«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Մենք մեզ խելոք պիտի պահենք, որ թույլ տան հոմոսեքսուալիստների Եվրոպան մտնել»

«Մենք մեզ խելոք պիտի պահենք, որ թույլ տան հոմոսեքսուալիստների Եվրոպան մտնել»
17.05.2013 | 00:35

Այսօր իշխանական դաշտում ամեն ինչ, կարծես, կանխատեսելի է, ու նոր բան դժվար է սպասել, ինչը չես կարող ասել ընդդիմության մասին. այստեղ քայլերի ու գործողությունների այնպիսի անորոշություն է, որ հազիվ թե կարողանաս զանազանել` որ ուժն է ներկայացնում Հայաստանի ընդդիմադիր դաշտը: Ազգովին իրական ընդդիմության փնտրտուքի մեջ ենք: Մեզանում իշխանությանը հակակշռող ընդդիմություն կա՞. այս հարցով սկսեցինք զրույցը քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

-Դուք դասական հարց եք տալիս: Հիմա աշխարհում այդ սահմանազատումը վերացել է: Դրանք մարդկային խմբեր են, որոնց հիմնական նպատակը համամոլորակային կողոպուտի համակարգը պահպանելն է: Այսինքն, կողոպտիչն իրենը տանում է, ժողովուրդը դժգոհում է, գնում է ընտրության ու ընտրում մեկին, որը մինչ այդ կոչվում էր ընդդիմադիր ու եղածը քննադատում էր, հետո ինքն է դառնում ղեկավար ու նույն բանը շարունակում: Կարող են փոխվել, օրինակ, ցանկապատերի գույները: Հիմա այս կեղծիքի աշխարհը մեռնում է:
-Մեռնող «կեղծիքի աշխարհը»` մեր օրինակով:
-Օրերս Աբովյանում ականատես եղանք եկեղեցու բացման արարողությանը: Ինչ աշխարհ է մեզ հրամցվել, ու ինչ ենք մենք դարձել: Այնտեղ ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ իշխանություն, ինչի՞ մասին եք խոսում: Դա միասնական մի համակարգ էր: Նախ` դա եկեղեցի չէ: Հայաստանում եկեղեցին բարոկկո, առավել ևս, ռոկոկո ոճի չի լինում: Դա հիասքանչ ցույց է տալիս մեր երկրի ողջ պատկերը` իր նախագահներով, նախարարներով, ընդդիմադիրներով: Բայց այս ամենը մերը չէ: Այդ մարդիկ էլ մի վիճակում են, որն էլի մերը չէ: Բա կարելի՞ էր օրհնել այդպիսի մի եկեղեցի, որից քիչ ներքև կազինո է: Միայն կողոպուտի համակարգում են եկեղեցին ու կազինոն կողք կողքի: «Օրհնյալ լինի» կողոպուտը: Ժողովուրդը կենդանու վիճակի հասցված, իսկ իրենք` անհեթեթ խրախճանքի մեջ: Եկեղեցական լեզվով ասած` Նեռի գալուստն էր: Նեռը էակ չէ, որ գալու է, դա վիճակ է, որի մեջ տեղավորել ենք մեզ` ընդունելով այս ստորագույն աշխարհի ստորացուցիչ համակարգը: Հիմա այդ օրը եղավ այդ համակարգի թաղման օրը: Բոլորը հասկացան, որ այսպես այլևս հնարավոր չէ:
-Անդրադառնանք իրական ընդդիմությանը, նրանք դո՞ւրս են այս համակարգից և ովքե՞ր են նրանք:
-Մեր ողջ ժողովուրդը, ներառյալ այդ եկեղեցում գտնվողները, «դեմ» են այս վիճակին, բայց մի տրամաբանության մեջ են իրենց դրել, որից ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ: Նախագահների, նախարարների, ընդդիմադիրների ողբերգությունն այն է, որ չեն տեսնում ուրիշ աշխարհ: Զարմանալի է, որ դա չեն տեսնում նաև նրանք, ովքեր 88-ին արդեն տեսել են: Հիմա մեր երեխաներն են տեսնում ու դասադուլ անում, բայց մենք նրանց պատժում ենք: Ազատամարտիկներն են տեսնում, որոնց մեջ 88-ի ոգին կա, բայց այսօր կեղեքիչը` Նեռը, գնում և պոկում է ազատամարտիկի շքանշանը, որովհետև նա այս վիճակի դեմ ընդվզող ապստամբն է: Իրական ընդդիմադիրները նրանք են, ովքեր տեսնում են լավ Հայաստանը, դեպի որը տանող ճանապարհին ենք արդեն: Մեզ պետք էր հրաժեշտի մի արարողություն, ինչն էլ եղավ:
-Քաղաքական ո՞ր ուժերն եք տեսնում «իրական» ընդդիմադիրների շարքում:
-Դուք նորից այն «աշխարհի» հարց եք տալիս, որտեղ ասում են` սա կառավարիչ է, իսկ մյուսը` ոչ: Կա՛մ սա քաղաքական գործիչ է, ինքը քաղաքականության մասին խոսելու իրավունք ունի, կա՛մ հովիվ է, ոչխար է արածեցնում: Բայց այսօրվա կյանքը ցույց տվեց, որ հովիվը շատ ավելին է հասկանում, որովհետև ոչ մի հովիվ այդպիսի բան չէր անի, դա կաներ միայն Հայաստանի քաղաքական ընտրանին` պետական, ընդդիմադիր, հոգևորն էլ հետը: Այսօր ոչ միայն մեզանում, այլև ողջ աշխարհում ակնհայտ է, որ առանձնացված խմբին երկրի կառավարումը վստահել չի կարելի: «Առանձնացված» մարդիկ շատ արագ դեգրադացվում են և դառնում Նեռի բանակի մասնակիցներ: Ճանապարհը ներկայացուցչական ժողովրդավարությունից դեպի ուղիղ ժողովրդավարության անցումն է, որը շատերը մեզանում տեսնում և իրականացնում են: Կուսակցական «ձևը» ևս մեռնող է: Ես մի կուսակցությունից եմ, դու` մեկ ուրիշ, չգիտես ինչու, մենք իրար դեմ պիտի կռվենք, բայց բազմաթիվ հարցերում նույն տեսակետներն ունենք: Այս անհեթեթությունը ևս վերանում է: Ձևերը փոխվելու են: Նույն մարդը կարող է այսօր լինել Մաշտոցի պուրակում, վաղը` օպերայում և այլն: Այս մարդը փնտրում է, իսկ կուսակցապետերը շարունակում են նեղանալ, Րաֆֆին նեղանում է Լևոնից, Լևոնը նեղանում է Ժիրայրից... Այսպիսի բան չպետք է լինի: Մարդիկ ծրագրեր են իրականացնում, լա՞վ են իրականացնում` դարձիր այդ ծրագրի մասնակիցը: Այսօր իշխանությունը պիտի իջնի ցած, դառնա ադմինիստրացիա` ժողովրդի որոշումներն իրականացնելու համար:
-Ե՞րբ ու ի՞նչ մեխանիզմներով պետք է իշխանությունը «ցած» իջնի։
-Այս համակարգն արդեն փլուզման գործընթացում է: Ամեն ինչը սկզբում մեռնում է մարդու հոգում: Նրանք կարող են լավ մարդիկ լինել իրենց ընտանիքներում, ընկերների շրջապատում, բայց կառավարման համակարգում չարիք են, որովհետև հենց համակարգն է այդպիսին: Հայաստանում այդ անցումն սկսվել է: Բոլոր ակտիվ խմբերը փնտրտուքի մեջ են` սկսած ազատամարտիկներից, Ժիրայր Սեֆիլյանի շուրջը հավաքված մարդկանցից: Կուսակցություններն ու կառավարությունները վերջացած են:
-Եվրոպական երկրների փորձով կարելի է հակառակը պնդել` ոչ թե կառավարություններն են «վերջացել», այլ նրանք սովորել են ճիշտ կառավարել:
-Դա միայն թվում է: Եվրոպան մեռնում է, իսկ մենք սրընթաց գնում ենք դեպի Եվրոպա: Ցանկացած սթափ դատող մարդ կհասկանա, որ, ախր, մահամերձ Եվրոպան մեզ վաճառում է իր մուտքի տոմսը: Մենք մեզ խելոք պիտի պահենք, որ թույլ տան հոմոսեքսուալիստների Եվրոպան մտնել: Նա ոչնչացրել է իր ընտանիքը, ոչնչացնում է բոլոր սրբությունները, բայց մենք Եվրոպա ենք գնում: Այսօրվա աշխարհի կայունության գոտիները պատրանքային են, ժամանակավոր: Ամբողջ աշխարհը ցնցումների մեջ է, բայց մեր բախտը մի բանում բերել է: Մենք ամեն ինչում կատարյալ ենք, նաև` այլանդակությունների մեջ: Կատարյալ այլանդակությունն արագացնում է դրա հյուսած սարդոստայնից դուրս գալու ընթացքը: Մենք կարող ենք փրկել մեզ ու աշխարհին ուղի ցույց տալ, որովհետև մենք շատ բան ենք տեսել, նրանց պիտի համոզենք:
-Անդրադառնանք ընդդիմադիր դաշտի ևս մեկ դրվագի` ՀՀՇ-ն «վերականգնելու» նախաձեռնությանը: Սա և՞ս «մեռնող աշխարհի» տրամաբանության շրջանակում է:
-Ցավոք, սա էլ կարող է այդ նույն տրամաբանությամբ քաղաքական քաշքշուկի առիթ դառնալ, ովքեր քաշքշուկով պատառ են պոկում, հակամարդ կեցվածք ունեն:


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao