Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Պատերազմները չեն ավարտվում, նրանք ննջում են

Պատերազմները չեն ավարտվում, նրանք ննջում են
12.05.2013 | 20:42

Մեր վիրտուալ կյանքը առանձնապես չի տարբերվում իրականից, քանի որ առաջինը երկրորդի անդրադարձն է ընդամենը, օրինակ, սկսած Ֆեյսբուքում ընտրողաբար հայտնված լուրերից, վերջացրած անհատական տրամադրություններով: Ահա թե ինչ հետաքրքիր նյութեր հայտնաբերեցի մեկ օր «ֆեյս»-ում չլինելուց հետո:
Իմ ընկերներից Աննա Հայրապետյանը իբրև ստատուս օգտագործել էր մի հատված Այդին Մորիկյանի «Միայնակ ծերունին, որ զրուցակից էր փնտրում» ստեղծագործությունից.
«-Ճշմարտություն չկա:
-Չի կարող չլինել:
-Բա ինչու՞ չի գտնվում:
-Չենք փնտրում:
-Փնտրում ենք, չի գտնվում:
-Այնտեղ չենք փնտրում: Այնպես չենք փնտրում... »:
Երջանիկ Աբգարյանի ստատուսն անդրադարձ էր օրերս Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների, իր ժամանակ ոստիկանությունը 350 հազար կեղծ քվեաթերթիկ է առգրավել: 1in.am-ը հրապարակել էր առողջ նիհարելու տասը կաննոներ: Առաքել Սեմիրջյանի ստատուսը վերջին օրերի անդրադարձն էր` «Շուշին Լևոնից թաքուն գրավել եք, որ ի՞նչ անեք», իսկ Վիկ Դարչինյանը, պարզվեց, մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել մեքսիկացի Խավիեր Գալոյին և նոկաուտով հաղթել վերջինիս: Galatv.am-ի հրապարակումը ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցի մասին, որին միացել են 30 ազատամարտիկներ, օրվա թեմաներից էր, իսկ Ծովինար Նազարյանի ստատուսն այն մասին էր, որ. «Ֆեյսբուքը հավասարության նշան է դրել բոլոր մարդկանց խոսքի ազատության միջև՝ անկախ տարիքից, սեռից, փորձառությունից, կրթությունից..., բայց չի սովորեցրել էդ ազատությունն օգտագործել տարրական էթիկայի և տարրական իմացության առկայությամբ»: Եվ, վերջապես, մի ոչ պակաս ուշագրավ, միաժամանակ, ցավոտ խնդիր` անցած գիշեր կարկուտը հսկայական ավերածություններ է գործել Արարատյան դաշտավայրում, իսկ Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղացիները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով փոխհատուցում:
Սրանցից յուրաքանչյուրը մի առանձին հոդվածի թեմա է իրականում: Այդին Մորիկյանի մտորումները ճշմարտության փնտրտուքի մասին մարդկության համար միշտ էլ ակտուալ թեմա են եղել, քանի որ մարդկությունն իր սկզբնավորումից մինչ այսօր ճշմարտության որոնման մեջ է, մարդկության ընթացքը հենց ճշմարտության որոնման համար է, ու մարդն իր ողջ կյանքում ճշմարտությունն է փնտրում, սակայն, ինչպես Այդին Մորիկյանն է ասում, չգիտե` ինչպես, չգիտե` որտեղ: Հայերս էլ ենք ազգովի, մեր անհատական ճշմարտությունից դուրս փնտրում մեր բաժին, այսպես ասած, ազգային ճշմարտությունը, մինչև հիմա եղածն ենք վերհիշում, իբր դասեր քաղելու համար պատմության խունացած էջերն ենք թերթում, փնտրում ենք այն ճշմարտությունը, որը հայերին հասցրեց մինչև 21-րդ դար, իսկ այ, ասորիները, օրինակ, վերացել են վաղուց: Փնտրում ենք մեր դարավոր պարտությունների պատճառը, որոնց արդյունքում մնացել ենք 29 հազար քմ-ի հույսին ու եթե էդպես էլ չգտնենք մեր փնտրածը, կարող ենք էսքանն էլ կորցնել: Փնտրում ենք մեր սխալները նորանկախ ՀՀ-ից մինչ այսօր, որպեսզի հասկանանք՝ ինչ անենք, որ առաջ գնանք էնպես, ինչպես մեզ` հայերիս է վայել, չիմանալով, կարծում եմ, թե մեզ իրականում ինչպես է վայել, քանի որ վատ գիտենք մեր պատմական ու գրական ողջ ժառանգությունը:
Իսկ Երջանիկ Աբգարյանը բուլղարացիների մասին է նշում: Իհարկե, բուլղար ոստիկանները կարգին աշխատել են հանուն քաղաքացու, թեև Բուլղարիայում ևս ծանր է վիճակը: Վատ չէր լինի, որ մեր ոստիկանությունն էլ իր բաժին մասնագիտական ճշմարտությունը փնտրեր, գուցե գտներ՝ բուլղարացիների պես: Ինչ վերաբերում է առողջ նիհարելու միջոցներին, սա էլ մի յուրօրինակ ճշմարտության որոնում է, քանի որ խիստ ակտուալ խնդիր է նաև հայերիս համար: Հայերը դեռևս չեն սովորել, թե ինչ ասել է կեցվածքի կուլտուրա, չեն սովորել, ինչ ասել է` առողջ ապրելակերպ, և որ մարդու բարեկեցությունը ոչ թե փորի հաստությամբ է չափվում, այլ ուրիշ չափանիշներով: Մեր հասարակության զգալի մասի համար մեծ փոր ու հաստ վիզ ունենալը կյանքի բարելավման էտալոն է, իսկ արվեստի ոլորտում գործող մարդիկ էլ ամենևին հեռու չեն սույն մտայնությունից: Միայն մի քանի երգիչ-երգչուհու արտաքին բարեմասնություններին ուշադրություն դարձնելով կարելի է հասկանալ, թե, առհասարակ, կյանքում նրանք ինչն են կարևորում:
Ճշմարտության ի՞նչ պակաս որոնում էր Շուշիի ազատագրման հարցը, որն արդեն մի քանի տարի ակտուալ է՝ շնորհիվ Արկադի Տեր-Թադեւոսյանի հայտնի հայտարարության: Տեսեք, թե ուր հասավ մի անզգույշ խոսքը այն մասին, թե այն ժամանակվա երկրի նախագահը կապ չի ունեցել պատերազմական իրավիճակում մի շատ կարևոր քաղաքի ազատագրման հարցում ու նույնիսկ դեմ է եղել: Առաքել Սեմիրջյանի ստատուսը միայն ընդգծում է ասվածի ողջ անհեթեթությունը:
Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, ով թեկուզ Հայաստանի քաղաքացի չէ և մենամարտերի ժամանակ Հայաստանը չի ներկայացնում, հայերի հպարտության աղբյուրներից մեկն է մնում: Վերջին տարիներին մեր մարզաշխարհում մեծ հաջողություններ չեն գրանցվել՝ չհաշված շախմատը: Հույս ունենանք, որ նախկին աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանի՝ սպորտի նախարարի պաշտոնում ճշմարտության որոնումը հենց դա կլինի` մարզական աշխարհում հաջողությունների ճանապարհը գտնելը:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցը շարունակվում էր այսօր` տեղատարափ անձրևի տակ: Նրան են միացել այլ ազատամարտիկներ, ովքեր նույն խնդիրներն ունեն ու եկել են իրենց մարտական ընկերոջը աջակցելու, քանի որ Վոլոդյայի ճշմարտությունը նաև իրենց ճշմարտությունն է: Սա, կարծում եմ, մեր հասարակության համար նույնպես կարևոր խնդիր է, քանի որ պատերազմները չեն ավարտվում, նրանք պարզապես ննջում են, իսկ երկիրը պիտի գուրգուրի իր զինվորին:
Եվ, ի վերջո, Ծովինար Նազարյանի ստատուսը: Ֆեյսբուքում ազատություն է, ով ինչ ուզում, ինչպես ուզում, գրում է: Ոչ գրաքննություն կա, ոչ էլ երբեմն` բարոյականություն, կամ ավելի ճիշտ` չափի զգացողություն: Ցավոք, նույնն բան է նաև կայքերում, որոնցից շատերը չգիտես էլ ինչ կազմակերպության են պատկանում, ինչի համար են ստեղծվել և որոնց համար չկա հետադարձ կապ հասկացությունը: Այս կայքերից շատերի արածը միայն այն է, որ հղումներ են անում ֆեյսբուքյան ստատուսներին, ավելի հաճախ արտատպում են դրանք առանց հեղինակ-օգտատերերի հետ համաձայնեցնելու` դրանով խախտելով հեղինակային իրավունքը:
Մեր իրական ու վիրտուալ կյանքերը այնքան ձուլված են իրար, որ հաճախ վիրտուալ տարածքում լինելով կորցնում ենք իրականության զգացումը, իսկ իրականության մեջ փնտրում ենք վիրտուալում հնչած մտքերը: Սա ավելի շատ հատուկ է չկայացած, քաղաքականապես և տնտեսապես թույլ երկրների հասարակություններին, քանի որ նման երկրներում մարդիկ անվերջ ընդհանրական ճշմարտություններ են փնտրում՝ մոռանալով անձնական ճշմարտության մասին: Հայաստանյան Ֆեյսբուքը երջանկության գույներից աղքատ է, ինչպես հայաստանյան հասարակությունը` իր գորշ անձնական տիրույթում: Մենք դեռևս փնտրում ենք ճշմարտություններ, որոնք պատերազմի և խաղաղության արանքում են:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ