Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Չլքեք երկիրը, ժողովուրդ, մենք սկսում ենք»

«Չլքեք երկիրը, ժողովուրդ, մենք սկսում ենք»
18.05.2013 | 18:33

Նախախորհրդարանի երևանյան առաջին հանրահավաքի մասնակիցները շատ չէին, բայց քիչ էլ չէին: Կային ՀԱԿ-ի շարքայիններից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից», մարդիկ, ովքեր մի լուսավոր կետ են փնտրում ներքաղաքական դաշտում` Հայաստանը չլքելու համար: Մի տիկին, ում ճանաչում եմ 2008-ի հանրահավաքներից, ասաց. «Ամեն պայքարողի հետ գալիս կանգնում ենք, տենանք, ինչ ա լինում»: Երվանդ Մանարյանն էլ էր այնտեղ: Ասաց` «Ժիրայրին համակրում եմ»: Կարապետ Ռուբինյանն էլ կար, Անդրիաս Ղուկասյանն էլ:
Նախախորհրդարանի առանցքում ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի կերպարներն են: Առաջինը ԱՍԱԼԱ-ի մարտիկներից է, երկրորդը` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը: Երկուսն էլ` սփյուռքից: Նրանք իրենց կռիվը տվել են հանուն հայրենիքի` յուրաքանչյուրն ըստ իր ժամանակի թելադրած իրավիճակի: Երեկ Սեֆիլյանը խոսում էր «Հայկական վերածնունդ» նոր շարժման մասին, որը Նախախորհրդարանի` երկրում փոփոխությունների հասնելու ծրագիրն է ու կոչ էր անում միանալ իրենց: «Չլքեք երկիրը, ժողովուրդ, մենք սկսում ենք, մի լքեք: Միասին պայքարելու ենք, երիտասարդություն, ոչ մի տեղ չգնաք, վերջ կուսակցություններին, միասին ձևավորելու ենք քաղաքացիական բանակը», -ասվեց: Պայքարի կոչ եղավ և սփյուռքահայությանը` «Եկեք մեզ հետ պայքարելու»: Հանրահավաքի ընթացքում Թումանյանի և Սպենդիարյանի արձանների մոտ տեղադրված երկու սեղանների մոտ մարդիկ պարբերաբար մոտենում, գրանցվում էին: Դա, այսպես ասած, կամավորների գրանցում էր, ովքեր ցանկություն ունեն աջակցելու Նախախորհրդարանի աշխատանքներին, գրում էին անձնական տվյալները` անուն, հասցե, հեռախոսահամար և ստորագրում:
Նախախորհրդարանի ներկայացրած ծրագիրը ենթադրում է մի քանի քայլեր. Հայաստանի ամբողջ տարածքում և արտերկրի գաղթօջախներում համահայկական շարժման տեղական մարմինների ձևավորում, զուգահեռաբար գործող կառավարման մարմինների (սահմանադրական արդարադատության ատյան, հիմնադիր խորհրդարանի ընտրական հաձնաժողով, հիմնադիր խորհրդարան և անցումային կառավարություն) ձևավորում, գործող կառավարման մարմինների լեգիտիմացում, որոնք, ըստ ծրագրի հեղինակների, հանգեցնելու են նոր որակի պետության ձևավորման:
Նախախորհրդարանն իր ձևաչափով տարբերվում է նախորդ բոլոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերից, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ մարտավարական և բովանդակային առաջարկություններ է դնելու այս ոչ կուսակցական կառույցը ներքաղաքական խայտաբղետ սեղանին: Կուսակցական խաղերից հոգնած Հայաստանի հանրությունը այլևս զգույշ է մոտենում երկիրը փոխելու հռետորաբանությանը, և լսարան հավաքելու համար Նախախորհրդարանից գերագույն ջանքեր ու առավելագույն անկեղծություն կպահանջվեն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ