Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Տուր իշխանություն` փորձիր հավատը»

«Տուր իշխանություն` փորձիր հավատը»
17.05.2013 | 00:32

«Ներկան անցյալի շարունակությունն է»: Սա, երևի թե, նշանակում է նաև, որ այսօրվա բազեական սերունդը պիոներ-կոմերիտականների սերնդի շարունակությունն է: Եթե դա այդպես է, ուրեմն, ֆորմալ տրամաբանությամբ, բազեականներն էլ նույն հավակնությունները պիտի ունենան, ինչ այն ժամանակվա «կոմսոմոլները»: Նրանցից շատերին, օրինակ, թվում էր, թե ի վերուստ իրենց ճակատին գրված է շրջկոմի քարտուղար կամ առնվազն բաժնի վարիչ դառնալու գիրը: Իհարկե, ոմանք «ճակատի գրից» չեն խուսափել, թեև, ժամանակի որոշակի սրբագրման ենթարկվելով, շրջկոմի քարտուղարացուն այժմ դարձել է Ազգային ժողովի պատգամավոր կամ էլ որևէ երկրի արտակարգ ու լիազոր դեսպան: Որոշ բացառություններ եղել են, իհարկե: Մի խոսքով, պաշտոնյաների ընտանիքներում պաշտոնավորներ «բուծելու» գործընթացը շարունակական է եղել:

Պարզվում է` նախկին կոմսոմոլները ոչ միայն «ճակատագրից» չեն խուսափել, այլև ոչ վաղ անցյալի սովորույթներից: ՈՒշադրություն դարձրեք նրանց վարքին: Հիմա էլ նրանք` նախկին կոմսոմոլները, պիոներական զգաստությամբ «Հայլուրի» տեսախցիկի առջև, ինչպես հանդիսավոր տողանի ժամանակ, զեկուցում են իրենց շեֆերին (ավագ ջոկատավարներին), որ հասել են հեռավոր գյուղեր և սրբորեն կատարում են հանձնարարականները, ցուցանելով նաև, որ իրենք ամեն ինչ անում են շեֆերի անբասիր հեղինակությունը բարձրացնելու համար: Հակառակի պես, շեֆերի (ավագ ջոկատավարների) հեղինակությունը դրանից չի շահում, քանզի նախկին պիոներ-կոմսոմոլների արտաբերած յուրաքանչյուր «կուրյոզ» մտքի համար ակամա պատասխանատու են դառնում հենց իրենք` շեֆերը: Այս կարգի արջի ծառայության դիմաց նախկին կոմսոմոլներն ակնկալում են կա՛մ առաջխաղացում, կա՛մ էլ իրենց բաժին հասած տաքուկ տեղի պահպանում: Եվ հաճախ նրանց ակնկալիքներն իրականանում են:
Աննախանձելին այս դեպքում շեֆերի վիճակն է: Բումերանգի էֆեկտով հարված ստացողը հենց նրանք են լինում: Երբ կով չտեսած մարդը գալիս կով կթել է սովորեցնում գյուղացուն, առաջին հերթին պարսավանքն ուղղվում է նրան, ով վերջինիս գյուղ է ուղարկել:
Դեռ լավ է, որ «հին» կյանքի բովով անցած պիոներներն ու կոմերիտականներն են երկրի նավը վարում, ինչքան չլինի, տեսած կլինեն փոթորկուն ալիքներ, տաք ու սառը հոսանքներ: Իսկ ի՞նչ է սպասում մեզ, եթե նավի ղեկը հանձնվի նորընծա բազեականներին: Ո՞Ւր կթռցնեն մեր նավը, և ի՞նչ հանգրվան կունենանք, Աստված կիմանա:
Խնդիրն այսօր միայն այն չէ, թե ովքեր են գալիս իշխանության: Խնդիրն այսօրվա աշխարհում մեր տեղը գտնելու, «Հայկական աշխարհ» վսեմ գաղափարը նսեմ իրականություն չդարձնելու մեջ է: Հայտնի բան է, որ նյութական աշխարհը փոխելն ավելի դյուրին է, քան հոգևոր աշխարհը: Մտածողության իներցիան, քառատրոփ սլացող ձիու պես, չես կարող միանգամից կանգնեցնել, այն դեռ շարունակելու է իր ընթացքը: Հին ու նոր համակարգերի սերտաճումը ոչ միայն ժամանակ է պահանջում, այլև որոշակի պայմաններ: Այս տեսության հիմնադիր, ամերիկացի պատգամախոս Զբիգնև Բժեզինսկին, հակառակի պես, ոչինչ չի ասում իր տեսության հայկական դրսևորումների մասին: Ընդամենը մեկ նախադասություն. «Մտորելով տարածաշրջանի երկրների մասին, ես երբեք որևէ «թթու խոսք» թույլ չեմ տվել Հայաստանի հասցեին, և, իհարկե, ոչ այն պատճառով, որ իմ հեռավոր հայ նախնիները մի ժամանակ հասել են Լեհաստան, այլ այն պատճառով, որ Հայաստանը կարող էր լինել ԱՄՆ-ի անփոխարինելի գործընկերն ու բարեկամը»: ՈՒշադրություն դարձրեք` կարող էր լինել, բայց չի եղել:
Իսկ մեզ միշտ թվացել է, թե մերն ուրիշ է: Բայց ինչո՞ւ միայն մեր, ուրիշ է նաև կալմիկի ու չուվաշի աշխարհը: Ամեն մեկն իր ճանապարհն ունի: Ոչինչ հենց այնպես, ապրիորի չի տրվում: Հիմա մենք այդ փորձառության ցավագին ընթացքի մեջ ենք: Ամենօրյա կենցաղային հոգսերի հաղթահարմանն ուղղված մտածողության մեր այս աստիճանից մեծ թռիչքներ, կարծես, պետք չէ սպասել: Այսօրվա հայ մարդու «թևավոր» խոսքը սա է. «Որտեղ հաց, էնտեղ կաց»: «Սոված» հոգու կենսափիլիսոփայություն: Ռուսի նման մենք էլ ենք երբեմն կրկնում` լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Մինչդեռ սեփական հայրենիքում երջանկություն չգտնողն օտար ափերում էլ չի գտնում, պարզապես` «կսկծու, փառք Աստծու»:
Նայենք մեր շուրջը. ո՞ր թերզարգացած, չասենք` կիսաաղքատ երկրի մայրաքաղաքի փողոցներով են այսքան շատ թանկարժեք ավտոմեքենաներ սլանում: Այսքան շատ խաղատներ, գիշերային ակումբներ և խրախճանքի օբյեկտներ կգտնե՞ք զարգացման ճանապարհն ընտրած երկրներում: Forbes-ի գնահատականով, վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդ վատագույնն է ճանաչվել` Մադագասկարից հետո: Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնել, երկրում պահպանվում է գնաճի բարձր մակարդակ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3000 դոլարից էլ պակաս է:
Իսկ մենք, չգիտես ինչու, մտածում ենք, որ այդ ուրիշները մեր հետևից են ընկել, մեր լավին վատ են ասում: Բայց մենք հո տեսնում ենք, որ օր օրի ավելանում են կառավարական և վարչական շենքերը` դրանցում իրենց պարապությունը մաշող մեծաքանակ պաշտոնյաներով հանդերձ: Ո՞Ւմ և ինչի՞ն են նրանք ծառայում, եթե երկրի տնտեսությունն արդեն քանի տարի կոլապսից դուրս չի կարողանում գալ: Եթե երկրի տնտեսությունն ազատականացվել է, պետության սեփականությունը մասնավորեցվել և տրվել է անհատների կառավարմանը, ո՞ւմ և ինչի՞ն է ծառայելու պետական պաշտոնյաների բանակը: Եթե նրանք ստեղծված են իրենց տերերի համար ընտրազանգված ապահովելու «սրբազան» գործի համար, մի՞թե դրանով չեն մոտեցնելու այն օրը, երբ իրենք էլ իրենց տերերի հետ կարող են հայտնվել աշխարհը տակնուվրա անող հեղափոխական ալիքի տակ:
Հայը համբերող ու հանդուրժող ժողովուրդ է, դա նրա և՛ առավելությունն է, և՛ թերությունը: Առավելությունն է, քանզի պահպանել է իր այսօրվա ինքնությունը, թերությունը, քանզի կորցրել է իր երբեմնի ինչքն ու փառքը: Պատճառը ոչ թե քարից հաց քամող հայ գեղջուկի մեջ պետք է փնտրել, այլ հայոց «արքունական պալատներում», որտեղ միշտ մուտք է ունեցել Տիզբոնի Միհրներսեհը (լույս կաթի գերեզմանիդ, Դերենիկ Դեմիրճյան), որի դավադիր ու քսու տեսակը բոլոր ժամանակներում էլ «թամբի վրա» է: Նրա գալուստը «նշանավորվում» է իշխանափոխությունից իշխանափոխություն:
Հինը կորցրինք, նորը չգտանք: Մենք մեր անհեռատեսությամբ, երբեմն նույնիսկ չտեսությամբ ամեն փայլուն բան ոսկու տեղ ընդունեցինք, և այսօր արդեն խճճվել ենք Բոլոնիայի ու Շենգենի, Եվրոպայի և Ասիայի արանքում, մինչև անգամ հստակորեն չենք ձևակերպել, թե ով ենք և ուր ենք գնում: Այսօր ունենք աշխարհին զարմացնող աշակերտներ և մեր իսկ ծիծաղը շարժող կրթական համակարգ: ՈՒնենք ազգային բանակ, որի զինվորները ոչ թե մարտերում են նահատակվում, այլ զորանոցներում են «ինքնասպան» լինում: Շուտով կունենանք համաշխարհային մեծության ֆուտբոլիստ, բայց չենք ունենա աշխարհի փուլային առաջնությունը հաղթահարող ֆուտբոլային թիմ: ՈՒնենք կամ կունենանք աշխարհին հայտնի տնտեսագետներ, բայց կարոտ ենք մեր տնտեսության ճգնաժամը հաղթահարող մասնագետ-ղեկավարների:
Նյութապաշտության մեր օրերում գաղափարապաշտություն փնտրելն անիմաստ է, ինչպես անիմաստ է «գայլի որջում ոչխարի դմակ փնտրելը»: Իշխանության եկածները միմյանց հետ մրցակցում են ոչ թե կենսունակ գաղափարներով, այլ ագրեսիվ գործարարությամբ: Գաղափարները շատ հաճախ մնում են թղթի վրա, որովհետև դրանք օրվա հացի խնդիր լուծող զանգվածին հասու չեն, և ամեն ինչ արվում է, որպեսզի «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները` անվնաս»:
«Բոշան փաշա չի դառնա»: Սա ժամանակին հասկացվել է նաև այսպես` բոշաները փաշայի դեր չեն կարող ստանձնել: Բայց եթե ստանձնեցին, «Տուր իշխանություն` փորձիր հավատը» իմաստուն խոսքը փորձանք է դառնում: Իշխանությունն այլևս նրա ձեռքից չես կարող առնել: Առնողներն էլ և՛ սակավաթիվ են, և՛ անմիաբան, կամ էլ իրենց վիճակի հետ արդեն հաշտված և հանդուրժող:
Պաշտոնյաներ երկրին պետք են, իհարկե, երկիրը կառավարվում է պաշտոնյաներով: Խնդիրն այն է, թե որքան և ինչպիսի պաշտոնյաներ են պետք համեստ հնարավորությունների տեր մեր երկրին: Գրագետ, ազնիվ, անկաշառ պաշտոնյան երկրի հարստությունն է: Բայց ցավն այն է, որ ժողովրդական հոգեբանության մեջ ամրագրված է նաև «Մեղր ծախողը մատը կլիզի» մտածողությունը, իսկ քանի որ մեր պաշտոնյաները մատը լիզելով չեն բավարարվում, «մեղվափեթակի» հերն անիծող անկշտության դեմն առնելն էլ դառնում է անհաղթահարելի:
Այսօր կառավարական շենքերն արդեն քչություն են անում, ստիպված են թամանյանական նախագիծն ավարտին հասցնելու պատրվակով կառավարական շենքի թմբուկը կառուցել, որ տեղավորեն նախատեսվող հաստիքավոր նոր պաշտոնյաներին: Ճիշտ են ասում` սուրբ տեղը դատարկ չի մնում: Ժողովուրդն արդեն ստիպված է կերակրել պաշտոնյաների երբեք չզորացրվող մեծաքանակ բանակը: Ստիպված է կերակրել: Իսկ մեր թշնամին քթի տակ ժպտում է. «Կերակրիր ագռավներին, որ աչքերդ հանեն»:


Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3030

Մեկնաբանություններ