Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարձել նաև արաբ ժողովուրդը

Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարձել նաև արաբ ժողովուրդը
13.05.2013 | 13:33

Մայիսի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, «Հայ ժողովրդից՝ արաբ ժողովրդին» երախտիքի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։ Այն նվիրված էր Սիրիայի ու Լիբանանի մեծ ողբերգությանը։ 1916-ի մայիսի 6-ին թուրք Ջամալ փաշան, ով Կոստանդնուպոլսից գործուղվել էր Սիրիա, կախաղան հանեց արաբ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների՝ ազգային-ազատագրական պայքարի մարտիկների։ Արաբները մինչ օրս հիշատակում են այս օրը և ոգեկոչում զոհերի հիշատակը։ Մայիսի 6-ին Հայաստանում բնակվող սիրիահայերը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին թուրքերի կողմից սպանված արաբների հիշատակին։ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի հանդիսապետությամբ կատարվեց արարողություն։ Նշենք, որ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը ժամանակին եղել է Սիրիայի թեմի առաջնորդ։

Արարողությունից հետո թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ զրուցեցինք նաև արաբական աշխարհում տիրող լարված իրավիճակի, քաղաքական այդ լարվածության մեջ Թուրքիայի դերի մասին։ Ըստ Վազգեն Պետրոսյանի՝ թուրքերն այսօր ցանկանում են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք բարեկիրթ, ոչ ցեղասպան ժողովուրդ են։ Այդ իսկ պատճառով օգտվում են տարբեր առիթներից, որպեսզի փոխեն իրենց դիմագիծը։ «Անշուշտ, բոլոր գերտերությունները շատ լավ են ճանաչում թուրքերին և ելնելով իրենց տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունից՝ յուրահատուկ դերակատարում են վերապահում թուրքերին։ Այդ դերակատարումներից մեկն էլ Սիրիայի պատերազմն է, որտեղ թուրքերի վերահսկողության տակ է գտնվում ապստամբներին զենք ու զինամթերք մատակարարելու խողովակը։ Թուրքիան նաև մարզում է արաբական տարբեր երկրների վարձկանների, որոնք պատերազմում են Սիրիայի ներկա իշխանության դեմ։ Ես չեմ ասում, որ սիրիական ներկա իշխանությունը փայլում է իր մարդասիրական դեմքով, բայց այն շատ ավելի մարդասիրական է, քան «Ալ Քաիդան» կամ այլ ծայրահեղական կազմակերպություններ, որոնք այսօր ուղղակիորեն կամ միջնորդավորված հովանավորվում են ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների կողմից։ Սեպտեմբերի 11-ը, հավանաբար, նրանց համար դաս չեղավ։ Թուրքիան, այդ դերակատարումը ստանձնելով, փորձում է իր դեմքը փոխել ամբողջ աշխարհի աչքում»,- նշեց թուրքագետը։
Վազգեն Պետրոսյանը մտահոգություն հայտնեց արաբական աշխարհում քաղաքական լարված իրավիճակի պատճառով հայկական համայնքի կազմաքանդման կապակցությամբ։ «Արաբական երկրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայոց հարցի լուծման համատեքստում։ Արաբական երկրները սահմանակից են Արևմտյան Հայաստանին, և եթե ինչ-որ մի բաղձալի օր վերադարձվեն Արևմտյան Հայաստանի հողերը, արաբական երկրների հայությունը կարող է ռեալ վերադառնալ և վերաբնակեցնել այդ հողերը։ Ի վերջո, դատարկ հողեր ոչ մեկին պետք չեն։ 1970-90-ականների Լիբանանի և այսօրվա Սիրիայի պատերազմներն ուղղակիորեն կազմաքանդել ու կազմալուծել են հայկական համայնքը։ Այն խիտ համայնքը, որ մենք ունեինք 70-80-ական թվականներին Լիբանանում, Սիրիայում, Իրանում, այսօր գոյություն չունի։ Մեր հայրենակիցների հիմնական մասը հեռացել է Եվրոպա և ԱՄՆ։ Դա շատ մեծ հարված է հայությանը։ Եվ ապագա մեր բոլոր ցանկությունների իրականացման համար մենք լուրջ մարդկային խնդրի առջև ենք կանգնելու»,- մեզ հետ զրույցում նշեց Վազգեն Պետրոսյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ