«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Լոուրենս Արաբացի. Այդ անհնարին հայերը

Լոուրենս Արաբացի.  Այդ անհնարին հայերը
03.05.2013 | 11:42

Հարցազրույցն իմն էր: Իր սենյակում էր, այն հյուրանոցում ուր նա ապրում էր, բայց հանդիպումը ես էի խնդրել` նպատակ ունենալով կայսերական այդ հետախույզից տեղեկություններ կորզելու Փոքր Ասիային ու Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Ես կարծում էի, թե ինքս եմ վարում խոսակցությունը, հետո միայն կռահեցի, ներքուստ ապշահար, որ նա էլ իր նպատակն էր ունեցել: Իսկ նրա նպատակը հայերի համար ամերիկյան մանդատ հաստատելու բրիտանական քարոզչության մեջ ինձ ներգրավելն էր: Կռահեցի և շշմել էի, բավական նվաստացած էի զգում ինձ` համոզված, որ հատուկ պատճառներ ունեմ (պատճառներ, որ հուզում էին ինձ` սկզբունքորեն անկախ մարդուս), թե ինչո՞ւ մենք` ամերիկացիներս, աշխարհի մյուս ծայրը պետք է գնանք հայերին փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից: Ինձ նման գործիմաց ու ձախողակ երազողիս համար` ազգերի մեջ ամենանվաստացածն անդիմադրելի հմայք ուներ և ունի: Այդպես էլ ասացի նրան: Բրիտանացուն ակնհայտորեն ասածս դուր եկավ: Ինձ թվաց, որ նա ուրախությամբ ծիծաղելու է, գոնե կժպտա, բայց նա փքվեց բրիտանական կայսրության չափ ու չծիծաղեց, ոչինչ չասաց, որ հումորի նշույլ ունենար: Երկար դադարից հետո միայն ասաց` «լավ»: Նորից լռեց ու, երբ վերագտել էր ինքնատիրապետումը, խոսեց ամերիկյան իդեալիզմի մասին` լուրջ ու տաղտուկ: Ասում էր` սքանչելի է: Ըստ իս, այդքան էլ սքանչելի չէ: Կարծում էր, թե ամերիկացիներս չափից դուրս իդեալիստ ենք: Համարում էր, որ հայերն էլ չափից դուրս գործնական են: ՈՒստի մեկս մյուսին կարող է շտկել. մենք նրանց կբուժենք, նրանք` մեզ: Թեպետ երկուսս էլ հուսահատեցնող ենք, մանավանդ` հայերը:
Ես հասկացա, որ նա անասելի համակրանք ունի հայերի հանդեպ, ավելի ճիշտ` նրանց մասին գիտի այն, ինչը թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին և հայերի բոլոր մերձավոր հարևաններին, որոնք երբևէ ջանացել են ոչնչացնել այդ որբ ցեղը: ՈՒզում էր ներշնչել, որ հայերի հանդեպ հնարավոր միակ քայլն է: ՈՒղղակի չասաց: Պատճառը մեթոդն էր` ոչ թե ինքն էր ասում, այլ ստիպում էր ինձ, որ գրեմ իր ցանկացածը այնպես, որ հարկ եղած դեպքում ինքը կարողանար ժխտել: ՈՒստի նա չասաց, թե հայերն ամբողջությամբ պետք է ոչնչացվեն: Պարզապես այն տպավորությունը ստեղծեց, թե դա է Հայկական հարցի միակ լուծումը, և այդ պատճառով էլ ցանկանում էր, որ այդ գործն ամերիկացիներս հանձն առնենք:
Նա համարում էր, կամ ինձ ստիպում էր համարել, որ թուրքերը չպետք է այդ գործն անեն` նրանք չափազանց պարզունակ են ու քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները, որ հաճույք են ստանում, արդյունավետ չեն, ոչինչ մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին սպանելու գեղագիտական հաճույքը հագեցնեն, ձեռք կքաշեն: Այդպես էլ բոլոր հին, միմյանց հետ մրցակցած, թշնամի ցեղերը դադարեցրել են գործը` նախքան բոլոր հայերին սպանելը: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում այդ խնդիրը լուծելու, միշտ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ` ադամուեվաներ, որ հենց մեկը կռնակ դարձներ, բազմանում, բազմանում ու բազմանում էին: Այնպես, որ հաջորդ անգամ Հայաստան գնացողը կրկին հայեր էր տեսնում, միլիոնավոր ու միլիոնավոր հայերի, բոլորը հեզ ու համեստ, ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմացող ու տարածվող, տարածվող... Նա սփռում էր իր մալթուսական հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի խայծը ամերիկահայկական մանդատի, բայց իմ փրկարար ամերիկյան հումորը ինձ օգնեց:
-Ինչո՞ւ հենց բրիտանացիները չանեն այդ գործը,- հարցրի ես, և ակնկալելով պատասխան հումոր, ժպտացի: Շատ իզուր: Ամերիկյան հումորի զգացում նա չուներ: Սպասեց, որ իմ երանելի ժպիտն անհետանա, ու երբ համոզվեց, որ լրիվ լուրջ եմ, ասաց.
-Հայերի լիակատար կոտորածը կարող է սկանդալ դառնալ, եթե բրիտանացիները անեն:
Նա բացատրեց, որ թեպետ իրենց կայսրությունը դիմացավ որոշ այդպիսի ցնցումների և դեռ պետք է դիմանա ուրիշ ցնցումների, բայց չափից ավելին կարող է սասանել կայսրությունը: Իսկ բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է: Մեր բոլոր մեծ տագնապները` պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլներ, համաճարակներ, հետևանք են այն փաստի, որ երկրագունդը, լինելով մեկ ամբողջություն, որպես ամբողջություն չի կառավարվում: Բրիտանիան մի օր պիտի վերջ տա այդ անիշխանությանը, բայց կայսրությունը տակավին երիտասարդ է, հարաբերականորեն փոքր, թույլ և գերծանրաբեռնված: Հաշվի առեք մայր կղզիները, գաղութային ռազմավարական կետերը, ծովերն ու առևտրական ճանապարհները, բոլոր այն նոր հոգսերն ու պատասխանատվությունները, որ բրիտանական կայսրության ուսերին ընկան գերմանական իմպերիալիզմի պարտությամբ: Ոչ: Կայսրությունն առայժմ պետք է խնայել: Հետո, երբ բրիտանական իշխանությունն ալիքներից տարածվի ցամաքի վրա, բոլոր ցամաքների վրա, Մեծ Բրիտանիան կկարողանա հաղթահարել այդպիսի ցնցումը: Ավելին` բրիտանական իմպերիալիզմը հիմա շահագրգռված է բնական հարստություններով, ոչ թե ժողովուրդներով: Անգլիացիները գործնական մարդիկ են, իդեալիստներ չեն: Նրանք գիտակցում են, որ համաշխարհային մեկ կառավարություն պետք է ստեղծվի, բայց ոչ «ձեր» Ազգերի լիգայի նման` գաղափարների ու իդեալների հիման վրա, այլ շոշափելի հիմքերի` նավթի, օդային տարածքի, ծովերի:
-Դուք գիտեք, որ հարուստ հողեր ու շահավետ հանքավայրեր կան Հայաստանում,- առարկեցի ես:
Նա երկար լռեց, ինձ թվաց` շփոթվեց ու չգիտեր Հայաստանի հարստությունների մասին: Գիտեր ու պնդեց, որ Հայաստանը պետք է բաժանվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի այն մասից, ուր ոչինչ չկա` բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի։ Ոչ թե բրիտանացիները, այլ ուրիշ` համարժեք գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը: Չէի կարող չառարկել.
-Ի՞նչ օգուտ երկրի բնական հարստություններից առանց ժողովրդի, որ պետք է այդ հարստությունը մշակի: Հանքերը, նավթի պաշարները, բերրի հողերը, բնական հարստությունները օգուտ չեն տա կապիտալին առանց աշխատուժի: Որևէ երկրի բնիկներն ամենաբնական աշխատուժն են, ամենաէժանը և ամենահնազանդը:
Տեսնում էր տաղտուկը, բայց քաղաքավարի լսում էր ինձ, ու քանի որ լսում էր, իրարահաջորդ օրինակներ էի բերում ամերիկյան ու բրիտանական գաղութներից` բացատրելու, որ սխալ է անջատել երկրի ժողովրդին երկրի բնական հարստություններից: Պետք է միասին օգտագործվեն, ուրիշ ճանապարհ չկա: Ես նկարագրեցի թուրք, ֆրանսիացի դրամատերերի կամ որևէ չաշխատող ժողովրդի անօգնականությունը, որ ջանում էին օգտագործել Հայաստանի հարստություններն առանց հայերի: Ես պերճախոս էի ու համոզիչ.
-Ես վստահ եմ` ոչ թե գաղափարախոսություն, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնական` «Հայերը Հայաստանի համար»:
Նա ինձ նայում էր հետաքրքրությամբ, կարծես նոր էր պատկերացում կազմում ամերիկացիների մասին: Ես նրան ասել էի, թե չգիտի մեզ, բայց նա առարկեց.
-Որևէ գիտակից անգլիացի կարող է հասկանալ որևէ անգիտակից ամերիկացու:
ՈՒստի որոշել էի նրան ցույց տալ, որ ոչ բոլոր ամերիկացիներս ենք այնպիսի իդեալիստներ, ինչպես նախագահ Վիլսոնը:
-Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին,- հայտարարեցի ես,- նրանց կկառավարենք այն գաղափարով, որ ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու:
-Այո, այո, մենք դա հասկանում ենք,- ասաց նա, բայց զգացի, որ չի հասկանում:
-Լավ, ուրեմն, դուք պետք է համաձայնեք, որ հայերի ինքնակառավարվելու ճանապարհին մենք պետք է ստիպենք հայերին աշխատել: Քանի որ չես կարող աշխատեցնել մի ժողովրդի առանց աշխատանքի օբյեկտի, մենք կարիք ունենք Հայաստանի հողերի և հանքերի, ոչ թե հարստություններ կորզելու համար, այլ օգտագործելու որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին կվարժեցնենք աշխատասիրության, խնայասիրության, այն բոլոր քրիստոնեական առաքինություններին, որոնց միջոցով նրանք կդառնան լավ մարդիկ և լավ քաղաքացիներ:
Նա շփոթված տեսք ուներ, բայց ոչ իմ ասածներից:
-Խնայասիրությունը չի պակասում հայերին,- ասաց նա չոր,- անշուշտ գիտեք, որ նրանք քրիստոնյաներ են, հնագույն քրիստոնյաներ:
Իհարկե, գիտեի, պարզապես ոգևորությանս մեջ մոռացել էի:
-Բայց,- պնդեցի ես,- հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը` ազգի, անհատի, աշխատանք` համառ, եռանդուն, նպատակասլաց: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը` այնտեղ աշխատելու համար:
-Հայերը չեն աշխատելու,- հայտարարեց նա:- Ցավոտ կետը դա է` ձեր ծրագրի ու հայերի: Դա է ցավոտ կետը այն բոլոր հին ցեղերի, որ եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և ինչ-որ ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած` կորցրել են իշխանությունը և դեգրադացվել: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության և բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում այն մանկամիտ, հետամնաց ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Պրիմիտիվ ժողովուրդները պարզապես ծույլ են, նրանց կարելի է ստիպել աշխատել և զարգանալ, նրանց հնարավոր է ցանկության դեպքում շահագործել: Նրանք անհույս չեն, նրանցից ինչ-որ օգուտ կա: Բայց առաջադեմ ժողովուրդները, երբեմնի քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն, նրանք չափից դուրս խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Նրանք շահագործողներ են` բնազդով, բնածին, անդառնալիորեն: Բոլոր ազգերը բաղկացած են զարգացող մարդկանցից: Նրանք խոսում են իրենց երկրները զարգացնելու մասին, բայց հակառակն է` նրանց երկրներն են նրանց զարգացնում: Իսկ հին ազգերը ներկայացնում են մարդկանց այն տեսակը, որ նոր ազգերը հիմա կերտում են: Հին ժողովուրդները էվոլյուցիայի հետևանք են: Դուք կարող եք Միջերկրականի ափին տեսնել այն տիպը, որ ինքներդ այժմ ընտրասերում, դաստիարակում եք ձեր հայրենիքում: Գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով առևտրական են, ինչպես ձերը:
-Մերը,- ուղղեցի ես,- ներառյալ Անգլիան:
-Դուք` նոր ազգերդ, պետք է սովորեք հին ժողովուրդներից: Նախկին մեծ ու հռչակավոր ազգերի արդի ներկայացուցիչները բնական ու անխուսափելի արդյունքն են արհեստական ընտրասերման, որը կատարվել է այնպիսի հասարակության մեջ, որը բանտարկում է քաջերին, արտաքսում ինքնատիպերին, ճնշում զանգվածին, խեղդում ցեղի միջին մակարդակից ցանկացած տարբերություն և բուծում հեզերի, խորամանկների ու համբերատարների: Որովհետև դա է համապատասխանում առևտրականի տեսակին: Ներկա հույներն ուղղակի ժառանգներն են հելլենների, և նրանց տհաճ հատկանիշները ծագում են հին հունական մշակույթից. ոչ այն, որ զարգացնում էին հռետորները, երգիչները, քանդակագործները, այլ միջին հույները, որ զբաղվում էին բիզնեսով, որ մահվան դատապարտեցին Սոկրատեսին: Եգիպտացիները եգիպտական մշակույթի ամենահեռավոր փոքր ծոռներն են` իրենց ապուպապերի երեխայական աշխատանքով այնքան սքանչելի կերտված Սֆինքսի հանելուկի ուշացած պատասխանը: Այսօրվա արաբն անապատի փոշին է: Նա զրկված է հին, փառավոր Արաբիայի արվեստներից, բարքերից, գործարարությունից:
Փորձեցի առարկել, բայց նա կանխեց.
-Հնադարյան հույները, եգիպտացիները, սիրիացիները, վերջապես` թուրքերը իրենց հանճարներն ունեին, իրենց բանաստեղծներն ու նկարիչները, զորավարները, որ հետամնաց ժողովուրդներին էին նվաճում, ունեին իրենց արդյունաբերության ղեկավարները, որ աշխատանքով էին ապահովում, իրենց սեփական աշխատուժն էլ ունեին: Բայց ընտրանին` արիստոկրատները, մտավորականները, հարուստները չհարատևեցին: Անգամ շարունակություն չունեցան: Հաջողակների, հարուստների, հզորների, առանձնաշնորհյալների զավակները գրողի ծոցը գնացին: Եվ աշխատավորների հաջորդական սերունդներն էլ, աշխատանքով գերծանրաբեռնված, թերսնված, վհատված և խիստ կարգուկանոնով բութ ստրուկների վերածված, մեռան կամ ոչնչացվեցին: Հենց միջին դասն ապացուցեց և ապացուցում է, որ ունակ է վերապրելու այդ հասարակության մեջ, այդ ստոր միջին դասը: ՈՒստի ամբողջ հին աշխարհն այժմ տեսնում եք միայն բիզնեսմեններով բնակեցված, մանր բիզնեսմեններով` վաճառականներ, առևտրականներ, խանութպաններ, վաշխառուներ, փերեզակներ, բայց ոչ արտադրողներ: Նրանք զբաղված են առնել-ծախելով ու, սերված լինելով առնող-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված, նրանք լավ առնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում ցանկացած տեղ առևտուր անելու, ոչ թե ստեղծելու, ոչ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու: Նրանց այն եղբայրները, որ ստեղծում էին, կազմակերպում, կառուցում, ծրագրում ու աշխատում, անզավակ մեռյալներ են: Միայն ամենախորամանկ առևտրականներն են ապրում, նրանք ամենուր են: Մեր գաղութներում, Հարավային Ամերիկայում ես հանդիպել եմ արաբների, ովքեր փերեզակություն են անում ու հարստանում: Իսկ սիրիացիները, հույները, հայերը...
-Եվ հրեաները,- ընդմիջեցի ես։ Նա անտեսեց:
-Այդ հին ժողովուրդները կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կան` լուռ գործելու, հեզորեն կտառապեն` դրամ խնայելով, գործ անելով: Այո, նրանք այնպես են գործում, որ աշխատավորի մտքով իսկ չի անցնի: Նրանք գործում են այնպես, ինչպես բիզնեսմենը կգործի` երկարատև, համառ` մոտենալով բաղձալի շահույթին: Բայց նրանք չեն աշխատի: Նրանք չեն կարող: Նրանք տանել չեն կարողանում աշխատավարձի համար աշխատելը: Բնազդաբար, դա որակ է, ինտելեկտ, որ նրանց մեջ զարգացել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության որակներ են զարգացնում որսի շների այս կամ այն ցեղի մեջ: Նրանք իրենց արյամբ գիտեն, որ աշխատավարձով, անգամ ամենաբարձր, աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հարստանալ։ Ըստ աշխատավարձի սանդղակի, կյանքը չի ենթադրում ոչ շահույթ, ոչ դրամագլուխ, ոչ առաջընթաց: Նրանք չեն էլ մտածում այդ մասին, նրանց համար դա շատ ակնհայտ է, նրանք այդպես ապրում են: Նրանք իմաստուն են, ինչպես կարող է իմաստուն լինել մի հին ցեղ: Աչքերը բացելուն պես նրանք տեսնում են ստեղծարար աշխատանքի անհեթեթությունը: Արածները միայն նայել ու սպասելն է` մինչև նյութական բարիքները կարտադրվեն, որ հետո ինչ-որ կերպ արտադրողից ձեռք բերեն: Նրանք գիտեն` ինչպես, ինչպես կենդանին գիտի իր կենդանական գործը, բույսը` իր բուսական գործը` բնազդով: Կզբաղվեն բժշկությամբ, իրավաբանությամբ, այլ մասնագիտությամբ, որ բիզնեսի նման ձեռք է բերում այս կամ այն շահաբաժինը նյութական բարիքների ավարտուն ձևից, երբ հասարակ ժողովուրդն արդեն ստեղծել է: Բայց քրտինքով արդյունահանել հումքը, մշակելով վերածել շուկայական ապրանքի` ոչ: Հին ժողովուրդներն ատում են դա, իսկ ձեր հայերը երբեք չեն անի:
Նա լռեց` նայելով ինձ և տեսնելով, որ իրեն չեմ նայում, որոշեց քարոզչության ևս մի չափաբաժին հեղել:
-Հայերը,- ասաց նա,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթության տեսակետից:
Ես կրկնեցի` հրեաներն էլ:
-Հրեանե՞րը: Դուք արդեն ասել եք: Ես գոհ եմ, նշանակում է` ընկալում եք: Հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի և, բնականաբար, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք հակված են վաշխառության, բայց նրանք կաշխատեն: Չեն հանդուրժում, բայց նրանց աշխատեցնել կարելի է: Նրանք ստեղծագործող, հնարամիտ ու սենտիմենտալ են: Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Նրանք անկատար են: Նրանք քաղաքակրթության անկատար արդյունք են: Ես հասկանում եմ` ինչու են նրանցից վախենում և ատում, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն: Բայց անհեթեթ է նրանց դասել այն հին ժողովուրդների թվին, որոնց մասին խոսում եմ: Հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք բարգավաճում են Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում, և իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիները, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետը փոքր ձկներին, նույնն են անում արաբները, թուրքերը, հույները, իսկ հայերը... Հրեաները հայերին այնպես են վերաբերվում, ինչպես համասեմական եվրոպացիները` հրեաներին, և ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը, մյուս բոլոր ցեղերը, որ երբևէ գործ են ունեցել հայերի հետ: Նրանք զգում են, որ հայերը նրանց բոլորին կստիպեն աշխատել: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները և քրիստոնյաներ են:
Նա դադար տվեց` հույս ունենալով, որ եզրակացությունը ինքս կանեմ, բայց քանի որ խայծը կուլ չէի տալիս, շարունակեց` ևս մի հնարավորություն տալով ինձ.
-Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: ՈՒզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Զարգացման գործը կազմակերպելու համար էլ չեն աշխատի: Արտոնագրային կառավարման կտան ուրիշներին: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքներում` ի հաշիվ ստացած վարձի շահույթի, շահաբաժինների, արժեթղթերի առուծախով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժով վաստակած դրամի:
-Այդպիսի մարդիկ շատ են,- ասացի ես,- հայերը բացառություն չեն:
-Տեսնում եմ, որ Դուք դեռ չեք ընկալում,- պատասխանեց նա:- Իհարկե, ուրիշներն էլ կան, որ նույնն են ուզում: Ֆրանսիական բուրժուազիան այդ ուղղությամբ է շարժվում, մեր անգլիացիներն էլ հակված են դրան, հատկապես բարձր դասը: Դա նրանց իդեալն է: Նրանք կուզեին ոչինչ չանել, բայց չեն կարող: Նրանք անվնաս են: Նրանք ուզում են միայն ծախսել: Եվ ծախսում են: Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող: Բայց ձեր հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելին ձեռք բերելու համար: Իսկական առևտրական ոգու այսպիսի կատարելության զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է: Հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացած մարդկությանը: Հենց դա գիտեն ու դրանից են սարսափում թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն հայերին:
Նա նորից սպասումով նայում էր ինձ, որ ինքս եզրակացությունն անեմ, բայց ես դիմադրեցի.
-ՈՒրեմն դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Բայց երկու հարց` ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի, և ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի:
-Օ՜, ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում, Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա,- ասաց նա:
-Դա կլուծի բրիտանական գործնական խնդիրը,- առարկեցի ես,- իսկ ամերիկյան իդեալիստակա՞նը: Ի՞նչ պետք է անենք մենք հայերի հետ:
Նա չպատասխանեց: Նրա բրիտանական հումորը, դիվանագիտական զգուշավորությունը կամ այլ պատճառ թույլ չէին տալիս պատասխանել: Նա պարզապես սկսեց հիմնավորել, որ ասիական աշխատուժի կամ եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որևէ այնպիսի տեղանքում, ուր հանքեր ու հողեր են մշակվում:
-Դուք չեք գիտակցում,- ասաց նա,- թե որքան դժվար ու նրբին խնդիր է օտար ժողովուրդ կառավարելը:
-Դուք սխալվում եք,- ասացի ես ջղագրգիռ ու կրկնեցի մեղադրանքս, թե նա չգիտի մեզ:- Դուք ճիշտ չեք տեղեկացված իմ ժողովրդի մասին, ինչպես, Ձեր կարծիքով, մենք` ամերիկացիներս, թուրքերի, հայերի և մյուսների մասին:
Ես օրինակ բերեցի Ֆիլիպինները, Կուբան, Սենդվիչյան կղզիները, բոլոր այն երկրները, որ կառավարում ենք հաջողությամբ: Ես հիշեցրի, որ ամեն տեսակի օտարականներ կան հենց մեր երկրում: Մենք ստիպել ենք աշխատել նույնիսկ հայերին: Մենք էլ մեր սև գործն ենք արել, ինչպես ցանկացած երկրի կառավարություն երկրագնդի վրա` չբացառելով բրիտանացիներին էլ, և համոզելու համար, որ մենք գործնական ենք, պատմեցի օտար աշխատուժի մասին Նոր Անգլիայում, Հարավում, Արևմուտքում, ամենուր, բայց պատահաբար հիշատակեցի նաև մեր սեփական բնիկներին` հնդկացիներին: Եվ նա ուղղակի վեր թռավ:
-Ահա,- բացականչեց նա:- Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր` հնդկացիների հանդեպ քաղաքականությունն է պետք կիրառել հայերի հանդեպ ձեր հարաբերություններում:
Ես անակնկալի եկա ու հարցրի, թե ո՞րն է, իր կարծիքով, մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, ու նա պատասխանեց, որ մենք ոչնչացրել ենք նրանց բոլորին: Ես նայեցի նրան ոտքից գլուխ, ինչպես ինքն էր ինձ մի քանի անգամ նայել: Երկար դադարից հետո ես ասացի.
-Դուք կարծում եք` հենց այդպե՞ս պետք է վարվենք հայերի հետ, պետք է ոչնչացնենք նրանց բոլորի՞ն էլ: Գլխովի՞ն:
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- ուղղեց նա,- ինչո՞ւ եք լրագրողներդ սխալ հասկանում ու սխալ մեջ բերում:
Պարզվեց` նա բոլորովին էլ դա նկատի չուներ որպես քաղաքականություն: Նա գիտեր, որ մենք դրան ընդունակ չենք: Ի՞նչ պետք է անենք: Նա չասաց: Նա պտտվում էր հարցի շուրջ: Հոգնեցուցիչ էր, ու ես վերջապես խայծը կուլ տվեցի: Նա ստիպեց ինձ արտահայտվել ու չուղղեց: Նա իրեն թույլ չէր տա ասել որոշակի ու հստակ, որ մենք պետք է գիտակցորեն ու մտածված գնանք բնաջնջելու հայերին: Ոչ մի դեպքում: Նա միայն հավատում էր, որ ամեն ինչ փորձելուց հետո ինքներս կհանգենք այդ ելքին: Եվ կանենք շատ լավ` չթողնելով ո՛չ Ադամ, ո՛չ Եվա, որ շարունակեն Կայեն աճեցնել:
-Բայց դա սկանդալ չի՞ դառնա,- հարցրի ես:
Նա կարծում էր, որ ոչ: Հիշեցրեց, որ մենք այնքան գաղափարապաշտ ենք և մարդասեր, որ թվում է` կարող ենք անել ինչ պատահի` չկորցնելով մեր գաղափարը և բարի անունը:
-Մի՞թե որևէ սկանդալ եղել է ձեր հնդկացիների դեպքում,- հարցրեց նա,- դուք երբևէ չե՞ք մտածել` ձեր արածը ճի՞շտ էր: Դուք նվաճել եք Մեքսիկայի մի մասը, գրավել Հավայան կղզիները, զենքով Իսպանիայից խլել եք Ֆիլիպինները և Պուերտո Ռիկոն, գնել եք Դանիական կղզիները և ձեր ծովային հետևակը ափ եք հանել Կենտրոնական Ամերիկայում: Շուտով ստիպված եք լինելու վերականգնել կարգուկանոնը Մեքսիկայի մյուս մասում, սակայն դուք դեռ կողմ եք փոքր ազգերի ինքնորոշմանը: Դուք փոքր կայսրություն եք ու մեզ զգուշացրել եք ձեր Մոնրոյի դոկտրինով, որ պատրաստվում եք մեծ դառնալու: Թեպետ հակաիմպերիալիստներ եք, դուք պատերազմել եք գերմանական իմպերիալիզմի դեմ,- նա բացահայտ հաճույք էր ստանում իր ասածից:
Ես հաճույքը փոխադարձեցի.
-Դուք էլ եք նրանց դեմ պատերազմել:
-Օ՜, դա նույնը չէ,- նա նույնիսկ հուզվեց,- մենք իմպերիալիստ ենք: Մենք անկեղծորեն մեզ իմպերիալիստ ենք կոչում և պարկեշտորեն կռվեցինք գերմանացիների դեմ մեր կայսրության համար: Բայց դուք կռվեցիք կայսրության դեմ հօգուտ ինքնորոշման:
Նա չարախնդում էր ու սպասում, որ ես հակադարձեմ: Ես չպատասխանեցի, այդ պահին չիմացա ինչ ասել, և նա շարունակեց.
-Ես հավատում եմ, որ դուք` ամերիկացիներդ, կարող եք ամեն ինչ անել և չեք դատապարտվի ո՛չ աշխարհում, ո՛չ ձեր երկրում: Դա սքանչելի է, նաև` աշխարհի համար օգտակար: Դա թույլ է տալիս ձեզ իրականացնել Հայաստանում այն, ինչ պետք է` հանգամանալից, աստիճանաբար, կատարելապես` չթողնելով ոչ մի հայի: Եվ` առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր կարծիքը ձեր մասին:- Նա սկսեց բացահայտորեն շտապել,- պետք է որևէ մեկը լուծի այդ հարցը: Ինձ թվում է` բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդն իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին:
Ի՞նչ էր նա թելադրում ինձ: Անգլիական հումո՞ր էր: Ես խիստ նայեցի նրան, նա աչքն էլ չթարթեց, կրկին փքված տեսք էր ընդունել: Անգլիացու հետ հարցազրույցը հոգնեցնող էր ու վտանգավոր: Ես հիշեցի, որ ցանկության դեպքում նա ժխտելու է հարցազրույցը և որոշեցի փորձել նրան.
-Ինչպես հասկանում եմ, մենք` ամերիկացիներս, առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր հին ազգերը, որոնց պետք է ոչնչացնել:
Նա գլխով արեց:
-Նրանց թվում էր, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ` մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որոնց ատում են, որովհետև նրանք բոլորին կարող են գերազանցել և ապրել առանց աշխատելու, ստախոսներ են, մակաբույծներ` ամենագործնական մարդիկ ամենաքրիստոնեական վարվելակերպով:
-Դուք` ամերիկացիներդ, լավ եք խոսում: Ոչ մի անգլիացի չէր կարող այդքան հստակ բանաձևել:
-Եթե հիմա, մեր ներկա դրությամբ, զարգացման նախնական փուլում, կարողանայինք, կառավարելով հայերին, տեսնել մեր մշակույթի վերջնական արդյունքները, եթե կարողանայինք հասկանալ, որ ինչ քննում ենք ներկա հայի մեջ` ապագա ամերիկացին է...
-Վաղվա,- շտկեց նա:
-Այդ դեպքում,- շարունակեցի ես,- մենք պետք է մոլեգնած ոչնչացնեինք նրանց բոլորին:
-Այդպես, այդպես:
-Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց դրա համար մենք պետք է գոնե տուն գնայինք:
-Հեռագրեիք,- հուշեց նա,- այդպես արագ է:
-Հեռագրեինք տուն,- համաձայնեցի ես,- հեռագրեինք` իբրև նախազգուշական ահազանգ գործնական բիզնեսի հետ քրիստոնեական իդեալիզմի խաչաձևումից: Չափից դուրս իդեալիզմը և չափից դուրս գործնականությունը կարող են վնասել մեզ` որպես ժողովրդի:
-Այդպես, այդպես:
-Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել Հայաստանի, որը Բրիտանիան ու Ռուսաստանը ապագայում պիտի բաժանեին երկու մասի` մեկը բուն Միացյալ Նահանգները` Անգլիայի համար, մյուսը` ամերիկյան ժողովուրդը` Ռուսաստանի համար:
Ես սպասեցի` հուսալով, որ նա կընկալի ամերիկյան հումորը: Նա նույնպես սպասեց, բայց զգալով, որ ես պատասխան եմ ակնկալում` խոսեց.
-Ձեր գաղափարը,- սկսեց նա:
-Իմ գաղափա՞րը,- պայթեցի ես:
-Այո,- ասաց նա,- տեսականորեն լավ գաղափար է, բայց էությամբ իդեալիստական է: Մի՞թե դուք հավատում եք, որ ամերիկացիները կհամաձայնեն տեսնելու իրենց նմանությունը հայերի հետ:
-Դուք` անգլիացիներդ, տեսնում եք,- կտրուկ ասացի ես:
-Ճիշտ եք,- համաձայնեց նա մտածկոտ:- Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք` իմպերիալիստ անգլիացիներս: Բայց ես կասկածում եմ, որ հասարակ անգլիացիները կարող են կանխատեսել իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:
Ես պարտված էի: Բարեբախտաբար, նա չնկատեց: Ինձ չէր նայում: Նա տեղից վեր կացավ և ուղեկցեց ինձ դեպի դուռը` մնալով մտազբաղ:
-Ցտեսություն,- ասաց նա,- ես հավանում եմ ձեր տեսությունը: Գայթակղիչ է: Վախենամ` գործնականում չաշխատի, բայց գրեք: Զգույշ գրեք, ոչ շատ հստակ և մի մեջբերեք ինձ, ես ոչինչ չեմ ասել Ձեզ, ոչինչ:


Լինքոլն ՍԹԻՎԵՆՍ
Գրի է առնվել 1919 թ. Փարիզի
խաղաղության կոնֆերանսի ժամանակ

ՄԻ ՔԻՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԹՈՄԱՍ ԷԴՈՒԱՐԴ ԼՈՈՒՐԵՆՍԸ կամ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻՆ բրիտանացի սպա է, հետախույզ, ճանապարհորդ, գրող, փիլիսոփա: Ծնվել է 1888 թ. օգոստոսի 16-ին Տրեմադոկում, մանկությունն անցել է Օքսֆորդում, 1907-ին ընդունվել է Օքսֆորդի Հիսուսի քոլեջը, ուսանել է պատմություն ու հնէաբանություն, ուսումնասիրել է Ֆրանսիայի ու Սիրիայի միջնադարյան ամրոցները: «Խաչակիրների ամրոցները» նրա առաջին գիրքն էր, որ ծնվել է այդ ուսումնասիրությունների արդյունքում: 1911-1914 թթ. մասնակցել է Եփրատի ափին խեթական քաղաքների պեղումներին: 1914 թ. իբրև լեյտենանտ սկսել է ծառայությունը բրիտանական բանակում: Արաբերենի գերազանց իմացության շնորհիվ նրան գործուղել են Եգիպտոս` Արաբական գործերի բյուրոյում աշխատելու: 1916 թ. նա Միջագետքում բանակցություններ է վարել թուրք գեներալների հետ` Կուտայում պաշարված բրիտանական կայազորի հարցով: Նույն տարում նա ծանոթացել է արքայազն Ֆեյսալի` Իրաքի ապագա թագավոր Ֆեյսալ Առաջինի հետ և օգնել նրան թուրքական բանակի դեմ պայքարում: 32 անգամ վիրավորվել է այդ կռիվներում: 1917 թ. հուլիսի 6-ին նա կարողացել է գրավել Աքաբան, որը մեծ օգնություն էր Պաղեստինում հարձակման անցած բրիտանական բանակին: Իբրև չերքեզ նորակոչիկ` հետախուզության է գնացել թուրքական բանակ և հայտնվել է շտաբում: Մերժելով նահանգապետ Հաքիմ բեյի սեքսուալ հարաբերությունների առաջարկը` Թոմաս Էդուարդ Լոուրենսը դաժանորեն գանահարվել է և հանձնվել զինվորների բռնաբարությանը: Երբ գեներալ Ալենբին սկսեց Գազայի համար ճակատամարտը, Լոուրենսը պայթեցրեց երկաթուղային հանգույցը և բեդվինների ցեղախմբերն ուղղեց թուրքերի դեմ, հետո գլխավորեց բրիտանական զորքերի մուտքը Դամասկոս: Պատերազմի ավարտին` 1919 թ., Լոուրենսը մասնակցել է Վերսալի խաղաղության կոնֆերանսին, որի ժամանակ հանդես էր գալիս ի պաշտպանություն անկախություն պահանջող արաբների, միաժամանակ` ազգային պետություն ստեղծել փորձող հրեաների: Բանակցությունները ձախողվեցին, որովհետև արաբները չընդունեցին բրիտանական մանդատը Իրաքի ու Պաղեստինի վրա և ֆրանսիականը` Սիրիայի: Մերձավոր Արևելքում խժդժություններից հետո 1922 թ. գաղութների գծով նախարար ՈՒինստոն Չերչիլը Լոուրենսին գործողությունների լիակատար ազատություն էր տվել Մերձավոր Արևելքի խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում: Միաժամանակ Լոուրենս Արաբացին գրում էր իր ամենանշանավոր գիրքը` «Իմաստնության յոթ սյուները» արաբական ապստամբությունների մասին: Հետո նա ծառայում էր բրիտանական բանակում: 1927-1928 թթ. նա Կարաչիի կայազորի պետն էր: 1930-35 թթ. օգնում էր բրիտանական ռազմանավերի վերազինմանը Սաութհեմպտոնում: Պաշտոնական վարկածով` Լոուրենս Արաբացին վախճանվել է մոտոցիկլետի վթարից` գլխով հարվածելով մայթին, 1935 թ. մայիսի 19-ին: Նա 46 տարեկան էր: Կենսագրության սահմանափակ պատմությունը, սակայն, ոչինչ չի պատմում նրա կյանքի, մտածողության ու էության մասին: Գուցե միայն նրա գրքերը մատնեն նրա գաղտնիքները:

Դիտվել է՝ 52832

Մեկնաբանություններ