Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զառի գինը զարգարը կիմանա

Զառի գինը զարգարը կիմանա
21.05.2013 | 11:04

Վա՛յ, միամիտ Համազասպյա՛ն:
Վա՛յ, միամիտ հայ ժողովուրդ:
Էսքան էլ համառ ու միամիտ ժողովուրդ կլինի՞, որ մենք ենք: Վերջին լումաներով, պարտքերով, վարկերով փող ենք ճարում, կարկտահար լինում, մեր երեխեքին կրթության տալիս, որ գուցե մի բանի հասնենք, ու չի ստացվում: Է, հետո՞:
Ասենք թե նրանցից մի 30-40-ը դարձան գիտության դոկտորներ, Վահան Համազասպյանի նման բարձր մակարդակի գիտնականներ: Որ ի՞նչ։
Էս մարդը 20 տարուց ավելի համառորեն տանջվում է (մի խումբ էլ հետը), ընտանեկան սուղ բյուջեն ծախսում է տարատեսակ արևային սարքերի ստեղծման վրա, ԶԼՄ-ներով ներկայացնում ու հիմնավորում է, որ արևի էներգիայի օգտագործումը մեր երկրի համար շահավետ, հեռանկարային ու ռազմավարական ուղղություն է:
Ձայն բարբառո հանապատի:
Միակ շռայլությունը, որ ի վերուստ տրված է մեզ ( չհաշված մեր քարերն ու մեծ-մեծ խոսելը), արդար ու կենսատու արևն է: Չէ՞ որ մենք արևապաշտ ազգերից ենք եղել: Ժամանակը չէ՞, որ մնանք հավատարիմ այդ հրաշքին:
Երբ այսօր աշխարհը մտահոգված է օրեցօր թանկացող ու սպառման եզրին գտնվող նավթին ու գազին փոխարինող այլընտրանքային էներգիայի օգտագործման խնդրով, մեզանում նախանձելի անտարբերություն է:
Ա՛յ միամիտ Վահան Համազասպյան, բա դու չգիտե՞ս, որ իշխող տղերքը ավելի կարևոր հոգսեր ունեն։ Բա էդ նստարանների հարցն ավելի կարևոր չի՞: Կյանքի անթիվ հոգսերի բեռան տակ կքած, ծնկի եկած ժողովուրդը բա որտե՞ղ պիտի նստի: Հիմա դու եկել ու ասում ես, թե 100 դրամ ներդնենք` հարյուրապատիկը հետ ստանանք: Էդ ո՞ր միամիտն է գժվել, որ «նաղդը» թողած «նիսյայի» հետևից ընկնի: Հույս էլ չունենաս, որ նոր Լազարյաններ, Մանթաշյաններ ու Գյուլբեկյաններ կհայտնվեն: Մի Քըրքորյան ունեինք, նրան էլ «հուշտ» արեցին։
Մեր նորաոճ իշխանավորներն ու մեծահարուստները թքած ունեն գիտության ու տեխնիկայի, էլ չեմ ասում կրթության վրա:
Էնպես որ, պարոն Համազասպյան ջան, հավաքիր քո արևային սարքերն ու տեխնոլոգիաները, քո գիտատեխնիկական խումբն ու ուղևորվիր… Լավ գիտես` ուրիշներից լավը չլինես: Էստեղ են ասել. «Զառի գինը զարգարը կիմանա»:

Սլավա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ինժեներ-էներգետիկ
ք. Աբովյան

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ