ընտրիչներն ընտրում են նահանգապետ կամ նախագահ, մենք կատարում ենք համաժողովրդական ընտրություն (համենայն դեպս, խորհրդարանի ու նախագահի պարագայում), իսկ արդյունքները, միևնույն է, որոշում են «ընտրիչները», և մինչև այժմ նրանց կատարած ընտրության հետ որևէ ընդդիմություն չի համաձայնել: Սա` ի դեպ:
Մեկնարկային տարբեր դիրքերից քաղաքական ուժերը սկսեցին Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստումը: Մեկնարկային տարբերությունները, սակայն, ինչ-որ պահից հարթվեցին և բոլորը հայտնվեցին իրենց քաղաքական կշռին ու ազդեցությանը հարիր դիրքում: ՀՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ամբողջ ընտրարշավի ընթացքում եղավ ՀԱԿԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի քննադատության թիրախում: Բայց այդ քննադատությունը ոչ այնքան ուղղված էր նրա` իբրև քաղաքապետի գործունեությանը և այդ գործունեության հնարավոր շարունակման հեռանկարին, որքան սկզբունքային էր` ՀՀԿ-ն պետական կառավարման բոլոր լծակները կենտրոնացրել է իր ձեռքում, ընդդիմության հաղթանակն ավագանու ընտրություններում և ընդդիմադիր քաղաքապետ ունենալը հնարավորություն կտան հակակշռելու մեկ կուսակցության իշխանությանն ու մայրաքաղաքի զարգացման ռեալ հեռանկարներ կստեղծեն: Լավ, թե վատ քաղաքապետ է Տարոն Մարգարյանը, հետաքրքրում էր շատ քչերին: ՀՅԴ-ն որոշեց Արմեն Ռուստամյանի դեմքով մարմնավորել իր հավակնությունները և լրջորեն ու ծանրակշիռ ներգրավվեց պայքարում` հընթացս հիմնավորելով ընտրությունները քաղաքականացնելու իրավացիությունը, Երևանը վերափոխելու հնարավորություններն ու պայմանները: Կողմ լինելով համագործակցությանը` ՀՅԴ-ն ևս այն կարծիքին է, որ համագործակցությունն առավել հավանական ու արդյունավետ կլինի ընտրություններից հետո ընդդիմադիր բլոկ ստեղծելով և ընդդիմադիր քաղաքապետ ընտրելով: Թերևս այն պատճառով, որ այդպես էլ մյուս քաղաքական ուժերը չընդունեցին ՀՅԴ-ի առաջարկները, ՀՅԴ-ն չհամաձայնեց նրանց փաստարկների հետ: ՕԵԿ-ը միակն էր, որ չքաղաքականացրեց ընտրությունները, չքննադատեց ՀՀԿ-ին, բայց առաջադրեց իր թեկնածուին` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և իր բազմազան ծրագրերը: Սոցիալականի շեշտադրումը ՕԵԿ-ին ու իր թեկնածուին իսկապես տարբերում էր քաղաքականացված մյուս ուժերից: ՕԵԿ-ը միակն էր նաև, որ ավագանու խնդիր էր համարում Երևանում աշխատատեղերի ստեղծումը ու բնակչության սոցիալական պայմանների բարելավումը: ԲՀԿ-ն ընտրությունների քարոզարշավը սկսեց վեհերոտ` սեփական առանցք լինելու և այլնի հայտարարություններով, նույնիսկ ասվեց, որ համարժեք թվով մանդատներ չստանալու դեպքում կարող է մանդատներից հրաժարվել, իսկ ընտրարշավի վերջնագծում ԲՀԿ-ն այնքան դերի մեջ մտավ, որ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը անձնական կարծիք հայտնեց, թե սեպտեմբերից իր կուսակցությունը խորհրդարանում պետք է հայտարարի ընդդիմություն լինելու մասին: ԲՀԿ-ն ամբողջ մեկ ամիս պատասխանում էր այն հարցին, թե ինչո՞ւ չմասնակցեց նախագահական ընտրություններին, թեպետ ժամկետանց խնդիր է, բայց այդպես էլ պատասխանը մնաց «Մի օր պարոն Ծառուկյանը կասի» մակարդակում: Դժվար է, իհարկե, հավատալ, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի հաղթանակի պարագայում կդառնա քաղաքապետ, նույնը` Գուրգեն Արսենյանը: Բայց դա, թերևս, կարևոր չէ, կարևորը ԲՀԿ-ի համար քաղաքական դաշտում վերագրանցվելն ու խորհրդարանական ընտրություններում արձանագրված քաղաքական երկրորդ ուժի կարգավիճակը վերականգնելն էր: ՀԱԿ-ից ՀԱԿԿ ճանապարհին իր ձեռքբերումները և իր կորուստները հակառակ հաշվեկշռով ներկայացնել փորձող ՀԱԿԿ-ն ընտրարշավը շարունակեց այն կետից, որտեղ ավարտել էր 2008-ին: Գուցե Վահագն Խաչատրյանի կերպարն էր ՀԱԿԿ-ի հավակնությունների նկատմամբ հավատ ներշնչում, համենայն դեպս, կուսակցությունը հայտարարեց, թե որքան էլ քվե ստանա, չի պատրաստվում նախկինի նման հրաժարվել աշխատելուց: ՀԱԿԿ-ի հիմնադիր համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրությունների վերաբերյալ գործնական առաջարկներ արեց, որոնք, սակայն, հետևորդներ չգտան: Ընդդիմադիր քաղաքական դաշտի տարբեր ուժեր գերադասեցին հայտարարել, որ ավելի խելամիտ ու հեռանկարային համարում են ուժերը միավորելը ընտրություններից հետո: Բնավ զարմանալի չէր, որ այս անգամ էլ ընդդիմությունը չմիավորվեց, զարմանալին քաղաքական դաշտի մանկական պարտադիր հիվանդություն դարձած այդ սպասումն է` որ պիտի միավորվեն: Ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի միավորվեն, երբ յուրաքանչյուրի խնդիրը հնարավորինս շատ ձայներ հավաքելն է ու հաստատելը, որ ինքն է առաջինը: ՈՒնենալով ոչ առաջինը, բայց վերստին երկրորդը լինելու կայուն շանսեր` Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց գլխավորել «Բարև, Երևանի» ընտրացուցակը, ինչպես առաջարկում էր ՀՅԴ-ն, քաղաքապետի «Ժառանգության» թեկնածուն դարձավ Արմեն Մարտիրոսյանը: Մայիսի 5-ին «Ժառանգությունը» պիտի ապացուցի, որ նախագահական ընտրություններում իր հաջողությունն ընդդիմադիր թեկնածուների բացակայության հետևանք չէր, այլ արդյունք էր իր ծրագրի ու համակիրների աջակցության: Նոր Հայաստանի հաջողության համար Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է տպավորիչ հաղթանակ: Ընդ որում` «Ժառանգությունը» մայիսի 5-ին երկու թեորեմ պիտի ապացուցի. նախ, որ իր հաջողության համար պարտական է իրեն, և երկրորդ, որ քաղաքական դաշտ վերադարձած ԲՀԿ-ի համեմատությամբ առաջինն ինքն է:
Թերևս Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտի վերադասավորումն ավարտվի: Քաղաքական կյանքը կշարունակվի աշնանը` այլևս կենսական խնդիրներ չեն մնում: Ամառը լուրջ քաղաքականության համար լավագույն ժամանակը չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Երևանը Չինաստանի մայրաքաղաքը չէ, բայց փոփոխությունների չինական մեծ գրքի նախախնամության գաղտնիքները Երևանն էլ են ընդգրկում. «Երբ միավորվելու հիմքեր կան, կորչում է ձևական քայլերի անհրաժեշտությունը: Ձգող ուժը կարող է միայն մի կողմին պատկանել, դա, թերևս, բավարար է: Եթե դու չես այդ առանցքը, տրվիր մյուս կողմից քեզ ձգող զգացողություններին` դրանով կապահովես վերամիավորումը, նաև ներդաշնակությունը: Այդ պահվածքը ճիշտ է և քննադատության տեղիք չի տա: Կարևոր է, սակայն, պահպանել իրավացիությունը` չշեղվելով միավորման առանցքից` նպատակից, որին հասնելու համար ամենակարևորը մտադրությունն է ու ճշմարտության պահպանումը»:

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ