Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կոռուպցիան անհաղթահարելի չէ

Կոռուպցիան անհաղթահարելի չէ
17.05.2013 | 00:38

«Իրատես de facto»-ի հյուրն է Հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

-Մոտ մեկ ամիս առաջ հարցազրույցում Դուք մանրամասնեցիք Ձեր կազմակերպության հակակոռուպցիոն գործունեության մասին, որի շրջանակներում որոշ փաստաթղթեր ուղարկվել էին Մոսկվա: Ի՞նչ ընթացք ունեցան Ձեր ուղարկած փաստաթղթերը:
-Մենք ուղարկեցինք Մոսկվա, որովհետև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի որոշ մասը, մի շարք մարդկանց միջոցով, հայտնվել է Մոսկվայում: Նմանատիպ օբյեկտներ կան և Եվրոպայում, և Աֆրիկայում: Դա էր պատճառը, որ ուղարկեցինք Մոսկվա, որպեսզի հակակոռուպցիոն հանձնաժողովի մեր գործընկերներն իրենց իրավապահ մարմինների միջոցով համապատասխան ստուգումներ ձեռնարկեն, և թալանվածը վերադարձվի Հայաստան:
-Դուք վստա՞հ եք, որ ստուգումները ի հայտ են բերելու թալանված լինելու փաստեր, որ կարծում եք, թե կվերադարձվեն Հայաստան:
-Փաստաթղթերը ՌԴ նախագահի աշխատակազմի միջոցով ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազ Չայկային, և նրանից ստացել ենք նոր տեղեկություն, որ մեր ուղարկած նյութերը ՌԴ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանձնվել են դատախազության միջազգային իրավական համագործակցության գլխավոր վարչություն` հետագա քննություն իրականացնելու նպատակով: Գրանցման համարն է` OՅՈՒԼ 7181-13: Այս փաստը վկայում է, որ ստուգումներն իրականություն կդառնան և ընթացք կստանան: Արդեն իսկ Եվրոպայում կան օրինակներ, երբ աֆրիկյան մի շարք նախկին պետական գործիչների, ինչպես Նիգերիայի նախկին նախագահի, սեփական ժողովրդից թալանվածը, որ կուտակված է եղել շվեյցարական բանկերում, վերադարձվել է Նիգերիայի ժողովրդին: Տասնյակ նմանատիպ օրինակներ կան: Այս գործընթացը իրականացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հսկողությամբ, և ՄԱԿ-ը լրջորեն զբաղվում է աշխարհում հակակոռուպցիոն գործընթացների կասեցման ուղղությամբ: Վերջերս հնչում էին գնահատականներ առանձին «գործիչների» կողմից, որ իբր թե ոչ մի նյութ էլ չի գնացել դատախազություն, և ընդհանրապես նման փաստեր չկան: Սա կեղծիք է և հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ իշխանության պատվերով: Որպես կոռուպցիայի օրինակ նշեմ 1993 թ. Հայաստանում տեղի ունեցած ակնհայտ շինծու քրեական գործի հարուցման փաստը: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետոսյանի խորհրդական Արբակ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառով նրանից թալանվեց շուրջ 1200000 դոլարի ապրանք, որն ի պահ է տրվել պաշտպանության նախարարությանը: Քրեական գործը չի հիմնավորվում, իսկ թալանված գույքը չի վերադարձվում` հակառակ մի շարք բողոքների: Բռնագրավվածը առանց դատարանի որոշման, առանձին չինովնիկների հանձնարարությամբ բաշխված է տարբեր մարդկանց և մինչև օրս տիրոջը չի վերադարձվում: Մենք այս մասին ահազանգեցինք գլխավոր դատախազին, որովհետև համոզված ենք, որ Խաչատրյանը վաղ թե ուշ իր ձեռքի տակ եղած նյութերով դիմելու է միջազգային ատյաններին և հասնելու է հարցի արդարացի լուծմանը, որը լուրջ հարված կհասցնի մեր պետականության վարկանիշին:
-Ի՞նչ եք անելու առաջիկայում:
-Վերջին մեկ ամսում տեղի են ունեցել մի շարք կարևորագույն գործընթացներ, որոնց մասին կցանկանայի ընթերցողին տեղեկացնել անպայման: Նախ` Բուդապեշտում կայացավ եվրոպական 26 երկրների հակակոռուպցիոն կազմակերպությունների կոնֆերանսը, որը մի շարք կարևորագույն որոշումներ է կայացրել, հատկապես համագործակցության, եվրոպական կառույցների փոխհարաբերությունների, գործընթացների իրազեկման, համատեղ միջոցառումների կազմակերպման մասին: Հայկական պատվիրակության` կոնֆերանսին չմասնակցելու պատճառների մասին արդեն ասել եմ. մենք համարում ենք, որ Հունգարիայի իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի հանցագործին Ադրբեջանին վերադարձրել են առանձին չինովնիկների կոռումպացվածության հետևանքով: Այդ հարցով ես գրավոր դիմել եմ բուդապեշտյան մեր գործընկերներին` առաջարկելով լրջորեն զբաղվել իրենց երկրի այն չինովնիկներով, ովքեր իրականացրել են արտահանձնումը: Չգնալու երկրորդ պատճառը նյութական հնարավորություններն էին: Ի՞նչ ենք անելու ապագայում: Իմ գործընկերները հանրապետության լրջագույն մասնագետների աջակցությամբ հասարակական հիմունքներով օգնում են բացահայտելու Հայաստանի Հանրապետությունում գոյացած կոռուպցիոն ցանցի արմատները: Նորից ուզում եմ շեշտել, որ մեր գործունեությունն ուղղված չէ որևէ անձի դեմ, այլ այն բարդ իրականության, որ ընդգրկել է պետական ամբողջ համակարգը, դատաիրավական, ուժային կառույցները, կենտրոնացնելով մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում հսկայական հարստություն, որով իսկ ապահովում են իշխանության տարբեր ճյուղերում իրենց վերարտադրությունը: Փաստորեն այս ծանր իրավիճակը միանգամայն վտանգում է ՀՀ պետականության շարունակականությունը, ուղիղ հարվածում է ազգային անվտանգությանը: Դրա ծանր հետևանքներն են մասսայական արտագաղթը, ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, ՀՀ քաղաքացու իրավական անպաշտպանվածությունը: Այս և այլ գործընթացներ հանգեցրել են նրան, որ հասունանում է պահը, երբ ժողովուրդը կդառնա անկառավարելի և որպես ջրհեղեղ դուրս կգա մաքրելու իր ճանապարհը: Դրա վառ ապացույցն են վերջերս գյուղական շրջաններում բնական աղետների հետևանքով ժողովրդական ցասումը, մայրուղիներն ու ճանապարհները փակելը: Էներգակիրների մոտալուտ թանկացումը, որի մասին արդեն պաշտոնապես տեղեկացվել է, բերելու է մասսայական և կտրուկ թանկացումների սննդամթերքի, կենցաղի, տրանսպորտի, մեր կյանքի բոլոր ոլորտներում: Այս պայմաններում, երբ հինգ տարի շարունակ կենսաթոշակը, աշխատավարձը, սպառողական նվազագույն զամբյուղի հատկացված գումարները չեն բարձրացվել, ավելի կուժեղացնի ժողովրդական ընդվզումը և կբերի համաժողովրդական ցասումի: Մոտ ժամանակներս Մոսկվայում կայանալու է աշխատանքային հանդիպում Իսպանիայի հակակոռուպցիոն ոստիկանության ղեկավարի, Գերմանիայի նույնատիպ կառույցի ղեկավարի և ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի հետ` հակակոռուպցիոն գործընթացների ծրագրման հարցի շուրջ, որին մասնակցելու պաշտոնական հրավեր ենք ստացել և մասնակցելու ենք եռօրյա կոնֆերանսի աշխատանքներին: Կոնֆերանսը կազմակերպվելու է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինի հովանու ներքո:
-Դուք վստա՞հ եք, որ սոցիալական խնդիրներով մարդիկ պատրաստ են փողոց դուրս գալու Հայաստանում:
-Արդեն իսկ վերջին օրերի իրադարձությունները Արարատյան դաշտում, Արմավիրում ապացուցում են, որ համբերության բաժակը լցվել է: Ահագնացող արտագաղթը և գյուղական բնակավայրերի դատարկվելը ածանցյալներն են ընդամենը, իսկ ովքեր չեն արտագաղթել, պատրաստ են պայքարի:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ