Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Պետությունն ընդամենը քսան տարեկան է, իսկ կայացման գործընթացը ժամանակ է պահանջում»

«Պետությունն ընդամենը քսան տարեկան է, իսկ  կայացման գործընթացը ժամանակ է պահանջում»
21.05.2013 | 00:12

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Ընտրական ցիկլը Հայաստանում ավարտվեց, Ձեր կարծիքով` քաղաքական դաշտի վերադասավորումները ևս ավարտվեցի՞ն:
-Իսկապես, համարյա երկու տարի տևեց «բարձր» ընտրական սեզոնը մեր երկրում: Խորհրդարանական-նախագահական, ապա Երևանի ավագանու ընտրությունները հաստատեցին, որ քաղաքական դաշտի իշխանական բևեռում իրավիճակը պարզ է և հստակ, քաղաքական մեծամասնությունն ամուր կանգնած է իր բևեռում և կարողանում է պահել դաշտը` համագործակցելով համահունչ տեսակետներ ունեցող քաղաքական ուժերի հետ: Ինչպես ժամանակին կանխատեսել էինք` հիմնական զարգացումներն ընդդիմության բևեռում են տեղի ունենում, և շարունակվող գործընթացները վկայում են, որ այդ բևեռը, փաստորեն, կայացած չէ: Այդ դաշտում ակտիվ գործընթացներ են զարգանում` հին կուսակցությունների մասնատումներ ու միավորումներ, նորերի ստեղծում և այլ վերադասավորումներ, գործընթացներ` կապված ծրագրային խնդիրների հետ: Այսպես, թե այնպես, քաղաքական համակարգի այդ կարևորագույն բաղադրիչը այսօր, թերևս, քաղաքական համակարգի չկայացածության հիմնական պատճառն է:
-Իշխանությունն իր մեղքը չի՞ տեսնում այդ չկայացածության մեջ:
-Քաղաքական դաշտում խնդիրները փոխկապակցված են, ընդդիմության կայացածությունը կարևոր ու կենսական է քաղաքական համակարգի ամրության և բնականոն զարգացման համար: Ձեր հարցը առաջին անգամ չեմ լսում` այդ ռեֆրենը քաղաքական վերլուծությունների մեջ պարբերաբար կրկնվում է: Ի՞նչ անի իշխանությունը, նաև ընդդիմությա՞ն փոխարեն աշխատի: Ընտրական այս ակտիվ շրջանը քաղաքական ուժերի համար լավ հնարավորություն էր իրենց ռեսուրսները գործողության մեջ ստուգելու, արդյունքները վերլուծելու և անհրաժեշտ շտկումներ անելու իրենց գործողություններում: Ընտրությունները, ճիշտ է, հաջորդում էին իրար, բայց կարճ դադարները լավ հնարավորություն էին վերլուծությունների և հետևությունների համար:
-Եվ ի՞նչ հետևություններ արվեցին:
-ՈՒնենք մարդկանց ստվար մի զանգված, որ ընդդիմության բևեռի հենքն է, բացահայտորեն այդ զանգվածի գոյության կամ առաջացման պատճառները սոցիալական են: Բոլոր երեք ընտրություններում դա ակնհայտ էր: Ընտրություն առ ընտրություն որոշակիացավ, որ ընտրազանգվածի մի կայուն հատված սոցիալական խնդիրներ ունի, դժգոհություններ և այդ պատճառով է հայացքն ուղղում դեպի քաղաքական դաշտի ընդդիմադիր բևեռը: Դա ոչ թե ընդդիմադիր ուժերի քաղաքական պլատֆորմների, հայացքների, առաջադրած գաղափարների արգասիքն է, այլ հետևանքն է սոցիալ-տնտեսական և այլ հիմնախնդիրների, որ գոյություն ունեն երկրում: Այսինքն, ընդդիմության առաքելությունը կամ առավելությունը չէ, որ երկրի բնակչության 40 տոկոսը չի քվեարկում քաղաքական մեծամասնության օգտին: Վերջին ընտրությունը ցույց տվեց, որ ընդդիմությունը ևս մեկ անգամ մտածեց և գործեց` հիմնվելով նույն դժվարությունների վրա, պրոբլեմների, որոնք տարիներ կամ տասնամյակներ կուտակվել են, և, օգտագործելով այդ պրոբլեմների հետևանքով առաջացած դժգոհությունները` փորձեց հավաքել իր դիվիդենդները: Ընդդիմության բացթողումների մեջ սա գլխավորն է` նոր գաղափարներ, նոր ծրագրեր, նոր դեմքեր չկան ու չեղան:
-Դուք չեք ասում, բայց ես չեմ կարող չհարցնել` չե՞ք կարծում, որ մեր երկրում ոչ թե ընդդիմությունն է առաջնորդում բողոքական ընտրազանգվածին, այլ այդ ընտրազանգվածն է ուղղորդում ընդդիմությանը. դա նորմա՞լ է:
-Կարծում եմ` սա ևս մեկ վկայություն է, որ քաղաքական համակարգի կայացման խնդիր ունենք, և ժամանակ է պետք քաղաքական դաշտի կայացման համար: Դա օրինաչափ է, որովհետև պետությունն ընդամենը քսան տարեկան է, իսկ այդ գործընթացը ժամանակ է պահանջում: Ընդունեք, որ դասական ժողովրդավարության երկրներում քսան տարում չեն քաղաքական համակարգերը կայացել ու բնականոն գործել:
-Չե՞ք կարծում, որ քաղաքական համակարգի կայացման բուն ժամանակը սկսվել է վերջին մի քանի տարում, թեպետ ձևավորվել է իրոք 20 տարի առաջ:
-2000-ականներն առանձնահատկություններ ունեին` ժամանակին իշխող «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» սկզբունքը հակակուսակցական էր, և այդ մտայնության պարագայում նոր կուսակցությունների ձևավորման կամ հին կուսակցությունների զարգացման իրական պայմաններ առանձնապես չկային: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը դարձավ քաղաքական համակարգի կայացման լավագույն ժամանակահատված` քաղաքական ուժերի նկատմամբ առավել հանդուրժողականության, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության, ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամության իմաստով: Սերժ Սարգսյանի առաջին նախագահությունը հենց դրանով հատկանշվեց` վարվեց բաց, քաղաքական ուժերին հնարավորինս ականջալուր լինելու, քաղաքական դաշտում իշխանական ու ընդդիմադիր ուժերի համակեցության քաղաքականություն: Պատահական չէ, որ այդ նախագահության ընթացքում եղան աննախադեպ իրադարձություններ` հանդիպումներ ու քննարկումներ, քաղաքական երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի հետ: Քաղաքական համակարգն այսօր գործում է բավականին բնականոն և օրինաչափ: Քաղաքական համակարգի, այդ թվում և` ընդդիմության կայացման համար իշխանությունը շահագրգիռ է, քանզի քաղաքական համակարգի կայացումը պետության համար է, ոչ միայն կուսակցությունների, և ընդդիմադիր հատվածի կայացումն էլ նույնպես պետության համար է: Ընդդիմության բևեռի կայացման մեր հույսերը որոշակիորեն կապված էին նախագահական ընտրություններից հետո 37 տոկոս ձայն ստացած թեկնածուի հետ, և մենք ցավով ընդունեցինք, որ այդ ռեսուրսը կարծես թե փոշիանում է:
-Երևանի ավագանու ընտրություններից ելնելո՞վ եք ասում:
-Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ընդդիմության բևեռում ոչ թե լուրջ, գաղափարական, հենքային ծրագրեր ու աշխատանքներ են կատարվում, այլ հիմնվում են սոցիալական դժվարությունները, տարիների, անգամ տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրներից առաջացած դժգոհությունները առավելագույնս օգտագործելու, իշխանություններին քննադատելու և իրենց կողմից այդ խնդիրներն ավելի լավ լուծելու մերկապարանոց հայտարարությունների վրա: Նույն ժամանակում իշխանությունը դասական ընտրարշավ վարեց` ներկայացավ հանրությանը կատարված աշխատանքների հաշվետվությամբ, ծրագրերի շարունակականությամբ և ապագայի ծրագրերով, այն թիմով, որ արդեն աշխատանքային փորձառություն ունի, և դա համոզիչ էր ընտրողի համար:
-Չե՞ք նկատել, որ ամեն հաջորդ ընտրություն նախորդի տվյալները հերքում է:
-Չեմ կարծում, որ հերքում է: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսանք մոտավորապես 40 տոկոս ընդդիմադիր զանգված, այդ ժամանակ ընդդիմության դաշտում կային մի քանի խաղացողներ, որոնց մեջ և ձայները բաժանվեցին: Նախագահական ընտրություններում գլխավոր խաղացողների բացակայության պայմաններում մեկ քաղաքական ուժ հավաքեց 37 տոկոս ձայն, և հիմնականում վերահաստատվեց ընդդիմադիր դաշտի ծավալը, որ համընկնում էր նախորդ ընտրությունների համամասնությունների հետ: Տարբերությունն այն է, որ գլխավոր խաղացողների բացակայությամբ ընդդիմադիր զանգվածը հավաքվեց մի թեկնածուի դրոշի տակ: Երրորդ ընտրության ժամանակ, երբ վերադարձան գլխավոր խաղացողները, ընդդիմադիր դաշտում մրցակցությունը ծավալվեց հիմնականում միմյանց միջև, ինչպես և մենք կանխատեսել էինք: Պայքարն այդ դաշտում լիդերության համար էր: Դատելով արդյունքներից` նույն ծավալը տեսանք երեք ուժերի ձայների հավաքական թվով և մոտավորապես խորհրդարանական ընտրությունների համամասնություններով: Այնպես որ, կարծում եմ, իրականում ոչ մի հերքում չկա, նույն ծավալի և համամասնությունների շրջանակներում պայքար է ընթանում ընդդիմության բևեռում լիդերության համար:
-Վստա՞հ եք, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր չլինելու և չդառնալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը արտահայտում է իրական վիճակը:
-Այո:
-Իսկ ի՞նչ է անելու կոալիցիայից հրաժարվող, ոչ ընդդիմություն ԲՀԿ-ն:
-Միանշանակ` դա ԲՀԿ-ի որոշելու խնդիրն է: Իմ «այո»-ն եզրակացությունն է այն օրակարգի, որ ԲՀԿ-ն բարձրացնում է, այն դերակատարության, որ նա կարող է ունենալ: Նույն վարքագիծն է` բարձրաձայնել և լուծել առկա խնդիրները: Բայց չկան նոր տեսակետներ, նոր լուծումներ, գաղափարական նոր հենք, նոր ծրագիր: Այդ պարագայում դու չես կարող գաղափարական ընդդիմություն լինել իշխող ուժին: Դու կարող ես խնդիրներ բարձրացնել, այն խնդիրները, որոնք բարձրաձայնում ենք մենք ինքներս, որոնք ներառված են մեր ծրագրերում, որոնց լուծումը առաջիկա տարիների գլխավոր օրակարգն է լինելու: Դու կարող ես նույն խնդիրների մասին խոսել ավելի բարձր ձայնով, ավելի «ընտրագույն բառապաշարով», տպավորիչ բառերով ու հուզիչ տոնով, բայց էությունը չի փոխվում: Այս ընտրությունը ցույց տվեց, որ այն խնդիրները, որոնք բարձրացնում է ընդդիմությունը, իշխանության ծրագրերում ընդգրկված խնդիրներն են, որոնց լուծումները տրվում են և տրվելու են, որևէ այլ խնդիր կամ հիմնախնդիր չի բարձրացվել:
-Ընտրություններն ավարտվում են, կյանքը շարունակվում է, դեղերից սկսած կանաչիով վերջացրած` ամեն ինչը թանկացել է, ընտրողը ի՞նչ պիտի անի` սպասի, որ իրենք իրենց այդ հարցերը լուծվե՞ն, թե՞ քայլեր պիտի անի ինքը։
-Իրենք իրենց հարցերը ոչ մի երկրում չեն լուծվում, բոլոր հարցերի լուծումները աշխատանք են պահանջում: Կան օբյեկտիվ պայմաններ և սուբյեկտիվ պայմաններ, որ դժվարացնում կամ դյուրինացնում են այդ հարցերի լուծումները: Օբյեկտիվորեն մենք գտնվում ենք տնտեսական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական, ժամանակային այնպիսի պայմաններում, որ դժվար է հուսալ, թե ինչ-որ հարցերի լուծումներ գնալով հեշտանալու են: Մենք ապրում ենք մրցակցային աշխարհում, աշխարհագրական և աշխարհաքաղաքական ծանր պայմաններում, մոտիկ հարևանների լրջագույն մրցակցության և հեռու բարեկամների աշխարհացունց նկրտումների պայմաններում: Այս զարգացումների շրջանակներում պիտի գտնենք մեր նիշան, որտեղ կկարողանանք բարելավել ժողովրդի կյանքը: Այսօրվա օրակարգային հարցերից մեկն է գազի սակագնի բարձրացումը, բայց չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը սպասում էր, որ գազի գինը կնվազեր:
-Նվազմանը չէին սպասում, բայց կրկնապատկմանն էլ չէին սպասում:
-Սակագնի պահպանությունը մեր թիրախներից մեկն է եղել, որի համար մի քանի տարի անընդհատ աշխատանք է կատարվում, և արդյունքում գազը Հայաստանում համեմատաբար էժան էր Ռուսաստանից գազ ստացող բազմաթիվ երկրներից: Եթե համարենք, որ գազի համաշխարհային առաջին մատակարարի` Ռուսաստանի ամենամոտ գործընկերը Բելառուսն է, մեզ մատակարարվող գազի գինը եղել է նույնը, ինչ Բելառուսինը: Դա նշանակում է, որ իշխանությունը կարողացել է համոզիչ լինել, ռազմավարական գործընկերոջ հետ իր հարաբերություններն այնպես կառուցել, որ հաշվի առնվեն մեր շահերն ու իրավիճակը: Այսօր ևս, բնականաբար, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդիրը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է, և, վստահ եղեք, որ գտնվելու են մեզ համար առավելագույնս նպատակահարմար ու բարենպաստ տարբերակները:
-Նոյեմբերին նախատեսվում է ԵՄ-Հայաստան ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը: Այդ համաձայնագիրը և Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցության հեռանկարը չե՞ն հակասում միմյանց, գազի նոր սակագինը կապ չունի՞ քաղաքական հարցերի հետ:
-Այդ թեմայով շատ է խոսվել, եղել են և՛ ՀՀ, և՛ ՌԴ նախագահների հայտարարությունները: Գազի սակագինը մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ կապել այս հարցին: Տարիներ շարունակ գազի գնի վերանայման բանակցություններ են վարվում` սկսած այն ժամանակներից, երբ Եվրասիական միության մասին խոսք անգամ չկար: Եվրամիության և Եվրասիական միության բախման խնդիր էլ չկա: Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը արդյունք է լինելու բազմաթիվ բարեփոխումների, օրենքների, կարգերի, իրավիճակների, վարվող քաղաքականության փոփոխությունների, որոնք նախևառաջ մեզ են պետք` որպես պետություն, հասարակություն, ժողովրդավարացման ճանապարհով գնացող երկիր: Մենք ուզում ենք լինել եվրոպական ընտանիքի մաս, եվրոպական ստանդարտներով ապրող հասարակություն: Երբ Եվրոպան մեզ հետ նման պայմանագիր է ստորագրում, նշանակում է` օբյեկտիվ գնահատում է մեր ջանքերը և քայլերը` ուղղված նորմալ, քաղաքակիրթ հասարակություն դառնալուն:
-Ոչի՞նչ, որ Հայաստանը ԱՊՀ անդամ երկիր է, հավելած ՀԱՊԿ-ը:
-Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը չի նշանակում ԵՄ-ին անդամակցում: Միջազգային միություններին անդամակցելու համաշխարհային փորձը ներառում է համակեցության և համագործակցության տարբեր սխեմաներ, որոնք բոլորովին էլ պարտադիր սև ու սպիտակի մեջ չեն, այնպես չէ, որ դու մեզ հետ ես, ուրեմն մերն ես, իսկ եթե մեզ հետ չես, մեզ դեմ ես: Այդ սխեմաների մեջ շատ են այնպիսիները, որոնք նախատեսում են համագործակցությունների տարբեր ձևեր ու տեսակներ, մեխանիզմներ` առանց անդամակցության:


Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ