«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մերձավոր Արևելքի խաղաղության բանալին Թեհրանի ձեռքին է

Մերձավոր Արևելքի խաղաղության  բանալին Թեհրանի ձեռքին է
20.05.2013 | 23:55

Զանգվածային լրատվության և փորձագիտական ընկերակցության շրջանում վաղուց և հիմնավորապես այն պատկերացումն է արմատացել, թե Իրանը ամբողջատիրական պետություն է, ուր բարձրաստիճան ղեկավարների մի ոչ մեծ խումբ` հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գլխավորությամբ, հսկում է մարդկանց յուրաքանչյուր քայլ: Սակայն, այդուամենայնիվ, Իրանի քաղաքական իրողություններում ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է և ուղղագիծ: Իսլամական Հանրապետության ամբողջ պատմությունն ուղեկցվել է քաղաքական վերնախավերի լուրջ դիմակայությամբ, և հարկ է նկատել, որ ո՛չ մեծն այաթոլլահ Խոմեյնիին, ո՛չ ներկա հոգևոր առաջնորդին չի հաջողվել դադարեցնել միջխմբային պատերազմները: Բացի այդ, վերնախավերը երբեմն կարողացել են «անցկացնել» իրենց այն արտքաղաքական քայլերը, որոնք խիստ կասկածելի են եղել հանրապետության հիմնադրի պատգամների տեսակետից: Այդ թվում, օրինակ, նախագահի վերջին փորձերը` սերտ հարաբերություններ հաստատելու Եգիպտոսի հետ, կամ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վաղեմի համագործակցությունը Խաթամիի նախագահության օրոք:
Նկատենք, որ այն փորձագետները, որոնք անկանխակալ ուսումնասիրում են Իրանում տեղի ունեցող գործընթացները, համոզված են, որ վերնախավերի այդ պայքարում ոչ միայն ոչ մի բացասական բան չկա, այլև նման պայքարի առկայությունն առողջ հասարակության և ժողովրդավարության նշան է: Վերջին հաշվով, Իրանի քաղգործիչները հնարավորություն ունեն բացահայտորեն իրենց դիրքորոշումն արտահայտելու լրատվամիջոցներով, Մեջլիսի ամբիոնից, և, համապատասխանաբար, ընտրությունների շնորհիվ իմանալու իրենց դիրքորոշման նկատմամբ երկրի քաղաքացիների վերաբերմունքը: Իրանում բոլոր ընտրություններն ուղեկցվում են իրական քաղաքական պայքարով, և դրանց հիմքում անպայման ինտրիգ կա: «Իրանական դեմքով ժողովրդավարության» յուրօրինակությունն այն է, որ բարձրագույն իշխանության խոսքն ու գործը մեծ նշանակություն ունեն, բայց դրանք չեն կարող անպայմանորեն ազդել իրանցիների ընտրության վրա: Իշխանությունները, իհարկե, մաղում են թեկնածուներին լրատվամիջոցներով, որոշ ալիքներ «ուղղորդում են» ընտրողներին, կարող են նրանց «դնել ճշմարիտ ուղու վրա», բայց վերջին խոսքն, այնուամենայնիվ, նրանցը չէ: Ինչևէ, Իրանում ոչինչ կանխորոշված չի լինում: Այսպես, օրինակ, 2005 թ. Թեհրանի քաղաքապետ Մահմուդ Ահմանդինեժադը հաղթեց` ի հեճուկս բոլոր կանխատեսումների և անգամ վերնախավերի կարծիքի: Դատելով ըստ ամենայնի, հունիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները ևս բացառություն չեն լինի:
Իրանական ընտրությունների մյուս առանձնահատկությունը հավակնորդների հսկայական քանակությունն է և նրանց կտրուկ մաղումը ընտրարշավի ընթացքում: Օրենքի պահանջներին թեկնածուների համապատասխանությունը և ընտրություններին նրանց մասնակցության նպատակահարմարությունը որոշում է Դիտորդական խորհուրդը, մի մարմին, որն անմիջականորեն վերահսկում է հանրապետության սահմանադրության դրույթների կատարումը: Այսպես, նախորդ` 2009 թ. նախագահական ընտրությունների սկզբնական փուլում գրանցվել էր 475 մարդ, սակայն նրանցից միայն չորսը հաստատվեց թեկնածու: Ներկա ընտրարշավին ցանկություն է հայտնել մասնակցելու Իրանի 686 քաղաքացի, բայց պետության ղեկավարի պաշտոնի իրական հավակնորդները հայտնի կդառնան միայն մայիսի 22-23-ին, որոնց անուններն էլ տեղ կգտնեն քվեաթերթիկում: ՈՒստի հիմա փորձագետներից ով ինչ էլ ասի, միևնույն է, ներկա ընտրությունները բավական անկանխատեսելի են:
Սակայն հարկ է նկատել, որ կան նաև մի ամբողջ շարք լրացուցիչ նրբություններ, որոնք կարող են ազդել և՛ ընտրարշավի ընթացքի, և՛ վերջնական արդյունքների վրա: Նախ, ձևական կողմը. այս ընտրություններն առաջին անգամ կհամատեղվեն քաղաքային խորհուրդների ընտրությունների հետ: Սովորաբար ոչ մեծ քաղաքներում ու գյուղերում տեղական ընտրություններն ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում, քան նախագահականը: Հնարավոր է, որ ընտրողների մասնակցությունն ակտիվացնելու նկատառումով էլ հենց նման որոշում է ընդունվել: Պատահական չէ, որ Իրանի իշխանությունները բոլոր իրանցիներին կոչ են անում ակտիվորեն քվեարկել. այաթոլլահ Խամենեիի խոսքերով ասած, դա հարված կհասցնի երկրի թշնամիներին: Բայց, դրա հետ մեկտեղ, իրանական բանակը կանխավ նախազգուշացրել է, որ «անկարգությունների կրկնություն» թույլ չի տա: Հիշեցնենք, 2009 թ. քվեարկությունից և շատերի համար կասկածելի արդյունքների հրապարակումից հետո տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում զոհվեց ավելի քան 70 մարդ: «Մեր զինված ուժերը բավարար փորձ ունեն նման խնդիրներ լուծելու համար, ծանոթ են հնարավոր վտանգներին և գիտեն, թե ինչպես պայքարեն դրանց դեմ»,- հայտարարում են զինվորականները: Իսկ նրանք, հավանաբար, երկյուղելու բան ունեն, որովհետև հիմա Իրանում շատ բարդ տնտեսական ու քաղաքական իրադրություն է: Ազգային արժույթի լուրջ արժեզրկումն ու կենսամակարդակի անկումը, ռազմական միջամտության բացահայտ սպառնալիքները, ՄԱԿ-ի պատժամիջոցները` լիուլի հերիք են, որ նախագահական ընտրություններն անցնեն, ինչպես երբեք, լարված պայմաններում: Այս կապակցությամբ ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր հանգամանքի. Իրանի նոր պատմության մեջ առաջին անգամ անցած տարվա հոկտեմբերին փակվեց Թեհրանի շուկաներից մեկը, իսկ առևտրականները բողոքի ալիք բարձրացրին: Թեև դա այն ժամանակ ժողովրդական ապստամբության չվերածվեց, սակայն, դիտորդների մեծ մասի կարծիքով, շուկայի փակումը, անշուշտ, կարևոր ու տագնապալի ահազանգ էր: Չէ՞ որ երբ առևտրականները երես թեքեցին շահից, նրանք ուղի հարթեցին իմամ Խոմեյնիի հաղթական վերադարձի համար:
Բացի այդ, աննախադեպ է ուժի համաշխարհային կենտրոնների ուշադրությունը ներկա ընտրությունների նկատմամբ: Պատահական չէ, որ Իրանի վերաբերյալ բոլոր կարևորագույն որոշումները, այդ թվում` ռազմական կարգի որոշումները, և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան, և՛ անգամ Իսրայելը վճռել են հետաձգել տարեվերջին: Կարևոր է նաև այն, որ Արևմուտքն արդեն ցանկություն է հայտնում բանակցելու վերնախավի «ռեֆորմիստական» մասի հետ, իսկ ԱՄՆ-ը նույնիսկ պատրաստ է, մի շարք պայմանների պահպանման պարագայում, երաշխավորելու Իրանի գերիշխող դիրքը «շիական մահիկի» վրա: Դա իրանական իշխանության համար շատ է գայթակղիչ: Չէ որ Մերձավոր Արևելքում տիրող ներկա իրավիճակի և Թեհրանի կողմից իսլամական աշխարհում մի շարք դիրքերի կորստյան պայմաններում սպառնալիքի տակ է հայտնվում իրանական հասարակության մի շատ կարևոր ու կայուն պահանջարկ` զորեղ Իրանը, որի հետ չեն կարող հաշվի չնստել: Այնպես որ, թե՛ քաղաքական վերնախավերը, թե՛ ժողովուրդը մտածելու բան ունեն, առավել ևս, որ այս նախագահական ընտրությունները կանցնեն Պարսից ծոցում ՆԱՏՕ-ի երկրների խոշորագույն զորավարժություններից մեկի ֆոնին: Եվ հասկանալի է, որ դա ոչ միայն ակնարկ է, այլև լծակ, որով Արևմուտքն ուզում է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ամեն դեպքում, մի բան կարելի է լիակատար վստահությամբ ասել. Մերձավոր Արևելքի խաղաղության բանալին Թեհրանի ձեռքին է, և շատ սպասելիքներ կան առաջիկա նախագահական ընտրություններից: Իսկ ինչ վերաբերում է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր «ցավագին հարցին», ապա պետք է ընդգծել, որ իրանական հասարակության բացարձակ մեծամասնությունը չի կասկածում` անհրաժեշտ է իրականացնել խաղաղ միջուկային ծրագիրը, որը կարող է երկրի անկախության երաշխավորը լինել: Իրանի «խաղաղ ատոմ» ունենալու իրավունքն ընդունում ու պաշտպանում են նույնիսկ ռեֆորմիստներից ամենաարմատականները:
Մինչդեռ ընտրողների նախապատվություններում ներքին և արտաքին գերակայությունների սահմանազատ գիծ դժվար է անցկացնել: Բնակչությանը, անշուշտ, նախ և առաջ հուզում են տնտեսական զրկանքները, բայց դե արտաքին քաղաքականությունն էլ ոչ ոքի անտարբեր չի թողնում, առավել ևս, որ հիմա դրանք, ինչպես երբեք, փոխկապակցված են: Բավական է ասել, որ միայն «Shell» կոնցեռնն Իրանին 2,3 մլրդ դոլար է պարտք դեռ արգելքից առաջ մատակարարված նավթի դիմաց, և նա հնարավորություններ է փնտրում պարտքը վճարելու համար` եթե ոչ փողով, ապա գոնե հացահատիկով, սննդամթերքով, դեղորայքով, բայց առայժմ այդ փորձերն էլ են պատժամիջոցների կոշտ նորմերին բախվում: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ հենց հիմա են ԱՄՆ-ի ոչ պետական կազմակերպությունները հանդես եկել նոր նախաձեռնությամբ, այն է` որպես «բարի կամքի արտահայտություն» իրանական որոշ բանկերի թույլ տալ կատարել դեղորայքի, պարենի և քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների պահեստամասերի գնումների հետ կապված գործարքներ: Այնպես որ, մեկ բան արդեն ակնհայտ է. իրանական հասարակությունը բախվել է միջազգային ասպարեզում հետագա վարքագծի սկզբունքային ընտրության և շրջակա աշխարհի հետ հարաբերությունների նոր ուղիների որոնման անհրաժեշտությանը: Ինչպիսի՞ն կլինի այդ ընտրությունը` առայժմ դժվար է ասել, բայց, ամենայն հավանականությամբ, քաղաքացիները ներկա ընտրություններում կնախընտրեն այն թեկնածուին, որն արդյունավետ պատասխան կտա ներքին ու արտաքին օրակարգային խնդիրներին: Եվ էլի մի քանի խիստ կարևոր հանգամանք: Փորձագետների մեծ մասի համոզմամբ, երկրում տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն. եթե հոգևորականությունն ու պահպանողականությունը ստեղծել են այս պետությունը, ներկա քաղգործիչների սերունդն այն կառուցել է պատերազմի ու մշտական արտաքին ճնշման պայմաններում, ապա երիտասարդությունը հիմա իր պատկերացումներն ունի այն մասին, թե ինչպիսին պիտի լինի Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկա, արագ փոփոխվող աշխարհում: ՈՒ նրա կարծիքը բնավ էլ միշտ չէ, որ համընկնում է իշխանությունների դիրքորոշումներին: Սակայն առայժմ ընդդիմադիր «Կանաչ շարժումը» մեծ մասամբ ճնշված է, իսկ դրա առաջնորդները կա՛մ տնային կալանքի տակ են, կա՛մ բանտերում: Բացի այդ, հարվածները (ոչ թե ուղղակի, այլ դրանց մերձավորների միջոցով) ուղղված են իրանական ընդդիմության բոլոր երևելի դեմքերին: Ինչպես նշում են փորձագետները, նախկին նախագահ Ռաֆսանջանին ժողովրդի աչքին այսօր ավելի ու ավելի է սկսում նմանվել առաջնորդի, իսկ հոգևոր առաջնորդին հասցեագրված բաց նամակում մի ամբողջ շարք քաղաքական գործիչներ պահանջել են նրան վերադարձնել երկրի ղեկավարություն, բայց նրա դստերը` Ֆազեհին, բողոքի ակցիաներին մասնակցելու համար դատապարտել են վեց տարվա ազատազրկման, իսկ եղբորը` Մեհդիին, կալանավորել են որպես «Կանաչ շարժման» կազմակերպչի: Ինչևէ, ըստ կանխատեսումների, Խամենեին մի քանի ռեֆորմիստ թեկնածուների կթողնի վերջնական ցուցակում, որպեսզի ընտրություններին «ազատ ու արդար» տեսք տա: Խոսելով Իրանի քաղաքական քարտեզի մասին, միաժամանակ պետք է նկատել, որ քաղաքական ուժերն այստեղ սովոր սխեմաներով բաժանելն անհույս բան է: Միևնույն քաղաքական գործչի մեջ տնտեսական և սոցիալական ոլորտի առավելագույն իրատեսությունը կարող է միաժամանակ խաղաղ գոյակցել արտաքին քաղաքական ոլորտի ծայրահեղ պահպանողականության հետ:
Եվս մեկ նոր հանգամանք: 2009 թ. ողբերգական իրադարձություններից հետո առաջնորդ Խամենեիի հեղինակությունն զգալիորեն թուլացավ, և պահպանողականների շարքերում «տարաձայնություններ ու հուզումներ» սկսվեցին: Տեղի վերլուծաբանները ենթադրում են, թե վերևներում ծայր առած այդ տևական գոտեմարտը հիմա` ընտրությունների նախօրեին, բնավ դուր չի գա հոգևոր առաջնորդին, քանի որ բոլոր «ընդդիմախոսները» համակարգի մարդիկ են, իսկ մերկացումների ու գժտությունների պոռթկումներն ակնհայտորեն թուլացնում են իշխանությունը: Բայց, այդուամենայնիվ, Ահմադինեժադին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են իրենց խաղը խաղալ, իսկ խորհրդարանը մի գլուխ «հարվածներ է հասցնում նրանց»: Այսպես, վերջերս նախագահը խորհրդարանի խոսնակ Լարիջանիին մեղադրեց այն բանի համար, որ նրա ընտանիքը երկրի իրավաբանական համակարգն օգտագործում է որպես «ընտանեկան բիզնես»: Շուտով, իր հերթին, ձերբակալվեց Ահմադինեժադի մերձավոր զինակիցներից մեկը` Թեհրանի նախկին դատախազ, ընդդիմության ակտիվ հետապնդումներով հայտնի և «Մսագործ» մականունն ունեցող Սայիդ Մորթազավին: Նախագահի վարչակազմը հայտարարեց, որ նրա ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական պայքարի «զազրելի դրսևորում», նախագահը խոստացավ անձնական վերահսկողության տակ առնել գործը, որից հետո «Մսագործը» ազատ արձակվեց: Շատ հետաքրքիր է նաև այն, որ նախագահի մեկ այլ զինակիցը և փեսան` Մաշային, շարունակ «արտասովոր հարձակումներով» է հանդես գալիս իրանական հոգևորականության հասցեին, որպեսզի «մզկիթը բաժանի պետությունից»: Նա առհասարակ ձեռք է բարձրացրել «սրբություն սրբոցի» վրա և հայտարարել, որ թեև «խորագույն հարգանք է տածում կղերականության հանդեպ, սակայն նրանք քաղաքական գործիչներ չեն»: Ավելին, «նրանց ներկայությունը թուլացնում է իրանական քաղաքականությունը, և նրանք պետք է զուտ հոգևոր դերակատարում ունենան»: Ընդ որում, Մաշային ավելացնում է` հաջորդ չորս տարին «հնարավորություն կտա փոխելու սահմանադրությունը»: Սակայն ապագա դասավորությունում խիստ կարևոր է նաև այն, որ Ահմադինեժադն իր կառավարման տարիներին լիովին կորցրել է վարչակարգի գլխավոր հենարանի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությունը: Այնպես որ, թեև Ահմադինեժադն ու նրա կողմնակիցները, կարծես, պահպանողական ճամբարն են ներկայացնում, հիմա ավելի «համառ» պահպանողականները զորակցում են Իրանի հոգևոր առաջնորդին և, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտեն նախագահական պոստը զբաղեցնելու ներկա նախագահի հետևորդների ջանքերին: Սակայն պահպանողականության խնդիրն էլ այս պահին այդքան միարժեք չէ: Օրինակ, հատկանշական է, որ նախընտրական խաղաքարտերից մեկը դարձել է «Հոլոքոստի հերքումը», և բոլոր քաղաքական ճամբարներում Ահմադինեժադի հակառակորդները հիմա խիստ հարձակումներ են գործում նրա հասցեին: Դա լիովին համահունչ է հոգևոր առաջնորդի քաղաքական գծին, ով հայտարարում է, թե չի կարելի նույնացնել սիոնիստական վարչախումբն ու հրեական ժողովրդին, չի կարելի հավասարության նշան դնել Սպիտակ տան ու ամերիկացիների միջև:
Իսկ ընդհանուր առմամբ հարկ է նկատել, որ Իրանի ընտրությունների արդյունքները կանխատեսելու փորձերը ոչ միայն պարապ զբաղմունք են, այլև կորստաբեր: Առավել ևս, որ դյուրազգաց իրանցիները, ինչպես արդեն շատ անգամ է եղել, առհասարակ ընդունակ են անկանխատեսելի քայլերի: Կարծիքների ու ինտրիգների այս խառնակույտում մեկ բան կարելի է որոշակի ասել. այս հնագույն պետության ուժեղ կողմը միշտ եղել է հիմնական դերակատարների միջև եղած հակասություններից օգտվելը, ճկունությունն ու խուսավարելու կարողությունը: Հատկապես ծայրահեղ իրավիճակում: ՈՒ թեև այսօր խուսավարման հնարավորությունը ծայրաստիճան փոքր է, սակայն հենց այդ հանգամանքն էլ, հավանաբար, կդառնա գործողությունների գլխավոր ուղեցույցը:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ