Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՀՀԿ-ն խուժան չունի»

«ՀՀԿ-ն խուժան չունի»
07.05.2013 | 00:40

Ավարտվեց հերթական ընտրությունը, սակայն, ինչպես նախորդ ընտրություններից հետո, կեղծիքների, խախտումների մասին բարձրաձայնումները չեն դադարում: Ընդդիմությունը փաստում է, որ համատարած ընտրախախտումներ են եղել, իշխանությունը, բնականաբար, հերքում Է մեղադրանքները: Մեր զրուցակիցը` ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ ևս պնդում է, թե «լավ ընտրություններ են եղել»:

-Ընդդիմությունը հայտարարում է, թե կատարված խախտումների հիմնական մեղավորը ՀՀԿ-ն է: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի կարողանում խուսափել նման «ձեռագրով» ընտրություններից:
-Հերթական ընտրությունից հետո վերլուծություն անելիս նախ պիտի փաստել, որ ընտրապայքարի մեջ մտած մեր մրցակից ուժերն ի սկզբանե պարտվողական հոգեբանություն ունեին:
-Ի՞նչ ասել է «պարտվողական հոգեբանություն»:
-Հետևելով մամուլին, էլեկտրոնային լրատվամիջոցների քարոզարշավային նյութերին, տեսնում ենք, որ ստեղծում էին ենթադրյալ միֆ ու հետո «հերոսաբար» հաղթահարում ինչ-որ ընտրակեղծիքներ: Այնինչ մենք հերթական ընտրությունն անցկացրինք, և բոլորիս ձեռքբերումը պիտի լիներ թշնամությունը, չարությունը հաղթահարելը, պարտությունն արժանապատիվ ձևով ընդունելը: Պիտի հասկանան, որ գուցե իրենց թերացումների հետևանքով է այսպես եղել: Նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մենք պարտվեցինք որոշ քաղաքներում, ես անձամբ նշեցի, որ գուցե դա մեր ոչ ճիշտ կազմակերպված աշխատանքի հետևանք էր: Մեր ընտրական գործընթացի կարևորությունն այն պիտի լիներ, որ թշնամությունն ու չարությունը բացառեինք: Այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր հայտարարում են, թե ընտրակեղծիքներ են եղել, ընդամենն իրենց ղեկավարության առաջ չկատարած աշխատանքի արդարացման ձև են գտել:
-Այդուհանդերձ, Դուք որևէ ընտրախախտում, ընտրակաշառք չե՞ք արձանագրել:
-Ամբողջ օրը կենտրոնական շտաբից իմ գործընկերների հետ հետևել եմ ընտրական գործընթացին: Իմ տպավորությամբ` ընդդիմադիր հատվածը մրցավազքի մեջ էր, թե ով ավելի շատ ենթադրյալ ընտրակեղծիք կներկայացնի համացանցում, էլեկտրոնային մամուլով: Եղան ահազանգեր ինչ-ինչ դեպքերի առնչությամբ, ինչպես նաև արջի ծառայություն մատուցողներ: Դրանցից որևէ մեկը, եթե իրավական հիմք ունի, անպատիժ չի մնա: Բայց կողմնակից եմ, որ անպատիժ չմնան նաև ապատեղեկատվություն տարածողները: Այս ամենը պիտի հանրությանը տեսանելի դարձնել, որպեսզի այդ չարության մթնոլորտը կանխարգելենք: Տեսանք, որ կատարելագործվել է նաև մարդկային ֆանտազիան: Պիտի ազնվություն ունենալ համեմատական անցկացնելու նաև քարոզարշավի ժամանակահատվածի հետ: Տարոն Մարգարյանի` որպես նաև գործող քաղաքապետի հետևից մարդիկ գնացին, հավատացին: Երևանցիները Տարոնին սիրեցին` ընդամենը գաղտնիքը սա էր: Որևէ մեկը թող իր թվերին փակ աչքերով չնայի: Իրականությանը լայն բացված աչքերով պիտի նայել: Թվերում արտառոց ոչինչ չկա, մոտավորապես նախագահական ընտրությունների տվյալներն են` տոկոսային նվազագույն տարբերությամբ: Ընդդիմադիր հատվածն իր ձայնը տվեց «Բարև, Երևան»-ին, իսկ իշխանամետ հատվածն էլ ՀՀԿ-ին` Տարոն Մարգարյանին:
-Այսինքն, կանխատեսելի՞ էր, որ նվազագույն շեմը չեն հաղթահարի ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Նրանց պարտությունը և՞ս լավ չաշխատելու արդյունք էր:
-Երբ դիտարկում ենք և՛ ԱԺ, և՛ նախագահական, և՛ Երևանի ավագանու ընտրությունները, ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր դաշտում գաղափարական պայքար չկա: Հիմնական կռիվն ընդդիմադիր դաշտի ղեկավար լինելու շուրջ է: Ընդդիմությունից թեկնածություն դրեցին Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, բայց նույնիսկ այս պարագայում ՀԱԿ-ը Բագրատյանին պաշտպանող հայտարարությամբ հանդես չեկավ, որպեսզի չընդգծվի նրա լիդերությունը: Էլ չեմ խոսում Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ չհամախմբվելու մասին: Մեր ժողովուրդն այս ամենը տեսնում է ու հոգնել է չարությունից, ամեն ինչ սևացնելով իրենց ճանապարհը հարթելու միտումից, երբ քննադատում ես ու այդպես ես վարվում` քո արմատական կեցվածքն ավելի ընդգծելու համար: Ի՞նչն էր խանգարում, որ միանային ու միասնական ճակատով հանդես գային: Ավելին, 464 ընտրատեղամասերից ընդամենը, եթե չեմ սխալվում, 206-ում ենք ունեցել հանձնաժողովի անդամ, քարտուղար, նախագահ: Այսինքն, ստացվում է` այդ բոլոր ուժերը միասին ավելի շատ տեղեր ունեին, քան մենք:
-Ըստ Ձեզ, ընդդիմադիր ուժերը չհամախմբվածության պատճառո՞վ են պարտվել:
-Գուցե ես պիտի ուրախանամ, որ նրանք ռազմավարական սխալ են թույլ տվել, ինչից շահել է ՀՀԿ-ն, բայց որպես ՀՀ քաղաքացի, սա չեմ ողջունում: Այդ հիասթափությունն ու չարությունը տարածվում է բոլորի վրա, անկախ նրանից, իշխանությո՞ւն ես, թե՞ ընդդիմություն: Առաջիկա չորս տարիներին է, որ այդ ընդդիմադիր ուժերը պետք է սթափվեն, համախմբվեն ու այս հիասթափության մթնոլորտը վերացնեն:
-Մինչ Դուք մթնոլորտի առողջացման մասին եք խոսում, ՀԱԿ-ը ընտրությունից հետո հայտարարություն է տարածել ու նշել, որ թաղային հեղինակություններն ու ՀՀԿ-ի «խուժանն» են ուղղորդել ընտրությունների ընթացքը:
-Նախ ՀՀԿ-ն «խուժան» չունի: Այդ տերմինոլոգիան իրենց է հայտնի: Հիշենք իրենց առաջնորդի խոսքը համագումարի ժամանակ` «բեսեդկային» ու չգիտեմ էլ ինչ քաղաքական թիմ: Մեր նորանկախ պետության պատմության մեջ «խուժանի» դրսևորմամբ աչքի է ընկել քաղաքական նոր ձևավորված թիմի հիմքը` ՀՀՇ-ն: Իրենք են այդ տեխնոլոգիաներին տիրապետում, այսպիսի ընտրություններն իրենց համար մի փոքր խորթ են, քանի որ լույսեր չեն անջատվել, քվեատուփեր չեն գողացվել, մարդկանց չեն ծեծել, առևանգել, մարդկանց «պադվալներում» հինգ-վեց օր չեն պահել: Բայց, հաղթողի դիրքերից, այս անգամ չանդրադառնամ այդ ամենին, թեպետ դրա հիմքերը ունեմ։ Այնուամենայնիվ, նորից պիտի հորդորեմ, որ պարտվողի հոգեբանությունից դուրս գան ու, չսևացնելով ամեն ինչ, դրական քայլեր անեն:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ