Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԹԱՎՐԵ. Լետիցիայի ընտրությունը

ԹԱՎՐԵ. Լետիցիայի ընտրությունը
07.05.2013 | 00:15

Ֆրանսիական բանտերից քչերին է հաջողվում փախուստ իրականացնել, բայց իմ ու Գասպարի բախտը մի օր բերեց:

Այդ օրը կալանավորների բողոքի ալիքը բանտախցերի գերբեռնվածության դեմ սկսել էր անկառավարելի դառնալ։ Դրսից խրախուսող ցուցարարների վառած անվադողերի ծուխն արդեն երկինք էր հասել։
Այն պահին, երբ պատժարարներով լի երկու ուղղաթիռ վայրէջք էին կատարում բերդի տարածքում, փոխանակ շատերի նման գլուխներս բռնած ես ու Գասպարն էլ կռանայինք, մենք նայեցինք մեկմեկու: Առջևում յուրաքանչյուրս դեռ չորս տարի ունեինք ջահելություններս անազատության մեջ մաշելու համար և օգտվելով խառնաշփոթից` նետի պես սլացանք ցուցարարների տեղահանած ճաղերի կողմը: Ճիշտ է, մեր հետևից կրակահերթեր հնչեցին, սակայն առավելապես տարված լինելով կատաղի բանտարկյալների պոռթկումը սաստելով, մեզ չհետապնդեցին:
Առջևում մեզ ծպտված կյանքի հեռանկարն էր սպասում: Սակայն մենք գոհ էինք, որ կյանքներս գլխիվայր շրջելու հնարավորություն ենք ստացել և հուսով էինք, որ հաջողության դեպքում շուտով իսպառ մոռանալու էինք նաև զրկանքների մասին։ Բացի այդ, մեզանից յուրաքանչյուրը համոզված էր, թե Լետիցիայի ընտրությունը, ի վերջո, հենց իր վրա է կանգ առնելու։
Երբ երկու տարի առաջ ինձ ու Գասպարին ձերբակալեցին կողոպուտի համար, բնականաբար, մենք ծպտուն չհանեցինք Լետիցիայի մասնակցության մասին: Նա երկուսիս համար էլ թանկ էակ էր, չափազանց թանկ։
Երեքս նույն բակում էինք մեծացել, միասին թրծվել կյանքի թոհուբոհում և լավ էինք ճանաչում մեկմեկու: Լետիցիայի համար պարզից էլ պարզ էր, որ հանուն իրեն թե՛ ես, թե՛ Գասպարը, առանց վայրկյան իսկ տատանվելու, կյանքներս կտայինք:
Լետիցիայի շնորհիվ շատ արագ մի բնակարան վարձեցինք և խուսափելով ավելորդ ելումուտ անելուց, մեկ ամիս ծպտվեցինք այնտեղ:
Առաջվա պես մենք նույն սրիկաներն էինք ու պարապությունից կողոպուտի նոր ծրագիր մշակեցինք։
Շուտով լույսը բացվելու էր: Փողերով լի երկու պայուսակ ձեռքներիս, Գասպարի հետ պատրաստվեցինք դուրս սողոսկելու հանրախանութի պատի մեջ մեր փորած անցքով։ Առաջինը Գասպարը փորձեց: Տեսնելով, որ դժվարանում է, նա շալվարի գրպանները դատարկեց հիսունանոցների կապոցներից ու դրանք անցքից դուրս նետեց: Կրկին փորձեց ու էլի դժվարացավ:
Զարմանալի էր. չէ՞ որ նույն անցքով էր մտել։
Քրտինքի մեջ կորած, նա մի կողմ քաշվեց ու ես հեշտությամբ անցա պատի մյուս կողմը: Նրանից ընդունեցի պայուսակներն ու հորդորեցի.
-Շտապի՛ր, ի՞նչ ես գնդվել ու մնացել:
Գասպարը գլուխն ու ուսերը բարեհաջող անցկացրեց անցքից դուրս, սակայն կոկոսի մեջ կերած-խմած մկան պես լռվեց, մնաց:
-Ի՞նչ եղավ, գրողը տանի, - դժգոհ մրթմրթացի ես` վախեցած շուրջս զննելով:- Ախր մեկ անգամ արդեն հանգիստ անցել ես այդ անցքով:
-Մոռացա ծոցագրպաններս դատարկել, այդ պատճառով էլ` հիմա ոչ առաջ, ոչ էլ հետ... Թևերի՛ցս, թևերի՛ցս քաշիր:
Սկզբում հակառակը, նրան հետ հրեցի, որ կարողանա գրպանները դատարկել, հետո փորձեցի ձեռքս հասցնել նրա ծոցագրպաններին, բայց էլի անօգուտ. անցքի նեղության պատճառով պիջակը կիպ կպել էր նրա մարմնին:
-Տխմար, ասում եմ թևերիցս բռնած դուրս քաշիր, իսկ դու շորերս ես մաժմժում։
-Էդ խոսքիդ համար քեզ հենց էս վիճակում չթողնե՞մ` նվեր ոստիկաններին: Քեզ գտնող ոստիկանի ուսադիրները տեղում մեկ աստիճանով կբարձրացնեն, գիտե՞ս,- ասացի, չմոռանալով գետնից բարձրացնել նրա դուրս նետած հիսունանոցների կապոցները:
-Լա՛վ, հերիք է դուրս տաս,- նվվաց Գասպարը,- քաշի՛ր:
Որպես պատիժ սահմանափակվելով միայն թեթևակի կտտացնելով նրա գլխին, թևերից բռնած մի կերպ դուրս քաշեցի:
Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում, նույնիսկ մութն ընկնելուց հետո էլ, խուսափում էինք փողոց դուրս գալուց: Միայն մեկ անգամ Լետիցիան համարձակվեց գնումներ կատարած այցելել մեզ ու պատմեց, որ թերթերը ողողված են մեր լուսանկարներով, որ ոստիկաններն իրենց հայտարարություններում ամենևին էլ մոլորվածների տպավորություն չեն թողնում։
Որոշեցինք, որ հարևանների ավելորդ հետաքրքրասիրությունը չբորբոքելու համար Լետիցիան ձեռնպահ մնա մեզ այցելելուց: Հանձնարարեցինք, որ նա անձնագրերի մասին հոգա, կեղծամներ ճարի ու հարավ` դեպի Միջերկրականի ափերը հասցնող գնացքի տոմսեր գնի։
Անձնագրերի հետևից, Լետիցիայի հետ հանդիպմանը գնացի ես: Գասպարը պատճառաբանեց, թե այդ ընթացքում իր հին ծանոթներից մեկին է ուզում տեսնել վերջին անգամ:
Ոչնչով աչքի չընկնող սրճարանում Լետիցիան դեմքով նստել էր դեպի դուռն ու սուրճ էր վայելում: Որպես ողջույն մեկմեկու այտերը համբուրելուց հետո ես տեղավորվեցի նրա առջև:
Նրա կեցվածքում թեթևակի հուզմունք կար: Դա նրան առավել հրապուրիչ էր դարձնում: Ձայնը դողում էր, թրթռում այնպես, ինչպես սիրահարված մարդկանց է դա բնորոշ։
Ապակու միջով փողոցը զննելուց հետո` Լետիցիան փոքրիկ փաթեթով ինձ փոխանցեց կեղծամներն ու անձնագրերը: Փաթեթը տեղավորեցի գրպանումս ու ճկույթս զգուշորեն երկարացրի դեպի նրա մատները:
-Երեք տոմս եմ գնել,- չնկատելու տալով հպումս, ասաց նա:- Լուսադեմին Կանն մեկնող գնացքն ենք նստելու: Տոմսերը թող մնան մոտս, միևնույն է, առավոտյան հանդիպելու ենք:
-Լետիցիա...
Չլսելու տալով ինձ, Լետիցիան շարունակեց.
-Հրաշալի կեղծամներ եմ ճարել, կփորձեք ու կհամոզվեք: Իրական մազերից անհնար է տարբերել:
-Լետիցիա...
Նա սուրճն իրենից հեռու հրեց ու հասկացրեց, որ արդեն գնալ է ուզում:
-Լետիցիա...
-Լսում եմ, ասա՛:
-Ես պատրաստ եմ իմ բաժին փողերի կեսը Գասպարին տալու, դրանից հետո նա մեզ հանգիստ կթողնի: Կբացատրեմ ու նա կհասկանա: Ես ու դու պետք է առանձին մեկնենք: Հասկացի՛ր, ես գժվում եմ քեզ համար։
Լետիցիան պայուսակը գցեց ուսին ու աչքերը սառեցրեց մոխրամանի վրա: Ծխախոտի գլանակը, որը մինչ այդ պտույտներ էր գործում նրա մատների արանքում, կոտրվեց ու նետվեց մոխրամանի մեջ:
-Ներիր, բայց ես Գասպարին եմ սիրում ու այդ մասին վաղն ասելու եմ նրան:
-Բայց... Ես շարունակում եմ քեզ սիրել,- համառեցի:
-Իսկ ես,- Լետիցիան կտրուկ ոտքի կանգնեց,- շարունակում եմ քեզ ատել:
-Ինչո՞ւ: Ախր մինչև ե՞րբ։
-Չգիտե՞ս... Ատում եմ, որովհետև տարիներ առաջ իմ առաջինը եղար, հետո ոտքերդ վրաս սրբեցիր ու առաջին պատահածի գիրկը նետվեցիր:
Երբ տուն հասա, Գասպարն արդեն վերադարձել էր: Ծաղկամանի մեջ վայրի ծաղիկների փոքրիկ փունջ էր հայտնվել:
- Հը, ի՞նչ կա: Ամեն ինչ բարեհաջո՞ղ անցավ, - հարցրեց նա:
Թարմ թերթերը նետելով բազմոցին, անտրամադիր գլխով արեցի:
-Վստա՞հ ես, հետևիցդ պոչ-մոչ չկա՞ր:
Գրպանիցս հանեցի Լետիցիայի տված բեղերից մեկն ու դնելով վերին շրթունքիս, պատասխանեցի.
-Վստա՛հ եմ, հանգստացիր: Ամեն ինչ կարգին է։ Այս ի՞նչ ծաղիկներ են:
-Հե՛չ, հենց այնպես,- արձագանքեց Գասպարն ու հարցրեց.- Իսկ անձնագրե՞րը...
-Ահա անձնագրերը: Տես, զուր չէր գլուխը գովում այն տիպը:
-Իրո՛ք: Որակը տեղն է: Հիմա չեմ ափսոսում այն գումարը, որ նա շորթեց մեզանից:
-Անձնագրի հարց ենք լուծել, Գասպար, իսկ դու գումար ափսոսելուց ես խոսում: Նստած ես փողերով լի պայուսակների արանքում ու էլի նույն ժուժկալն ես մնացել։ Հա՛, մոռացա ասել. Լետիցիան տոմսերը գնել է, լուսաբացին մեկնում ենք:
Գասպարն այլևս հարցեր չտվեց, իսկ ես իմ հերթին նախընտրեցի լռել Լետիցիայի հետ ունեցած զրույցիս մասին:
Զարթուցիչը լարելուց հետո Գասպարը մոտեցավ լուսամուտին, իջեցրեց շերտավարագույրն ու ձեռքը մեկնեց ցելոֆանե տոպրակին:
-Քո սիրած կանադական ռոմն եմ գնել, անձնագրերի կապակցությամբ կոկորդներս չթրջե՞նք,- առաջարկեց նա:
-Դեմ չեմ:
-Դե բաժակները բեր,- ոգևորվեց Գասպարը:
-Մինչև դու սեղանին մի քանի կտոր ուտելու բան կդնես, ես գնամ սափրվելու ու ցնցուղի տակ կանգնելու,- ասացի ես:- Առավոտյան բեղերը կպցնելուց առաջ քեզ էլ չէր խանգարի սափրվելը։
Վերնաշապիկս հանեցի ու կանգնեցի հայելու առջև: Սափրվում ու դռան ճեղքից երբեմն հետևում էի, թե ինչպես է Գասպարը սեղանին տոնական տեսք հաղորդում։ Վերջում նա բաժակների մեջ կիսով չափ ռոմ լցրեց ու գրպանից մի սրվակ հանելով, կասկածելի պարունակությունը դատարկեց ինձ համար նախատեսած բաժակի մեջ:
Տեղավորվելով բազմոցին` նա վարունգից մի մեծ կտոր կծեց:
Ես ավարտեցի սափրվելս, լողանալու օճառը թաքցրի օծանելիքների հետևում ու սրբիչն ուսիս գցած մոտեցա նրան:
-Օճառն անհետացել է։ Աչքովդ չի՞ ընկել:
-Առավոտյան տեղում էր,- խռպոտ արձագանքեց Գասպարը:
-Չեմ գտնում,- անտարբեր նետեցի ես:
Գասպարը դժկամորեն տեղից վեր կացավ, գնաց օճառի հետևից ու մինչ նյարդայնորեն տակնուվրա էր անում լողասենյակը, ես տեղափոխեցի բաժակները: Սպասելով, թե նա երբ է օճառը գտնելու` մի քանի ձիթապտուղ կերա:
-Ահա՛,- ձայնեց Գասպարը,- գտա... Օծանելիքների հետևում էր ընկած:
Կանգնել էի ցնցուղի շթի տակ ու մրմուռով մտմտում էի. «Որոշել եք մեջտեղից հանե՞լ ինձ, դավաճաննե՛ր... Իսկ Գասպարին պետք է թողնեի, որ այն օրը լռված մնար հանրախանութի պատի մեջ»:
Քիչ անց, մարմինս չորացնելուց ու սանրվելուց հետո, երբ դուրս եկա լողասենյակից, ինձ անակնկալ էր սպասում։ ՈՒռած ու թաց աչքերով Լետիցիան նստած էր փողերով լի երկու պայուսակների արանքում: Նրա ձեռքին ատրճանակ կար ու փողն ուղղված էր կրծքիս:
-Առավոտվանից սիրտս վատ բան էր կանխազգում,- լացը խեղդելով արտաբերեց նա:- Այդ դո՛ւ պետք է մեռնեիր, ոչ թե նա։ Ատո՛ւմ եմ քեզ:
Լետիցիան կրակեց:
Ես տապալվեցի հատակին ու մարող հայացքով հետևեցի, թե նա ինչպես է սրբում ատրճանակի պոչը: Այնուհետև ատրճանակը տեղադրեց Գասպարի ափի մեջ, համբուրեց նրա անզգա շրթունքներն ու պայուսակները վերցնելով հեռացավ։

Դիտվել է՝ 148305

Մեկնաբանություններ