Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արժե նաև վերհիշել

Արժե նաև վերհիշել
10.05.2013 | 14:40

Հայաստանում ամեն մի ընտրությունից հետո թերթերն ու կայքերն ուղղակի պայթում են ընտրական խախտումների արձանագրություններից, կեղծիքների բացահայտումներից, թաղային խուժանների լուսանկարներից, լրագրողների, վստահված անձանց վրա գործադրված բռնություններից, նրանց առևանգման դեպքերից: Շարքը կարելի է անվերջ շարունակել:

Բայց մեկ-մեկ էլ, թերևս, արժե վերհիշել: Վերհիշել, թե տարիներ առաջ ինչ են գրել Հայաստանում կազմակերպված ընտրությունների մասին:

«Ամենադժվարը, սակայն, ընտրությունների օրն էր: Այս առումով նոմենկլատուրային միտքը գերազանցել էր ինքն իրեն. բարձրահարկ շենքերում վերելակների անջատում, ցանկացած այլ ձևով անցանկալի ընտրողների թվի սահմանափակում և ընտրողների թվի արհեստական ուռճացում (բնական է, չեղած ընտրողները պիտի քվեարկեին նոմենկլատուրայի օգտին), ուղղակի ու անուղղակի սպառնալիքներ, ընտրական տեղամասերում կազմակերպված ծեծկռտուքներ, քվեաթեթրիկների կեղծման բազմաթիվ բացահայտված դեպքեր (իսկ քանիսը չբացահայտված մնաց՝ Աստծուն է հայտնի). սա միայն աչքի զարնող այն միջոցառումների ոչ լրիվ ցուցակն է, որ ձեռնարկում էին հանրապետության ղեկավարությունը և նրանց տեղական իշխանիկները՝ կոմունիստական գվարդիայի անխոնջ թեկնածուներին պատգամավոր դարձնելու համար»,- մեջբերումը Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1994թ. չպարզված հանգամանքերում սպանված Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքից է: «Ընտրությունները Հայաստանում» վերնագրով հոդվածն էլ թվագրված է՝ 26.11.1988 թ.:

Թե ինչ է փոխվել Հայաստանում քսանհինգ տարի անց՝ ակնհայտ է: Հուսանք, որ ապագայի պատմաբանները չեն զլանա արձանագրել ընտրակեղծիքների կատարելագործման այն մեխանիզմները, որոնք գործում են ժամանակակից Հայաստանում: Իսկ առայժմ ոչ միայն պետք է արձնագրել, այլ նաև՝ վերհիշել:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ