Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օլիգարխների դասակարգը չունի կուսակցական, քաղաքական պատկանելություն

Օլիգարխների դասակարգը չունի կուսակցական,  քաղաքական պատկանելություն
14.05.2013 | 01:40

2012-2013 թթ. ընտրական սեզոնը կարելի է համարել ավարտված: Առաջիկա 5 տարում իշխանության հարցը Հայաստանում լուծված է, և անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերը գոհ են ստեղծված իրավիճակից, թե ոչ, միևնույն է` մինչև 2018 թ. ՀՀԿ-ն լինելու է երկրի քաղաքական նվագախմբի առաջին ջութակը: Միևնույն ժամանակ, ահագնանում են բարոյահոգեբանական ճգնաժամն ու նախագահ Սարգսյանի բարձրաձայնած գաղջ մթնոլորտի խորացումը: Սրա միակ պատճառը, թերևս, կապիտալի անհավասար բաշխվածությունն ու պետական համակարգի հետ խոշոր բիզնեսի միահյուսվածությունն է: Երբ հաղթանակների ամիս հռչակված մայիսին մի քանի ազատամարտիկներ նստացույց են անում և պահանջում լուծել իրենց սոցիալական խնդիրները, ուրեմն ինչ-որ բան փոխելու, ավելի շուտ` հեղափոխական փոփոխություններ իրականացնելու ժամանակն է, հակառակ դեպքում` հեղափոխությունը կսրբի իշխանությանն ու ընդդիմությանը` առաջ բերելով այնպիսի նոր էլիտա, որն ի զորու կլինի լուծելու վաղուց հասունացած սոցիալական արդարության հաստատման հարցը:
Հայաստանն Իսրայելի նման պատերազմող երկիր է, սակայն, ի տարբերություն Իսրայելի, Հայաստանում այդպես էլ չհասկացան հաղթանակի գինը, չհասկացան, որ թշնամական պետություններով շրջապատված տարածաշրջանում գոյատևման միակ ճանապարհը արդար հասարակության կերտումն ու սոցիալական արդարության հաստատումն է, ինչը թույլ կտա պատերազմող երկրի քաղաքացուն ապրել իր երկրում ոչ ճոխ, բայց բավարարված, թույլ կտա պատերազմող երկրի քաղաքացուն ապրել տագնապը սրտում, բայց հպարտ ու պատրաստ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին: Կասկածից վեր է, որ առաջիկա հնգամյակը ճակատագրական է լինելու Հայաստանի ապագայի համար, իսկ հետընտրական ճահիճը բացահայտելու է նոր իրողություններ: Այսպես. եթե իշխող հանրապետականի մասով ամեն ինչ պարզ է և կանխատեսելի, ապա հասկանալի չէ, թե ի՛նչ գաղափարական ռեսուրսներով են շարունակելու քաղաքական գործընթացներում մնալ ընդդիմադիր ԲՀԿ-ն և ՀԱԿԿ-ը: Արդյո՞ք շարունակելու են «քլունգային» հռետորաբանությունը, թե՞ փորձելու են հարմարվել նոր իրողություններին` լեզու գտնելով իշխանության հետ և հաշվի առնելով հասարակության տրամադրությունները: Արդյո՞ք մարգինալների խումբ հիշեցնող ՀԱԿԿ-ը կարող է միահյուսվել օլիգարխիկ ԲՀԿ-ի հետ` հեղափոխական պայքար ծավալելով իշխանության դեմ: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հնչեցրած «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հայեցակարգը կենսունակ է և համահունչ հասարակության պահանջներին:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, թերևս, ոչ մեկը չունի, սակայն պարզ է, որ հետընտրական ճահիճը կլանելու է առաջին հերթին ընդդիմությանը, որի ներկայացուցիչները ոչ ասելիք ունեն, ոչ էլ գործողությունների հստակ ծրագիր, իսկ քաղաքացին հոգնել է կեղտոտ հռետորաբանությունից և դատարկախոսություններից: Քաղաքացին այսօր փոփոխություն է պահանջում` ընտրելով չարյաց փոքրագույնի համբավ ունեցող ՀՀԿ-ն: Մեծ հարց է, թե արդյոք իշխող հանրապետականը պատրա՞ստ է և ունա՞կ է գնալու փոփոխությունների, չէ՞ որ նույն հանրապետականում կան և քրեաօլիգարխիկ շրջանակներ, և առողջ, բարեփոխումներ իրականացնելու տրամադրություններ ունեցող ուժեր, և հենց այս ուժերի մրցակցության արդյունքից է կախված իշխանության պահպանման և փոփոխությունների ապագան: Եթե ՀՀԿ-ի քաղաքական թևը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, այսինքն` պահել իշխանությունը, այլ կերպ ասած` փոփոխություններ իրականացնել և շահել ընտրողների վստահությունը, ապա օլիգարխիկ թևը ունի մեկ հիմնական մոտիվացիա. ամեն գնով պահպանել գործարար ազատություններն ու կուտակած կապիտալը` կանխելով նաև փոփոխությունները:
Օլիգարխների համար բնավ էական չեն գաղափարներն ու ծրագրերը, ճիշտ հակառակը` օլիգարխների դասակարգը չունի կուսակցական, քաղաքական պատկանելություն և ձգտում է պահպանել միլիոններ ապահովող ստատուս քվոն: Իսկ եթե ոչ, օլիգարխների համար ոչ մի նշանակություն չունի: Չարչիական մտածելակերպը հայոց պատմության մեջ միշտ էլ առկա է եղել` համարվելով բազմապիսի արհավիրքների գլխավոր պատճառը, և Հայաստանը փրկվել է միայն ու միայն ազգանվեր, պետական մտածելակերպ ունեցող գործիչների շնորհիվ: ՈՒստի և ժամանակն է, որ պետությունն իրականացնի իր հիմնական գործառույթները` կապիտալի վերաբաշխումը, գործարար խաղի կանոնների հստակ մշակումն ու ապահովումը և անաչառ արդարադատության իրականացումը:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ