Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եթե չես ծրագրում զարգացումդ, զանգվածային ինքնասպանության ես գնում

Եթե չես ծրագրում  զարգացումդ, զանգվածային  ինքնասպանության ես գնում
21.05.2013 | 00:21

Կյանքը հետաքրքիր շրջադարձեր ունի, առավել հետաքրքիրը, սակայն, իրավիճակներն են, որ միանգամից հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել ու զարգացումները կանխատեսել: Ոչ այն պատճառով, որ անկանխատեսելին միշտ իր դերն ունի: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ մարդիկ ծրագրում են, Աստված տնօրինում: Պարզապես, կա տեղեկատվության որոշակի չափաբաժնի խնդիր, որը երբեք չի տարածվում որևէ գույնի տեղեկատվամիջոցով: Բացը լրացնելու համար կա շարքային տրամաբանություն ու կա շարքային երևակայություն, որոնց «տվյալները», բնականաբար, պաշտոնական ու անհերքելի չեն: Բայց դա չի նշանակում` սխալ են:
Գազի սակագնի բարձրացման «ՀայՌուսգազարդի» հայտարարությանը հետևեց ՀՀ վարչապետի` նոր սակագինը 30 տոկոսով փոխհատուցելու խոստումը: Թվում է` ուրիշ ի՞նչ: Համարյա դրախտի նախադռներն են բացվում սպառողների առաջ: Զգալիորեն թեթևացնում են նրանց ծախսերը: ՀՀ վարչապետը, որ տարիներ առաջ մի անգամ առիթ ունեցել էր բացառել այն, ինչ այսօր խոստանում է, առաջին հայացքից իր հայտարարությամբ մակերեսին գտնվող մեկ խնդիր էր լուծում` կանխել հասարակության սոցիալական հնարավոր բունտը: Թեպետ, չգիտես ինչու, հասարակության բոլոր մակարդակներում համոզված են, որ Հայաստանում սոցիալական հարցերը մարդկանց կրիտիկական զանգված հրապարակ չեն հանում: ՈՒրեմն, առանձնապես վտանգավոր չեն պետական ռեժիմային հաստատությունների առաջ կամ շուրջ բողոքի ակցիաները, որոնք ավարտվում են առ ոչինչ ստանալով ի հետևանս: Հասարակությունը, իհարկե, հիացած չէ, բայց և դեռ չի պատրաստվում փողոց դուրս գալ: Գուցե սպասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, որը հարցը քննարկելու 90 օր ժամանակ ունի: Սպասում է` առանց նկատելի էնտուզիազմի, որովհետև, ճիշտ է, հանձնաժողովն անկախ է, բայց անկախ է այնքան, ինչքան մեզնից յուրաքանչյուրը իր բոլոր որոշումներում: Նաև այն պատճառով, որ հանձնաժողովը քաղաքական հարցեր լուծել չի կարող, իսկ հարցն իր հիմքում միանգամայն քաղաքական է:
Այո, Հայաստանը Ռուսաստանից գազ ստացել է արտոնյալ սակագնով: Որովհետև մինչև հիմա (և հիմա էլ) ներկրվող գազի սակագինը եղել է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական քննարկման հարթության մեջ: Եթե հիմա սակագին է փոխվում, ուրեմն քաղաքականություն է փոխվում: Սա հարցի մեխն է: Ընդունեք նաև, որ Ռուսաստանն այն երկիրը չէ, որ, չնայած իր բնական պաշարների ծավալներին, տնտեսական լծակները որևէ երկրի նկատմամբ քաղաքական նպատակներով չօգտագործի: Եվ դա ճիշտ է ու օրինաչափ իր (ինչպես ցանկացած երկրի) տեսակետից: Ընդունեք նաև, որ մինչև հիմա Ռուսաստանը, ինչպես շռայլ ու անհաշվենկատ տանտիրոջից, Հայաստանից ինչ ցանկացել ստացել է` ռազմաբազաների տեղակայում, գույք պարտքի դիմաց (պարտք, որը տիեզերական չափերի չէր ու չէր փրկում «աղետյալ» Ռուսաստանին, գույք, որ առայսօր չի օգտագործվում` հակառակ ՌԴ նախագահի, վարչապետի, խորհրդարանի երկու պալատների նախագահների, նախարարների մակարդակով պարբերաբար տրված հավաստիացումների, որ կգործարկվի), էժան ու որակյալ աշխատուժ «Հայրենակիցներ»` հայերիս համար ոչ այնքան հայրենակցային ծրագրով, երկաթուղի, էներգակիրներին առնչվող գործնականում բոլոր ծրագրերն ու կառույցները և այլն, և այլն: Թվարկումը պարզապես անիմաստ է, որովհետև Ռուսաստանին Հայաստանում «ոչ» չի ասվել, իսկ եթե ասվել է, չի արվել:
Ի՞նչ է հնարավոր այս դեպքում:
Գազը, իհարկե, երկնագույն հրաշք է, բայց հրաշքներից միակը չէ: Միշտ էլ եղել են ու կան այլընտրանքային էներգակիրներ: Ատոմակայան ունեցող երկրի համար այս հարցը ընդհանրապես չպիտի կենսական լիներ: Եթե վարվեր այլ քաղաքականություն:

Տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին առաջին պաշտոնակալության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց ու, կարծես, մոռացավ: Մինչդեռ խնդիրը կար ու կա: Տնտեսության ոչ միայն կառուցվածքը փոխելու խնդիր կա, այլև տնտեսավարման սկզբունքները: Վարչապետը, իհարկե, ունի «մեղմացուցիչ դեպք հանցանաց», այդ խնդիրները չեն լուծվում տնտեսության ու տնտեսական հարթության մեջ, այդ խնդիրները խիստ քաղաքական են, իսկ քաղաքական որոշումներ ընդունելու իրավասություն վարչապետը գործնականում չունի: Եվրամիությունը Մեծամորի ատոմակայանը փակելու խնդիր է դնում, որովհետև կա էներգետիկ անվտանգության հարց, բայց փոխարենը Հայաստանն իրավունք ունի այլընտրանքային էներգամիջոցների ապահովման ու ֆինանսավորման պահանջ դնել: Բացի այդ` նոր ու ժամանակակից ատոմակայանի շինարարությունը բոլորովին նոր մակարդակ ու որակ է բերելու ոչ միայն Հայաստանի տնտեսությանը, այլև պետությանը տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում: Սա` մեկ, և երկու` Հայաստանը լեռնային ու արևային երկիր է, նշանակում է, որ արևի ու քամու էներգիան ևս կարող է օգտագործվել: ՀԷԿ-երի շինարարությունն էլ առանձին թեմա է: Չգիտես ինչու այս թեմաներով տասնյակ տարիներ (դեռ անկախացումից առաջ) միայն խոսվում է, իսկ ի՞նչ է արվել: Եթե արվել է, ինչո՞ւ չի հրապարակվել: Վերջապես` որո՞նք են արդյունքները: Էկոլոգիապես մաքուր էներգակիրների ստացման բազմամյա փորձ կա աշխարհում, նոր ոչինչ հնարել պետք չէ: Պետք է որոշում, որի ընդունմանը, գուցե, խանգարել է հենց գազի ներմուծումը Ռուսաստանից իր «ստրատեգիական» գնով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախքան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, խոստացավ փոխհատուցում: Բայց վարչապետը «մոռացավ» ասել, թե այդ փոխհատուցումը ի՞նչ աղբյուրից է լինելու: Իսկ լինելու է, բնականաբար, պետական բյուջեից: Եվ որովհետև պետական բյուջեն (հիշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը արդեն համարյա հասել է ՀՆԱ-ի կեսին, որ ինքնաբերաբար երկիրը դարձնում է վարկեր տրամադրելու համար ոչ բարենպաստ) ռետինից չէ, այդ միջոցները հատվելու են այլ ծրագրերից: Այսինքն, պետությունն ընդամենը մի գրպանից մյուս գրպանն է տեղափոխելու ֆինանսները, բայց այդ ընթացքում, մեղմ ասած, խիստ կասկածելի հեռանկար է սպասում փոքր ու միջին ձեռներեցներին, որոնց ծախսերը չեն փոխհատուցվելու, որովհետև նրանք հասարակության խոցելի խմբերի մեջ չեն: Այսօր չեն, բայց վաղը կարող է ընդհանրապես իրենց խումբը «փակեն»` համալրելով հայկական համայնքները արտերկրում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է վարել օրվա քաղաքականություն` չկարողանալով, գուցե չցանկանալով, հաշվարկել հնարավոր մարտահրավերներն ու կանխել: Այսօր գազի սակագնի փոխհատուցմամբ լուծվող հարցը վաղը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Մենք, կարծես, չենք ուզում ընկալել, որ պետությունը, երկիրը, ժողովուրդը միասնական ու մեկ ամբողջական են` ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում մեկ առանձին վերցրած կառույցում ու ժամանակի միավորում, ամեն ինչ փոխկապակցված է: Այսօրվա քայլի հետևանքները վաղը ու մյուս օրը էլի մենք ենք կրելու: Ե՛վ լավ քայլի, և՛ վատ, և՛ ճիշտ որոշման, և՛ սխալ: Ցավալիորեն` անցած տարիներին Հայաստանի իշխանության ու Հայաստանի ժողովրդի միջև չի ձևավորվել ու չի հաստատվել փոխըմբռնման, փոխվստահության, փոխգործակցության այն ոսկե կամուրջը, որի վրա համատեղ որոշումներ պիտի կայացվեին: Իշխանությունը չի հավատում ու չի վստահում ժողովրդին: Ժողովուրդը չի հավատում ու չի վստահում իշխանությանը: ՈՒ` առանձին-առանձին փորձում են լուծել ինքնապահպանման ու ինքնավերարտադրման հարցերը: Փոփոխական հաջողությամբ, որովհետև համապետական հարցերն ունեն իրենց լուծման տրամաբանությունը, ծավալը, մասնակցային ձևաչափն ու կարգավիճակը: Մենք շարունակում ենք օրվա ճեղքերը փակելու ճգնաժամային կառավարման քաղաքականություն վարել, որին սովորել ենք պատերազմի օրերից: Այն ժամանակ դա ճիշտ էր, բայց չավարտված պատերազմի պայմաններում դա գրեթե հանցակազմ պարունակող քաղաքականություն է: Որովհետև եթե չես ծրագրում զարգացումդ, զանգվածային ինքնասպանության ես գնում:
Եթե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջապես դառնում են քաղաքական ու գործընկերային, Հայաստանն էլ կարող է իր խնդիրները բարձրացնել` սկսած ռազմաբազաների տեղակայման պայմանների վերանայումից: Միայն չասեք` իսկ Ղարաբա՞ղը, իսկ հազարավոր հայե՞րը, որ ապրում ու աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում համարյա պատանդի կարգավիճակով, իսկ քաղաքական և տնտեսական այլևայլ հարցերը, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայնել, բայց որոնք հնարավոր չէ շրջանցել: Վերջապես, աշխարհում, Հայաստանից ու Ռուսաստանից բացի, կան նաև այլ պետություններ: Սա մենք գիտենք, բայց գիտենք ապրիորի, ոչ քաղաքականության մեջ: Իսկ «այլ երկրները» երևան են գալու, երբ Հայաստանը որևէ կերպ դրսևորի իրենց հետ էլ ռազմավարական հարաբերություններ (այս պարագայում աշխարհում ընդունված չափանիշներով) ունենալու պատրաստակամություն ու խիզախություն: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ այդ պատրաստակամությունն ու խիզախությունը պիտի լինեն ի հաշիվ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների: ՈՒ նաև չի նշանակում մեր ավանդական, արդեն կիսապատմական կոմպլեմենտարիզմը, որի ստեղծած իրավիճակում ապրում ենք այսօր:
Ի վերջո, ներկրվող գազի սակագինը շատ կարևոր, կենսական նշանակություն ունեցող, բայց մի դրվագ է պետության կենսագործունեության մեջ: Կարևորը` ինչ քաղաքականություն է պետությունը վարելու: Նաև ճիշտ է, որ այս կարևոր ու կենսական հարցն իր լուծումը պետք է ստանա հենց հիմա` նոր (հին) նախագահի պաշտոնակալության, նոր (համեմատաբար) կառավարության պաշտոնավարման սկզբում: Ի վերջո, պետության վարելիք քաղաքականության որոշարկման հարցը որոշարկելու է նաև քաղաքական դաշտը: Իսկ քաղաքական դաշտի կայացածությունն ու գործունակությունն այն կարևորագույն կռվանն է, որ մենք միշտ անտեսում ենք, և որը բումերանգի էֆեկտով իր լավ ու վատով վերադառնում է մեզ` կամ աջակցելու, կամ հարվածելու: Քաղաքական դաշտի չկայացածության հետևանք են մեր գերժողովրդավար ընտրությունները, իշխանության թույլ ուժեղությունն ու ընդդիմության ուժեղ թուլությունը: Բառախաղ չհամարեք` ամենաուժեղ իշխանությունն առանց ընդդիմության այն ուժն է, որն սկսում է ինքնաքայքայվել: Իսկ ամենաթույլ ընդդիմությունն այն ուժն է, որ թույլ է տալիս իշխանությանը վարել ինքնավերարտադրման տևական քաղաքականություն: Հետևանքը երկուսի էլ անջրպետվածությունն է դառնում ժողովրդից, որը Հայաստանում փաստ է` արդեն երեք ընտրություններով ապացուցված:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ի՞նչ անել: Իբրև բարեխիղճ ու օրինապաշտ քաղաքացի` ես հավատում եմ կառավարության ու Երևանի քաղաքապետարանի հայտարարած քաղաքականությանը, իբրև մարդ, որ շարունակում է տեսնել, լսել, զգալ, ամեն օր փողոց դուրս գալիս, հենց մեր շենքի դիմաց տեսնում եմ կառուցվող երկհարկ շինությունը մայթին ու կողքին էլ նոր տեղադրված մի ժանգոտ ավտոտնակ, որ ոչ միայն բացահայտորեն խախտում են քաղաքաշինության, այլև հակահրդեհային անվտանգության նորմերը` փակելով դեպի նրբանցք տանող ճանապարհը: Իսկ երկու շենք այն կողմ, վերստին մայթին, արդեն բազմահարկ շենք է կառուցվում, որի նպատակահարմարությունը գնահատելու համար ճարտարապետաշինարարական կրթություն պետք չէ: Մի քանի շենքերի արանքում` ուղղակի մայթին ևս մի բազմահարկը այն կարկատանն է, որի առկայությունը միայն կոռուպցիան է բացատրում: Եվ դա` ընտրական ցիկլի ընթացքում: Ի՞նչ կապ ունի: Ոչ մի: Իրապես ոչ մի կապ չունի: Ո՛չ քաղաքականության, ո՛չ քաղաքացու, ո՛չ էլ նույնիսկ այս հրապարակման հետ: Կապ չունի, քանի դեռ վարվում է երկակի քաղաքականություն` թղթի վրա ու էկրանից ամեն ինչ ճիշտ է, հարթ ու գեղեցիկ, կյանքում հակառակն է: Իմ հասցեն չեմ գրում, որովհետև խորապես համոզված եմ, որ ձեր փողոցում էլ նույն պատմությունն է մի քանի քայլ այս կամ այն կողմ, երկու ամիս առաջ կամ հետո:

Դիտվել է՝ 1850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ