«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարգելի պարոն Սարգսյան

Հարգելի պարոն Սարգսյան
17.05.2013 | 00:41

Ձեզ ենք ուղարկում Արարատի մարզի Այգեստան համայնքի հողատերերի դիմումներն իրենց ցրտահարված այգիների վերաբերյալ: Ցրտահարության պատճառած վնասի չափը տեղում ճշտելու համար խնդրում ենք ուղարկել համապատասխան հանձնաժողով:
Միաժամանակ Ձեզ տեղեկացնում ենք, որ ցրտահարությունից առայսօր անցել է մոտ երկու շաբաթ, սակայն այգիների մեծ մասը չի ջրվել, չի պարարտացվել, այսինքն` ոչ միայն վտանգվել է այս տարվա բերքը, այլև հնարավոր է, որ չորանան մատերը:
Ժողովուրդն անչափ շնորհակալ է գարնանը ցուցաբերված օգնության համար` պարարտանյութ, դիզվառելիք, սերմացու էժան գներով տրամադրելու համար, սակայն այդ բոլորը կարծես անիմաստ է դառնում, որովհետև չկա ամենակարևորը` ջուրը:
Հարգելի վարչապետ, կառավարության կազմում չպետք է տեղ ունենան թափոնային հոգեբանությամբ, լկտի, ստող, հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող պաշտոնյաներ: Այդ վայ-պաշտոնյաների շնորհիվ գյուղում չի մշակվում մոտ 30 հա հող, իսկ այս տարի այն ավելի մեծ թիվ է կազմում: Ջուր անելը գյուղացու համար դարձել է քարավանի ճանապարհով անցնելուն հավասար մի բան: Կոնկրետ իմ օրինակով` մշակում եմ մոտ 5 հա հող (մեծ մասը` ուրիշի հողը), որից առայսօր չի ջրվել 2 հա ցորենը, 0,9 հա առվույտը, իսկ աշնանացան 1,5 հա հողի մեջ ընդհանրապես առվույտ չկա, դարձյալ վատ ջրամատակարարման պատճառով: 1,5 հեկտար հողից ստացել եմ (գարնանը չի ջրվել) ընդամենը 2 տոննա խոտ: Ես նշեցի կոնկրետ օրինակ, իսկ հողօգտագործողներ կան, որ առայսօր մի թիզ հող էլ չեն ջրել:
Հարգելի վարչապետ, մինչև ե՞րբ կարելի է այսպես շարունակել, մինչև ե՞րբ պետք է մեր ժողովուրդը լքի հայրենիքը:


Հարգանքով`
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Այգեստանի գյուղապետ
02 մայիսի 2013 թ.
Առդիր` 130 դիմում:

Հ. Գ.- Անկեղծ ասած, չէի ցանկանում վարչապետին ուղղված նամակը հրապարակայնացնել, բայց Արմավիրում ավերիչ կարկտահարությունը ևս մեկ անգամ հաստատեց իմ այն միտքը, որ թափոնային պաշտոնյաները պիտի տեղ չունենան մեր երկրի կառավարման և ոչ մի օղակում: Թափոնային հոգեբանությամբ պաշտոնյաների մեղքով էր, որ չկրակեցին (գուցե և մասամբ) Արմավիրում տեղադրված հակակարկտային կայանները, այդ նրանց մեղքով էր, որ ժամանակին գազով չէին լիցքավորվել սարքերը: Այստեղ մեկ հարց` մինչև ե՞րբ մեր երկրում պետք է պաշտոնին նայեն որպես եկամտի, հեշտ հարստանալու, վայելելու, թալանելու, որպես ճոխ արոտավայր արածելու պարագայի։ Ե՞րբ պետք է պաշտոնին մոտենան գերպատասխանատվության զգացումով, ինչու չէ, նաև վախով, որ պաշտոնական պարտականությունները վատ կատարելու կամ տհասորեն կատարելու պատճառով կարող են ենթարկվել ոչ միայն քրեական պատասխանատվության, այլև պատճառված վնասի անձնական միջոցներով հատուցման: Ա՛յ, այդ դեպքում պաշտոնին կձգտեն միայն նրանք, ովքեր նվիրյալներ են և պատրաստ են ծառայելու ժողովրդին, թե չէ ինչի է նման տհաս պաշտոնյաների այն հոծ բանակը, որն արդեն 2,5 տասնյակ տարի այնպես հպարտորեն արածում է մեր երկրի կառավարման ճոխ արոտավայրերում: Այ թե որտեղից է գալիս մեր երկրի աղքատ լինելու մասին որոշ պաշտոնյաների ստոր սուտը:
Պարոն վարչապետ, թախանձագին խնդրում եմ Ձեզ, օր առաջ ազատվեք այդ պարարտ ու անբան գոյերից:
16 մայիսի 2013 թ.

Դիտվել է՝ 2674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ