Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շուշիի ազատագրումը մեր դիվանագիտության և ռազմական արվեստի համատեղ գործունեության լավագույն օրինակն է»

«Շուշիի ազատագրումը մեր դիվանագիտության  և ռազմական արվեստի համատեղ գործունեության լավագույն օրինակն է»
14.05.2013 | 01:44

Մայիսյան հաղթանակների այս օրերին մեր ունեցածը լիարժեք գնահատելու փոխարեն քաղաքական շահարկումների տիրույթում է հայտնվել հաղթանակի «պատկանելությունը»: Պատմությունը խեղաթյուրելու անհասկանալի միտում է նկատվում, ու սա այն պարագայում, երբ այդ իրադարձությունների ականատեսներն ու վկաները մեր սերնդակիցներն են: Ամեն տարի Շուշիի ազատագրման օրերին քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է դառնում` այն ժամանակվա ղեկավարությունը, մասնավորապես նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, տեղյա՞կ էր Շուշիի դեպքերից: Այս տարի այդ հարցը, կարծես, ավելի բուռն է քննարկվում: «Իրատես de facto»-ի զրուցակիցը` ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, հետաքրքիր բացահայտումներ ներկայացրեց, ինչը, կարծում ենք, վերջ կդնի այս չարչրկված թեմային:

-Շուշիի ազատագրման օրերին Դուք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել եք Իրանում: Ի՞նչ կարող եք վերհիշել այդ օրերից և, ի վերջո, ըստ Ձեզ, Տեր-Պետրոսյանը տեղյա՞կ էր, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում:
-Ինձ համար բավականին վիրավորական է, որ երբ ղարաբաղյան շարժման ու դրանից հետո եղած իրադարձություններում դերակատարություն ունեցած անձինք դեռ, Աստծո կամոք, կենդանի են, բայց պատմությունը խեղաթյուրում են: Բոլոր վատ բաների, օրինակ, Շահումյանի, Մարտունաշենի, Գետաշենի հանձնման մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ, ասենք, Շուշիի հաղթանակի մեջ նա լումա չունի, անգամ չգիտեր, թե ինչ է կատարվելու։ Հետո Քելբաջարն ենք ազատագրում, Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտի: Բայց Հորադիզում թեթև նահանջ ենք ունենում, դրա մեղավորը Տեր-Պետրոսյանն է: Այ, ինչո՞ւ մեր հաղթարշավը կանգնեցրին, պարզվում է, Լևոն Տեր-Պետրոսյանը չթողեց: Հարցնում եմ` ինչո՞ւ պարտությունները վերագրել մեկին, իսկ հաղթանակներում նրա մասնակցությունը անտեսել: Հիմա, փա՜ռք Աստծո, համացանցը թույլ է տալիս դիտել մեր Գերագույն խորհրդի նիստերը, ելույթները: Ես եղել եմ ընդդիմության հայտնի գործիչներից մեկը, որի ելույթները եղել են ամենասուրը, միտինգներում ամենախիստն եմ քննադատել ՀՀՇ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Բայց ճակատագրի բերումով այդ օրերին ես եմ եղել Իրան մեկնող պատվիրակությունում: Ի միջի այլոց, այդ այցն էլ Իրան մի քանի անգամ հետաձգվել է: Մայիսի 7-ին մենք արդեն Թեհրանում էինք: Նախագահը Ռաֆսանջանիի միջնորդությամբ պիտի հանդիպեր Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի հետ: Ստորագրվեց հուշագիր, որի կադրերը կան:
-Ի՞նչ էր նախորդել այցին: Կա հետաքրքիր պատմական մի դրվագ ևս, որը, կարծում եմ, անձամբ Դուք պետք է ներկայացնեք ընթերցողներին։
-Հիմա լսում եմ, որ շատ մարդիկ, ովքեր մեծ լումա ունեն ազատագրական պայքարի պատմության մեջ (պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, Ժաննա Գալստյան, Արկադի Տեր-Թադևոսյան, որոնց շատ հարգում եմ), հարձակման տարբեր օրեր են նշում` նկատելով, թե ձյան ու այլ պատճառներով օրը փոխվել է: Լուրջ ռազմական օպերացիային ձյունը, անձրևը կամ այլ միջադեպ չեն կարող խանգարել: Դա կարող է տեղի չունենալ միայն մի պարագայում, երբ գերագույն գլխավոր հրամանատարը հետաձգելու հրահանգ է իջեցնում: Ցավոք, շա՜տ շատերը չէին էլ կարող դրա մասին իմանալ: Այդ օրերին բավականին մեծ ակտիվություն էր ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանի արտգործնախարար Վելայեթին արդեն այցելել էր տարածաշրջան` Ադրբեջան, Հայաստան, ու պետք է կազմակերպվեր Թեհրանի հայտնի հանդիպումը: Հիշենք նաև, որ այդ օրերին Մութալիբովը հրաժարական էր տվել, նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Մամեդովն էր: Ի դեպ, շատերը, ովքեր ասում են, թե այս ազատագրումից Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր, չգիտեին անգամ, որ Ադրբեջանում նախագահի պաշտոնակատարը Մամեդովն էր, ոչ թե Մութալիբովը: Ոմանք նույնիսկ իրենց պաշտոնական ելույթների մեջ նշում էին Մութալիբովի անունը:
Անգամ կարող եմ հիշել, թե շաբաթվա որ օրն էր` երկուշաբթի, մայիսի 4: Հանրապետության նախագահը պատվիրակության անդամներին հավաքեց և ասաց` մեկնելու ենք Իրան: Թեև դաշնակցական էի, բայց ընդգրկվել էի պատվիրակության կազմում։ Պատճառներից մեկը, թերևս, այն էր, որ ծնունդով իրանահայ էի: Մայիսի 7-ին ինձ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը կանչեց ու ասաց. «Դաշնա՛կ, հասկանում ես, չէ՞, որ երբ Իրանում լինենք, ինչ գործընթացներ են լինելու Ղարաբաղում: Իմ պահանջը քեզնից այն է, որ եթե ձերոնց միջոցով ինչ-որ բան իմանաս, հանկարծ չբարձրաձայնես, կլռես»: Այս ամենն ասվեց շատ բաց տեքստով, նույնիսկ հակադարձեցի. «Ես դաշնակ չեմ, այլ դաշնակցական»: Խոսակցությունը եղել է ինքնաթիռի մեջ: Յաղուբ Մամեդովին դիմավորել էր Ռաֆսանջանին, ու, ի պատիվ Տեր-Պետրոսյանի, պիտի ասեմ, որ նա ասաց` եթե Ռաֆսանջանին չդիմավորի, մենք չենք իջնելու: Իրանական կողմն ամենաբարձր մակարդակով դիմավորեց: Նրա հանձնարարականով ես «լռելու» հրահանգը փոխանցեցի նաև Իրանի այն ժամանակվա Մեջլիսի հայ անդամներին, ովքեր մեզ միացան Իրանում` Վարդան Վարդանյանին և Արտավազդ Բաղումյանին: Նույնիսկ, երբ ինքը Արարատ մարզավանում ներկայացնում էր պաշտոնական պատվիրակության անդամներին, ես այնտեղ չէի, իր իսկ հանձնարարությամբ գտնվում էի հիշյալ մարդկանց և մեր դաշնակցական ընկերների հետ: Դաշնակցական Ագո Կարապետյանը Շուշիի օպերացիայի ժամանակ «կամանդույուշչի» էր, և կարող էր այդ տեղեկությունը «դուրս» գալ: Իսկ ամսի 8-ի առավոտյան մենք արդեն ամեն ինչ գիտեինք: Երբ Մամեդովն ասում է, որ իրենք ամեն ինչ օդանավակայանում են իմացել, ճիշտ է: Բայց իրանական կողմն էլ արդեն այդ մասին գիտեր: Նույնիսկ այն պահին, որ հուշագիրն էր ստորագրվում, մենք գիտեինք ազատագրման մասին, բայց ադրբեջանցիները` ոչ: Մեզ հրահանգված էր` որևէ մեկի ներկայությամբ դա չբարձրաձայնել: Գուցե հիմա սխալ եմ վարվում ու պետական գաղտնիք եմ ասում, բայց այս շահարկումներն անընդունելի են:
-Ձեր բարձրաձայնումներն ու պարզաբանումներն արդարացված են, քանի որ նախ քիչ մարդիկ են տեղյակ, թե իրականում ինչպես է այդ ամենը եղել, հետո էլ փաստերը խեղաթյուրելու ճանապարհով գնալը նախ և առաջ մեր երկրի խորհրդանիշերի` նախագահական ու պետական մյուս ինստիտուտների նսեմացում է։ Անկախ փաստից, թե ով է զբաղեցրել ու զբաղեցնում նախագահի աթոռը, ինչպիսին է մեր վերաբերմունքը տվյալ անձի հանդեպ, պատմությունը չպետք է խեղաթյուրել:
-Ասել, որ այս ամենից տեղյակ չի եղել հանրապետության նախագահը, կամ ձյան համար է հարձակման օր հետաձգվել, մեղմ ասած, ճիշտ չէ: Այդ օպերացիան պիտի լիներ այն ժամանակահատվածում, երբ Իրանում ինչ-որ բան էր ստորագրվում, իսկ Արցախում կատարվածից իբր տեղյակ չեն: Այդ ամենը պիտի համընկներ, ժամանակի ընտրությունն ամենևին էլ պատահական չէր: Մի օր կբացվեն արխիվները, ու կպարզվի, որ մենք պիտի Իրան գնայինք մայիսի 4-ին, հետաձգվեց 7-ին, հետո ինչու ազատագրումը չեղավ 5-ին ու հետաձգվեց 8-ին: Հիմա ներկայացնել այլ տեսանկյունից, թե հա՜յ, գնացել էր այնտեղ Ղարաբաղը հանձներ, ազնիվ չէ: Մենք արդեն այստեղից գնալիս տեղյակ էինք ամեն ինչից:
-Հետաքրքիր է, որ այդ մասին բարձրաձայնում են այնպիսի անձինք, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել ժամանակին պետական կառավարման ոլորտում և ազատագրման գործում: Ասել է` իրականությունը գիտեն, բայց այլ կե՞րպ են մեկնաբանում:
-Նա, ում հետ իմ ներկայությամբ խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանն էր: Այն ժամանակ շատ դժվար էր կապ հաստատելը, ուրիշ ժամանակներ էին, հիմա չէ, որ ցանկացած վայրից զանգում ես ու խոսում նախագահի հետ: Կապը շատ դժվար էր, ու դա նաև գաղտնալսվում էր: Շուշիի օպերացիան տեղի է ունեցել, մերոնք ազատագրել են Շուշին, բայց Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարը, որը Իրանում է, դրանից տեղյակ չէ, գալիս է փաստաթուղթ է ստորագրում, ձեռք սեղմում: Հետո Մամեդովը հարցազրույց տվեց, ասաց, որ օդանավակայանում է իմացել, զանգել է Ռաֆսանջանիին, նա էլ զանգել է Լևոն Տեր-Պետրոսյանին, ու պարզվել է, նա էլ չգիտի, կգնա Հայաստան, ու ամեն ինչ կկարգավորի և այլն, և այլն: Բայց այս ամենը դիվանագիտություն է, քաղաքականություն: Սա մեր ժողովրդի հաղթանակն էր: Պետք չէ մեկին նսեմացնել, մյուսին` մեծարել: Այդ օրերին Տեր-Պետրոսյանի ամենամեծ ընդդիմախոսը ես էի, բայց նրա կողքին եմ եղել հիշյալ պահերին ու գիտեմ, որ ինքը ոչ միայն տեղյակ է եղել, այլև այդ մասին մեզ զգուշացրել է, որ բերանբացություն չանենք: Նույնիսկ ժամն էր ասում: Մեր պատվիրակության մեջ էին նաև Արա Սահակյանը, Վահան Փափազյանը, նաև նախագահի լուսանկարիչ Մարտինը, ով ֆիքսել է այդ օրվա կադրերը, երբ ես գնալիս գավաթը ձեռքիս ննջել եմ: Այսինքն, գնալիս անգամ մենք գիտեինք ու տոնել ենք: Իսկապես կարող էր Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը, չիմանալ, թե ինչու էր հետաձգվում ազատագրման օրը: Պիտի նայել քրոնիկան: Չի կարելի ասել, թե այս բանը մենք արել ենք, իսկ երկրի ղեկավարը դրանից տեղյակ չի եղել:
-Կա տարածված մի կարծիք ևս. եթե Տեր-Պետրոսյանը չարգելեր հաղթարշավը, շատ այլ տարածքներ ևս հիմա մեր տիրապետության տակ կլինեին:
-Այ, այդպես ասողները ոնց Շուշիի գրավման ժամանակ «չլսեցին» իրեն, թող մյուս դեպքերում էլ չլսեին, էլի: Գնային առաջ, ո՞վ էր խանգարում: Չի կարելի բացասական բաները վերագրել Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ Շուշիի գրավման հարցում ասել` նա հեչ էլ տեղյակ չէր, թաքուն ենք ազատագրել: Վերջապես սա նաև լուսահոգի Վազգեն Սարգսյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Նա էր պաշտպանության նախարարը և կապը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նա էր պահում: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճշգրիտ ժամի ու օրվա մասին տեղյակ: Շատ ճիշտ պիտի հաշվարկեին: Սա այն օպերացիան էր, որ ոչ թե ռազմական, այլ քաղաքական առումով շատ ճիշտ ժամանակ ընտրվեց և կիրառվեց: Մենք և՛ իրանական կողմին չվիրավորեցինք, և՛ լուծեցինք շատ կարևոր խնդիր: Իհարկե, այս ամենի մասին կարող էին չիմանալ և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Կոմանդոսը, և՛ Ժաննա Գալստյանը: Եկեք այս հաղթանակը սերունդներին փոխանցենք, որից դասեր պիտի քաղել: Գեղեցիկ պլան էր, պետք է գնահատել: Ղարաբաղյան շարժմանը մասնակից են եղել հանրապետության նախագահից սկսած մինչև վերջին սպասավորը: Սա ժողովրդի ընդհանուր հաղթանակն է:
-Եթե «բանաձևենք», ապա պետք է փաստենք` Շուշիի ազատագրումը և՛ դիվանագիտական, և՛ ռազմական հաղթանակ էր:
-Այո՛, մեծագույն հաղթանակ:
-Եթե դիվանագիտությունը թերանար, չէ՞ր լինի այդ հաղթանակը:
-Չի բացառվում: Երկու շաբաթ հետո միջանցքը բացվեց, իսկ դա որոշվել էր Խորհրդային Միության փլուզման հաջորդ օրը: Առանց Շուշիի ազատագրման ինչպե՞ս էր այն բացվելու: Ժամանակի առումով ևս շատ հարմար պահ էր ընտրված: Ես ինչ-որ մեկին պաշտպանելու և պաշտպանվելու միտում չունեմ, ճշմարտությունն է սա, այս հարցի շահարկումը պիտի ավարտել: Շուշիի ազատագրումը մեր դիվանագիտության և ռազմական արվեստի համատեղ գործունեության լավագույն օրինակն է: Պիտի աշխատել այսուհետ էլ նման կերպ վարվել:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ