Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նկուղների» քաղաքագիտությունից զատ գոյություն ունի նաև «խրամատային» քաղաքագիտություն

«Նկուղների» քաղաքագիտությունից զատ գոյություն ունի նաև «խրամատային» քաղաքագիտություն
20.05.2013 | 23:48

Հայաստանի քաղաքական հետազոտությունների վերջին երկու տասնամյակի փորձում կան որոշ հանգամանքներ, որոնք հիմա, փաստորեն, անապացուցելի են։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ոչ այնքան փորձառու և տեղեկացված քաղվերլուծաբաններին ու քաղնախագծողներին 90-ականների վերջին հաջողվեց «կանխատեսել» ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների առնչությամբ։ Վերջին տասը տարում այս խնդրի շուրջ ծավալված բանավեճը խելամտության նշույլ իսկ չունի և առաջարկում է ամենահիստերիկ գնահատականները։ Ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովը ռուս քաղաքագետներն այդպես էլ չկարողացան շատ թե քիչ վստահորեն գնահատական տալ դաշնախմբի մեջ ՈՒկրաինայի ու Վրաստանի ընդունման հարցին։ Եվ այդ առթիվ կասկածներ են մնում ոչ միայն Ռուսաստանում։ Լիովին հասկանալով, որ հնարավոր է հեգնական վերաբերմունք մեր պնդման նկատմամբ, այդուամենայնիվ, համարձակվում ենք ասել հետևյալը. նախկին ԽՍՀՄ տարածության շրջանակներում միայն Ռուսաստանում և Հայաստանում են հետաքրքիր ու բովանդակալից գաղափարներ ծնվում։ Հայաստանը երկար ժամանակ պետականություն չի ունեցել, սակայն հայերը մասնակցել են չորս` Բյուզանդական, Իրանական, Օսմանյան և Ռուսական կայսրությունների կառավարմանը, բարձրագույն պոստեր զբաղեցրել զինված ուժերում և քաղաքական ոլորտում։ Ռուսական և Օսմանյան կայսրությունների կողմից ստրկացված ոչ մի ժողովուրդ չի կարողացել իր քաղաքական պահանջների վերաբերյալ հարց առաջադրել միջազգային ասպարեզում։ Հայ առաքելական եկեղեցին, իր հերթին, հանդես է եկել որպես հայ հանրության շրջանում այդ փորձի հետևողական տարածող։ ՈՒստի դա չէր կարող չանդրադառնալ քաղաքական գործընթացների վրա, որոնք Հայաստանում և հայկական սփյուռքում մի փոքր այլ կերպ են ընկալվում, քան մյուս նորանկախ պետություններում։ Օրինակ, արդեն 90-ականների սկզբին հասկանալի էր, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները շուտով հիմնովին ու տևականորեն վատանալու են, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը խիստ սահմանափակումներ ունի և ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ դաշնախմբի մեջ Արևելյան Եվրոպայի երկրների ընդունմամբ։ Վաղուց ժամանակն է հասկանալու, որ բարձրակարգ, «մայր» քաղաքագիտությունից, ինչպես նաև «նկուղների» քաղաքագիտությունից զատ, գոյություն ունի նաև «խրամատային» քաղաքագիտություն։ Խրամատն այն վայրն է, ուր ավելի ու ավելի լայնորեն է ծավալվելու մտավոր բանավեճը։

Քննության առնենք Հարավային Կովկասի քաղաքական գործընթացների հիմնական արտաքին հեղինակների շահերը, մտադրություններն ու հնարավորությունները։
Ռուսաստանը, «աշխարհաքաղաքական բոլոր հնարավորություններն» ունենալով Հարավային Կովկասում ազդեցության և ռազմաքաղաքական ներկայության համար, արդեն երկու տասնամյակ ջանում է արտաքին քաղաքականության, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության մեջ կիրառել ամերիկյան ոճն ու եվրոպական «կանոնները»` երկյուղելով առաջարկել այլ սկզբունքներ ու մոտեցումներ։ Ցավոք, եվրասիական կամ նեոեվրասիական դոկտրինի գաղափարը տեղ ունի ռուսական ղեկավարության ճառերում միայն։ Այսպես կոչված, միջազգային իրավունքի նորմերը հաստատված են որոշակի պատմական ժամանակահատվածի համար և ի շահ նախկին գաղութային ժամանակների առաջատար տերությունների։ Այդ համակարգը փլուզվում է ԱՄՆ-ի շահերի ճնշման ներքո, և Ռուսաստանն արդեն բավական ուշացել է սահմանների վերանայման և աշխարհի վերաձևման նոր շրջանի իրացումից։ Կա ուժի ընդամենը երկու կենտրոն, որոնք ընդունակ են նախաձեռնելու այդ գործընթացը, որը, կարելի է ասել, արդեն սկսվել է։ Ընդ որում, ԱՄՆ-ն այդ գլոբալ նախագծի իրացմանը ձեռնամուխ է եղել միանգամայն պատրաստված, իսկ Ռուսաստանը` շատ երկչոտ, վախենալով միջազգային մեկուսացումից, չնայած ծովային տերությունների համար շատ ավելի դժվար է այդ նախագիծն իրացնելը, քան նրանց համար, որոնք եվրասիական տարածքներ են վերահսկում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարող մրցակցել Արևմուտքի, նախ և առաջ ԱՄՆ-ի հետ, խաղալով նրանց վարքագծի կանոնների «դաշտում»։ Ռուսաստանը վիթխարի առավելություններ ունի, սակայն ռուսական վերնախավը շատ ավելի է կախված Արևմուտքից, քան ինքը Ռուսաստանը։ Ժամանակակից եվրասիացիները այդ քաղաքականության համար անհրաժեշտ ամեն ինչ ստեղծել են գաղափարախոսության և նախագծման ոլորտում, բայց չեն կարողացել եվրասիական դոկտրինի հիմնական գաղափարները ներդնել գործուն քաղաքականության մեջ, ինչը, սակայն, նրանց անելիքն էլ չէր։ Հենց դրա համար էլ Եվրասիայի շատ երկրներում և շահագրգիռ վերնախավերի միջավայրում անվստահություն է առաջացել եվրասիական դոկտրինի և առհասարակ Ռուսաստանի քաղաքականության հանդեպ։ Վաղուց արդեն պարզ է դարձել, որ Ռուսաստանը անգամ նախկին խորհրդային տարածությունում իր դիրքերը կարող է վերադարձնել միայն նոր աշխարհաքաղաքական ուրվապատկերներ ստեղծելու միջոցով։ Դա ամենաանվտանգ ուղին չէ, այն մեծ ծախսեր է պահանջում, բայց միայն այդ կերպ Ռուսաստանը կարող է լուծել իր անվտանգության հարցերը։ Դա Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության հիմնապայմանն ու իմաստային բովանդակությունն է։
Հարավային Կովկասը յուրահատուկ տեղ է զբաղեցնում արդի աշխարհաքաղաքականության մեջ։ Այդ տարածաշրջանի պետությունները կարիք ունեն արտաքին սպառնալիքների զսպման համակարգի, և առայժմ Ռուսաստանի ռազմական ներկայությունը միայն կարող է այս կամ այն չափով ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Ընդ որում, ռազմական ներկայություն ասվածը շատ ընդարձակ հասկացություն է, և զսպման համակարգում մեծ դեր ունի ոչ միայն անմիջական ռազմական ներկայությունը, օրինակ, Հայաստանում, այլև ռուսական զինված ուժերի մարտունակությունը Հյուսիսային Կովկասում և Սև ծովում։ Չնայած դաշինք կազմելու Ռուսաստանի և Թուրքիայի փորձերին, որը նպատակ ուներ սահմանափակելու ամերիկյան թափանցումը Սև ծով-կովկասյան ու երևի Կենտրոնասիական տարածաշրջաններ, Թուրքիան մնում է որպես իմպերիալիստական տերություն` տարածաշրջանային մեծապետության կարգավիճակով, և ձգտում է միջտարածաշրջանային գերիշխանության։ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև փոխզիջումներն անհնար են, քանի որ դա վերաբերում է նրանց արմատական շահերին։ Բայց, չնայած թուրքական նվաճողամտությանը «ուշադրություն չդարձնելու» ռուս որոշ քաղաքագետների ու քաղգործիչների ցանկությանը, դա իրողություն է։ Պետք է նշել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների այսչափ վատթարացման պատճառը մեծ մասամբ տարածաշրջանային ուղղություններում Թուրքիայի նվաճողամտության սահմանափակման ամերիկյան քաղաքականությունն է։ Այս հանգամանքը Ռուսաստանին հույսեր է ներշնչում իր խաղը խաղալու շահերի եռանկյան կամ բազմանկյան ներսում, սակայն այդ հույսերը շատ սահմանափակ են, քանի որ Թուրքիայի ինքնուրույնության ձգտումը իր չափաբաժիններն ունի, որոնք նախանշված են ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Թուրքիայի ու ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Եվրամիության հարաբերություններն այլևս առաջվանը չեն, բայց դա չի նշանակում, թե հնարավոր է ամուր ու երկարատև թուրք-ռուսական դաշինք։ ՈՒստի Հարավային Կովկասում արտաքին սպառնալիքի զսպման հիմնական խնդիրը Ռուսաստանի համար շարունակում է մնալ Թուրքիան։
Այստեղ կարևոր է քննության առնել Հայաստանի իրադրությունը` որպես տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական գործընկերոջ։ Պետք է ասել, որ 1988-92 թվականներին, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի խիստ թշնամական վարքագծից և այլ բացահայտորեն ոչ բարեկամական գործողություններից հետո, Հայաստանում անկախ գոյության ամբողջ ընթացքում միշտ երկյուղներ եղել են, թե հնարավոր է նոր անսպասելի թշնամական վերաբերմունք գլխավոր դաշնակցի կողմից։ Հայաստանը փորձում էր ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ իր հարաբերությունները հաստատել ոչ միայն միջազգային մեկուսացման մեջ չհայտնվելու մտահոգությամբ, այլև, ի դեմս ուժի այլ կենտրոնի, հենակետ գտնելու հույսով։ Դրա հետ մեկտեղ, տարիներ շարունակ հայ-ռուսական հարաբերությունները վերելք են ապրել, և Հայաստանը կատարել է ՀԱՊԿ-ի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները, համարելով, որ այն որոշակի դեր է խաղում ՆԱՏՕ-ի ճնշումը զսպելու գործում։ 2008 թ. աշնանը, Վրաստանում ձեռք բերված հաջողությամբ ոգևորված, ոչ այնքան հասուն ռուս քաղգործիչները ձգտում էին ի շահ Թուրքիայի և Ադրբեջանի անցկացնել մի հրեշավոր որոշում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ինչը կործանում կլիներ հայ ազգի համար։ ՈՒ թեև Հայաստանն առանց մեծ ջանքերի չեզոքացրեց սպառնալիքը, և, կարծես, Մոսկվայի այդ մտադրություններն ի դերև ելան, Հայաստանում, սակայն դեռևս չափազանց մեծ երկյուղներ կան։ Ներկայումս Հայաստանում չկան քաղաքական այնպիսի խմբեր, որոնք ժխտեին ՆԱՏՕ-ին անդամակցության նպատակահարմարությունը, ներառյալ կոմունիստական կուսակցությունն ու ռուսամետ թրծված քաղգործիչները։ Ռուսաստանն ամեն ինչ արել է մեղմելու համար այդ բացասական սպասելիքները հայ հանրության շրջանում, և Հայաստանում գոհունակությամբ ընդունեցին ՀԱՊԿ-ի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող լուրջ քայլերը։ Միաժամանակ, Հայաստանում միշտ խիստ հոռետեսորեն են վերաբերվել ՆԱՏՕ-ին տարածաշրջանի պետությունների հնարավոր անդամակցությանը, բայց հետաքրքրությամբ ընդունեցին Վրաստանում երեք ռազմաբազաներ ստեղծելու ԱՄՆ-ի մտադրությունը։ Ինչպես նշեցինք, արդեն 90-ականներին Հայաստանում հասկացել էին, որ ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցությամբ։ ՆԱՏՕ-ն իր խնդիրը կատարված էր համարել, իր կազմի մեջ ընդունելով Կենտրոնական Եվրոպայի երկրները` որպես ԱՄՆ-ի «ակումբային» գործընկերների, սակայն հետագա ընդլայնումը ոչ մի հիմնավորում չուներ ո՛չ եվրոպացիների, ո՛չ ամերիկացիների համար։ Ռուսաստանի հասցեին ուղղված տարբեր վկայակոչումները պարզապես հարմար առարկություններ են։ Այդ տարածաշրջանը Արևմուտքին պետք չէ ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դաշնախմբի պատասխանատվության գոտի։ ԱՄՆ-ը միշտ հասկանալ է տվել, որ իր համար ավելի հարմար է Հարավային Կովկասի պետությունների հետ ունենալ անմիջական ռազմական համագործակցություն, քան ՆԱՏՕ-ի միջոցով։ ԱՄՆ-ը շատ լավ է հասկանում, որ որոշ հանգամանքների բերումով, Հարավային Կովկասի երկրները, հայտնվելով ՆԱՏՕ-ում, կդառնան ոչ թե ԱՄՆ-ի, այլ առաջատար եվրոպական պետությունների առաջնային գործընկերները։ Նույն կարծիքին է նաև Իրանը։ Հայաստանի դիրքորոշումը հակասական չէ, եթե նկատի ունենանք, որ, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, որոնք տարածաշրջանում հնարավոր ամերիկյան ռազմական ներկայությունը համարում են Ռուսաստանի զսպման գործոն, Հայաստանն ամերիկյան բազաները համարում է Թուրքիայի զսպման գործոն։
Իհարկե, Վրաստանի համար իր տարածքում ամերիկյան բազաների տեղակայումը անվտանգության կարևոր գործոն է։ Ընդ որում, Վրաստանում սկսել են ավելի ու ավելի շատ վախենալ Թուրքիայից ու թուրք-ադրբեջանական դաշինքից, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում։ Վրաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը շատ ավելի միարժեք են, հասկանալի և ավելի դրականորեն են ընդունվում Արևմտյան ընկերակցությունում։ Որքան էլ տարօրինակ լինի, Ադրբեջանն իր անվտանգության գլխավոր ու իրական երաշխավոր համարում է ոչ թե Թուրքիային, և ոչ էլ, իհարկե, ՆԱՏՕ-ին, այլ ԱՄՆ-ին։ ՈՒստի Ադրբեջանը ևս դրականորեն ու հույսով է վերաբերվում Վրաստանում ամերիկյան բազաների տեղակայմանը և, առհասարակ, տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացմանը։
Պետք է ասել, որ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրը կապված է ոչ միայն արևմտյան ու արևելյան վեկտորների, այլև հարավային ուղղության հետ։ Որքան էլ տարօրինակ և անսպասելի լինի, Իրաքի պատերազմն էական փոփոխություն մտցրեց Հարավային Կովկասի իրադրության մեջ։ Նախ, մեծացավ կասպյան նավթի նշանակությունը, սակայն Իրաքի նավթի հանույթի ներկա ավելացումը նորից նվազեցրել է այն։ Հաղորդակից անոթների նման համակարգ էլ է եղել։ Իրաքի իրադրությունը թուլացրեց իսլամական արմատականների ուշադրությունն ընդհանուր առմամբ Կովկասի նկատմամբ, բայց դա, թերևս, ժամանակավոր բնույթ է կրում։ Իրաքի իրադարձությունները, նախ և առաջ Քրդստանում տիրող իրավիճակը, մեծապես շեղում են Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից ու Կենտրոնական Ասիայից։ Դա ցույց է տալիս, որ անգամ Թուրքիայի նման հզոր տերության համար դժվար է քաղաքական խաղ խաղալ մի քանի ուղղությամբ։ Հավանաբար, Իրաքի պատերազմը սկիզբ դրեց մի նոր լուրջ միջազգային խնդրի` քրդականին, որը երկար ժամանակ լռության էր մատնվում ու սքողվում էր։ Որքան էլ տարօրինակ լինի, Թուրքիան հանդես է գալիս որպես արգելապատնեշ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքից բխող վտանգավոր մարտահրավերների միջև։ Արաբական աշխարհում և Իրանում հավանության արժանացան Ռուսաստանի գործողությունները Վրաստանի առնչությամբ և դատապարտվեցին վրացական ղեկավարության գործողությունները, դրանք նմանեցնելով Իսրայելի քաղաքականությանը։ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը Մերձավոր Արևելքում ավելի քան բացասական է, քանի որ արաբ և իրանցի քաղգործիչներն Ադրբեջանը համարում են իսրայելամետ և ամերիկամետ պետություն։ Տարածաշրջանում ավելի դրական վերաբերմունք ձևավորվել է Հայաստանի նկատմամբ, ինչն արտահայտվում է նրանում, որ չնայած Թուրքիայի, հատկապես Ադրբեջանի ջանքերին` մեկուսացնելու Հայաստանն իսլամական աշխարհից, այդ բանը նրանց չի հաջողվում։
Իրանի դերը Հարավային Կովկասում շատ մեծ է, չնայած ԱՄՆ-ն ու Թուրքիան Իրանի ազդեցության զսպման քաղաքականություն են վարում։ Իրանցիները հաճախ ասում են, թե Ռուսաստանն էլ շահագրգռված չէ Հարավային Կովկասում Իրանի ազդեցության մեծացմամբ, թեև իրականում այդպես չէ։ Թեհրանը մտավախություն ունի, որ ամերիկացիները Հարավային Կովկասի տարածքը կարող են օգտագործել Իրանի վրա հարձակման համար։ Այդ երկյուղները շատ լուրջ են, ուստի Իրանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացման դրսևորումներին։ Ներկայումս հայ-իրանական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում։ Իրանն ու Հայաստանը ստեղծում են պաշտպանական ու տնտեսական կարևոր նշանակության մի ենթակառուցվածք, ընդ որում, այդ նախագծերը հակադրված են թուրք-ադրբեջանական մտադրություններին։ Իրանը լիովին պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, նրան համարելով իր ազգային անվտանգության կարևոր պայման։ Երկու պետությունների միջև կա պատերազմի դեպքում համագործակցության պայմանագիր, համաձայն որի, պատերազմի դեպքում Իրանն ապահովում է Հայաստանի թիկունքը, իսկ Հայաստանը թույլ չի տալիս Իրանի շրջափակում ստեղծել և իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար։ Չնայած Թուրքիայի առաջարկած «Կովկասի անվտանգության պլատֆորմին» հավանությանը, Իրանն ամեն ինչ կանի խափանելու այդ նախաձեռնությունը, որը Ռուսաստանը, իբր, պաշտպանում է։ Իրանը դժգոհություն է հայտնում այդ նախագծում իր բացակայության առնչությամբ, բայց իրական նպատակը դրա իսպառ վերացումն է։ Այսպիսով, Իրանը կարևոր դեր է խաղում Թուրքիայի նվաճողամտության զսպման հարցում։ Ադրբեջանն Իրանը համարում է իր հավանական հակառակորդ, ինչն արձանագրված է այդ երկրի ազգային անվտանգության դոկտրինում։ Ադրբեջանը Թուրքիան համարում է Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի զսպման կարևորագույն գործոն։ Նա երկյուղով հետևում է Թուրքիայի ու Հայաստանի մերձեցման դեռևս կասկածահարույց նշաններին, այդ գործընթացը դիտելով որպես իրական և ոչ թե քարոզչական, և այդ կապակցությամբ ձգտում է ավելի մերձենալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ։
ԱՄՆ-ում իշխանության է եկել շատ ինքնատիպ հայացքներ ունեցող մի նախագահ։ Տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքական վերնախավերն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոփոխությունների մեծ պատրանքներ չեն փայփայում, այդուամենայնիվ, հույս ունեն, որ Բարաք Օբամայի քաղաքականությունը, նախ և առաջ Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում, նկատելի սրբագրումներ կունենա։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 6611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ