Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ծառուկյանը, կարկուտն ու այլընտրանքը

Ծառուկյանը, կարկուտն  ու այլընտրանքը
20.05.2013 | 23:59

Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շա՜տ է ոչ «դասականի» մեջ: Մի օր եկեղեցի է բացում, մյուս օրը` գնում կարկտից տուժած գյուղացիների հետ հանդիպման, հետո գալիս է ԱԺ, հարցազրույց տալիս ու ասում` այլընտրանք ենք, այ ժողովուրդ, հասկացեք: Ծառուկյանական այս «երթուղուց» մի քանի «կանգառ» առանձնացրինք:

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ (ԲՀԿ խմբակցություն)
-Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոստացավ նրանց խնդիրը հենց երկուշաբթի ԱԺ-ում բարձրաձայնել: Նա քվեարկությունից անմիջապես հետո գնաց: Դուք էլ էիք ներկա այդ հանդիպմանը: Ե՞րբ եք պատրաստվում գյուղացիների ձայնը «տեղ հասցնել»:
-Այսօր բարձրացնելու օր չէր, վաղը հայտարարությունների ժամ է, կբարձրացնենք:
-Այսինքն, հայտարարությամբ սահմանափակվելո՞ւ եք:
-Սկիզբը էդպես պիտի լինի: Մեխանիզմն է դա, մեզնով չի պայմանավորված:
-Հետո ի՞նչ է առաջարկելու Ծառուկյանը:
-Դե, կնայենք կառավարությունն ինչ կձեռնարկի, մենք էլ պատրաստ ենք, մեր գործողություններով ավելի շատ գյուղացու կողքը կանգնել:
- Եթե սպասում եք կառավարությանը, էլ ինչո՞ւ գնացիք «կարկտահարված» գյուղեր: Փաստորեն, սպասում եք, թե ինչ կանի կառավարությունը, հետո դո՞ւք:
-Ոչ, մենք արդեն արել ենք: Պարոն Ծառուկյանը հանդիպման ժամանակ արդեն գործողությունները սկսել է, մենք շարունակում ենք: Այսօր գյուղացին անելանելի վիճակի մեջ է, գյուղացուն փրկել է պետք:
-ԲՀԿ-ն գործարարներով հարուստ կուսակցություն է, թող բոլորն էլ գյուղացուն «փրկեն»:
-ԲՀԿ-ն պետություն չէ:
-Խոսքը ֆինանսական կարողությունների մասին է:
-Ոչ, կուսակցությունը չունի այդպիսի կարողություններ: Կուսակցությունը սոցիալական ծառայություն չէ: Բոլոր կուսակցություններն էլ անհատներ ունեն, թող բարի լինեն կանգնեն ժողովրդի կողքին, ինչպես իր հզորությամբ կանգնել է պարոն Ծառուկյանը:

«ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԵՆ ԿԱՐԿՏԱԲԵՐ ԿԱՅԱՆՆԵՐԻ»
ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցություն)
-Ձեր կուսակիցը նկատում է, որ կուսակցությունը «սոցիալական ծառայություն» չէ, բայց օրերս Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին աջակցության ձեռք մեկնեց: ՈՒրեմն ի՞նչ աջակցության մասին է խոսքը:
-«Ծառուկյան» հիմնադրամը պարարտանյութեր, դեղանյութեր էր բաժանել, որ տարեվերջին գյուղացիները դրանց գումարները պիտի մարեին, բայց զիջեց: Սա էլ կուսակցության աջակցություն չէ, կուսակցությունը խորհրդարանում է աջակցելու:
-Խորհրդարանում ի՞նչ կերպ եք աջակցելու:
-Հարց կբարձրացնենք մի շարք առումներով: Այսօր հակակարկտային կայանները վերածվել են կարկտաբեր կայանների: Պետք է մեկը սրա համար պատասխան տա:
«ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ»
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ (ՀԱԿ խմբակցության ղեկավար)
-Գագիկ Ծառուկյանը վերստին հայտարարել է, թե ինքը այլընտրանք է: Դուք դեռ համոզվա՞ծ եք, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:
-Այսօր Դուք տեսաք ինչպես քվեարկեց ԲՀԿ-ն (խոսքը երեկ ԱԺ-ում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քվեարկության մասին է, երբ ԲՀԿ-ն «կողմ» քվեարկեց, սակայն նախագիծը չընդունվեց- Ռ. Խ.): Վստահ եք, չէ՞, որ կառավարության ծրագրին էլ է դեմ քվեարկելու:
-Եզրահանգումները Ձեզնից եմ ակնկալում: ԲՀԿ-ն, Ձեր փաստարկներով, ընդդիմություն է, բայց Գագիկ Ծառուկյանն այս էլ որերորդ անգամ ասում է` ԲՀԿ-ն այլընտրանք է:
-Լսեք, ընդդիմություն լինելն ունի քաղաքագիտական սահմանում: Միայն Հայաստանում է այդպիսի հիմար օրենք, որ ընդդիմություն դառնալու համար պիտի հայտարարություն անել: Սա հայկական հիմար օրենք է, ԱԺ կանոնակարգի հիմարագույն դրույթ: Իրականում ամբողջ աշխարհում ընդդիմություն է համարվում այն ուժը, որը ներկայացված չէ գործադիր մարմնում, իշխանություն չունի:
-Ծառուկյանն ասում է` ինձ մի տեղավորեք «դասական պատկերացումներով» քաղաքական գործչի ամպլուայի մեջ:
-Ինքն ասում է` «դասական պատկերացումների» մեջ մի տեղավորեք, իսկ ես ասում եմ, որ դասական սահմանումով բոլոր ուժերը, որ իշխանություն չեն, ընդդիմություն են:

«ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱԶՆՎՈՐԵՆ ԱՍՈՒՄ Է»
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ (ՀՀԿ խմբակցություն)
-Ի՞նչ ասել է` «ոչ դասական պատկերացումներով Գագիկ Ծառուկյան»:
-Կան դասական պատկերացումներով քաղաքական գործիչներ: Դա նշանակում է մարդ, որ քաղաքագիտական կրթություն ունի և ամբողջ կյանքում զբաղվում է միայն քաղաքականությամբ: Գագիկ Ծառուկյանի ու շատ շատերի ճակատագիրը էդպես չի դասավորվել, դրա համար էլ նա չունի ակադեմիական քաղաքագիտական կրթություն, համապատասխան ինստիտուտներում չունի աշխատանքի փորձ և ազնվորեն ասում է` ես դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չեմ:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ