Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նոր» կառավարություն, հին խնդիրներ

«Նոր» կառավարություն, հին խնդիրներ
17.05.2013 | 11:30

Հաշված օրեր հետո կառավարությունն Ազգային ժողովին պետք է ներկայացնի առաջիկա հնգամյակի ծրագիրը։ Նախորդ հինգ տարվա կառավարության աշխատանքից ժողովուրդն առանձնապես հիացած չէ։ Եթե սրան հավելենք արտագաղթի մեծ ծավալները, ներդրումների կտրուկ նվազումը, ապա պետք է փաստել, որ կառավարությունը շատ լուրջ անելիքներ ունի։ Ի դեպ, թերությունների մասին վերջերս խոսում են նաև ՀՀ նախագահն ու անձամբ վարչապետը։ Կառավարության նոր ծրագրում ի՞նչ դրույթներ պետք է փոփոխվեն, կամ ի՞նչ նոր քայլեր ձեռնարկվեն` տնտեսությունը գործնականում աշխուժացնելու և մարդկանց վստահությունը վերականգնելու համար։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավորների հետ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ խմբակցություն)
-Հարցն ամբողջական է և շատ ծավալուն։ Եթե վերլուծելու լինենք կառավարության վերջին հինգ տարվա արածն ու չարածը, ապա բավականին երկար պետք է զրուցենք։ Սակայն, այնուհանդերձ, ասեմ հետևյալը. եթե հաշվի առնենք գլոբալ ճգնաժամը, ապա պետք է նկատենք, որ որևէ սոցիալական ծրագիր մենք չկրճատեցինք, որևէ պետական գերատեսչությունում կադրերի կրճատում չեղավ։ Սրանք բառեր չեն, այլ իրականություն։ Մինչդեռ ամբողջ Եվրոպայում աշխատատեղեր կրճատվեցին։ Մեզ մոտ կատարված ծրագրերը քայլեր էին, որոնք մեր երկրի նախագահի գլխավորությամբ իրականացրեց կառավարությունը։ Այժմ ձևավորվել է մի միջավայր, որը նպաստավոր է երկրի զարգացման համար։ Եթե մենք ձևավորենք առողջ մթնոլորտ` լավին լավ ասենք, վատին էլ` վատ, ապա ցանկացած առողջ քննադատություն կարևոր կլինի։ Առաջին հերթին դա պետք է իշխանություններին և, իհարկե, ընդդիմությանը, որպեսզի նա կարողանա բարձրացնել հանրության վստահությունը։ Ինչ վերաբերում է կառավարության ներկայացնելիք ծրագրին, ապա մենք մեր քաղաքական թիմով դրա շուրջ քննարկումներ ենք իրականացնում, և առաջիկա քառօրյայում դրանք կներկայացվեն ԱԺ-ին։ Այդ ժամանակ էլ առարկայական կխոսենք ծրագրի շուրջ։
-Բոլոր դեպքերում, ուզում եմ իմանալ Ձեր անձնական կարծիքը։
-Կարևորում եմ կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը։
-Բայց այդ դրույթը եղել է բոլոր կառավարությունների ծրագրերում։
-Ընդունում եմ։ Թիրախային եմ համարում աշխատավարձերի բարձրացման հարցը։
-Բարձրացում, որը հնարավոր կլինի միայն 2014-ից, քանի որ 2013-ի պետբյուջեն հաստատված է։
-Ընդունում եմ։ Բայց, եթե նկատենք, որ առաջիկայում ԱԺ-ն գնում է արձակուրդ, և նստաշրջանը կվերսկսվի աշնանը, հաշվի առնենք նաև այն, որ կառավարության ծրագիրը մշակվում է, ապա, կարծում եմ, 5-6 ամսում կարելի է այդ ամենն ի մի բերել և հունվարի 1-ից հաստատել ավելի բարձր աշխատավարձեր։ Չեմ կարծում, թե աշխարհում կա մի պետություն, որը հնարավորություն ունի բարձրացնելու աշխատավարձերն ու լուծելու սոցիալական խնդիրները, բայց չի անում։ Թեկուզ նաև հենց այն պատճառով, որ հետագայում ավելի հեշտ կվերընտրվի, անպատճառ ամեն հնարավորը կանի։ ՈՒղղակի, կառավարության ծրագիրը դեռևս ամբողջությամբ ներկայացված չէ, չեմ ցանկանում ավելի մանրամասն դրան անդրադառնալ, քանի որ չի բացառվում` քննարկումների արդյունքում բաներ փոխվեն։
-Լավ, այդ դեպքում մեկ այլ հարց։ Ասացիք, որ կադրերի կրճատում, գլոբալ ճգնաժամի տարիներից սկսած մինչ այժմ, Հայաստանում չի եղել։ Համաձայն չեմ, որովհետև 2010-11 թվականներին կադրային մեծ կրճատումներ եղան։
-Որտե՞ղ։
-Հենց թեկուզ նախարարություններում։
-Ես գիտեմ, որ մենք կադրերի կրճատման քաղաքականություն չենք իրականացրել։
-Գուցե «տակի՞ց» եք արել։
-Ոչ, գոնե մենք այն քաղաքական թիմն ենք, որը «տակից» որևէ բան չի անում։ Հակառակը, առաջինը մենք ենք քննադատում, մենք ենք բարձրացնում խնդիրները, մենք էլ լուծում։
-Գուցե դա մտածված քաղաքականություն է` «առաջինն ասենք մենք, որ ուրիշները չասեն» տարբերակով։ Բայց դրանից գործնականում ոչինչ չի փոխվում։
-Կարող եք նաև այդպես մեկնաբանել։ Բայց մեր մտադրությունները և գործողություններն ազնիվ են ու, իսկապես, փորձում ենք լուծումներ գտնել խնդիրներին։
-Ժամանակը ցույց կտա։
-Ընդունում եմ։ Առանց անձերի անուններ տալու կարող ենք թվարկել գերատեսչություններ, որտեղ կան նոր, թարմ դեմքեր, ովքեր իրենց ոլորտում իրավիճակը կտրուկ փոխել են դեպի դրականը։
-Այդքան էլ թարմ չեն, եթե նկատի ունեք կառավարության կազմի փոփոխությունը։ Ընդամենը երկու նախարարի տեղափոխություն է եղել և մեկ նորանշանակ նախարար։
-Այդ փոփոխությունը նկատի չունեմ, այլ հինգ տարվա ընթացքում արվածը։

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ (ՀՀԿ խմբակցություն)
-Կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը, որից հետո միայն կարող ենք ավելի հստակ և առարկայական խոսել։
-Մինչ կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը, հետաքրքիր է Ձեր տեսակետը` ինչպիսի՞ սպասելիքներ ունեք ծրագրից տնտեսության գործարարության խթանման ուղղությամբ։
-Սպասելիքներս տարբեր են։ Համոզված եմ, որ տնտեսության աշխուժացման համար պետք է մոտեցումները փոխվեն։
-Ինչպե՞ս։
-Ներդրումային, հարկային քաղաքականություններում փոփոխություններ պետք է արվեն։
-Ըստ Ձեզ, ի՞նչ փոփոխություն պետք է իրականացվի հարկային քաղաքականությունում` հարկային բե՞ռը թեթևացվի։
-Ավելի շուտ պետք է տնտեսությունը դիվերսիֆիկացվի։ Հարկերը, ըստ ոլորտների, պետք է մի դեպքում բարձրացվեն, մյուս դեպքերում` իջեցվեն։
-Ի՞նչ եք կարծում, տնտեսության դիվերսիֆիկացումը կվերակենդանացնի՞ ՓՄՁ ոլորտը։
-Եթե հաստատվի տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ապա, անշուշտ, այն ՓՄՁ ոլորտի վրա ևս դրական կազդի։ Այս ոլորտում խնդիրներ կան, որոնք պետք է վերանայվեն, մասնավորապես, շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ պետք է մտցվեն։ Կարծում եմ, շատ դրույթներ այստեղ պետք է վերանայվեն, ինչը շատ կարևոր է ՓՄՁ ոլորտի համար։

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ (տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով հանձնաժողովի
նախագահ, ԲՀԿ խմբակցություն)
-Վերանայման անհրաժեշտություն ունեցող ոլորտները շատ են, սակայն կխոսեմ մեր հանձնաժողովին առնչվող խնդիրներից։ Օրինակ, մի քանի օր առաջ տեղացած կարկուտը վկայեց, որ համակարգը խոցելի է։ Մեր հանձնաժողովն արտագնա նիստ կազմակերպեց տեղերում` ուսումնասիրելով խնդիրը։ Իրոք, ավերածությունները մեծ էին, և մեր գյուղացիներն անելանելի վիճակում էին։ Կարծում եմ, անհրաժեշտ է նման իրավիճակների համար ունենալ նախապես մշակված ռազմավարական ծրագիր, որը կընդգրկի գյուղատնտեսության ապահովագրության հարցը ևս։ Պետք է լուրջ մտածել սուբսիդավորման մասին։ Այսինքն, գյուղատնտեսությունում անհրաժեշտ է լուրջ քաղաքականության մշակում, որպեսզի նման դեպքերում անմիջապես հնարավոր լինի գործնականում օգնության ձեռք մեկնել։ Գյուղացին, որը կոչված է երկիրը կերակրելու, կարկտահարության մի դեպքից հետո արդեն ինքն է կանգնում հացի խնդրի առջև։ Ազգային անվտանգության տեսանկյունից սա շատ խոցելի և վտանգավոր խնդիր եմ համարում։ Դրա համար էլ կարևորում եմ ռազմավարական ծրագիրը։
-Սուբսիդավորումը կամ էլ ապահովագրումը հնարավո՞ր է, երբ տնտեսության մեջ լուրջ խնդիրներ կան, պետբյուջեի հնարավորություններն էլ սուղ են։
-Ինչ-որ չափով սուբսիդավորում տրվում է։ Ճիշտ է, մեր պետբյուջեն մեծ չէ, այլ հարց է, որ հնարավոր էր ավելի մեծ բյուջե ունենալ։ Բայց սա այսօրվա թեմայի հետ չխառնենք։ Ամեն դեպքում, այսօրվա եղած քիչը պետք է արդյունավետ տնօրինել։ Արդյունավետ տնօրինումն է հիմնական բացը, և սա լուրջ խնդիր եմ համարում տարածքների համաչափ զարգացման հարցում։ Կառավարության նախորդ ծրագրում այս հարցը խորությամբ դրված չէր։ Կարծում եմ, նոր ներկայացվող ծրագրում պետք է հստակ զարգացման ծրագիր առաջարկվի տարածքների համար։ Ամեն ինչ չի կարելի կենտրոնացնել միայն Երևանում, շատ կարևոր է ունենալ տարածքների համաչափ զարգացման իրատեսական ծրագիր։ Խոսքը, իհարկե, պետբյուջեից հատկացվող դոտացիաների մասին չէ` դա զարգացման ծրագիր չէ։ Հատկացվող գումարը հազիվ բավարարում է տեղերում վարչական ապարատների պահպանման համար։ Մենք համայնքներ ունենք, որոնց տարեկան սեփական բյուջեն, որ ինքնուրույն են հավաքում, չի բավարարի անգամ գլոբալ մեկ-երկու խնդրի լուծման համար։ Այս պարագայում խոսել համայնքների զարգացումից առանց դոտացիայի` լուրջ չէ։ Սակայն հատկացվող դոտացիան ևս զարգացման դոտացիա չէ։ Կարծում եմ` պետք է ունենալ հստակ ծրագիր, որը, ըստ տարիների, կներկայացնի զարգացման քաղաքականությունը։ Այդպիսի ծրագիր դեռևս չեմ տեսնում։


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ