Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայերը սուրբ երկրում` անցյալում ու ներկայում

Հայերը սուրբ երկրում`  անցյալում ու ներկայում
07.05.2013 | 00:34

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է Երուսաղեմի սուրբ Հրեշտակապետաց վանքի տեսուչ ՂԵՎՈՆԴ վարդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:


-Աշխարհի համարյա բոլոր երկրներում հայ համայնքներ կան, Ձեր կարծիքով` Երուսաղեմի համայնքն ինչո՞վ է առանձնանում:
-Երուսաղեմի հայ համայնքի ձևավորման կարևոր պատճառներից մեկը Սուրբ երկիրն է և քրիստոսակոխ սրբավայրերը, որոնք աշխարհի բոլոր քրիստոնյաներին միշտ ձգել են ուխտագնացության: Երրորդ դարում` 250 թվականին, հիշատակություն ունեն պատմիչները, որ հայերը փնտրել են սուրբ վայրերը: Իսկ եթե հիմք ընդունենք Աբգար թագավորի հիշատակությունը, ում մասին վկայել է և Մովսես Խորենացին հինգերորդ դարում, հասնելու ենք մեր թվարկության սկիզբը: Աբգար թագավորի պատմությունը լավ հայտնի է, իսկ երբ Աբգարի մահից հետո քրիստոնյաները հալածվում են, թագուհին` Հեղինեն, վերադառնում է հայրենի տուն` Երուսաղեմ: Ժողովրդին կերակրելու համար նա ցորեն է գնում Եգիպտոսից ու Կիպրոսից, և թագուհուն թույլ են տալիս քարերով ծածկել Հիսուսի գերեզմանը, մատուռ սարքել համբարձման վայրում, ծննդյան վայրը պահպանել: Թագուհին Երուսաղեմում մտերմանում է Մարիամ Աստվածածնի հետ: Այդ մասին հիշատակում են նաև հրեա պատմիչները, նշելով, որ նա տուն է ունեցել Երուսաղեմի հարավ-արևելյան կողմում: Մարիամ Աստվածածնի ննջումից երկու տարի հետո Հեղինեն է մահանում, և նրան հուղարկավորում են Երուսաղեմի հյուսիսային կողմում: 1860 թվականին դեռ Երուսաղեմի պատմիչները նշում են, որ, ցավոք, գերեզմանի տեղը չգիտեն: Տասը տարի անց թագուհու գերեզմանը գտնում են ֆրանսիացիները` քարե դամբարան, ուր լինում են թագուհու մասունքները: Այսօր գտածոն պահվում է Լուվրում որպես Հեղինե թագուհու դամբարան, Երուսաղեմի հրեաներն ունեն Հեղինե թագուհու փողոց: Հեղինե թագուհու փրկած սրբավայրերը նրա մահից հետո քանդվում են, և Կոստանդինոս կայսեր մայրը` Հեղինեն է վերակառուցում, Սուրբ երկրում սրբավայրերի շինարարությանը մեծ մասնակցություն են ունենում Տրդատ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը: Շատ եկեղեցիներ են կառուցվել արքունական ու իշխանական տոհմերի գումարներով: ՈՒթերորդ դարում մենք ունեցել ենք ութսունից ավելի եկեղեցիներ, որոնց մի մասը կորցրել ենք երկրաշարժերի, արշավանքների, քրիստոնեական վեճերի պատճառով:
-Ե՞րբ է հիմնվել պատրիարքարանը Երուսաղեմում:
-Յոթերորդ դարում` 620 թվականին, Աբրահամ Առաջին պատրիարքի գլխավորությամբ: Հայերը սկսում են հզորանալ, գումարներ են գալիս, արաբների արշավանքների ժամանակ լինում են մեծ նեղություններ, հալածանքներ քաղկեդոնիկ եկեղեցու կողմից, արաբների կողմից: Նույնիսկ վանականներին հալածել, երկրից վտարել են, բայց մնացել են հոգևորականներ, ովքեր կյանքի գնով պահպանել են պատրիարքարանի ունեցվածքը: Ընթացքում մշտապես ուխտավորներ են եկել, ոմանք նաև մնացել են:
-Կարևոր ի՞նչ փուլեր կառանձնացնեիք հայ Երուսաղեմի պատմության մեջ:
-Խաչակրաց շրջանում Երուսաղեմ են գալիս երեք հայ թագուհիներ` Արդան, Մոսեան և Մելիքսենդան, նրանք մեծ դեր ունեն համայնքի կյանքում, նրանց հետ շինարարներ են գալիս Կիլիկիայից: Թագավորները քաղաքական ամուսնություններ էին կնքում օտարների հետ, գալիս էին, հողեր էին գնում ու իրենց հետ ժողովուրդ էին բերում, քաղաքականությունը մեկն էր` հայեր բնակեցնել նոր հողերում: Հենց այդ ընթացքում կամաց-կամաց հայոց վանքի շուրջը բնակված հայերը ձևավորում են հայոց թաղամասը, որ այսօր հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն է: Վանքի շրջակայքում հայերը հողեր են գնում, տներ են կառուցում, որը զորացնում է նաև վանքը: Այդ ժամանակներում է կառուցվում Հրեշտակապետաց եկեղեցին, ինչը դառնում է ժողովրդի հոգևոր տունը. մկրտությունները, պսակները, թաղումները կատարվում են Հրեշտակապետաց վանքում: Մինչ օրս էլ ժողովուրդը շատ կապված է Հրեշտակապետացին, որտեղ գործում էր նաև կուսանոց. վերջին մայրապետը վախճանվել է 1980 թվականին: Հայերը միշտ մասնակցում են եկեղեցու կյանքին, նվիրատվություններ են անում: Հայկական դպրոց չկար, և իրենք ավելի շատ ունեին արաբական կրթություն ու լեզու: Անգլիական ու թուրքական տիրապետության ժամանակներում հայերը մեծ պաշտոններ են ունեցել: Այսօր տոհմեր կան, որ մինչև 1600 թվականը գիտեն իրենց տոհմածառը, յուրահատուկ ավանդույթները, որպեսզի չկորցնեն հայությունը և հարստությունը, այդ տոհմերի ներսում նույնիսկ ամուսնություններ են եղել զարմիկների ու զարմուհիների միջև: 1915 թվականին Երուսաղեմ եկան եղեռնից փախածները: Վանքը, որքան կարողանում է, ընդունում է նրանց, ոմանք դառնում են կաթոլիկ: Երուսաղեմի պատրիարքությունը միշտ էջմիածնապատկան է եղել ի հոգևորս, բայց հին ժամանակներում խնդիրներ եղել են` թուրքական ենթակայության ժամանակ որոշ շրջան Կ. Պոլսի ենթակայության տակ է եղել: Որոշ վնասներ կրելուց հետո միաբանությունը որոշում է ինքնավար լինել: 1915 թվականին շատերը բնակություն են հաստատում վանքից ներս, այսօր էլ նրանց սերունդները դեռ ապրում են վանքում: 1928 թվականին կառուցվում է դպրոցը, և երեխաները հայերեն սովորելու հնարավորություն են ստանում, երբ եղեռնից փախած հայերը գալիս են Երուսաղեմ, տեղի քաղաքացիները շատ երեխաներ են որդեգրում, բացվում է սկաուտական առաջին խումբը, սկսվում է սկաուտական շարժումը: Երեխաներին սովորեցնում են լեզու, գրականություն, արվեստ: Այն ժամանակներից մինչև հիմա հին տոմարով հունվարի տասներկուսին նշվում է Նոր տարին բոլոր երեխաների համար, նրանց փոքրիկ նվերներ են տալիս, գեղեցիկ երեկոներ են լինում` երգով, արտասանությամբ, ազգային շնչով:
-Ձեր կարծիքով` այսօր Երուսաղեմում ապրող հայերն ի՞նչ խնդիրներ ունեն:
-Տարբեր խնդիրներ, հայը Երուսաղեմում օտարության մեջ է կարծես: Ճիշտ է, ունի անկախություն, իր փոքրիկ Հայաստանը, որ պահում է, բայց արաբների համար հայը օտար է, հայը օտար է հրեաների համար: Բոլոր օրենքները նորմալ աշխատում են առանց ազգային խտրականության, բայց հայը, միևնույն է, մնում է օտար: Գիտեք, այստեղ խելացի արաբներին ասում են, որ ձեր ցեղում հայի արյուն է եղել: Հրեան հային իրեն հավասար չի համարում, արաբների հաստատություններում հայերը դպրոցների տնօրեններ են եղել, դասախոսներ, ֆաբրիկաների տերեր, հրեաների մոտ` ոչ:
-Համայնքն ամրապնդվո՞ւմ է, թե՞ նոսրանում:
-Նոսրանում է, գիտեք, առաջ տեղաբնակ և նորեկ հայերը միմյանց հետ չէին ամուսնանում, իսկ վերջին քսան-երեսուն տարում այդպես չէ, ամուսնանում են: Շատ հայեր գնացին Ավստրալիա ու Ամերիկա, բայց կապերը պահում են միմյանց հետ: Վերջին տարիներին Հայաստանից շատ հայեր եկան: Հայ համայնքն ընդհանրապես բազմաշերտ է, կան նաև խառն ամուսնություններով հայեր: Նրանք, ովքեր եկել են Իսրայել խառն ամուսնությունների շնորհիվ, հիմնականում ապրում են Հայֆայում, իրենց հայությունը պահում են, բայց երեխաներին արդեն կորցնում են` դպրոց չունեն: Այսօր գործում են «Արարատ» և «Նաիրի» միությունները: «Արարատ» միությունը դպրոց ունի, որտեղ որոշ չափով հայերեն, հայ մշակույթ սովորում են, բայց հրեաների զորությունն այնքան մեծ է, որ Ռուսաստանից ես եկել, թե Հայաստանից, քո զավակին կարողանում է հրեա դարձնել` մանկապարտեզից սկսած մինչև բանակ ու համալսարան: Խառն ամուսնություններով շատ հայեր իրենց երեխաներին կնքում են, դա և ազգային գիտակցության պահպանում է, և բանակի խնդիրն է ներգործում` այդ երեխաները կարող են բանակում չծառայել: Իսրայելում ու Պաղեստինում հայ համայնքը ներկայացնողը եղել ու մնում է պատրիարքարանը: Համայնքներն ու միությունները այսօր փորձում են համագործակցել պատրիարքարանի հետ` իրենց նպատակը հայ լինելն է, հայկական ավանդույթների պահպանումը:
-Ինչպե՞ս են իրենց դրսևորում հայ կուսակցությունները Իսրայելում:
-Կուսակցությունները վանքի հովանու ներքո են, վանքից ներս են գործում, և միշտ համագործակցությունը կա:
-Հայկական մշակութային կյանք կա՞: Կա՞ն հայտնի դեմքեր, մշակութային ճանաչում ունեցող գործիչներ:
-Ցավոք, մշակութային կյանքը աշխույժ չէ: Գրողներից ամենահայտնին Անուշ Նագգաշյանն է, որ թերթ է հրատարակում և Հայաստանի հետ համագործակցությունն է պահում` սփյուռքի նախարարության, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հետ, որ գործում է Հայաստանում` ուսուցիչների վերապատրաստման նպատակով: Հայ գործիչներ այսօր կան, որ ավելի շատ հայտնի են արաբական միջավայրում ու արաբացումն են պաշտպանում, հայերենին էլ լավ չեն տիրապետում: Երաժիշտներ ունենք, նկարիչներ, Անուշ Նագգաշյանն իր «Անդրադարձում» նրանց միշտ ներկայացնում է: Առաջին տպարանը, լուսանկարչատները այստեղ հայերն են բացել, այսօր էլ լավ լուսանկարիչներ կան:
-Ձեր կարծիքով` հայ համայնքը դեպի ուծացո՞ւմ է գնում, թե՞ կան պահպանության կռվաններ:
-Խնդիրներ շատ կան: Վերջին ժամանակներս Հայաստանից ու սփյուռքից մեծացել է ուխտավորների ներհոսքը, որ համայնքի կյանքի վրա գուցե մեծ ներգործություն չունի, բայց շատ կարևոր է, որովհետև ակնառու է դարձնում, որ հայերով ու հայությամբ մեծ հետաքրքրություն կա, որ հայեր կան: Տոների ընթացքում իսրայելցիները զարմանքով տեսնում էին, որ տեղում այդքան հայեր չկան, բայց բազմաթիվ հայեր են մասնակցում տոնակատարություններին: Ժամանակին շուկայի սկզբից հայերի խանութներն էին, բայց արաբ-իսրայելական պատերազմի սկզբում շատ հայեր հեռացան` վաճառելով խանութները, այսօր մոտ տասը խանութ է մնացել: Հայ խմբերը, որ գալիս են Իսրայել, գերազանցապես այդ խանութները չեն այցելում, իսկ դա մեծ օգնություն կլիներ:
-Բայց ուխտավոր հայերը պիտի իմանան այդ խանութների տեղը, որ այցելեն:
-Տեղացիները դրսի հայերին միշտ լավ ընդունել են: Այսօր հրեաները, արաբները հորդորում են գնումները իրենց խանութներից կատարել, օտար զբոսաշրջիկներն էլ իրենց զբոսավարներն ունեն, որ տանում են իրենց խանութները: Խմբերը, որ գալիս են, պիտի համագործակցեն:
-Այո, բայց դա տեղում պիտի կազմակերպվի, որովհետև Հայաստանից եկողը չգիտի հայ խանութպանների տեղը, վերջապես կարող են լինել և հայ զբոսավարներ, որ տանեն հայկական խանութներ: Առավել ևս, որ գնումներն էլ նույնն են` խունկ, մոմ, հուշանվերներ:
-Այդ խնդիրը բերողն ու դիմավորողը պիտի լուծեն, դա մեծ խթան կարող է դառնալ հայ խանութպանների համար: Դեռ 16-րդ դարից հայերն այստեղ հախճապակու արտադրություն են ունեցել, և նրանց սերունդները հիմա էլ կան: Մի քանի խանութներ կան միայն հախճապակու, ոսկերիչների, նրանց զավակները մեկնել են այլ երկրներ ուսանելու ու չեն վերադարձել, որովհետև աշխատանքի խնդիր ունեն: Շատ հայեր հրեաների, արաբների տպարաններում են աշխատում: Մի քանիսը համալսարաններում են դասավանդում:
-Հայերն այստեղ հովանավորներ չունե՞ն, որ այդ հարցը կազմակերպվի:
-Կա հյուպատոս, որ ոսկերչական ֆաբրիկա ունի, բայց հարուստ հայեր չկան, որ կազմակերպեն:
-Պատրիարքությունը չի՞ կարողանում աջակցել այդ հարցում:
-Վանքի ներսում ապրողներին` այո, նրանք վճարում են միայն ջրի ու հոսանքի համար, պետության տուրքերը չեն վճարում, որովհետև վանքում են ապրում: Վանքը տներ է կառուցել իր տարածքում, որտեղ ապրողները ամսական հարյուր դոլար են վճարում, իսկ հրեական, արաբական հատվածներում նույն բնակարանի դիմաց ութ հարյուր դոլար պիտի վճարեին: Խանութներին մեծ տուրքերի զեղչումների հարցում է օգնում: Քաղաքացիները այստեղ միշտ վանքին օգտակար լինելու հոգեբանությամբ են ապրում: Գիտեք, որ կրակը Փրկչի գերեզմանից հանողները դարից դար ընտանեկան ավանդույթով նույն մարդիկ են` մեկը պատուհանի մոտ է, մյուսը վազեցնում է մարդկանց:
-Վերջերս Իսրայելի Կնեսետը նորից էր անդրադարձել Հայերի ցեղասպանության ճանաչման հարցին, Դուք դա ռեալ համարո՞ւմ եք:
-Դա արդեն քաղաքականության հարց է, որ առնչվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ոչ թե բարոյական խնդիրներին:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Երուսաղեմ

Դիտվել է՝ 3416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ